«Երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետություն դարձնում ուժեղ, ու Հայաստանը բացառություն չէ»
04.02.2020 | 00:59
ՄԵՆՔ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՆՔ
Հարգելի ընթերցող, նախորդ համարի «Մենք արտակարգ իրավիճակների նախարարությունում ենք» հոդվածից տեղեկացաք, որ «Ջրհեղեղները, տարածքային հրդեհները, սողանքները, հողատարման երևույթները կանխելու մեր» «գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ»), մշակած տեխնոլոգիան, մեքենան պիլոտային որևէ ծրագրով նախարարության աջակցությամբ ներդնելու մասին» դիմում-խնդրանքին գործնականում լուծում չտրվեց: Նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը պաշտոնապես պատասխանում է (կատարող՝ Էդգար Միսակյան, հեռ. 012-317-976), որ իրենք էլ են մասնակցել խնդրի վերաբերյալ պրոֆիլային 5 նախարարությունների համատեղ, Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովների, քննարկումներին, հավանություն տվել առաջարկության պիլոտային փորձարկմանը, հիմա էլ՝ այդ քննարկումից 2 տարի անց, պնդում են «…որ գիտատեխնիկական նորույթի ներդրումը նպատակահարմար է, քանի որ այն կբերի գարնանային ձնհալքի ժամանակ ձևավորվող հալոցքային ջրերի կուտակմանը հողաշերտում, միաժամանակ հեղեղավտանգ գոտիներում հեղեղումների ռիսկի նվազեցմանը»: Այս իրողությունն ընդունելով, ԱԻՆ-ը փաստում է, որ առաջարկվող տեխնոլոգիայի կիրառմամբ հնարավոր է մեզանից Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան փախչող 6 մլրդ խմ ջուրը պահ տալ մեր հողերին, մեծացնել հողի խոնավությունը, լուծել ոռոգման ջրի խնդիրը, ինչը նշանակում է նաև կասեցնել Սևանից ջրառը: Այսինքն սրանք հենց այն խնդիրներն են, որոնք գրեթե ամեն տարի ըմբոստության են մղում գյուղացիներին` ոռոգման ջուրը չի բավականացնում, և հասարակությանը, հատկապես բնապահպաններին, որովհետև դատարկվում է Սևանը: ՈՒ կառավարությունը՝ իր պրոֆիլային 5 նախարարություններով, չի կարողանում գտնել 2 մլն առաջարկվող տեխնոլոգիան և մեքենան պիլոտային որևէ ծրագրով ներդնելու համա՞ր… Ինչևէ, ԱԻՆ-ը 2019-ին էլ չկարողացավ լուծել խնդիրը` փող չունեն, ով էլ ունի, չի տալիս:
ՈՒ ես, ստիպված, փող ակնկալելու հույսով (2 մլն դրամ) շարունակում եմ իմ դեգերումները պատկան կառույցների միջանցքներով ու հայտնվում եմ շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում. ասում են՝ այստեղ դրամաշնորհները նկատելի են: Նախարար պարոն Էրիկ Գրիգորյանին ուղղված 17.04.2019 թ. դիմումս մեջբերեմ ամբողջությամբ.
