Ալֆան և օմեգան
13.03.2020 | 02:50
(Նախորդ մասը)
Մեր քաղաքական հեղափոխությունը, որով հիացած ու ցնցված է համայն մարդկությունը, թևակոխում է նոր փուլ՝ արդարադատության հաղթանակի ուղին, որը բարդ ու դժվար է շատերի համար, իսկ ով սեր ունի ինձ պես համերաշխության, եղբայրության ու քույրիկության՝ ըմբռնումով է մոտենում ու դրանց պոչը բռնում, դա առաքելություն և հաճույք է, պատասխանատվություն և սիրուն ապրելակերպ: Մենք կառուցում ենք ազգային պետություն և բացառում ենք դարավոր թշնամիների ու բարեկամների գոյությունը և ամբողջովին բաց ենք բոլոր ազգերի և պետությունների առաջ՝ անշահախնդիր և առանց նախապայմանների: Մենք ձեռնամուխ ենք լինում մեր երկրում կառուցվածքային քարուքանդին, այսինքն քարը քարի վրա չենք թողնելու անցյալի կառույցից, հետո տնտեսական, մշակութային, վերջում մարդկային հոգեբանական հեղափոխություն և վերջ, մեր ստանձնած պարտավորությունները կարելի է կատարված համարել և հավակնել միջազգային ամենաբարձր պարգևավճարներին: Սրանք, ըստ էության, մինի հեղափոխություններ են, որոնք համաշխարհային քաղաքագիտական մտքի պատմության մեջ աննախադեպ նորույթ են, հատկապես ներպետական և միջպետական հակամարտությունների լուծման ճանապարհին: Ես այն ընդգրկել եմ բաց ձեռքերի գլոբալ հեղափոխության կոնցեպտուալ մոտեցումների ճանապարհային քարտեզի շրջանակներում, որպես քայլ առ քայլ, անցնցում, բայց արմատական շրջադարձերի բանալի: Բանաձևը հետևյալն է. երկու մինի հեղափոխությունը հավասար է մեկ միկրո հեղափոխության, երեք մինի հեղափոխությունը ազդարարում է գործընթացի հաղթական ավարտը: Այս տեսությունը ավելի պարզ պատկերացնելու համար առաջարկում եմ հետևյալ թեստը, պատկերացրեք կնոջ ոտք՝ աճուկից մինչև կրունկը (տասներեքից բարձր տարիքի երեխաներին, դիտակտիկ նյութերի առկայության դեպքում, խորհուրդ է տրվում փորձարկումները կատարել նա՛խ տնային պայմաններում, ապա նոր հանրայնացնել): Առաջին մակարդակի մինին իջնում է մինչև ազդրի կեսը, երկրորդ մինին ծածկում է ծունկը, երրորդը՝ սրունքն ի վար՝ կրունկը, այսինքն, ոտքն ամբողջությամբ, այսինքն, ոտքը, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի, այսինքն, այն վերացավ մեր տեսադաշտից՝ ոչնչացավ: Այսինքն, մինի հեղափոխությունների շնորհիվ իրականացավ միկրո հեղափոխություն: Չկա ոտքը, չկա պրոբլեմ: Սա նուրբ և աշխատատար գործընթաց է, որը պահանջում է հետևողականություն, նվիրում և տքնաջան աշխատանք: Օքե՞յ:
Կոալիցիոն մտածողությունն արդեն արմատախիլ է արված: Հեղափոխության այդ շրջափուլը վստահաբար հայտարարում եմ անշրջելիորեն փակված: Ձեռնամուխ ենք լինում մեր նախընտրական խոստումների հաջորդ հատվածը կյանքի կոչելուն: Սկսենք շրջակա միջավայրի պահպանության և սանիտարահիգիենիկ մաքրության գործընթացը, որից մեծապես կախված է զբոսաշրջության զարգացումը, որն իր հերթին զարկ կտա հաշվիչ դրամարկղային կտրոնների քանակական կտրուկ աճին: Մենք բոլոր նախադրյալներն ունենք մեր երկիրը տարածաշրջանի սանիտարահիգիենիկ էպիկենտրոն դարձնելու: Պարզապես, ոչ թե շաբաթօրյակի ժամանակ գերան ենք շալակելու կամ այն դիմացինի ձեռը տալու, այլ յուրաքանչյուրս, գետնից բարձրացնելով մեկական ծխախոտի սորուկ ու ցելոֆանի տոպրակ, թղթի մնացորդ, ազդարարելու ենք ամենամաքրասեր պետություն հանրաճանաչվելու հայտի մասին:
