Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Եղծվում ենք ու չենք զղջում

Եղծվում ենք  ու չենք զղջում
04.04.2014 | 11:36

Այս միտքը Մեծն Նարեկացունն է, որը, ցավոք, արդիական է մնում առայսօր: «Իրատես de facto»-ի քաղաքագիտական վերլուծությունների էջում (թիվ 20, 2014) քաղաքագետ Ս. Շաքարյանցը հանդես է եկել «Իլհամ Ալիևը գլխավորում է պատմությունը կեղծելու ապշերոնցիների արշավը և ձգտում է ամբողջ ԱՊՀ-ն վերածել պատմական փաստերի վերանայման մարտադաշտի» շահեկան հոդվածով:

Խոսքիս հենց սկզբում ուզում եմ հավաստիացնել, որ համաձայն եմ հիշյալ հոդվածում արծարծվող գրեթե բոլոր հարցադրումներին ու եզրահանգումներին: Այնուամենայնիվ, ունեմ նաև դեռ իմ նախորդ հրապարակախոսական հոդվածներում ու աշխատություններում արծարծված մի շարք մտահոգություններ ու նկատառումներ, որոնց սոսկ թվարկումը կարող է թերթի սյունակներ գրավել: Սակայն ստորև պիտի անդրադառնամ դրանցից ընդամենը մի քանիսին և ջանամ դրանք ընթերցողի հետ քննարկել-վերլուծել: Եվ այսպես.
ա) Ամենևին նորություն չէ, որ Ադրբեջանը, Թուրքիան տասնամյակներ շարունակ պետականորեն և ակնհայտորեն վարում են հակահայ ու հակահայաստանյան ու հակագիտական քաղաքականություն: Այնպես որ, սա հատուկ ապացույցների կարիք չունի: Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումներն այս հարցերում շատ հստակ ու նպատակադրված են, և նրանց քարոզչամեքենաները, մանավանդ վերջին տասնամյակներում, գործում են ողջ թափով ու անխափան: Հանուն իրենց պատմության ու պետությունների հիմքերի ամրապնդման` երկու պետություններն էլ անամոթաբար դիմում են ամեն տեսակի կեղծիքների ու ստի, կաշառում միջազգային կազմակերպություններին, քաղաքական ու պետական գործիչներին և այլն, և այլն: Սա անհերքելի փաստ է, և դրա մասին առավելապես մենք ենք տեղեկացված: Սակայն խնդիրն այն է, թե մե՞նք ինչ ենք անում, ո՞րն է մեր պետական ծրագիր-դիրքորոշումը այդ ուղղությամբ, եթե, իհարկե, կա առհասարակ այդպիսի պետական, քաղաքական ծրագիր: Պարոն Շաքարյանցն այդ խնդրի վերաբերյալ իրավացիորեն նշում է, որ այդպիսի հարցերով «պետք է զբաղվեն` 1. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ստորաբաժանումները` լուրջ պատմաբանների մասնակցությամբ, 2. գործադիր իշխանության համապատասխան մարմինները, որոնք անմիջապես առնչություն ունեն տեղեկատվական անվտանգության և առհասարակ անվտանգության հետ»:
Շատ իրավացի դիտարկում, որին դժվար թե ընթերցողը ևս չհամաձայնի: Սակայն երբ դիմում ենք փաստերին, ապա տեսնում ենք, որ մենք դեռևս շատ հեռու ենք այդ խնդիրներով պետականորեն և ըստ հարկի զբաղվելուց, քանզի այդ բնագավառում գրեթե ամեն ինչ թողնված է ինքնահոսի կամ էլ առանձին անհատների գործունեության շրջանակներից դուրս չի գալիս: Եվ, կարծես, հայոց պատմության ու մշակույթի, գիտության ու քաղաքականության, ազգային ու պետական սահմանները բաց են, ուր անարգել ելումուտ է անում ամեն ոք և իհարկե, առաջին հերթին, թուրք ու ադրբեջանցի կեղծարարները: Եվ ցավալին այն է, որ այդ սահմանների պաշտպանության գործին զինվորագրվածները, գրեթե անխտիր, սեփական նախաձեռնություններով հանդես եկող անհատ գիտնականներ ու մտավորականներ, քաղաքագետներ և այլ բնագավառների մասնագետներ են, որոնց գործունեությունը, բնականաբար, ոչ միշտ է արդյունավետ լինում: Այստեղ ավելորդ է նույնիսկ անդրադառնալ ՀՀ նախագահի, պատկան մարմինների և նրանց պատասխանատուների` երբեմն-երբեմն այդ խնդիրների վերաբերյալ տված հանձնարարականներին ու արտահայտած մտահոգություններին, որոնք այդպես էլ տարիներով մնում են թղթի վրա և, ի վերջո, բաժակաճառային հայրենասիրության բաժին դառնում:
բ) Պարոն Շաքարյանցը արդարացիորեն դժգոհում ու զայրանում է, որ Ադրբեջանի նախագահը ԶԼՄ-ների ներկայությամբ և առհասարակ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի անբաժանելի մասն է, մեր պապենական հողը»: Անշուշտ, սա Ալիևի ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին ցինիկությունն է: Մեջբերելով Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաքիքաթ-Փուրինի 2012-ի դեկտեմբերի 26-ի հայտարարությունը, Վլադիմիր Ժիրինովսկու խոսքերը իրականում և պատմականորեն մինչև 1918-1920 թթ. «Ադրբեջան» անունով «պետություն» և «ադրբեջանցի» հասկացությունների չգոյության մասին` Ալիևին առաջարկում է միջազգայնորեն դատի տալ իրանցի խորհրդականին, ով հանդգնել է բարձրաձայնել պատմական ճշմարտությունը:
Համաձայնենք հոդվածագրի հետ և միաժամանակ ընթերցողի հետ քննարկենք այն խնդիրը, թե արդյո՞ք միայն Ալիևը կամ էլ միայն ադրբեջանցի գիտնականներն են, որ «Ադրբեջան պետություն» հասկացությունը կիրառում են 1918-1920-ից առաջ ընկած պատմական ժամանակաշրջանների համար։ Այն էլ ոչ թե այսօրվա Ադրբեջանում, Թուրքիայում, Ռուսաստանում, Իրանում կամ էլ որևէ այլ երկրում, այլ հենց մերօրյա Հայաստանում ու մեր բոլորի աչքի առջև: Ասածս, հավանաբար, անհավատալի է թվում: Սակայն դիմենք փաստերին:
գ) Խնդրեմ: Երևանում գործող «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» հասարակական կազմակերպությունը, որը հիմնականում ֆինանսավորվում է օտարերկրյա կազմակերպությունների (ԱՄՆ, Իտալիա) կողմից, 2008-ից Հայաստանի բազմաթիվ հուշարձանների տարածքներում հինգ լեզվով (հայերեն, անգլերեն, իտալերեն, ռուսերեն, գերմաներեն) տեղադրել է հուշարձաններին վերաբերող հարյուրավոր տեղեկատվական վահանակներ: Մասնագիտական տգիտության, անփութության և զանազան այլ հանգամանքների բերումով այդ վահանակների տեղեկությունները, ցավոք, հաճախ բազմաթիվ ու բազմաբնույթ ապատեղեկություն են պարունակում՝ պատմական փաստերի և այլևայլ աղավաղումներով, անհեթեթ ենթադրություններով։ Խոսքս չծանրաբեռնելով` ընդգծեմ, որ այդ երևույթի դեմ մի քանի անգամ ԶԼՄ-ներով հանդես եմ եկել ինչպես ես, այնպես էլ այլ գիտնականներ ու մտավորականներ: Նշեմ նաև այն, որ այդ վահանակների առանձին տեղեկություններն էլ ոչ թե միայն թերացումներ կամ գիտական աղավաղումներ են, այլև գիտակցված հակահայկական ու հակաազգային, հակապետական միտում ունեն:
Փաստածս առաջին հայացքից, կարծես, անհավանական ու անիրագործելի է թվում։ Սակայն խոսենք փաստերով և ընթերցողի ուշադրությանը ներկայացնենք, օրինակ, «Ադրբեջան» կամ «Ադրբեջանական պետականություն» հասկացությունը Հայաստանում և առհասարակ Հայաստան այցելած զբոսաշրջիկների շրջանում տարածելու-ամրապնդելու մի քայլի մասին: Այդ ոտնձգությունը, օրինակ, Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրի թիվ 11 վահանակում (Սայաթ-Նովայի հուշաքար) հինգ լեզվով շարադրված էր հետևյալ կերպ.