Հարգելի պարոն նախարար
8 մլրդ խմ մակերևութային ջուրը Հայաստանին մաքսիմալ ծառայեցնելու, հողատարման երևույթները կանխելու, գոմաղբի և թռչնաղբի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա չեզոքացնելու մեր մշակած տեխնոլոգիաները, մեքենաները պիլոտային որևէ ծրագրով, նախարարության աջակցությամբ ներդնելու մասին:
Նշված տեխնոլոգիաները և մեքենասարքավորումները դրական արդյունքով փորձարկվել են արտադրական պայմաններում: Մեր տեխնոլոգիայի և մեքենայի միջոցով (որն ունի ՀՀ գյուտի արտոնագիր) 8 մլրդ խմ ջուրը Հայաստանին մաքսիմալ ծառայեցնելու խնդրի լուծումը տրվել է դեռևս 15. 01. 2018 թ. Ձեր ներկայացուցչի մասնակցությամբ կայացած գյուղատնտեսության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների, բնական պաշարների նախարարությունների համատեղ որոշմամբ (առդիր 1):
Թռչնաղբի (գոմաղբի) մշակման մեր առաջարկությունների բնապահպանական առավելությունների մասին ունենք ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգողի նամակը (առդիր 2):
Առկա են մի քանի նախարարների պատասխանները վարչապետին, առաջարկվող տեխնոլոգիայի բարձր շահութաբերության (31,2 տոկոս) և 20-30 տոկոս բերքի աճի մասին: Վերջինս, տարիների գիտաարտադրական դաշտային փորձերով, հաստատում է նաև ագրոէկոլոգ, դոկտոր-պրոֆեսոր Սլավիկ Հարությունյանը (հեռ. 093-275361)։
Խնդրում եմ, ոլորտի ղեկավարի հոգածությամբ, առդիր տեղեկատվության համաձայն քննարկել խնդիրը և տալ լուծում:
Առդիր. 1, 2 ինչպես նաև «Իրատես» պարբերականի 3 հոդված-բացատրագրերը` թիվ 25, 2019 թ., թիվ 51, 2018 թ., թիվ 72, 2017 թ.:
Նամակիս հետքերով, 02.05.2019 թ. հանդիպում եմ նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության ՇՄԱԳ և ջրային ռեսուրսների պահպանության քաղաքականության բաժնի պետ Լիլիթ Աբրահամյանի հետ (հեռ. 011-818527): Շնորհակալ եմ. մանրամասն ծանոթացել են ուղարկածս նյութերին, պատրաստ են աջակցելու և աջակցում են, զոհաբերելով նույնիսկ ընդմիջման ժամը` կազմում և ինձ են հանձնում նախարարություն ներկայացվելիք «Ծրագրային հայտի կառուցվածքը» և նախարարին ուղղվելիք դիմումի ձևը:
06. 05. 2019 թ., նախարարության գլխավոր քարտուղար Վ. Ջիլավյանի ստորագրությամբ, ստանում եմ նախարարին ուղղված առաջին դիմումիս պատասխանը.
Ի պատասխան Ձեր 2019 թ. ապրիլի 17-ի համ. 33335 գրության հայտնում եմ, որ բնապահպանության նախարարությունը ողջունում է Ձեր կողմից ներկայացված առաջարկությունները` կարևորելով դրանց բնապահպանական ուղղվածությունը: Ներկայացված առաջարկները բնապահպանության նախարարության կողմից համակարգվող ծրագրերի շրջանակներում որևէ պիլոտային ծրագրով իրականացնելու հարցը քննարկելու համար անհրաժեշտ է առաջարկները ներկայացնել ծրագրի տեսքով (կատարող` ՇՄՊՔ վարչություն, Լ. Ալիխանյան, 011-818-527):
Պատասխանը հուսադրող է. նույն օրն էլ 12-էջանոց ծրագիրը պահանջված ձևաչափով ուղարկում եմ նախարարին ու արդեն մայիսի 24-ին հրավիրվում եմ մասնակցելու նախարարի առաջին տեղակալ Ի. Ղափլանյանի մոտ ծրագրի քննարկումներին: Բացի նախարարության աշխատակիցներից, քննարկումներին մասնակցում են նաև գյուղնախարարության բուսաբուծության վարչության, հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետերը, Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահը, ջրային կոմիտեի ներկայացուցիչը: Քննարկման արդյունքների արձանագրության համաձայն` «Ի. Ղափլանյանը ամփոփելով փաստեց, որ առկա են ծրագրի վերաբերյալ գյուղատնտեսության նախարարության, Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությունները և սարքավորման հեղինակային իրավունքի վկայականը: Բացակայում է միայն ֆինանսավորումը: Որոշվեց` նախարարությունը կփորձի պայմանավորվածություն ձեռք բերել ներդրումային ծրագրեր իրականացնող ընկերությունների հետ, որի մասին Ս. Խոյեցյանը լրացուցիչ կտեղեկացվի»:
Ցավոք, հետագա 8 ամիսները ցույց տվեցին, որ սա էլ հերթական փուչիկների օրակարգից է. Խոյեցյանը ոչ մի լրացուցիչ տեղեկություն էլ չստացավ: Ավելին. փոխնախարարի հավաստմամբ՝ ինքը ագրոհամալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, և ամեն ինչ...