Երկրից և նրա քաղաքացուց իր բնատուր համուհոտը պիտի բուրի՝ առանց կասկածելի ծագում ունեցող աֆթըրշեյփ օծանելիքների ու անուշահոտ յուղերի, ոչ թե պարարտագոմաղբալերգիկ բիոզուգարանների թթվություն: Ես էն արքաների նման չեմ, որ մահանա բռնեմ ու մուննաթ գամ, թե հո ավերակների վրա չե՞մ թագավորելու… Բա ի՞նչ ես անելու, թագավորն ապրած կենա, միանգամից կոտերով ոսկի էիր ուզում ջեբդ դնե՞ս: Իսկ ես համարձակորեն ինձ վրա եմ վերցնում ամբողջ պատասխանատվությունը՝ լինելու և՛ տեր, և՛ ծառա, ես եմ և՛ սկիզբը և՛ վերջը, ու վերջ: Ալֆան և Օմեգան: Հասանք տեղ: Հերն էլ անիծած էս ծուռտիկ-մուռտիկ, որոգայթներով լեցուն աշխարհի: Մեծ ջրհեղեղից առաջ էլ, հետո էլ, դրանից հետո էլ: Այլևս ամբախ-զամբախ չբլթացնեք նիստերի ժամանակ, ախր, բացառիկ ապուշ եք: Գիտելիքի, բարոյականության, լրջամտության կատաստրոֆիկ դեֆիցիտ է: Հազար եմ ասել, ձեր դատողությունները հիմնավորեք փաստերով, կամ՝ ընդհակառակը, միայն թե համոզիչ լինեն փաստարկները: Օրինակ, կանանց իրավունքների պաշտպան Կլարա Ցետկինը, լսելով մեր «Կռունկ, ուստի՞ կուգաս» երգը, հետաքրքրվեց այդ թռչնամսի ուղերթերի քարտեզով և ժամանակացույցով, հիմնվեց այն փաստի վրա, որ արագիլները գերմանական ճշտապահությամբ միշտ մարտի իննին են վերադառնում իրենց չվերթից և հայկական ժողովրդական առածը, որն ասում է՝ «մարտի ըննին՝ լագլագը բնին», միանգամայն համապատասխանում է իրականությանը, որոշեց օր առաջ մարտի ութը հռչակել կանանց միջազգային օր: Մերոնք ինադի ընկան, թե դու ո՞վ դարձար, որ որոշես մեր կանանց ու աղջիկների տոնական օրը, քիթդ խոթես մեր ընտանեկան հարաբերությունների մեջ, կարծում ես, մոռացե՞լ ենք, որ Լենին պապիկը, իր էն լավ վախտերը, քեզ մերկացրեց ու մեկ առ մեկ ցույց տվեց քո բոլոր խոցելի տեղերը: Դե, ուրեմն, հանգիստ վեր ընկիր տեղդ, քո որոշումները մեզ համար ասնավանի չեն ու, առանց երկար-բարակ տալ ու առնելու, գցեցին-բռնեցին, որ շուտափույթ արտահերթ նիստ հրավիրեն ու մեր ազգային արժանապատվության համար կենսականորեն խիստ կարևոր որոշում կայացրին՝ մեր կանանց և աղջիկների մեծարման օրը տեղափոփոխում ենք ապրիլի, հիմա չեմ հիշում՝ հինգին թե վեցին: Ապրի՜լ, ապրի՜լ, այնպես ապրի՜լ, որ սուրբ հողդ երբեք չզգա քո սեփական ծանրությունը, այնպես ապրի՜լ, որ դու ինքդ երբեք չզգաս քո ավելորդ մանրությունը… Շարունակությունը չեմ հիշում: Բարդ է գրում, շա՜տ բարդ: Մի տասն անգամ պիտի կարդաս, որ հասկանաս: Էլ չեմ խոսում անգիր սովորելու մասին: Եվ մեր անկախ պետությունը ևս մեկ անգամ վերահաստատեց անկախության արժեհամակարգը մեր իրականության մեջ՝ ապրիլյան մի առավոտ նոր կյանք ավետեց բռնարարքներից բռնաբարված հայ կանանց կյանքում… Թեկուզ ամբողջ աշխարհը ինձ նվիրեն, ինձ համար իմ սիրած յարս թանկ է շատ…