«Բանաստեղծություններ և երգ գրելու, ինչպես նաև քամանչա նվագելու շնորհիվ նա ճանաչում է ձեռք բերում վրաց Հեռակլ (ուղղագրությունը բնագրինն է- Ա. Ա.) Բ թագավորի արքունիքում, ուր նա դիվանագիտական աշխատանքի էր ընդունվել որպես պալատական` օգնելու համաձայնագրեր կնքել երեք մրցակից թագավորությունների` Հայաստանի, Ադրբեջանի (Ալբանիա) և Վրաստանի միջև»:
Եվ սա շարադրվել է «հայ մասնագետի» ձեռքով, խմբագրվել Մայր աթոռում և թույլատրվել ու տեղադրվել է հուշարձանի տարածքում ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ անունով կոչել սա: Մի՞թե սա ակնհայտ և կանխամտածված հակահայկական ու հակապետական միտում-ծրագիր չէ: Մի՞թե սա Ալիևի ասածից ավելի զորեղ կռվան չէ 18-րդ դարում ադրբեջանական թագավորության (պետության) գոյության հաստատման վերաբերյալ, առավել ևս, այն կեղծիքի օգտին, որ այսօրվա Ադրբեջանը համարվում է Ալբանիա (իմա` Աղվանք) պետության ժառանգորդը: Այս խայտառակությունը Հաղպատի տարածքից հեռացնելու համար, անշուշտ, մեծ ջանքեր պահանջվեցին (այն հուշարձանի տարածքից հեռացվեց լոկ 2013 թ. սկզբներին):
դ) Փաստեմ նաև մեկ այլ խայտառակություն, որը վերաբերում է Սանահին և Հաղպատ վանական համալիրները 1996 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու տեղեկատվությանը: Այս երկու համալիրների վերաբերյալ 1996-ից առայսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղեկատվական պաշտոնական կայքում (նաև տեղեկատվական բուկլետներում) հայտարարվում է, որ «Թումանյանի շրջանի այս երկու բյուզանդական վանքերը Կյուրիկյան թագավորության ժամանակաշրջանում (10-13-րդ դդ.) կարևոր ուսումնական կենտրոններ էին: Այս երկու վանական համալիրները ներկայացնում են հայկական եկեղեցական ճարտարապետության ծաղկուն շրջանը, որի եզակի ոճը ձևավորվել է բյուզանդական եկեղեցական ճարտարապետության և կովկասյան ճարտարապետական էլեմենտների միաձուլման շնորհիվ»:
Ահա, խնդրեմ, սա էլ հո Ալիևը կամ էլ ադրբեջանցի գիտնականնե՞րը չեն ասում: Չէ՞ որ այդ հուշարձանները և դրանց մասին տեղեկությունները ներկայացրել կամ էլ այդպիսի տեքստին համաձայնել է տվյալ բնագավառում Հայաստանի պատկան մարմինը: Մի՞թե սա մեր մշակույթի պատմությունն անտեսելու, պետական լիազոր մարմնի կողմից բացարձակ թողտվության դրսևորում չէ: Խնդրի վերաբերյալ նշեմ միայն, որ այս մասին բազմիցս ահազանգել եմ պատկան մարմիններին, մի քանի անգամ էլ հանդես եմ եկել ԶԼՄ-ներով: Սակայն, ինչպես ժողովրդական խոսքն է բնորոշում, «hասկացողին՝ մին, չհասկացողին` հազար ու մին»:
Այնպես որ, մեր հանրապետության պատկան մարմինների այսօրինակ անտարբերության պարագայում (իմա` մասնագիտական ու քաղաքական տհասությամբ պայմանավորված), ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերոնշյալ տեղեկատվությամբ «հայկական ճարտարապետություն» հասկացություն գոյություն չունի առհասարակ: Ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես ղարաբաղյան շարժման շրջանում և դրանից հետո Ռուսաստանում շրջանառվում էր «կովկասյան ազգություն» արտահայտությունը: Եվ կարծես, ի հեճուկս հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրման հիմնադիր ու տեսաբան Թ. Թորամանյանի և ավստրիացի նշանավոր հայագետ Յ. Ստրժիգովսկու` Վիեննայում 1918 թ. հրատարակած հանրահայտ երկհատորյա «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» աշխատության սկզբունքների, մեր իսկ պետական թողտվությամբ նահանջ ենք արձանագրում, լռելյայն համաձայնում ու աշխարհով մեկ տարածում, որ բազմադարյան հայկական շինարվեստն ու ճարտարապետությունը ոչինչ չունեն ազգային, դրանք ընդամենը պետք է դիտել կամ որակել որպես կովկասյան: Այստեղ, կարծում եմ, ավելորդ է պարզաբանել այն, որ հենց այսպիսի հանրամատչելի ու հակագիտական ապատեղեկատվություններով են ձևավորվում թե՛ միջազգային, թե՛ առհասարակ հասարակական, այդ թվում՝ թուրքական ու ադրբեջանական կարծիքները: Ահա՛ մեր այս կամ այն բնագավառի պատասխանատուների թույլ տված անհեթեթություններից մեկը, որն ալիևների ու նրանց գիտնականների համար հիմք է ծառայում ասել-բարբաջելու, որ «Հայաստան ու հայեր չեն եղել»: Մեծանուն Ղ. Ալիշանի խոսքերով էլ ասած` այսօրինակ «կաթիլ մը մելանով կարելի է արթնացնել (այստեղ` աղավաղել ու ապակողմնորոշել- Ա. Ա.) միլիոնավոր մտքեր»:
Այստեղ մի փոքր դադար տալով ուզում եմ մեջբերել պարոն Շաքարյանցի հոդվածի այն մասը, որտեղ հեղինակն անդրադառնում է Ալիևի ելույթը «Միր» և «Միր-24» հեռուստաալիքների տարածած և ապա հանած լինելու հանգամանքին ու ճիշտ եզրահանգմանը: Այսինքն, Ադրբեջանի կողմից կաշառվածները դիմում են ամեն ինչի և ամեն քայլի: Եվ եթե, ինչպես իրավացիորեն գրում է հեղինակը, «ոչ ոք չի նկատի, ապա կանցնի՞: Հիանալի կլինի: Կնկատե՞ն, չի՞ անցնի: Էլի ոչինչ: Թեկուզ մեկ օր, բայց արդեն կտարածվի»: Հեղինակը հետաքրքրասիրությամբ ջանում է նաև իմանալ, թե ադրբեջանական ստերի ու կեղծիքների տարածման համար Բաքուն ինչ է վճարում և «որքա՞ն արժե» այդ ամենը: Հաշվի առնելով, որ դա առհասարակ անիրականանալի է, կարծում եմ` ավելի նպատակահարմար է պարզաբանել, թե Երևանո՞ւմ վերոնշյալ հակահայկական ու հակապետական մեծ ու փոքր տեղեկությունների տարածումը ինչ և որքան արժե: Առավել ևս, անհրաժեշտ է օր առաջ պարզել-բացահայտել, թե այդ ամենը կատարողները ի՞նչ «փեշակի» ու զորության տեր մարդիկ են, ովքեր գործում և անպատիժ են մնում, իրենց իրավունք վերապահում մասնագետների ու ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներն անտեսելու: Չէ՞ որ նման գործելակերպերով մարդկանց ու պաշտոնյաներին, ի վերջո, պետք է կոչենք իրենց արժանի անուններով:
Չէ՞ որ պետության, այդ թվում՝ Հայաստանի սահմանները, ինչպես վերևում նշեցի, ոչ միայն զենքով, այլև գիտությամբ ու մշակույթով, քարոզչությամբ ու հակաքարոզչությամբ են պաշտպանվում: Երբ լռում են զենքերի շաչ ու շառաչները, միշտ և բոլոր ժամանակներում էլ խոսքն ու միտքը, պատմությունն ու մշակույթն են պայքարում ու պաշտպանում հայրենիքն ու ազգայինը, պետական շահն ու սահմանները: Մի խոսքով, մեր պետական շատ ու շատ պաշտոնյաներ, ամենայն հավանականությամբ, այնքան էլ ճիշտ չեն հասկացել ոչ հեռու անցյալում մի առիթով ՀՀ նախագահի մեջբերած՝ Լեոնիդ Ազգալդյանի «Սա Հայաստանն է, և վերջ» արտահայտությունը: Քանզի շատ պաշտոնատար անձինք գործում են «Ես եմ, և վերջ» եսակենտրոն կարգախոսով և հաճախակի էլ, «Միր» և «Միր-24»-ի «որոշ ծախու անձանց» նման, տհասության աստիճանի հասնող իրենց