ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նորզելանդական կարագի ապտակը («Անհուշ» բերդի պատվիրանները)

Նորզելանդական կարագի ապտակը («Անհուշ» բերդի պատվիրանները)
08.12.2017 | 04:35

ՆԱԽԵՐԳԱՆՔ


Տե՜ր իմ Երկնավոր, ինչպիսի հեքիաթային հմայք ունի արծաթածածկ ձնաթումբը, երբ ծագում է կարմիր արևը: Իսկ ձյան հյուսքերով պճնված կանաչ եղևնին մի՞թե ինքնին մի չքնաղ ձոներգ չէ՝ ուղղված հայոց աշխարհին: Եվ ահա երկիրն այսօր լիաբերան զմայլվում է ձնաթմբով ու եղևնիով՝ նախ իր դղյակի բյուրեղապակե պատուհանից, այնուհետև, ինչ խոսք, յուր վագոն-տնակի թաղանթապատ լուսամուտից:
Տե՜ր իմ Երկնավոր, որքա՜ն տարբեր են մեր զմայլանքները: Այնինչ երկիրը մեկն է: Միակը: Անձեռնմխելի և անբաժանելի: Միով բանիվ այլևս չենք արշավում ոչ դեպ Մոսկով ու Բրյուսել, ոչ էլ անգամ դեպ Թեհրան ու դեպ Պեկին: Զի այստեղ ու այնտեղ, օ՜ֆ, վերջապես ամենուր մեզ շոյում են, ինչպես կարմիր կովին մթնշաղի կթից հետո, և քորում են, ինչպես տռուզ գոճուն մորթից առաջ... Ի դեպ, մեզ Հայկ-Բելի հաղթական մարտից հետո, կարծես թե հենց հաջորդ լուսաբացից և՛ շոյել են, և՛ քորել են Պարսկաստանը, Բյուզանդիոնը, Ցարական Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Միացյալ Նահանգները, մառախլապատ Ալբիոնը: Իսկ այսօր էլ՝ «Գազպրոմ-Արմենիան»:


Այսօր դեկտեմբերի 8-ն է: Ընդամենը... Բայց շունչ քաշենք մենք լիաթոք և հպարտանանք ներկա օրվա երկրաշեն ցնծությամբ: Զի այսօր՝ 8-ին դեկտեմբերի, կազմ ու պատրաստ խոյանում են դեպի աստղաշաղախ երկինքը նախաամանորյան եղևնիները՝ գույնզգույն, հմայիչ և, անշուշտ, վաղանցուկ: Իսկ երեկ աղետաբեր երկրաշարժի 29-րդ տարելիցն էր, և դեկտեմբերի 7-ին ծնված մանուկներն արդեն իրենք են սեփական երեխաներին գրկներն առած, այտը այտին սիրով հպած, թաղանթապատ լուսամուտից հիանում-չեն կշտանում արծաթածածկ ձնաթմբով: Երբ, հարկավ, ծագում է կարմիր արևը: Սակայն չվհատվենք, զի ՀՀ-ն առաջ է շարժվում մղոնանոց, ես կպնդեի, որ պարսեկանոց ¥պարսեկ՝ հայերեն հապավումը՝ պկ, միջազգայինը՝ PC, աստղագիտության մեջ տարածված հեռավորության չափման միավոր¤ քայլերով, քանզի և՛ Երևանում, և՛ Կումայրի-Գյումրիում հենց այսօր գլխավոր տոնածառերը վառեցին իրենց հուր-կրակ լույսերը:

ՆՈՐԶԵԼԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱԳԻ ԱՊՏԱԿԸ
Մինչև բուն ասելիքս, թույլ տվեք կախաղան բարձրացնեմ հոգիս պղտորող կասկածանքի որդը և տարակուսանքի խլուրդը: Հակահայկական քարոզչության ամենալրբենի կոյուղահոսքը հորդաց HTB հեռուստաալիքից: Սա քաջ հայտնի է: Նաև բնավ անհայտ չէ, որ HTB-ն ռուսական քաղաքականության գիլիոտին «Գազպրոմի» խոսափողն է: ¥Ինչու՞ HTB-ն մեղա չեկավ Երկիր Նաիրիի առաջ հրապարակավ¤: Հայաստանի տնտեսությունը ծնկաչոք է նաև «Գազպրոմ-Արմենիայի» դարակազմիկ ձեռնածության պատճառով: Ներկա, թվով 14-րդ վարչապետը նշյալ գազամատակարարար ձեռնարկության աստղային դեմքերից է: Գազը ՀՀ սահման է հասնում 150 դոլարով: Սակայն սահմանակից գազօջախում վառվում-ճաշ է եփում արդեն երկու անգամ բարձր սակագնով: Եթե մեկը հայտնագործի սույն հրեշապատման գաղտնիքը, նա արժանի է դասվելու հայոց դյուցազներգության վսեմ էջում, թեկուզ Ձենով Օհանի հարևանությամբ:
Առայժմ այլ, շատ ավելի օրհասական խնդիր է լուծում կառավարական տունը: Օրհասական և, անկասկած, հերոսական: Զի լուծում է հանրային աղբը ժողովրդական աղբամանների մեջ տեղակայելու խնդիրը: Եվ ահա ես՝ ծառան ձեր հեզ, պաղատում եմ, որ այս ամենին նայեք վեհաշունչ լրջախոհությամբ, զի հենց որ մեր երկրի աղբը կանոնավոր կերպով տեղակայվի նույն երկրի աղբամաններում, մենք գլխիվայր վիճակից կշտկվենք, կկանգնենք զույգ ոտքերի վրա և կարշավենք դեպի մեր գալիքը կարմրաթուշ:


Այժմ բուն ասելիքի շուրջը բնավորվենք: Նոր Զելանդիայում, ինչ-որ կաթնամթերքային խռովության պատճառով, կարագը անսպասելի թանկացավ: Բայց դեռ այնտեղ չէին հասցրել գնապիտակները փոխել, երբ ՀՀ-ում կարագը նոր, շատ ավելի տպավորիչ գնով ներկայացավ մարդկանց: Եվ, օ՜ հրաշք, ներկրված կարագի թանկացմանը զուգընթաց թանկացան նաև տեղական արտադրության կարագն ու կաթնամթերքը: Կարծես թե հակառակը պիտի լիներ, այսինքն՝ համաձայն շուկայական մրցակցության պահանջների՝ ներկրվող սննդամթերքի գնի բարձրացումը պետք է երանելի հեռանկարներ բացեր տեղական սննդամթերք արտադրողների առաջ, վերջիններս պետք է դրոշները պարզեին և, պահպանելով իրենց ապրանքի գները նախկին սանդղակում, ուղղակի շուկայից դուրս նետեին ներկրող բարբարոսներին: Նման բան է կատարվում ողջ աշխարհում, բայց, հասկանալի է, որ ոչ Հայաստանում: Այսինքն, մեր շուկան, հատկապես սննդամթերքի բնագավառում, գերքաղաքակիրթ է և ակնթարթորեն է արձագանքում համաշխարհային շուկայի գնային անգամ նվազագույն տատանումներին:
Այնուամենայնիվ, մի հարց է ինձ տանջում, քնից էլ կտրում: Այսպես, երբ հերթական տնտեսական-հակամրցակցային խարդավանքով, դիցուք, առավոտյան, 30 տոկոսով թանկանում է «Երևան սիթի» ցանցում վաճառվող ոչխարի պանիրը, ինչու է նույն օրը, մթնշաղից քիչ առաջ նույնքան բարձրանում նույնորակ պանրի գինը գյուղմթերքների շուկայում: Մի խոսքով, մեր ներհայկական իրողությունները պարզապես խելացնոր են, ավելի ճիշտ՝ խիստ խելահաս են և ծառայում են մամոնային: Այսօր ինչ-ինչ հույսեր են ծագում, որ մեր ներառումը Արևելյան գործընկերության կազմ կշտկի իրավիճակը: Կասկածում եմ, քանզի մեր տառապանքը ահռելի փորձ ունի, և վաղուց է քաջ հայտնի, որ եթե անգամ մի հրաշքով համաշխարհային շուկայում սննդամթերքի գները բազմապատիկ նվազեն, հայկական շուկա-գաղութում դրանք կմնան արժանի բարձրության վրա, ավելի ճշգրիտ՝ հավատարիմ ներհայաստանյան դավանաբանությանը, որը միաժամանակ կարգավորում է մի քանի խնդիր, անտանելի և չպատճառաբանված կրակի գները մի կողմից՝ ապահովում են գերշահույթներ տնտեսաքաղաքական վերնադասի համար, մյուս կողմից՝ սնանկացնում են հանրային լայն խավերին, մի կողմից՝ հերթական վարկերն են կլանվում և անբովանդակ ու անհիշատակ մարսվում, մյուս կողմից՝ զարկ է տրվում մեր քառորդդարյա մեծագույն իշխանակառավարական սխրանքին, գերաճում է արտագաղթը, մարդազրկվում են հայ գյուղն ու քաղաքը: Եզակի բացառություն է մայրաքաղաքը, որտեղ ապստամբել են ՓՄՁ-ները՝ ընդդեմ իշխանությունների և կառավարության սանձազերծած տնտեսական բարենորոգումների: Ապստամբել են և խռովկան հարսի նման լքում են տունը, այսինքն՝ փակվում են, ինչ է թե շրջակայքում մի գերխոշոր վաճառատուն է բացվել: Վերջերս, զորօրինակ, խռովություն նկատվեց Արաբկիր վարչական շրջանում: Այստեղ բացվեց «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնը, շրջակայքում փակվեցին բազմաթիվ առևտրային կրպակներ: Զի «ՌԻՈ»-ում հանրության դատին ներկայացավ նշանավոր քաղաքական գործիչ Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթի» վաճառատունը: Սակայն չէ՞ որ երկրի իշխանություններն ու կառավարությունը բազմահատոր բարենորոգչական ծրագրեր են կազմել և ապահովել են ազատ ու անկաշկանդ մրցակցությունը գերխոշոր տնտեսավարողների և գերմանր փերեզակների միջև:


