Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Անիրավ աշխարհ. իրեն այնպես է պահում, որ միշտ կարոտես ու չուզես հեռանալ»

«Անիրավ աշխարհ. իրեն այնպես է պահում, որ միշտ կարոտես ու չուզես հեռանալ»
07.11.2014 | 00:14

-Եկել եք հիվանդանոց, որ ինձ այսպես անօգնակա՞ն տեսնեք,- հանդիմանանքով ձայնեց կից սենյակից, բայց ժպիտ կար դեմքին, ասել է` կատակեց նաև: Հետո իջավ մահճակալից, եկավ կից սենյակ, ուր համահեղինակ Շուշանիկի հետ շվար կանգնած էինք` Համո Սահյանին նվիրված մեր հեղինակած «Իրիկնահաց» գրքի 10 օրինակ ձեռքներիս:
-Մովսիսյանին լայե՞ղ է, որ ձեզ ու Համոյին հիվանդանոցում ընդունի,- կարծես թե շարունակեց հանդիմանել, բայց նստել առաջարկեց, տիկնոջը պատվիրեց սուրճ տալ, հետն էլ «ներկայացնելով» մեզ,- սրանք Համոյի հետ են եկել, որ իրենց ներեմ:
Հաշտությունը կայացել էր: Մենք` ուսուցչին իր ոտանավորը ներկայացնող աշակերտի խոնարհությամբ, գրքերից մեկը բաց էջով էինք դրել, ուր գունավոր էջին իր լուսանկարն էր` Համո Սահյանի արձանի կողքին և տեքստը` իր խոսքից հատվածներով, երբ գնացել էր Սիսիան և մարդկանցով լեցուն հրապարակում խոսք էր ասել իր պոետ ընկերոջ մասին:
Տեսավ, ուրախացավ, պայծառացավ և սուրճը բերող տիկնոջ հանդիմանությանը, թե` «Մարդիկ հիվանդատես են եկել, դու նրանց վիրավորում ես», արձագանքեց.
-Մովսիսյանն ի՞նչ հիվանդ, Մովսիսյանն ինչո՞ւ պիտի նրանց այստեղ ընդունի:
Ժայռի պես ամուր այդ բարի, այդ հմայիչ մարդը, ով հստակ գիտեր, թե դեպի ուր և որքան ժամանակ պիտի քայլի, քամուն հակառակ գնացողի համառությամբ շարունակում էր կյանքին ու ճակատագրին իր բանաձևումը թելադրել, որ այդ պահին եկվորին պիտի ցույց չտա, թե կարող է հուսահատվել հանկարծ, ճկվել ու խոնարհվել հանկարծ: Եվ տեսնելով հապշտապ սուրճ խմելներս, աշխարհիս ամենահյուրընկալ մարդը մեկեն ուրախացավ մեր գնալու վրա.
-Մի տասը օր հետ ես ձեզ կզանգեմ, կգաք տուն, մի կարգին կզրուցենք:
Զանգը չեղավ, և հրավերը մնաց որպես անհրավեր այց` ճանապարհելու նրան Երկնային ուղիներ:
«Տես, բան չթողնես կիսաճամփին` էլ հետ չես գալու»: Խայամի ասածի հանգույն թե մտորենք Մովսիսյանի անցած ճամփեքի մասին, փայլուն մի ուղի կպատկերանա, ուր առաջացած տարիքին անգամ հեծյալ էր նա այդ ճանապարհին, օրինակ էր երկրի հանդեպ ունեցած իր սիրով ու վերաբերմունքով, երկիրը ծայրեծայր ճանաչելու և երկրում շռայլորեն շաղ տված իր բարության համար: ՈՒ ես հիմա, Մովսիսյանի հետ երբեմն հանդիպելու, զրուցելու, ընկերություն անելու բախտն ու պատիվն ունեցողս, մտովի անցնում եմ նրա այդ ճանապարհի մեկ-երկու հատվածը:
…Արցախի ազատագրման տասնամյա տոնակատարությանը Վլադիմիր Մովսիսյանին շնորհվեց «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան։ Նրա մտերիմ ընկերը, ում հետ մեկնել էր Ղարաբաղ, ասաց. «Տեղափոխվիր այստեղ՝ «առանց զորքի, առանց զենքի» Ադրբեջանից այս հանրապետության համար ևս մի 14 հազար հեկտար հող հետ բեր»։ Այս կիսակատակ ասելիքի մեջ խտացված բնութագրումն էր մի մարդու կատարած գործերի, որոնց արդյունքում Խորհրդային Հայաստանը «եղբայրական» Ադրբեջանի յուրացրած հողերից հետ էր բերել 14 հազար 500 հեկտարը։ Դա Մովսիսյանի ջանքերի արդյունքն էր: Նոր սերունդը գուցե թե չգիտե կամ չի հիշում Խորհրդային Հայաստանին պատկանող այն 14 հազար 500 հեկտար հողատարածքի պատմությունը, երբ թյուրիմացաբար, թե խարդավանքով վերագրված էր հարևան «եղբայրական» Ադրբեջանին, և որը վերադարձվեց օրինական տիրոջը` Մովսիսյանի քաղաքական ճկուն պահվածքի արդյունքում: Այդ գործի գնահատանքի արտահայտություն գովեստներին Մովսիսյանն արձագանքում էր էքզյուպերյան ձևակերպումով. «Աշխարհում երեք բառ ավելորդ մակդիրի և բացատրության կարիք չունի` ծնող, հող և հայրենիք»:
Հայրենի հողին ոտքն ամուր դնելու խորհուրդն ըմբռնողի իրավունքով Մովսիսյանն իր գործելակերպով, իր օրինակով հորդորում էր հայրենի եզերքի հանդեպ անհուն սիրո տերն ու պահապանը մնալ։ Սա խրատ չէ, սա անբասիր կենսակերպով, կենդանի օրինակներով ներկայանալու կերպ է, երբ անգամ իր արած գործերը ներկայացնելիս իր անձը համեստորեն զուգահեռում էր՝ ժամանակակիցներին վկայելով։ Այսօրինակ պահվածքով Մովսիսյան պետական գործիչը, Մովսիսյան անհատն իր ամեն արած գործը բնութագրում էր որպես իր հայրենի երկրին սովորական հայ մարդու տված պարտք, վկայակոչելով Համո Սահյանին՝ «Ես տանջված այս հողի մատաղն եմ, ձեզ լինի մահարձան-խաչքարը»։
Մովսիսյանի համար հողի հանդեպ սերը շատերիս կողմից անգիր անելու պես յուրացրած հող-հայրենիի հասկացության սոսկ բացահայտումը չէ. նա հողը անձնավորման աստիճանի էր հասցնում՝ հինավուրց «Գութան չելներ, աշխարհ ի՞նչ էր» երգի խորհուրդը համարելով հայ մարդու մեջ ավիշի պես պահպանվող զգացողություն։ Նա չափազանցված չէր համարում «բազմաչարչար ու սրբագործված հայոց հողի մեջ» կանչ որոնել, ձայն ու խրատ տեսնել և մարդու՝ հարազատ մոր հանդեպ ունեցած վերաբերմունքը նույնացնել հողի հանդեպ ունեցող նրա վարմունքին։ Եթե անգամ սա չափազանցություն է, ապա Մովսիսյանի պարագայում այն ընդունելի է, քանզի այսօր շատ քչերը կարող են խոստովանել, թե իրենք Հայաստան աշխարհը՝ ամեն շենից ու շինականից սկսած, մինչև այսօրվա պրոբլեմները, գիտեն այնքան, որքան Մովսիսյանը։ Սրա հենքը հյուսվել է հայրենի երկիրը, հայրենի հողը լավ ճանաչած և մեծավ մասամբ շինականի հոգսով անհոգնել ծանրաբեռ մարդու այն զգացողության թելադրանքով, ում համար, Իսահակյանի բնորոշմամբ, «հայրենիքից դուրս ամեն տեղ աշխարհի ծայրն է»։
Եվ նաև այս վերաբերմունքի մասին էր խոսում իր ընկեր պոետի` Համո Սահյանի հոբելյանին Սիսիանում` նրա պոեզիան համարելով մեր ազգային ավանդույթների հիմնը:
Անմիտ բան կլինի թվարկել այն բոլոր մարդկանց ու այն բոլոր ժամանակները, ում հետ և որոնց մեջ Մովսիսյան գյուղատնտեսը, կուսակցական ու պետական գործիչը, Մովսիսյան մարդը անցավ` պարապ օրեր բնավ չունեցած ու դրանք շարունակ բացառող կենսակերպով, գործելակերպով ու, իր էությանը ներհատուկ, պարզ ու մարդկային պահվածքով։ Իր պահվածքի համար աչքեր խոնարհելու առիթի բացակայությունն արդեն իսկ ճիշտ ապրելն է՝ հպարտություն իր համար ու որպես դաս և օրինակ՝ սերունդների համար։ Գուցե թե նրա այս մտայնություններն ավելի շատ ու առաջին հերթին հենց այս վերջինների՞ն էին հասցեագրված, նրանց, ում համար հայրենիքի գաղափարը դեռ բավարար չափով ձևավորված չէ, կամ էլ անկախության ճանապարհի ժամանակավոր դժվարությունները նրանց համար ու նրանց մեջ հայրենիքն իրենցից օտարելու տրամադրություն են ստեղծում։ Սին խրատներից մշտապես հեռու մնացող Մովսիսյանը նախընտրում էր կենդանի օրինակը՝ տվյալ ժամանակի պահանջների թելադրանքով արվածի մեջ իր դերը ընդհանուր աշխատանքների համատեքստում ներկայացնելով։ Այս կերպ արդյոք ինչ-որ չափով ստվերո՞ւմ էր իր անձնական ներդրումը։ Բնավ։ Նա անում էր իր կյանքի գործը, անում էր ամենայն սիրով ու նվիրումով, երկրի հանդեպ խոհեմ պահվածքով:
...Հիմա ի՞նչ, սկսենք անցյալո՞վ խոսել մի մարդու մասին, ով մեր անկախ պետականության հայաշեն տան ամուր սյուներից էր, ընդգծված անհատականություն` հայրենասիրության վառ դրսևորումներով, լայնախոհությամբ, իր անելիքի հանդեպ հետևողականությամբ ու պատասխանատվության բարձր զգացումով, ով մշտահմա ներկան ու մասնակիցն էր երկրի ամեն արարումի` առաջացած տարիքում անգամ լինելով ակտիվ գործի մեջ: Ինքը լավ էր ձևակերպում. «Անիրավ աշխարհ. իրեն այնպես է պահում, որ միշտ կարոտես ու չուզես հեռանալ»:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1520

Մեկնաբանություններ