ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Փո՛քր երկիր չէ Հայաստանը

Փո՛քր երկիր չէ Հայաստանը
02.05.2017 | 12:41

Մեկ քառակուսի կմ-ի վրա Հայաստանում բնակվում է 108, Չինաստանում՝ 147, Բելգիայում՝ 378, Իսրայելում՝ 403 մարդ: Եվ ի՞նչ: Ընդամենը այս. օր չի լինի, որ ամբիոններից թե հեռուստաէկրաններից չհնչի «Հայաստանը փոքր երկիր է» արտահայտությունը, որն արտասանում են մեծ, թե փոքր, գիտնական, թե քաղաքագետ, մշակութաբան, թե տեխնոկրատ, մի խոսքով՝ նրանք, որոնց թվում է, թե հանրային ինչ-ինչ հատվածներ իրենց գնահատականների կարիքն ունեն: Գուցե և ունեն, սակայն ինչո՞ւ այն բարձրաձայնել մեր սրբությունսրբոց բնօրրանի պարագայում, որը պարզապես չես ընտրում, այլ վերուստ նախանշված է, քննարկում չի ենթադրում: Եվ հարցը, թե ինչո՞ւ է ասպարեզ նետվում Հայաստանն ինչ-որ չափի մեջ տեղավորելու, թե տեսնելու, զգալու, թե շոշափելու մտայնությունը, հնչում է ինքնաբերաբար:


Մի պահ հաշտվենք այն մտքի հետ, թե երկրի հարավից հյուսիս հասնելու համար որոշակի ժամանակ է պահանջվում, երբ մի այլ երկրի պարագայում նույնը կրկնելու համար օրեր են անհրաժեշտ: Դրանից ի՞նչ ըմբռնի ՀՀ շարքային քաղաքացին, ի՞նչ իմաստ տեսնի ասվածի մեջ և նպատակ համարի այդ փոքրը մասամբ իսկ մեծացնելը: Բայց նաև պարզ է, չէ՞, որ մենք երբեք աչք չենք դրել ուրիշի ունեցածի վրա, մշտապես մեր ունեցածով ենք ապրել ու հպարտացել, որի վկան ու ապացույցը վեհ Արարատն է: Թերևս նման մի առիթով է նաև Պարույր Սևակը գրել.
Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով,
Բայց առավել՝ իմ արմատով:


Իսկ արմատը, որն է մեր անցյալն ու պատմությունը, հուշում ու հաստատում է, որ անգամ առևտրական հանրություն լինելու պարագայում մենք որոշակի ինքնաբավություն ենք ունեցել, անգամ, ոմանց թերահավատության պայմաններում, բրնձի մշակումով ենք զբաղվել: Տեսեք, ինչ է գրում Րաֆֆին իր 1877-ին իրականացրած «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» հուշագրությունում. «Սադարակի կիրճից անցնելով, սկսվում է Շարուրի երկրամասը՝ մեր պատմական Շարայի ժառանգությունը: Արփաչայը, բաժանվելով հարյուրավոր առվակների, ոռոգում է այս կանաչազարդ հովիտը, որ մշակված է ըստ մեծի մասին բրնձի դաշտերով: Ջրի առատությունը նպաստում է այս հացաբույսի բեղմնավորությանը, որովհետև բրինձը աճում է միշտ ջրով լիքը ածուների մեջ: Շարուրը Երևանյան նահանգի ամենաբարեբեր մասն է համարվում»:


Ասել է՝ այսօր իսկ Հայաստանի նշված հատվածում բրնձի մշակում է իրականացվել, մեր աչք ու ականջին հիմնավորապես անըմբռնելի մի գործ, որի վկան մեր վիպասանն է: Ոմանց ենթադրությունը, թե հենց հիմա անդրադառնալու եմ ՀՀ տարածքում բրնձի արտադրությունը վերականգնելու հարցին, անմիջապես կանխեմ. այս հացաբույսը երկարաժամկետ պահպանման մթերք է, այն լավագույնս մշակվում է Երկիր մոլորակի որոշակի հատվածներում, որակյալ և բարձր բերք է ստացվում, այնպես որ մեր համեմատաբար համեստ պահանջները բավարարելու համար կարելի է և օգտվել այլոց առաջարկություններից, կարճ ասած՝ գնել-ներմուծել: Իսկ առավել համառոտ, եթե բրնձի համաշխարհային շուկայում անգամ անկանխատեսելի զարգացումներ ծավալվեն, քանակները նվազեն և գները կտրուկ բարձրանան, հայաստանյան հանրությունը դրանցից լուրջ խնդիրների առջև չի կանգնի, ողբերգություն չի ծագի: Որոշակի վիճակագրության ծանոթանալու արդյունքում այս գնահատականին ենք հանգում անգամ հացահատիկային հիմնական բույս համարվող ցորենի արտադրության ծավալների պարագայում: Նորանկախ Հայաստանի տարիներին ցորենի տարեկան արտադրությունը տատանվել է 300-450 հազար տոննայի սահմաններում, 1 բնակչի հաշվով կազմելով 100-150 կգ: Ցորենի այս քանակից ստացվող ալյուրը գրեթե բավարար է միջին հայաստանցու հացի տարեկան սպառումն ապահովելու համար, որը տարօրինակորեն մենք չենք արձանագրում ցորենի ու ալյուրի զգալի քանակների ներկրումների արդյունքում: Տեսեք. թիվ 1 գյուղատնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում ցորենի տարեկան 50-60 մլն տոննա բերքի պարագայում 1 բնակչի հաշվով ստացվում է 140-180 կգ: Բայց ԱՄՆ-ը արտադրածի մոտ կեսն արտահանում է, և այնպես չէ, որ ալյուրից պատրաստվող հաց, մակարոնեղեն ու հրուշակեղեն գրեթե չեն օգտագործում: Այնպես որ, Հայաստանը փորձում են փոքր դարձնել, ասենք, այստեղ 1,5 մլն գլուխ ոչխար պահելու ջատագովները, երբ անգամ 80 մլն բնակչությամբ Գերմանիայում այս ցուցանիշի մասին չեն էլ մտածում: Սա՝ ոչ անտեղի, ի միջի այլոց:


ՈՒրեմն ի՞նչն է հարցը, ո՞րն է խնդիրը, որտե՞ղ է թաղված շան գլուխը: Իրոք, գլուխկոտրուկի նմանվող այս հարցաշարի պատասխանը ստանում ենք գերհզոր ԱՄՆ-ի գյուղոլորտի մի փոքր հատվածի վիճակագրությանը ծանոթանալով: Թող որ այն արվել ու ներկայացվում է սիրողական մակարդակով, 70-ն անց ՀՀ քաղաքացու կողմից, որի կողքին, ամենայն պատասխանատվությամբ ու անկեղծությամբ եմ ասում, մեր կառավարիչ նախարարություններն ու ռազմավարական հետազոտություններ իրականացնող կառույցներն իրոք հսկաներ են: Բայց սա այլ առիթով:
ԱՄՆ-ում 1868 թվականից մինչ օրս հրատարակվող «Համաշխարհային փաստեր. 2017» տեղեկատուից հայտնի է դառնում, որ արդեն 60-րդ տարին շարունակ երկիրն իր ուշադրության կենտրոնում է պահում եգիպտացորենի հատիկի արտադրությունը, այս մշակաբույսի տարեկան ծավալը հասցնելով 350 մլն տոննայի, ցորենի 7-ապատիկը: Որևէ մեկն ունի՞, համեստ համարենք, «ինչո՞ւ» հարցի պատասխանը, որին արդեն 10-րդ տարին ՀՀ տնտեսության կայացման պատասխանատուները չեն արձագանքում, սկսած հանրային ներկայացող խորհրդից մինչև բարձրագույն պաշտոնյաները: Հնչող կցկտուր պատասխաններն էլ սահմանափակվում են «Հայաստանը փոքր երկիր է, ձեր առաջարկությունը 1 մլն տոննա եգիպտացորենի հատիկի արտադրության շուրջ անիրագործելի է» եզրակացությամբ: Իսկ թե որտե՞ղ է մեր հազիվ 2,5 տարածքն ունեցող Սերբիան վերջին տարիներից յուրաքանչյուրում արտադրում 6-7 մլն տոննա եգիպտացորենի հատիկը, պատասխան չկա: Այս առումով Երկիր մոլորակի թիվ 2 ցուցանիշն ունեցող Չինաստանի պարագայում պատկերը մեկ այլ փաստարկմամբ ներկայացնենք, վարելահողային կարողունակությամբ, որպիսի տարածքներում են բացառապես եգիպտացորեն մշակում:


Ըստ չինական վիճակագրության, վարելահողերը կազմում են երկրի տարածքի 11 տոկոսը, 1 բնակչի հաշվով ստացվում է մոտ 800 քառակուսի մետր: ՀՀ-ում այս ցուցանիշները 17 տոկոս և 1600 քմ են: Բայց արի ու տես, որ Չինաստանի կառավարիչները նպատակահարմար են գտնում այդ սակավ հողերի մի մասում իրենց տնտեսությանն ու անասնապահության ոլորտին անհրաժեշտ կերերի ապահովվածության նպատակով մինչև 220 մլն տոննա եգիպտացորենի հատիկի արտադրություն իրականացնել, երբ մեզանում այս ցուցանիշը հազիվ 20 հազար տոննա է, այն էլ հիմնականում բնակչության կողմից սպառվող, երբ այս մշակաբույսի աճեցման հիմնական նպատակը ալյուրի, բուսայուղի, սպիրտի, այլ անհրաժեշտությունների ստացումն է և անասնատեսակների լիարժեք կերակրումը:
Տարին տարվա վրա կրկնվող փոքր երկրի վերաբերյալ մերոնց պատճառաբանություններն այնքան պարզունակ են, որ որևէ հակափաստարկի անհրաժեշտության կարիք էլ չկա: Այսուհանդերձ նշենք, ասենք՝ «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն» հռչակվող, երկրի կառավարության կողմից հաստատվող ծրագրային փաստաթղթի հետևյալ կետը. հիմնական պարենային մթերքների ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովման ռազմավարական ուղղություններն են (թե ինչու է խնդիր դիտարկվում ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովումը, ՀՀ կառավարությանը կարծես չի մտահոգել, երբ հարկ էր խնդիր համարել հնարավորինս առավելագույն ապահովումը): Կետերից մեկում կարդում ենք՝ անասնապահական մթերքների ծավալների ավելացման նպատակով կերային բազայի հնարավորությունների ընդլայնում, մասնավորապես՝ առավել արդյունավետ կերային մշակաբույսերից եգիպտացորենի մշակության, նոր տեխնոլոգիաների ներդրման, տեխնիկական աջակցության և խորհրդատվության ապահովում:


Հիմա եկեք, ժողովրդական խոսքով ասած, ծուռ նստենք, շիտակ խոսենք: ՀՀ չափահաս 2,6 մլն բնակչությունից ով է երբևէ որևէ բարձրագույն պաշտոնյայից կամ բարձր որակավորում ունեցող մասնագետից քննարկվող հարցի շուրջ անգամ անհասցե դիտողություն լսել, երբ հարկ էր կառավարության որոշումը չկատարելու համար առավել խիստ գնահատականներ տալ: Փոխարենն ընդամենը լսում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարի այն հայտարարությունը, թե նախորդների սխալների համար ինքը պատասխան տալ չի պատրաստվում, չնկատելու տալով, որ այդ աշխատաոճն արմատավորված է քարացած դիրքորոշումով առաջնորդվող նախարարության յուրաքանչյուր վարչությունում ու բաժնում, կրտսեր, թե առաջատար մասնագետների մոտ, ողջ համակարգում: Այլապես չէր արձանագրվի նոր կառավարության ծրագրի այն կետերից մեկը, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի խնդիր է համարվում խաղողի այգիների 100 հեկտարով ավելացումը: Առավել տարօրինակ ծրագիր, քան ընդունել է նորացված հռչակվող ՀՀ կառավարությունը, դժվար է չնկատել, երբ նախորդ տարեվերջին էլ, դրան նախորդածների պես հայտնի էր, որ ոլորտը լրջագույն խնդիրների առջև է կանգնած, սկսած ՀՀ-ում խաղողագործությունը ռիսկային ոլորտ համարելուց մինչև մերոնց արտադրած գինու հիմնական սպառող Ռուսաստանում խնդրի որոշակի լուծումը, կապված խաղողի զգալի այգիներ ունեցող Ղրիմը դաշնության կազմ մտցնելու հետ:


Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը պարզապես զրկված է գինի ու կոնյակ վայելելու հաճույքից, իսկ մեր տնտեսության պատասխանատուները բացառապես զբաղված են այլոց այս պահանջմունքները բավարարելու ցանկությամբ: Հանրապետության առևտրային ցանցում իրականացվող պարզ դիտարկումներն ապացուցում են, որ մեր մարդիկ, այսպես որակենք, տարօրինակորեն չեն օգտվում բազմանուն գինիների անգամ «կես գին» գայթակղող առաջարկներից, չգիտես` դրանց արդեն փորձած պարունակությա՞ն, թե՞ անգամ այդ պարագայում բարձր դիտարկվող գների պատճառով: Իսկ գինը մեզանում այդպիսին է ստացվում, քանզի մեծ է մշակման ռիսկայնությունը, այգին բազմիցս ջրելը պարտադիր պահանջ է, որպիսի անհրաժեշտություններ խաղողագործությամբ զբաղվող շատ տարածաշրջաններում պարզապես չկան: Ստացվում է, որ ՀՀ գյուղնախարարությունը, մի կողմ դնելով ոլորտի քաղաքականությունն իրականացնողի իր պարտավորությունը, զբաղվում է անհասկանալի մի գործունեությամբ, ինչպիսին է արդեն հիշատակված յուրաքանչյուր տարի 100 հա խաղողի այգի հիմնելու ծրագիրը: Պարզ է, որ անգամ ծրագիրը ոսկե տառերով ամրագրելու պարագայում որևէ մեկն այն իրատեսական չի համարի, քանզի հողի հայ մշակի տառապանքը փորձ ունի, հիմնականում և ավաղ՝ տխուր:


ՀՀ շարքային քաղաքացին, որ իրեն տեսնում է լույսը վերջինը հանգցնողի կարգավիճակում, տարակուսում է, թե ինչու ենք հայտնվել այս վիճակում, որը խոր փոս է հիշեցնում, կամ ՀՀ նախագահի գնահատմամբ՝ գաղջ միջավայր որակվում: Ոմանք մտահոգությունները փաստարկված վերլուծությունների տեսքով են ներկայացնում, երկրորդները, հոգնելով այդ գործընթացից, քաղաքական ընդհանրական գնահատականներ են հնչեցնում, երրորդները, հյուրընկալվելով իրենց ծննդավայր Հայաստանում, հեռուստաէկրաններից ավետում են եվրոպական ու ամերիկյան մայր ցամաքների հայկական գաղթօջախների հաջողությունները, նշում մանկական, կրթական, մշակութային, մարզական ու հոգևոր հաստատությունների առկայությունը, որն այլ կերպ չես որակի, քան «Արի տուն» ծրագրի նորօրյա մեկնաբանություն: Այս ընթացքում հայաստանյան պաշտոնյաները շարունակում են խոսել հանրային օգնության ու աջակցության կարևորությունից, այն դիտարկելով հարևանի ու հայրենակցի ինչ-որ զանցանքը իրենց հասցնելու տեսակետից, չցանկանալով նկատել, որ իշխանության վճարովի և պատրաստակամ այդօրինակ ներկայացուցիչներ ունեն ամենուր: Իսկ հակառակը, երբ հարյուր հազարավոր անկաշառ ու ազնիվ հայաստանցիներ ցանկանում են իշխանությունում տեսնել մի քանի նվիրյալների, իրենց կյանքն ու կենցաղը տեսանելիորեն բարեփոխողների, կարծես թե իրականում չկան: Բանն այնտեղ է հասել, որ պետական հաստատությունները սահմանափակել են հանրություն-իշխանություն կապի այնպիսի միջոցների ձեռքբերումը, որպիսին է տպագիր մամուլը: «Այդ ի՞նչ են գրում, որ» մոտեցմանը հակադարձելով նշեմ՝ գրում ենք այն, ինչ անում կամ չեք անում, որոնցից առաջնահերթը Հայաստանի ու հայաստանցու հեղինակության ամրապնդումն է, մեր պետության կարգավիճակի բարձրացումն ու անսասանությունը: Պարզ է, որ սրանք առօրյայի երազանքներ են, ինչպիսի երազանք է դարձել նորին գերազանցություն Հայաստանի Հանրապետությունը:


Ինչու եմ նման տրամադրությունների տրվում, երբ մեզանում կան նաև դրական տեղաշարժերի օրինակներ, որոնցից վերջերս հիշատակվեց էլեկտրական հոսանք ունենալը: Հեղինակիս կողմից էլ հավելեմ 1990-ականներին ներմուծվող հավկիթը ներկայումս տեղական ձվի արտադրությամբ կազմակերպելը: Կարելի է նաև չամիչով ինքնաբավությունը հիշել, միայն թե այն, ինչպես և ողջ երշիկեղենը, կաթնամթերքների զգալի ծավալները արտերկրներից ներմուծվող հումքի ու զանազան հավելումների արդյունքում են պատրաստվում: Ներկրվող են նաև բուսական ու կենդանական յուղերը, գրեթե ողջ հատիկաընդեղենը, շաքարի հումքը, այլ պարենամթերքները: Սրանք, մեզանում ընդունված կարգի համաձայն, արտառոցների շարքին չեն դասվում, այլ մերոնց յուրօրինակ տնտեսավարման ապացույցներ են: Արտառոցն այն է, ինչ հիմա կներկայացնեմ:


Ընկերական մի հանդիպման ընթացքում ասացի, որ Հայաստանի առևտրային ցանցում վաճառվող ստեպղինը իսրայելական ծագում ունի: Ներկաներից մեկն ասվածը կատակ համարեց, հիշեց Արամուսի ստեպղինը: Զրույցը վեճի չհասավ, քանզի հաղթեց գրազի գաղափարը: Հաջորդ օրն առևտրային մի քանի կետ այցելության արդյունքում պարզվեց, որ Իսրայելից ներմուծվողը վերջացել է, հիմա Եգիպտոսից ստեպղինի ներկրման շրջանն է:
Է՛լ ավելի տարօրինակ է տարբեր կայքերում շրջանառվող այն տեղեկությունը, թե ՀՀ առևտրային ցանցում ադրբեջանական խնձոր է վաճառվում: Խնձորի դեմ բան չունենք, պարզապես երևույթն է անհասկանալի, ոմանց գնահատմամբ՝ ամոթալի: «Արդյո՞ք այս վիճակը կապ ունի Հայաստանը փոքր թե սակավահող հռչակելու մտայնության հետ» հարցը պարզապես անհեթեթ եմ համարում, քանզի մանկապարտեզահասակ երեխաներն էլ գիտեն, որ իրական սակավահող է Իսրայելը, գյուղնշանակության հողերի առումով նաև Եգիպտոսը, որտեղ 1 բնակչի հաշվով` վարելահողերը հազիվ 350-400 քմ են, երբ մեր ցուցանիշը քառապատիկ ավելին է:


Վերջին շրջանի այսօրինակ մտորումներս, Լեռ Կամսարից օգտվելով, ավարտում եմ «Պատճենը՝ պատմությանը» խոսքերով: Թե երբ է սկսվում կամ ավարտվում այդ պատմություն կոչվածը, մեր որոշելիքն է, որտեղ, վստահ եմ, տեղ չունեն Հայաստանը փոքր որակողները:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2047

Մեկնաբանություններ