Մի խոսքով, ողբերգազավեշտը նորանոր բեմահարթակներ է նվաճում: Ի նշան ռազմավարական հետագա համագործակցության՝ ՌԴ կառավարությունը խրոխտ հայտարարեց, որ 2018-ին էլ ՀՀ-ին մատակարարվող գազի սակագինը մնալու է անփոփոխ՝ 150 դոլար 1 խմ-ի դիմաց: ՀՀ-ն ռազմավարական նշյալ գործակցության գերհնազանդ կողմն է և ոչ պակաս հպարտ իրազեկեց հայաստանաբնակ հայությանը, որ չերկմտեք և հանկարծ բարվոք օրերի հույսեր չտածեք, զի 150 դոլարով գազը գնելով, մենք, միևնույն է, այն ձեզ վրա ենք պարտակելու 300 դոլարով: Կամ դիմացեք, կամ էլ հեռացեք: ՈՒղիղ դեպի գազամատակարար երկրի տափաստանները:

«ԱՆՀՈՒՇ» ԲԵՐԴԻ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ
Թափառում էի Շիրակի ձնաբուք հարթավայրերում և փորձում էի ինքս գտնել գազ և նավթ ու նվիրաբերել դրանք ժողովրդիս։ Մեկ էլ հանկարծ կողքիս կանգնեց, ուսիս հպվեց զարմանալի մի այր և պոետ տիար Միլիտոնյանը Էդվարդ։ Հպվեց և հուշեց ահա սույնը.
Եթե Աստված չհաստատեր 10 պատվիրանները,
Մարդն անպայման գրի կառներ
Ոչ թե տասը, այլ 110 պատվիրան։
Մարդկային կյանքն արժանի է բազում պատվիրանների։
«Պատվիրանները»

«Անհուշ» բերդի պատվիրանները մի՞թե չարժե այսօր դարձնել երկրի ապաճորտացման անկյունաքար. «Անհուշ» բերդում շղթայված ըմբոստ արքա Արշակին չէ՞, որ դավեց նրան բազում երդումներ և ծնրադիր աղոթքներ շռայլած իշխանական դասը։ Մի՞թե 3-րդ հանրապետության տնաբույս իշխանիկները, այն է` նախարարներն ու պատգամավորները, չէին դավում, պատմության լուսանցքը մխրճում և՛ արևմտյան նավարկությունների սիրահար Տեր-Պետրոսյանին Լևոն, և՛ ռուսական ամենակուլ գերակայության հավատարմատար Քոչարյանին Ռոբերտ։
Այսօր գործող նախագահը աշխարհաքաղաքական խաղերում առնվազն տանուլ չի տալիս։ Սակայն չէ՞ որ նրա հաղթության գրավականը 3-րդ հանրապետության ներքին խաղադրույքների ազնվական սահմանումն է։ Ի մասնավորի` մենաշնորհների աստիճանական ամորձատումը (իմա` տնտեսության մրցակցային ազգայնացումը), վարչական բյուրոկրատիայի սանձահարումը և ապավինումը հայ հասարակության և համայն հայության աջակցությանը։

Ապրիլի 2-ը սարերի հետևում չէ, այն ուրվագծվում է կաղնեշար ծառուղու վերջում։ Ո՞վ է թև ու թիկունք կանգնելու 3-րդ հանրապետության 3-րդ նախագահին արդեն ապրիլի 1-ին։ Միայն հայ հանրութունը և համայն հայությունը։

ՎԵՐՋԵՐԳ
Նախ՝ անհրաժեշտ է համահայկական հանգանակությամբ մեր նորանկախ այս երկրի ճակատի խարանը մաքրել, վերացնել վագոն-տնակները և բնակեցնել շուրջ յոթ հազար անօթևանների։ 2018-ին լրանում է ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը։ Այնուհետև, էլ ճար չկա, եվրոպական քաղաքակրթության ընտրյալ արժեքները ներառել հայաստանյան կյանքի մեջ։ Եվ վերջ։

Տե՜ր իմ Երկնավոր, ինչպիսի հեքիաթային հմայք ունի արծաթածածկ ձնաթումբը, երբ ծագում է կարմիր արևը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 12071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