Ինձ «հասկացնում են», որ դրամաշնորհները տնօրինում է նախարարը, և միայն նրա միջոցով կարելի է հարցը լուծել: Ես պատրաստվում եմ նոր գրոհի, այս անգամ թիրախը նախարարն է` հարգարժան Էրիկ Գրիգորյանը. պետք է անձամբ հանդիպել նրան:
26.07.2019 թ. նախարարի ընդունարանում եմ` զինված իր տեղակալ Ի. Ղափլանյանին հանձնված և պրակտիկորեն լուծում չստացած ծրագրային հայտով, 1 էջ համառոտագրումով, որն ուզում եմ անպայման, իմ ներկայությամբ նախարարն ընթերցի: Նախարարի ընդունելության ձևից հաճելի պահեր եմ ապրում` նա լայն, ջերմ ժպիտով մոտենում է ինձ, հետաքրքրվում առողջական վիճակով, և հրավիրում է զրույցի: Նախարարի ժամանակը խնայելու միտումով, խնդրում եմ իրեն կարդալ մեկէջանոց համառոտագիրը, որը ներկայացնում եմ ամբողջությամբ.
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ
Ձեր քննարկմանն եմ ներկայացնում ինստիտուտում մշակված «Մակերևութային ջրային ռեսուրսները Հայաստանին մաքսիմալ ծառայեցնելուն, գոմաղբի և թռչնաղբի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա չեզոքացնելուն ուղղված տեխնոլոգիաների, մեքենասարքավորումների պիլոտային ներդրման» ԾՐԱԳԻՐԸ:
Հարգելի պարոն նախարար
Մեր կողմից կատարված փորձարարական աշխատանքները համոզում են, որ ծրագրի ներդրմամբ հանրապետությունից արտերկիր փախչող 6 մլրդ խմ ջուրը մաքսիմալ կծառայեցվի մեր կարիքներին. կբարձրանա հողի խոնավությունը, նվազագույնի կհասցվի վերջինիս կորուստը գոլորշացումից և քամու ազդեցությունից, ինչը ջրամբարներում հասնում է մինչև 40 տոկոսի և ավելանալու միտում ունի կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, կկասեցվի երաշտի ազդեցությունը, կլուծվի ոռոգման ջրի խնդիրը: Կկանխվեն ջրհեղեղները, տարածքային հրդեհները, սողանքները, հողատարման երևույթները, կվերագործարկվեն խմելու ջրի ստորգետնյա լեռնային աղբյուրները, անապատացված արոտները, մի քանի անգամ կբարձրանա դրանց բերքատվությունը: Տեխնոլոգիան և մեքենան, որոնք փորձարկվել են Լոռվա արոտներում, չվնասելով խոտածածկույթը` մի անցումով փխրեցնում են բույսի արմատային հողազանգվածը, այն պարարտացնում, կատարում ենթացանքս: Հաշվարկների համաձայն, տեխնոլոգիայի ներդրումից երկիրը միայն խոտի բերքի աճից տարեկան կունենա մոտավորապես 100 մլն դոլարի մաքուր օգուտ: Մեքենայի արժեքի հետգնման ժամկետը 6 ամսից մինչև մեկ տարի է:
Մյուս առաջարկության արտադրական փորձարկմամբ վարակազերծվել են թռչնաղբը, գոմաղբը. դրանցից և հանրապետությունում առկա, հողի հատկությունները բարելավող հանքային նյութերից` ցեոլիտ, բենտոնիտ, կալիական տուֆ, մոխիր և այլն, պատրաստվել և ներքին շուկայում իրացվել է մոտավորապես 5 տ օրգանական և օրգանահանքային, գրանուլացված պարարտանյութ: Ագրոէկոլոգ, դոկտոր-պրոֆեսոր Վյաչեսլավ Հարությունյանի (հեռ. 093-275361) երկարատև դաշտային փորձերի հավաստմամբ, այդ պարարտանյութերի օգտագործմամբ կանխվում են ոչ միայն հողի, ջրային ավազանների վարակը,նրանց աղտոտումը ազոտով, ֆոսֆորով և այլն, այլև բարձրանում է բերքատվությունը 20-25 տոկոսով: Այս, ինչպես նաև գրանուլացման շահութաբերության 31,2 տոկոս փաստերը արձանագրվել են նաև պետական փորձարկմամբ և առկա են նաև վարչապետին ուղարկված նախարարների նամակներում:
Առդիր. Ծրագիրը 14 էջ:
Նախարարը կարդում է նշված դիմումիս առաջին կեսը, իսկույն կապվում է էկոնոմիկայի նախարարի գյուղ. հարցերով տեղակալ Արտակ Քամալյանի հետ` խնդրում որ ինքն էլ լսի ինձ, հանձնարարում իր օգնականին հետևելու կատարման ընթացքին , հավաստիացնում , որ Քամալյանը ինձ անպայման կընդունի: Քամալյանից զանգ չկա, նամակով դիմում եմ իրեն ընդունելության խնդրանքով, հանդիպում չի կայանում:
Դրա փոխարեն խոստումնալից սկիզբ ուներ Էրիկ Գրիգորյանի տեղակալ Վարդան Մելիքյանի հետ հանդիպումը. հասկացա, որ նա ծանոթացել է ծրագրին. պատրաստ են աջակցելու, այդ թվում նաև ֆինանսավորման հարցերում, ու խնդրում է մտածել նաև առաջարկվող մեքենայով ծառատնկում կատարելու մասին` այդպիսի աշխատանքների կատարման մեծ պատվեր ունեն: Իսկույն կապվում եմ գործընկերներիս հետ, համոզվում, որ դա հնաավոր է, ու այդ մասին տեղյակ պահում նախարարի տեղակալին: Պարոն Մելիքյանի հետագա քայլերv ինձ ուղղակի ապշեցնում են օպերատիվության թափով. ինձ զանգում են ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակից (Հովհաննես Ղազարյան, հեռ. 091-200-281), ասում, որ պատրաստ են ֆինանսավորելու մեքենայի ներդրման պիլոտային տարբերակը արոտ ունեցող որևէ համայնքում, անտառտնտեսության պետական կոմիտեն սպասում է իրենց ղեկավարի վերադարձին, որպեսզի համատեղ քննարկենք ծառատնկման մեքենայացման խնդիրը:
Բայց… Ախ այդ բայցերը, որ այդպես էլ չեն անհայտանում մեր բառապաշարից… Աստիճանաբար համոզվում եմ, որ խուսափում են ինձ հետ խոսելուց… Եվ թեպետ կատարել եմ իրենց բոլոր հանձնարարությունները, գտել եմ այդ աշխատանքները հսկելու հանձնառությունը իրագործող հասարակական կազմակերպություն. դա հայտնի «Շենն» է, հավաքել եմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, միևնույն է, նախարարի տեղակալի քարտուղարուհուն` Աննային, ուղղված զանգերս վերջանում են նույն պատասխանով` ձեզ կզանգեն, ասել կուզի, որ ոչ մեկն էլ չի զանգի: Գրեթե նույն տոնայնությամբ ավարտվում են նաև ՄԱԿ-ի գրասենյակի հետ իմ հեռախոսազանգերը:
Մտածում եմ, ու՞մ էր պետք այս աtբողջ տրագիկոմեդիան. ամիսներով իմ գնալ-գալը, նախարարության աշխատակիցներին օրերով ինչ-որ անիմաստ գրագրությունների վրա խաղացնելը, խնդրի կարևորության ընկալման ցուցադրումը, ընդունելության ջերմ ժպիտներն ու ձեռքսեղմումները… Մտածում եմ, ու աչքիս առաջ հառնում են անապատացած գյուղամերձ ու հեռագնա արոտները, ոռոգման ջրի համար գրեթե ամեն տարի կրկնվող գյուղացիական հուզումներ, Սևանի գունազարդումը` մեր ինտելիգենցիայի հուզախառն ելույթներով, շրջակա միջավայրի, հատկապես ջրավազանների աղտոտումը գոմաղբի, թռչնաղբի վարակակիր թափուկներով, պարբերաբար կրկնվող երաշտը, որը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ավելի ողբերգական է դառնալու: Իսկ գրեթե ամեն տարի կրկնվող տարածքային հրդեհնե՞րը, սողանքնե՞րը, հողատարման երևույթնե՞րը, խմելու ջրի ստորգետնյա լեռնային աղբյուրների փակվե՞լը… ՈՒ ամենակարևորը` գյուղացին, որը չկարողանալով տանել այս ամենը, լքում է իր բնօրրանը, նոսրացնում բանակի թիկունքը, ու այդտեղ, այդ թիկունքում, մեր յայլաներում, ինչպես հուշում են համայնավարական տարիները, սողացող ռեժիմով իրենց նախիրներն էին «տեղակայում» հարևան երկրի ազերները… ՍԹԱՓՎԵԼ Է ՊԵՏՔ:
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Մեկնաբանություններ