«Երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետություն դարձնում ուժեղ, ու Հայաստանը բացառություն չէ»
07.02.2020 | 02:03
ՄԵՆՔ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈԻՄ ԵՆՔ
Հարգելի ընթերցող, նախորդ հոդվածը ցույց տվեց, որ շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը գործնականում անհաղորդ է իր իսկ հռչակած «Մակերևութային ջրային ռեսուրսները Հայաստանին մաքսիմալ ծառայեցնելու խնդրի լուծմանը», ինչը, չնայած նախարարության ֆինանսական միջոցների և իմ կողմից ներկայացված հայրենական գիտատեխնիկական համապատասխան նորույթների առկայությանը, երկրում ստեղծել է ճգնաժամային իրավիճակ հատկապես գյուղացուն ոռոգման ջրով ապահովելու, Սևանից ջրառը կասեցնելու, երաշտի ազդեցությունը մեղմելու, ջրհեղեղները, տարածքային հրդեհները, սողանքները, հողատարման երևույթները կանխելու, խմելու ջրի լեռնային ստորգետնյա աղբյուրները, անապատացված արոտները վերագործարկելու, վերջիններիս բերքատվությունը էականորեն բարձրացնելու խնդիրներում:
Եվ թեպետ նախարար պարոն Էրիկ Գրիգորյանին անձամբ տրված դիմումում շեշտել էի, որ կառավարություն ներկայացված մեր հաշվարկներով, միայն խոտի բերքի աճից երկիրը տարեկան կունենա մոտավորապես 100 մլն դոլարի մաքուր օգուտ, որ առաջարկվող տեխնոլոգիան ու մեքենան ներդնելու համար արվելիք ծախսերը կփոխհատուցվեն մի տարուց էլ պակաս ժամկետում, արձագանքը ոլորտի ղեկավարի և նրա տեղակալների կողմից գործնականում զրոյական էր, եթե չհաշվենք ընդունելությունների ջերմ ժպիտները, ձեռքսեղմումները և «Հարգելի պարոն Խոյեցյան» վերատառությամբ ինձ ուղարկված հուսադրող պատասխանների տրցակը: Նախարարության հետ «համագործակցելու» անցած տարվա 8 անպտուղ ամիսների փորձը ինձ համոզեց, որ ոլորտի ուղեղը` նախարարությունը, հակված է «գործ» անելու իմիտացիայի, որով դեռ ոչ մի դարում, ոչ մի երկրում նոր, իրական արդյունք չի ստեղծվել։ Եվ Հայաստանն էլ բացառություն չէ:
Սակայն պարզվում է, որ նախարարությունն այնքան էլ «ժրաջան» չէ նաև շրջակա միջավայրի պահպանության հարցերում: Ընթերցողիս հիշեցնեմ նախարարին ուղղված դիմումիս համապատասխան մասը. այն ներկայացնում եմ ամբողջությամբ` «Մյուս առաջարկության արտադրական փորձարկմամբ վարակազերծվել են գոմաղբը, թռչնաղբը, և հանրապետությունում առկա, հողի հատկությունները բարելավող հանքային նյութերից (ցեոլիտ, բենտոնիտ, կալիական տուֆ, մոխիր և այլն) պատրաստվել և ներքին շուկայում իրացվել է մոտավորապես 5 տ օրգանական և օրգանահանքային գրանուլացված պարարտանյութ: Ագրոէկոլոգ, դոկտոր-պրոֆեսոր Վյաչեսլավ Հարությունյանի (հեռ. 093-275361) երկարամյա դաշտային փորձարկումների հավաստմամբ այդ պարարտանյութի օգտագործմամբ կանխվում են ոչ միայն հողի, ջրային ավազանների վարակը, նրանց աղտոտումը ազոտով, ֆոսֆորով և այլն, այլև բարձրանում է բերքատվությունը 20-25 տոկոսով: Այս, ինչպես նաև գրանուլացման շահութաբերության 31,2 տոկոս փաստը արձանագրվել է նաև պետական փորձարկմամբ և առկա է վարչապետին ուղարկված նախարարների նամակներում»:
Հասկանալի է, որ խնդրանքս նույնն է. պիլոտային որևէ ծրագրով այդ տեխնոլոգիան և մեքենայական համալիրը ներդնել որևէ համայնքում, թռչնաֆաբրիկայում: Նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի մոտ ընդունելության ժամանակ այս ծրագիրը բավարար չափով չքննարկվեց. բավարարվեցինք օրենսդրական դաշտի լրամշակման հարցերով` առանց գոմաղբի և թռչնաղբի վարակազերծման չթույլատրել դրանց օգտագործումը: Ես այնքան էլ չհամառեցի այս խնդրում, քանի որ արդեն ունեի մի «ձեռքբերում»՝ փոխնախարարի, ինչպես ինձ թվաց, հավաստիացումը, որ ներկայացված ծրագրի առաջին մասը` Արոտի բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիայի և մեքենայի պիլոտային ներդրումը, կֆինանսավորվի (բայց, ինչպես հիշում եք նախորդ հոդվածից, դա էլ չեղավ):
Նախարարի տեղակալ, տիկին Ի. Ղափլանյանի մոտ 24.05. 2019 թ. խորհրդակցության ժամանակ, գյուղնախարարության ներկայացուցիչների ելույթներից պարզվեց մի այլ խայտառակ իրողություն. իրենք իրագործում են արոտների պարարտացման մի տեխնոլոգիա, որն անմիջականորեն նպաստում է շրջակա միջավայրի, մասնավորապես ջրային ավազանների, այդ թվում Սևանի, աղտոտմանը: Ստացվում է՝ կառավարությունը ահռելի միջոցներ է հատկացնում (տվյալ դեպքում 60 մլն դոլար վարկային գումար) արոտները բարելավելու համար։ ՈՒ այդ գումարով էլ փաստորեն խրախուսում է շրջակա միջավայրը ապականելը: Ասել է՝ կառավարության մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուս ձեռքը։ Այս իրավիճակի վրա ուշադրություն դարձնելու դիմումը մեջբերում եմ ամբողջությամբ.
«ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Ի. Ղափլանյանին, կրկնօրինակը` Հանրային խորհրդի «Բնապահպանության հարցեր»-ի հանձնաժողովի նախագահ Կ. Դանիելյանին
ԴԻՄՈՒՄ
24. 05. 2019 թ. նախարարի տեղակալի մոտ «Մակերևութային ջրային ռեսուրսները Հայաստանին մաքսիմալ ծառայեցնելուն, գոմաղբի և թռչնաղբի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա չեզոքացնելուն ուղղված տեխնոլոգիաների, մեքենասարքավորումների պիլոտային ներդրման» ԾՐԱԳՐԻ քննարկման առիթով:
Հարգարժան տիկնայք
Քննարկման ընթացքում կասկածներ առաջացան, որ գյուղնախարարությունը արոտների բարելավմանը ուղղված 60 մլն դոլարանոց վարկային ծրագրի իրացման կիրառվող տեխնոլոգիայով ոչ միայն չի նպաստում շրջակա միջավայրի բնականոն զարգացմանը, այլև օբյեկտիվորեն խաթարում է այն, վնաս հասցնում արոտային տնտեսությանը. մեծանում են հողից խոնավության գոլորշացումը, պարարտանյութի կորուստը, թունավորման վտանգ է ստեղծվում կենդանիների համար, չեն լուծվում ենթացանքսի սերմի համար պառկելատեղ, սերմի և պարարտանյութի միջև հողաշերտ ստեղծելու, միջակա օդազանգվածը բացառելու, հողի ծակոտկենությունը 50/50 հարաբերակցությամբ պահելու և ագրոտեխնիկական մի շարք այլ խնդիրներ:
Մեծ է վտանգը որ հողի մեջ չմտցված, չվարակազերծված հում գոմաղբն ու թռչնաղբը ցաքանի առաջացրած առվակներով ավելի արագ և մեծ ծավալներով կկեղտոտեն ջրավազանները:
Մտահոգություն են առաջացնում նաև գոմաղբի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա չեզոքացնելուն միտված, գյուղնախարարության կողմից շրջանառության մեջ դրված «խելացի-էկոգոմեր» նախագծերը, որոնք չեն լուծում խնդիրը, բայց որոնց իրացման համար մինչև 2028 թ. բյուջեից հատկացվել է 3 մլրդ դրամ: Նշեմ, որ ԳԱԱ տվյալներով միայն անասնապահությունից և բուսաբուծությունից ամեն տարի Սևանա լիճ է թափվում մոտավորապես 280 տ ազոտ, 10 տ ֆոսֆոր, 13 տ թունաքիմիկատ, 135 տ ծանր մետաղ:
Նշված իրողությունները, դրանցով պայմանավորված ռիսկերը ավելի հիմնավորված ներկայացնելու համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ արոտների բարելավման կիրառվող պաշտոնական տեխնոլոգիան և «խելացի» անասնաշենքերի նախագծային փաթեթը, ինչը առայժմ ինձ չի հաջողվում:
Հարգարժան տիկնայք.
այդ փաստաթղթերի առկայության դեպքում պատրաստ եմ հասարակական հիմունքներով մասնակցելու խնդրի բացահայտմանը, դրանց կոնկրետ լուծումները ներկայացնելով Ձեր քննարկմանը:
Հարգանքներով Ս. Խոյեցյան, 29. 05. 2019»։
ՈՒ ստանում եմ դիմումիս պատասխանը Ի. Ղափլանյանից։ Ինչպես ասում են, բարով-խերով չստանայի: Հարգարժան տիկինը բացատրում է, որ «…«խելացի» անասնաշենքերի ծրագրի իրականացման հետ կապված հարցերը դուրս են շրջակա միջավայրի նախարարության իրավասությունների շրջանակից»: Այսինքն, այդ անասնաշենքերում ստացված գոմաղբը կապականի շրջակա միջավայրը, թե ոչ, դա իրենց չի հետաքրքրում, իրենց չեն ասել, որ պետք է զբաղվեն այդ հարցով: Ո՞վ պետք է ասի… Երևի վարչապետը: ՈՒ վարչապետը ասում է իր խոսքը, պատահաբար հայացքն ուղղելով հեռուստաէկրանին` այնտեղ «խելացի» գոմի բացման արարողությունն է. զայրանում է թրիքամեզով շաղախված կովերին տեսնելով, կառավարության հեռուստահեռարձակվող նիստից բացատրում է, որ այդ պայմաններում մթերատվության աճ չի լինի, որովհետև գոմում մեծ է ազոտի տոկոսը և այլն, և այլն, օնլայն ռեժիմով նկարում և ոլորտի պատասխանատուներին է ուղարկում տեսածը` հավելելով, որ իրողությունը և անունը (խելացի գոմ) պետք է համահունչ լինեն: Առաջ չանցնելով, ավելի հետ նայելով ասեմ, որ մինչ վարչապետի այդ դիտարկումը, «Իրատեսը» հրատարակել էր խնդրին վերաբերող իմ 4 հոդվածները, որտեղ մանրամասն շարադրել էի «խելացի» կոչվող գոմերի անհեթեթությունը, վտանգավորությունը` բնապահպանական, արդյունավետության տեսակետից, դիմումներով ահազանգել համապատասխան կառույցներին: Բայց, ինչպես տեսնում եք, անտարբերությունը համակարգված է, լուծումը վերևից` մինչև չասի շեֆը: Իսկ շեֆը մեզ պես հասարակ մահկանացու է, հազար աչքանի չէ, իսկ շարիկներն էլ մեր ունեցածից մի քիչ շատ կամ քիչ են:
Այդ ընթացքում` մինչ վարչապետը իր հայացքը նորից կուղղի հեռուստաէկրանին. ձմեռվա ընթացքում գոմին կից կուտակված (մինչև գարուն գոմաղբը չես կարող տեղափոխել, դաշտամիջյան ճանապարհները փակ են), գոմաղբից անջատված ազոտը, ֆոսֆորը, կալիումը, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում կարող էին ավելացնել գյուղացու բերքը, առկա վիճակով (ինչպես արդեն ասվեց ԳԱԱ հաղորդագրությամբ) լցվում են Սևանա լիճ, լճի հերն անիծում` նա մեկ ծաղկում է, մեկ կապտում, մեկ ջրիմուռներով պատվում, լողալու համար դառնում անթույլատրելի, ու մենք աղմուկ-աղաղակով դիմում ենք աշխարհին` ասեք, ինչպե՞ս փրկենք Սևանը… Մինչդեռ փրկության պրակտիկ, գրեթե զրոյական ծախսերով լուծումը տվել են մեր մասնագետները, հուշել են մեր պապերը. բայց դե ինչ հեղափոխություն, եթե չմերժենք անցյալը, այդ թվում նաև տարիների փորձով ձեռք բերված դրականը: ՈՒ մերժեցին. հիմա կովերը լիակատար ազատության մեջ են, այդ թվում նաև գոմում, երբ ուզենան, որտեղ ուզենան կթրքեն, կմիզեն, իսկ գոմաղբի առվակները նախագծերից հանել են… Եվ քանի որ դրսում ձմեռ է, ցուրտ է, իսկ գոմի ծավալն էլ, բարձրությունն էլ եռապատիկ ավելացվել է (փորձեք տրամաբանական որևէ բացատրություն գտնել դրանում։ Չեք գտնի, Ձեր փոխարեն դա կանեն ադրբեջանցիները. 7 մ բարձրության հասցված գոմը ավելի հեշտ կտեղորոշվի, քան նախկին 2,5 մետրը): Իհարկե, տարօրինակ է, երբ հումանիտար կրթություն ունեցող վարչապետը դիտողություններ է անում ոլորտի մասնագետներին, անըմբռնելի է, երբ այդ և բազմաթիվ այլ թերությունների մասին ահազանգում է մամուլը («Իրատեսը»), իսկ ոլորտը` մի տոննա ջուր տեղավորելով փորոտիքում, իրեն զրկում է վարչապետին և մամուլին արձագանքելու, հասարակությանը տեղյակ պահելու հնարավորությունից:
Հարգելի ընթերցող, անշուշտ նկատեցիք, որ հարգարժան տիկինը չի արտահայտում իր վերաբերմունքը դիմումում առկա իմ այն բացահայտմանը, որ գյուղնախը փաստորեն մեր վզին նստած 60 միլիոն դոլար վարկային գումարով ապականում է շրջակա միջավայրը և, փաստորեն, հրաժարվում է գյուղնախից պաշտոնապես պահանջել իրենց մոտ կիրառվող, մեր կարծիքով վիճահարույց տեխնոլոգիան, որը պետք է չեղարկել, որպեսզի կարողանանք շրջակա միջավայրը փրկել համատարած ապականումից: Ես հասկանում եմ տիկին Ի. Ղափլանյանի անհանգստությունը, հարևան նախարարության բոստանը մտնելու առումով: Բայց այդպես էր մինչ հեղափոխությունը, իսկ հիմա՞: Մինչդեռ մեր առաջարկության, ՀՀ Հեղինակային իրավունքի արժանացած վկայագրում (Գյուտի արտոնագիր համ. 3111Ա, գրանցված է պետական գրանցամատյանում 03.07. 2017 թ.) բացահայտված են տեխնոլոգիայի բնապահպանական և արդյունավետության բոլոր խութերը, տրված են դրանց կառուցվածքային լուծումները, և եթե մեր չինովնիկները մի փոքր ավելի խելամիտ գտնվեին, ապա հնարավոր կլիներ հեղինակային այդ իրավունքը պատենտավորել արտերկրում, կազմակերպել դրա ոչ այնքան բարդ արտադրությունը և իրացումը, լուրջ քայլ կատարելով երկրում գիտահեն արտադրություն ստեղծելու ոլորտում: Բայց, ինչպես տեսնում եք, նախարարի տեղակալը կայուն անտարբեր է. չենք տեսել, չգիտենք, մեր ինչ գործն է, թե բնությունը ապականվում է, մեզ այդ մասին վերևներից ոչինչ չեն ասել:
Փորձեմ ամփոփել. նախարարին համապատասխան դիմումով տեղյակ եմ պահում, որ իր երկրի «Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ»-ի գիտնականները հաջողությամբ լուծել են «Մակերևութային ջրային ռեսուրսները Հայաստանին մաքսիմալ ծառայեցնելու, գոմաղբի և թռչնաղբի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա չեզոքացնելուն ուղղված տեխնոլոգիաների, մեքենաների ստեղծման խնդիրը, ստացել հեղինակային իրավունք, պետական փորձարկումներով հավաստել դրանց բարձր` 31,2 տոկոս, եկամտաբերությունը, բերքի համեմատական` 20-25 տոկոս աճը», և խնդրում եմ աջակցել դրանց ներդրմանը պիլոտային որևէ ծրագրով: Նախարարությունում ընդունում են ծրագրային հայտերը (ուրեմն փող ունեն), կազմակերպում դրանց քննարկումները, բացի գովեստից ոչ մի վատ խոսք չեն ասում) և տիրապետելով ֆինանսական, այդ թվում դրամաշնորհային, նկատելի միջոցների, խնդիրը չեն լուծում։ Ոչ այո, ոչ` ոչ: Չեն էլ ասի, որ փող չունեն: ՈՒ թվում է, որ քեզ հետ խոսելիս չինովնիկը այլ բան է մտմտում` «Շրջակա միջավայրի անաղարտության հերն էլ անիծած, էն որ մեր ջրերը «փախչում» են Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, ու գյուղացին ոռոգման ջրի խրոնիկական պակասի պատճառով կազմալուծում է երկրի բնականոն կյանքը, փակում է մայրուղիները, ինտելիգենցիան էլ լալահառաչ կանխատեսում է Սևանի անկումը, այդ բոլորը նախարարությանը չեն վերաբերում: Այլ մոտեցում կլինի, եթե վերևից ասեն` լուծեք խնդիրը: Բայց, ամբողջ ֆոկուսն այն է, որ քո բարձրաձայնածը, որքան էլ այն լինի համապետական նշանակության, դիտվում է որպես անձնական խնդիր, իսկ «անձնականը» ամենավերևինին հասցնելը իմ «քաշի» մարդկանց համար գործնականում անհնար է, և հաջողության դեպքում էլ հղի է լուրջ վտանգներով, որովհետև քեզ կհարցնեն` իսկ ո՞րն է քո շահը… ՈՒ ի՞նչ պետք է պատասխանես դու համատարած այս անվստահության մթնոլորտում, որ մի փոքր համոզիչ երևաս: Ես չգիտեմ։ Եթե գիտեք, հարգելի ընթերցող, օգնեք:
Այնպես չէ, որ այս խնդիրները ծագեցին հիմա. դրանք անկախության տարիների մեր ուղեկիցներն են: Կարող եմ բերել բազմաթիվ ապացույցներ, թե ինչպես միլիոնավոր դոլարներ քամուն են տրվել հողերի դեգրադացիան կանխելու, շրջակա միջավայրը անաղարտ պահելու անվան տակ: Անցած տարիների ընթացքում համոզվեցի, որ այդ ամենը իրագործվում է լավ ձևավորված, հղկված, պետության հովանավորությամբ գործող մաֆիոզ կառույցների ձեռադրմամբ, արտերկրի համապատասխան կառույցների մասնակցությամբ: ՈՒ իմ այս հոդվածն էլ մի փորձ էր հասկանալու` ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո: Ցավոք, ինձ հետաքրքրող ոլորտում ես դրական փոփոխությունը չտեսա:
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Մեկնաբանություններ