Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Հայերը կարծեցին, թե Թուրքիայում այլևս իրենց անկախությունը վաստակելու ժամանակը և առիթը ներկայացել է

Հայերը կարծեցին, թե Թուրքիայում այլևս իրենց անկախությունը վաստակելու ժամանակը և առիթը ներկայացել է
16.03.2015 | 12:15

Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանության պատճառներին անդրադառնալիս՝ մենք միշտ շեշտադրում ենք օսմանյան քաղաքականությունը, կայսրության տարածքում էթնիկ թուրքական պետություն ստեղծելու ծրագիրը, որի կատարման հետևանք էին հայերի տեղանությունն ու աքսորը արաբական անապատներ, հընթացս նրանց սպանությունը: Իրենք՝ թուրքերը, իրադարձությունները այլ դիտակետից են գնահատում: Մեհմեդ Թալեաթը իր հուշերում «Թուրքիան թուլացնելու ռուսների քաղաքականությունը» գլխում գրում է. «Ռուսաստանը, Թուրքիան փոքրացնելու համար, իր հրամանները կատարելու պատրաստ Բուլղարիային Ռումելիում, Անատոլիայում էլ հայերին հաստատելու ցանկությամբ երկիրը երկաթե օղակի մեջ էր առնում, որից հետո ամեն վտանգ իր համար վերացնելով՝ ուզում էր Կովկասում եղած մուսուլմանների հետ մեր հարաբերությունները բոլորովին կտրել: Դրանից հետո Ռուսաստանի համար այլևս հեշտ էր լինելու Ստամբուլի վերաբերյալ ծրագրերն իրագործել: Հայերը, թեև Կովկասում Ռուսաստանի դաժանություններից ճնշված՝ նրան չէին սիրում, բայց այդ ծրագիրն իմանալով՝ շտապեցին պաշտպանել՝ կարծելով, թե Թուրքիայում այլևս իրենց անկախությունը վաստակելու ժամանակը և առիթը ներկայացել է: Հնչակ, դաշնակ, ռամկավար և հայ ազգային այլ միությունները Հայոց պատրիարքարանի հետ միացան և Էջմիածնի կաթողիկոսի միջնորդությամբ Պողոս Նուբար փաշայի նախագահությամբ խորհուրդ կազմակերպեցին: Մեզ հետ բանակցության մեջ գտնվող հայ կոմիտեները նույնիսկ կարիք չզգացին մեզնից թաքցնել Նուբարի խորհրդին և հանձնաժողովին ուղարկված ռուսական կառավարության հրահանգը Ստամբուլի ռուսական դեսպանից ստացած լինելը:

Ռուսական կառավարությունը, մյուս պետությունների հավանությունն առնելուց հետո, Ստամբուլի դեսպան իշխան Գիրսի միջոցով 1914 թ. Բարձր Դռանը առաջարկություն արեց, որը հետևյալ կետերն էր բովանդակում.
1. Վեց վիլայեթների միացումը, այնտեղ մի վարչաձևի հաստատումը, մուսուլման և քրիստոնյա նույն առնչությամբ զենքի տակ կանչվելը (պահանջները կանխելու և այդ նահանգներում, իսկապես, հարկ եղած բարենորոգումները կատարելու համար Բարձր Դուռը դիմել էր Անգլիայի կառավարությանը՝ խնդրելով, որ այս գործով քննիչներ ուղարկվեն: Անգլիայի կառավարությունն էլ հավանություն էր տվել, սակայն հետո սըր Էդվարդ Գրեյը հայտնել էր Լոնդոնի մեր դեսպանին, որ Ռուսաստանը համաձայն չէ իրենց քննիչներ ուղարկելուն, Թ.):
2. Միացված այս նահանգների ընդհանուր կառավարումը մի կուսակալի կողմից (նույն առաջարկությամբ՝ հարցադրումը ոչ մի իմաստ չպիտի ունենա, քանի որ հայերը ոչ մի տեղ մեծամասնություն չկազմելուց բացի՝ նույնիսկ ցույց տված շնչաքանակի կեսն էլ չունեն: Բառի բուն իմաստով՝ միայն արտոնություն կարող է լինել, Թ):
Այս հարցով բանակցությունների մեջ մտնելով՝ Բարձր Դուռն աշխատում էր առաջարկները թուլացնել:
Այդ ժամանակ ես Սայիդ Հալիմ փաշայի դիվանում ներքին գործոց նախարար էի: Ռուսաստանի նպատակները բացահայտ էին: Այդ հարցով նախարարաց ժողովում ես դեմ արտահայտվեցի բացահայտորեն մեր անկախության դեմ սկզբունքներին: Վարչապետ Սայիդ Հալիմ փաշան դա հայտնել էր Ռուսաստանի դեսպանին: Նա էլ ինձ տեսակցելու ցանկություն էր ունեցել: Ինձ մոտ գալով՝ նա զարմանք հայտնեց, գտնելով, որ Ռուսաստանի առաջարկը Թուրքիայի շահերին համապատասխան է, ուստի տարակուսանքի տեղիք չպիտի տար: Մեր տեսակցությունը թեև ոչ պաշտոնական էր, բայց առանձնահատուկ բնույթը ընդգծելու համար՝ ասացի, որ Թուրքիայի ներքին հարաբերությունների մասին նրա խոսքերը հակառակ են մեր անկախությանը, և եթե Պետերբուրգի մեր դեսպանը Թուրքեստանի բարենորոգումների պահանջով իրենց ներքին գործոց նախարարությանը դիմի, Ռուսաստանի անկախության կոպիտ խախտում կլինի: Այդ նկատառումով էլ խնդրեցի նման դիմումներով մեզ չանհանգստացնել և ավելացրի, որ նպատակին քաջատեղյակ ենք, ավելի ճիշտ կլիներ, որ ասվեր՝ «Ռուսաստանը այսպես է ցանկանում, մենք ուժեղ ենք, դուք՝ թույլ, հետևաբար՝ ստիպված եք ընդունել»: Այս խոսքերից հետո դեսպանը գնաց՝ ասելով, որ այլևս ինձ հետ չպիտի կարողանա հանդիպել»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ հետո Վանն էր, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը…

Դիտվել է՝ 1526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