Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Մենք մեզնից ու մեր հարևաններից պահանջում ենք համակեցության փոխհանդուրժելի վարքաբանություն

Մենք մեզնից ու մեր հարևաններից  պահանջում ենք համակեցության  փոխհանդուրժելի վարքաբանություն
05.09.2014 | 01:03

Այն, որ Իլհամ Ալիևի քիթը մեծ է, հայտնի է բոլորին: Բայց մենք, իհարկե, չենք պատրաստվում հայկական սովորության համաձայն քիթներս խոթել Հեյդարի նախագահ որդու ֆիզիկական կազմաբանության մեջ: Մեզ հետաքրքիր է նրա մարդկային, ավելի ճիշտ՝ անմարդկային բաղադրությունը: Մեծն Թումանյանն ասում էր. «Մենք ծնվում ենք թե չէ, քիթներս ժայռին է դիպչում. ուզենք-չուզենք կամ լաց պիտի լինենք, կամ աղոթենք»: Համակեցություն է, ինչ անես, մեծ քիթը, փոքր Ալիևը, մեծ ժայռը, փոքր լացն ու աղոթքը: Իրականում, հենց տարբերություններն են կոչված հիմնական մասը կազմելու ներդաշնակության, այդ թվում՝ մարդկային, պետական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական մեծ ու փոքր մակարդակներում: Բայց էս մեր թշնամի հարևանի քթից մեծ հայտարարությունները ամենևին այդ տրամաբանության մեջ չեն, որովհետև նրա շախմատային պարտիայում գործում են ոչ թե իմաստուն խաղի կանոնները, այլ նույն խաղաքարերով, որ իրենց դեպքում նաև զինվոր են, կիրառվում է բոուլինգային մարտավարությունը կամ, ասենք, դոմինոյի ռազմավարությունը: Երկուսի դեպքում էլ՝ որքան հեռու են նետվում, չէ՛, բռնի շպրտվում երկրի քաղաքացին, զինվորը, իրավապաշտպանը, լրագրողը, գրողը, մյուսը, այնքան իրենք, իբր, հերոսանում են: Իրենք հերոսանում են քնածին կացնահարելով, մոլորյալ անչափահասին սպանելով, մոլորյալին որպես դիվերսանտի հանդերձելով ու էլի սպանելով, ներքին լսարանին հայկական օկուպացիայի մասին արևելյան հեքիաթաշար հրամցնելով։ Իրենք հերոսանում են իրենց տարածքի վրա սակայն: Իրենք իրենք են: Իրենք նրանց հետ չեն համատեղվում: Իսկ մի մետր այն կողմ նրանք ողորմելի են դառնում, որովհետև ճշմարիտ հերոսը մի քանի քառակուսի մետրի վրա չի սխրանքը գործում: Հերոսը չի տարբերվում: Նա ընդունում է տարբերությունների գոյության իրավունքը և հենց վերջինիս համար է պայքարում: Այդպես էր Նոյյան տապանից սկսյալ, այդպես էր բոլոր դարերում, այդպես էր առավել ևս սեպտեմբերի 21-ին, երբ Հայաստան փոքր ածուն, որը քիթը կամա-ակամա ժայռին խփելիս լաց է լինում կամ աղոթում, ընտրեց վերջինը, այն է՝ դարավոր երազը, աղոթքն անլաց, անտրտունջ, պատվով, բռունցքվելով ու միաբանությամբ կյանքի կոչելու տարբերակը: Բռունցքվելու, ոչ թե բռունցք ցույց տալու ավելի քան հազարամյա քրիստոնեականությամբ, մարդասիրությամբ, հայության երկու և սփռյալ հատվածների տարբերությունների ներդաշնակման ու քաղաքակիրթ աշխարհին արժանապատվորեն ինտեգրվելու նպատակադրմամբ: Մենք ընդհանուր այս տարածքում, ցածի այս թագավորությունում, որ Երկիր մոլորակ են անվանել մեզնից ավելի խելոքներն ու հոմո սափիենս տեսակի անհույս ռոմանտիկները, շարունակում ենք մերժել պատերազմը և անշեղորեն ընդունում ենք խաղաղությունը: Բայց մեզ այլևս չես խաբի պլաստիկ, այդ թվում՝ քթի վիրահատություններով, մենք առաջին հերթին մեզնից ու մեր հարևաններից, ինչպիսին էլ նրանք լինեն, պահանջում ենք համակեցության փոխհանդուրժելի վարքաբանություն: Մենք նույնն ենք ակնկալում նաև մեծ խաղացողներից, որովհետև ճռճռան տեքստերից, ուղերձներից, ձեռքսեղմումներից առավել կարևոր է Մեծ լռությունը՝ արդարության ու համագործակցության խորհրդածությամբ: Մենք լռելու ժամանակ, ցանկություն, կամք չունենք, դրա համար ենք այսքան անհաշտ ու արկածախնդիր, դրա համար ենք այսքան մեծամիտ ու մեծքիթ:


Արա ԱԼՈՅԱՆ

Դիտվել է՝ 1588

Մեկնաբանություններ