գործողություններով ժամանակ առ ժամանակ, գիտակցաբար թե անգիտակցաբար, գործում են հենց Հայաստանի ու նրա պատմության դեմ: Եվ շատ հաճախ էլ մեր գիտական ու պետական շրջանակներն էլ երկմտանքով քննարկում են` պատասխանե՞լ, թե՞ անպատասխան թողնել ադրբեջանական ու թուրքական գրեթե ամենօրյա դարձած կեղծիքներն ու հերյուրանքները։ Դրանով իսկ թե՛ պետականորեն, թե՛ ազգովին դառնում ենք Հայաստանի պետականության, պատմության ու մշակույթի նկատմամբ ադրբեջանական ու թուրքական քարոզչական արշավանքների սոսկ վիճակագիրներն ու հաշվետարները: Իսկ այս ամենը, սխալված չեմ լինի ասել, պետական ոչ պատշաճ կարգուկանոնի, պատասխանատվության, ազգային ու պետական մտածելակերպի բացակայության արդյունք է, որն էլ վերջերս հանրապետության նախագահը բնորոշեց որպես «գաղջ մթնոլորտ», որի առաջացման համար ամենևին էլ անմեղ չէ նաև հենց ինքը` նախագահը: Անհրաժեշտ միջոցներ չենք ձեռնարկում և նույնիսկ չենք գիտակցում, որ ստեղծված այդ «գաղջ մթնոլորտը» ոչ ոք ի զորու և պատասխանատու չէ վերացնելու` բացի մեզնից: Այնպես որ, դեռևս համառորեն չենք ուզում ընդունել, որ պետական ծրագրերի ու միջոցների տրամադրմամբ է կատարվում ամեն ինչ: Չենք ուզում գիտակցել, որ գիտնականն ու մտավորականը, մտավոր ճակատը ցանկացած ծրագրի ծանրությունը կրող անփոխարինելի սյուներն են, չի կարելի այդ գործում բավարարվել կամ էլ հույսը դնել միայն անհատների նվիրվածության ու հայրենասիրության վրա, որքան էլ դրանք արդյունավետ լինեն:
Հանրապետությունում առկա այդ «գաղջ մթնոլորտից» մեկ օրինակ ևս բերեմ: Տակավին վերջերս, պոլիտեխնիկի ռեկտորի հրաժարականի հանգամանքներին անդրադառնալով, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հրապարակավ հայտարարեց, որ ոչ միայն պոլիտեխնիկում, այլև հանրապետության մյուս բուհերում էլ եթե ստուգումներ իրականացվեն, ապա անպայման ի հայտ կբերվեն զանազան ու բազմաթիվ խախտումներ: Ակնհայտ ճշմարտություն, կամ «քաղցր խոսքին էլ ի՞նչ շաքար»: Այնպես որ, մեր պաշտոնատար անձանց մի մասն զբաղված է գործող օրենքները շրջանցելու, իրենց իրավունքները կիրառելու, բայց պարտականություններն անտեսելու միջոցով զանազան մեծ ու փոքր խախտումներ կատարելու գործով։ Խլուրդի նման ամեն օր փորփրում է երկրի ու պետականության օրգանիզմը սնող երակներն ու մազանոթները. ամենուր կարգված իրենց «աչք ու ականջ», ծախու աշխատակիցներով նրանք ջանում են ամրապնդել իրենց դիրքերն ու երկարաձգել իրենց հանցավոր պաշտոնավարությունը: Բան է` այդ ընթացքում եթե հայտնաբերվեն էլ, ապա, ըստ հանրապետությունում արդեն բնականոն օրենք դարձած «գաղջ մթնոլորտի» դրվածքի, այդ իսկական ազգային «ցեցերն» ու «տզրուկները» պետությանը կվերադարձնեն իրենց գռփած կամ էլ իրենց մեղքով մսխված միլիոնները: Իսկ եթե չեն հայտնաբերվի, ապա թող հալալ լինի. ուզո՞ւմ ես՝ այդ միլիոնները Հայաստանում կամ այլ երկրներում վայելիր: Իսկ դրանում համոզված լինելու համար բավական է ծանոթանալ ԶԼՄ-ների մի քանի օրվա հրապարակումներին: Ամենայն հավանականությամբ, վերոնշյալ երևույթների առատությունից է ծնվել «Երկիրը երկիր չէ» արտահայտությունը:
Այսպիսի վարք ու բարքով գործող ու ապրող մեծ ու փոքր պաշտոնյայի կամ առհասարակ հայի համար ոչ մի նշանակություն չունի՝ ալիևներն ի՞նչ են ասում ու ծրագրում թե՛ Հայաստանի, թե՛ առհասարակ հայության, նրա պատմության ու մշակույթի վերաբերյալ:
ե) Պարոն Շաքարյանցն իր հոդվածի վերջում, անդրադառնալով Ղրիմի խնդրին, շեշտում է, որ «այդ իրադարձությունները նաև ազդակ են հայ հասարակության, համաշխարհային հանրակցության, ինչու չէ, նաև սուտ-Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որ Նախիջևանի ու Կարսի նահանգի հարցերը նույնպես «թաղված չեն»:
Անկեղծ ասած, լավատես լինելով, ուզում եմ հավատալ այսպիսի լավատեսությանը: Այս խնդրի վերաբերյալ հրապարակայնորեն բազմիցս եմ արտահայտվել, այդ իսկ պատճառով էլ միայն պետք է արձանագրեմ, որ առկա փաստերն ու իրականությունն առայժմ այլ բանի մասին են վկայում: Ավելորդ է պնդել, որ թե՛ վերջին քսան և թե՛ դրան նախորդած խորհրդային տարիներին երբևէ պետականորեն չի արծարծվել Նախիջևանի հարցը: Այնպես որ, խորհրդային տարիներին նախիջևանյան խնդիրը (մեկ-երկու դեպքից բացի) Հայաստանի պետական ծրագրերից դուրս է եղել: Ավելին, նախիջևանահայությունն ու նրա ազգային խնդիրներն առհասարակ և բոլոր առումներով անտեսված էին Հայաստանի իշխանությունների ու մշակութային շրջանակների կողմից: Նախիջևանյան հարցերը երբեմն-երբեմն, մանավանդ արցախյան շարժման ընթացքում և դրանից հետո, արծարծվել են հասարակական կազմակերպությունների և խաղաքարտային մակարդակներով: Ընդ որում, պետությունն էլ ամենևին չի աջակցել իր իսկ թելադրանքով հասարակական կազմակերպությունների միջոցով առաջ քաշված նախիջևանյան խնդիրներին:
Սա է իսկությունը: Այս ամենն էլ, ի վերջո, Ադրբեջանի ազգայնամոլական ուժերին, ապա իշխանություններին պարզապես մատնացույց արեց պետականորեն գետնի երեսից վերացնելու Նախիջևանի ողջ հայկական նյութական ժառանգությունը՝ շուրջ 27 հազար հուշարձան: Ընդ որում, երբ 1998-2006 թթ. ոչնչացվում էին նախիջևանյան հուշարձաններն ու Հին Ջուղայի հռչակավոր գերեզմանատան 4500-ից ավելի խաչքարերը, մեր հանրապետության երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը լուռումունջ էր: Կարծես խոսելու «ծոմ» էր պահել և երբեք այդ մասին չխոսեց ու չբարձրաձայնեց, չհայտարարեց, որ այն մեր պապենական տարածքն է, և մենք ամեն ինչ անելու ենք Նախիջևանը մայր հայրենիքին վերադարձնելու համար: Այս խնդրի վերաբերյալ լռություն են պահպանում նաև նախագահ Ս. Սարգսյանն ու այլ պետական և քաղաքական գործիչներ: Ավելին, երբ Նախիջևանում ոչնչացվում էին հայկական հուշարձանները, Երևանում էլ 2006 թ. ոչնչացվում էր 1990 թ. տպագրված իմ «Նախիջևան. գիրք հուշարձանաց» եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն), հենց այդ նույն հուշարձանների գունավոր լուսանկարներով պատկերազարդված ծավալուն (368 էջ) ու մեծադիր գրքի 30000 տպաքանակից 26000-ը: Այս, իրապես մշակութային եղեռնագործության վերաբերյալ էլ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին 2006 թ. իմ հղած դիմումն այդպես մնաց անպատասխան ու անհետևանք: Ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես Նախիջևանի հայկական հուշարձաններն ավերած ադրբեջանցիները, այնպես էլ Երևանում գրքի 26000 օրինակները ոչնչացրած հայ «ադրբեջանցիները» կամ դրանց գործակալները մնացին անպատիժ:
Այսպես կարելի է մի շարք նմանատիպ ու անհերքելի փաստեր նշել և եզրակացնել, որ Նախիջևանի խնդրի վերաբերյալ, մեղմ ասած, մեր իսկ վարած ոչ ճիշտ քաղաքականությամբ ու պետական դիրքորոշմամբ, ցավոք, եթե Նախիջևանի խնդիրը չենք էլ «թաղել», ապա չենք էլ նպաստել, որ այն այսօրվա իշխանությունների ծրագրերում տեղ գտնի: Քանզի դա ամենևին էլ չի հետաքրքրում թիթեռնիկի նման կուսակցությունից կուսակցություն թռչկոտող, իբր քաղաքականությամբ ու պետական շինարարությամբ զբաղվող մեր պետական ու ազգային գործիչներին, ովքեր էլ, դեպքից դեպք անդրադառնալով նախիջևանյան խնդիրներին, իրենց անգիտությամբ զարմանք են հարուցում: Օրինակ, մեր պետական այրերի մեջ կան մարդիկ, ովքեր չեն տարբերում՝ որն է Հին Ջուղան և որը` Նոր Ջուղան: Խորհրդային ժամանակներից առայսօր Նախիջևանի 1920-ական թվականների հայության թվաքանակի վերաբերյալ թե՛ գիտական, թե՛ այլ հրատարակություններում օգտագործվում է ԽՍՀՄ-ի 1926 թ. մարդահամարի կեղծված 11276-ը: Այնինչ, հայության իրական թվաքանակը 1926 թ. կազմել է 26700-ից ավելի մարդ: 2006 թ. հունվարի սկզբին «Հայերի համաշխարհային կոնգրեսի» նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն էլ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնից Ջուղայի խաչքարերի կործանման վերաբերյալ իր դժգոհությունն ու պահանջն արտահայտելով, ոչ ավելի, ոչ պակաս հայտարարեց, որ 1920-ականներից հետո «այդ երկրամասում այդ ժամանակներից հայեր չեն բնակվել: Մնացել են միայն նրանց անխոս տապանաքարերը»: Ավելորդ է նշել նաև այն ամոթալի փաստի մասին, որ նախիջևանյան հայկական ժառանգության հիմնահատակ կործանումից հետո, Ադրբեջանը պետականորեն, ինչպես նաև իր տարբեր գործիչների բերանով հրապարակավ հայտարարություններ է անում այն մասին, որ Նախիջևանի տարածքում հայերը ո՛չ ապրել են, ո՛չ էլ երբևէ հուշարձաններ են կառուցել, իսկ մենք էլ լուռումունջ ենք մնում թե՛ պետականորեն, թե՛ գիտականորեն: Նշեմ մեկ այլ փաստ: 2009 թ. Երևանում լույս տեսավ «Հայադարան» մեծածավալ գրքի 2-րդ հատորը, որը Հայաստանի պատմության ու մշակույթի վերաբերյալ իր պարունակած աղավաղումներով ու անհեթեթություններով ուղղակի անգերազանցելի է: Եվ այդ հատորի լույս աշխարհ գալու առիթով իրենց ողջույնի խոսքերով (հավանաբար՝ նաև աջակցություններով) հանդես են եկել ՀՀ նախագահն ու վարչապետը, Ազգային ժողովի նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը, հանրապետության բոլոր նախարարներն ու քաղաքապետերը։ Արդյունքում` ունենք սխալաշատ մի հատոր, որը կարելի է որակել որպես մի խայտառակադարան։
Ավարտելով խոսքս, վերստին և ցավով պիտի արձանագրեմ, որ հայոց պետականության, պատմության ու մշակույթի նկատմամբ մեր անպատասխանատու գործողություններով ժամանակ առ ժամանակ զանազան կռվաններ ենք մատակարարում մեր թշնամիներին ու հակառակորդներին: Իրոք որ գաղջ իրավիճակ, որն արմատապես և ամեն գնով պետք է արմատախիլ արվի: Այդ գործի իրականացման համար էլ կարծում եմ, մեր հույսն ապագայում պետք է կապենք մեր այսօրվա երիտասարդության հետ, որն իրապես ձգտում է երկրի իրական տերն ու ծառան լինելու: Հուսանք և, տա՛ Աստված, որ հուսախաբ չլինենք:

Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