Վերջապես տգիտությունն էլ չափ ու սահման ունի, էլ չասեմ նախաձեռնողականության զրո մակարդակի մասին: Մերօրյա իմաստունը զարմանքով հռետորաբար հարցնում ու պատասխան չէր գտնում, թե էս քոսոտ երկրում էսքան բոզ չկար, էսքան բոզի լակոտ որտեղի՞ց փեյդահ եղավ… Մի օր էլ գիտնականները պարզելու են, որ սեքսոզավրերը մեր կովկասյան լեռնաշխարհից են սերում ու ինձ կանգնեցնելու են փաստի առաջ: Հետամնացների համար ամոթ-խայտառակություն, իսկ ժամանակի պահանջները գնահատողների՝ հպարտություն և պարծանք: Չէ, սրանց բոլ-բոլ երես եմ տվել, ես եմ մեղավոր, որ սանձերը բաց են թողել, չնայած մի կողմից էլ դա ինձ ձեռնտու է՝ երբ և ում ուզեմ քթից ու պնչից կբերեմ: Փորձառությունս ու ներքին զգացողությունս ինձ երբեք չեն դավաճանում: Էհե՜յ, Ամադեուս, նվագիր ջութակդ, Գավրիլա, լցրու բաժակները Սաադիի ու Հաֆեզի կարմիր կիսաքաղցր գինով, աշխարհի վերջը եկել է: Արմագանդոն… Հի՜, հի՜, հի՜…
Վիթինգի ենք ենթարկելու բոլորին, ով կհակաճառի ու կընդդիմանա մեզ: Ով սաղ է մնացել էս վերջին երեսուն տարում, ուրեմն կոռումպացված է, թե չէ պիտի սովամահ լիներ ու գիշերային ծպտյալ թաղման արժանանար: Ով՝ սաղ, ով՝ մեռած: ՈՒրեմն, աշխատել է կոռումպացված իշխանությունների օրոք, այսինքն, նրանց համար: Իսկ կոռուպցիան ես արմատախիլ եմ անելու: Բոլորին անխնա բռնելու և լցնելու եմ բանտերը:
Երեկ երազում մորս տեսա՝ տատիս հետ: Մայրս շատ տխուր ու տառապած տեսք ուներ: Տատիս հագած-կապածը հեքիաթների վհուկին էր հիշեցնում, իսկը՝ ցիրկի մեյմուն, ցախավելն էր պակասում: Նրա անզուսպ և արհամարհական քրքջոցը անդրաշխարհից հնչող ձիու խրխինջ էր: Տան առաջ պարանից անկանոն կախված ներքնաշորերի կիսակեղտոտ լվացքը էնքան հանդիսավոր էր ցուցադրված, ասես Կլեոպատրայի հագից հենց նոր էր հանել:
Էս գյոռնափշտիկներից պրծում չունեմ, էլի լցվեցին ուղեղիս մեջ ու սկսեցին կրծել միտքս: Կներեք, հեռախոսն է:
-Հա, շեֆ, ես ե՞րբ եմ ապուշություն դուրս տվել: Սարքում են: Բանի տեղ չդնես՝ վրիպում էր, լեզվի սայթաքում՝ ասենք երկու տասնամյակի փոխարեն երեք եմ ասել: Հոգնած ես երևում, ռելաքս արա, մի քիչ հանգստացիր: Քեզ էդքան մի տանջիր էս երկրի ու ժողովրդի համար, մեղք ես, ո՞վ է գնահատելու անքուն գիշերներդ… Հա, լավ, օքե՛յ, հանգիստ եղիր:
-Ի՞նչ գնահատելու մասին ես ակնարկում: Ես նույնիսկ դպրոցում գնահատականի համար չեմ սովորել,- բարկացավ շեֆն ու անջատեց հեռախոսը:
Չէ, սա արդեն համը հանում է, կարծում է հուր-հավիտյան, մինչև մահ-գերեզման շեֆս է լինելու: Սրան թվում է, թե որ հայտարարեմ իր օրոք կոռուպցիա չի եղել՝ եփած հավը չի խնդալու կամ գոնե կտուցի տակ քմծիծաղ տալու: Հենց լավ էլ դու ու քո շրջապատն եք թալանի հիմնադիրները: Որ ձեն չեմ հանում, հո պատմությունը չե՞ս փոխի: Սպասի՜ր: Սրանցից պրծնեմ, քեզանով եմ զբաղվելու, քո հարազատներով, սաղ կոմպրոմատերը դնելու եմ սեղանին, տեսնենք՝ ով ում շեֆն է: Քեզ այլմոլորակայինի ու հրեշտակի տեղ ես դրել ու հետս էնպիսի մուննաթ-սյուննաթով ես խոսում, կարծես պարտքերս չեմ մարել: Մոռացե՞լ ես, թե ինչքան կեղտ կա տակդ: Օտար ուժերի հետքը բոլորն արդեն պարզ տեսնում են քո պահվածքում: Հերիք են քո անիմաստ ինստրուկտաժներն ու ավելորդ ինքնավստահությունը: Զզվեցրել ես: Վենդետա չէ, բայց խոստանում եմ, որ հաշվեհարդարանք անպայման լինելու է՝ արդար դատաստանի տեսլականով:
Դժգո՞հ եք, որ լիքը նոր աշխատատեղ եմ բացել: Գնացեք, աշխատե՛ք: Հա, թող գիտաշխատողը կոֆե խմելու փոխարեն ուրիշ գործով զբաղվի: Ի՜նչ կա որ: Ամո՞թ է: Նախկին ինժեներները տաքսի են քշում, տոնավաճառների դախլի հետևում, նույնիսկ, վաստակավոր ուսուցչուհի ունենք, ասֆալտ փռող պահեստի սպա կա… Խանչալներիդ քարը վեր կընկնի՞: Արտագաղթն էլ կկասեցնենք: Բնակչության թիվն էլ կավելացնենք: Հրեն՝ լիքը հնդիկ, պարսիկ ու աֆրիկացի, նույնիսկ Կուբայից ներգաղթյալներ ունենք: Պետք լինի՝ նաև մեր նկատմամբ ատելությամբ ներծծված պակիստանցիներ, ինչո՞ւ ոչ՝ քուրդ ու տաջիկ, երբ լսեն իմ անունը, կամովին կներմուծվեն մեր էրգիր: Չինացիների մասին էլ չեմ ասում՝ հինավուրց ախպերություն է, գենետիկ կապերով հաստատագրված: Ներդրումների հարցը բանակցային գործընթացում է: Համոզված եմ, որ սարերի հետևում չէ, եթե Լարսի անցակետում եղանակային անակնկալներ չլինեն: Սաղ ըլնի Գագիկ Սուրենյանը, հո չի կանխատեսում, ոնց որ ինքը պատվիրի եղանակը: Իսկի շաբաշով պատվերն էդպես ճշգրիտ չի կատարվում: Հա, արխայի՛ն, ներդրումային գումարներն արդար կբաշխեմ: Ես վայելում եմ ժողովրդիս վստահությունը: Նա ականջով է հավատում, չի սպառվի համբերությունը, ինձ հավատում ու վստահում են: Շեղելու լիքը բան կա մեր զինանոցում: Ամեն անգամ մի նոր ինտրիգ կգցենք մեջտեղ… Հիմա սկզբնաղբյուրը չեմ հիշում, բայց մի իմաստուն ասել է, թե՝ նախ քո ծառը ջրիր, հետո՝ ուրիշի: Եթե, իհարկե, ոռոգման ջուր մնա: Հի՜, հի՜, հի՛:
Հեչ որ չլինի, մի քանի հազար հոգու վարի կտանք, ով բարեկրթության սահմանները տշել, գցել է թաղային վանիկի կտուրը: Թող դա բոլորին դաս լինի՝ պետության դեմ չի կարելի մերկ ձեռքերով դուրս գալ: Հասարակության մեջ նկատելի են անհանդուրժողականության, չարության և ագրեսիայի, սև ու սպիտակի հակադրության ցայտուն դրսևորումներ: Մաս-մաս, բաժան-բաժան են եղել՝ ավագ ու ջահել, յուրային և օտար, մասնագետ ու դիլետանտ, փորձառու և անփորձ, ծառայող ու դասալիք, սեռական մեծամասնություն ու փոքրամասնություն, ազգայնական ու համաշխարհայնական, տեղական նացիոնալիզմ ու ժամանակակից ինտերնացիոնալիզմ… էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը, էլ՝ հին ու նոր, էլ՝ գող փիսո, էլ՝ քաչալ շուն, արա, դե, չեղա՛վ, էլի… Չեղա՛վ: Սրա առաջն առնելը օրերի հարց է: Ինչ նախաձեռնությամբ հանդես գաս, միևնույն է, էդ քյոփակները փնթփնթալու ու անուն են դնելու: Մամուռներում կորցրել ենք նրանց արահետ ու անուն, էլ խնկահոտ երկինք ու շաղոտ հող չունեն: Մոռացե՞լ են, որ իրենց նշանակած համայնքապետն ապամոնտաժեց գյուղապետարանի առաջ կանգնեցված իր հոգեհայր Նժդեհի արձանը (թոբաթե գիտեր, թե ով է Նժդեհը), ինչ է թե՝ ամեն առավոտ գործի գնալիս իր դատարկ գլուխը խփում էր նրա հանճարեղ ճակատին: Ա՜յ քեզ բան: ՈՒ էդ անձնավորությունն իր համայնքի ընտրյալն ու առաջնորդն էր: Ողբամ քեզ, կաշառակեր ընտրող: Էս է նախկինների դեմոս կրատոսը: Սրանք նույնիսկ մարմնական ազատություններին ու մերկությանն են դեմ: Մոռացել են իրենց արգելված խնձոր ուտող-ուրացող տկլոր-տկլիկ նախածնողներին, չեն հիշում, որ դեռ աշակերտական տարիներին գրիչը գետնին էին գցում, որ կռանան ու սեղանի տակից ուսուցչուհու փաչեքին նայեն, ծովափ էին գնում, որ կիսամերկ կանանց տռուսիկների ու կրծկալների պարունակությունը տնտղեն: Էլ չեմ ասում թունդ հեղափոխական Երզնկյանի անունը կրող նրբանցքի հին բաղնիքում լողացող կանանց երդիկից գյոզ դնելու մասին: ՈՒ հիմա պոզ ու պոչ են անում, երբ ջահելները պարզ ու թափանցիկ իրենց մարմնական բարեմասնություններն են ցուցանք-մուցանք անում: Յանիմ իրենք նամուսով են, իրենց ժամանակ երկրում բոզ ու գյոթ չկար: Սրանց թողես բոշեքի ծախած մազութահամ սարի ծամոնն ու թիթեղյա կլոր ամանով մոմպասները, դանակ-մկրատ սրող, շուշա գցող, հին շոր-հին կոշիկ բղավող բոմժերին էլ ռեանիմացիա կանեն ու իրենց զառամյալ կուսակցությունները կկապեն թթվածնային բարձերին: Ախր, գոնե մի քիչ ներդաշնակ եղեք ժամանակակից կյանքի զարգացումներին: Էդ ներդաշնակ բառն էլ եմ վերացնելու: Լեզվի կոմիտեն պարապուրդ է տալիս: Ո՞նց եմ զզվում էդ դաշնակներից, որ անընդհատ ոտքի տակ են ընկնում ու խոչընդոտներ ստեղծում մեր ժողովրդի բարեկեցության բարձրացման, հարևանների հետ բաց սահմանների քաղաքականության զարգացման, բարիդրացիական թավշյա հարաբերությունների հաստատման գործում: Զզվում, բայց հանդուրժում եմ: Ի՞նչ իմանաս՝ պարտիզանական շարժում, դիվերսիաներ, ահաբեկչություններ, դիվանագիտական տրամադրությունների փչացում տարբեր երկրներում: Դրանցից ամեն բան սպասելի է: «Միայն զենքով կա հային փրկություն»: Սրանք որ մեյդան չընկնեին, մենք էսօր Ղարաբաղի խնդիր էլ չէինք ունենա, պատերազմն էլ էդքան առաջ չէր գնա: Կարելի էր, չէ՞, նստել բանակցային սեղանի շուրջ և գտնել փոխզիջումային լուծում, որը կբավարարեր բոլոր կողմերին, համանախագահող երկրներին էլ՝ վրից: Օ՜, երկնային, վանի՜ր, ինձնից վանի՛ր քո պատրանքը կամ խորանս մտած փուշը հանիր… Ավա՜ղ ճեղք է տալիս սրբատունս:
ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