Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 

Ազնվասիրտ Շառլ, մեծն հայ, մենք համաձայն չենք Ձեզ հետ

Ազնվասիրտ Շառլ, մեծն հայ, մենք համաձայն չենք Ձեզ հետ
28.09.2012 | 12:59

Շառլ Ազնավուրի ասուլիսից հետո նրա հետ ապրեցինք մեր հայրենիքի, ժողովրդի ճակատագրի հանդեպ ունեցած խորապես հայրենասիրական տագնապն ու անհանգստությունը:
Սակայն, սիրելի Շառլ, փառապանծ հայրենակից, մենք չենք կարող համաձայնել Ձեր մի շարք հարցադրումներին:

«Երկու երեխա են սպանել, թե մեկուկես միլիոն հայ, տարբերություն չկա, սպանել են»։ Ճիշտ է, էթնիկական հողի վրա երկու երեխա սպանելը դարձյալ ցեղասպանության հատկանիշ է ենթադրում, սակայն, այնուամենայնիվ, դա սպանություն է. իսկ մեկուկես միլիո՞նը... այս դեպքում մի ամբողջ ազգի աներևակայելի բնաջնջում է` կազմակերպված թուրքական պետության կողմից` թուրք, քուրդ, չեչեն ու չերքեզ խավարամոլ զանգվածների ամենաակտիվ մասնակցությամբ: Բնաջնջում ոչ միայն մի ազգի, այլև հինգհազարամյա համաշխարհային քաղաքակրթության, բնաջնջում հանճարեղ մշակույթի` ճարտարապետության, գրականության, մատենագրության, զարմանահրաշ բանահյուսության, պատմության, աշխարհագրության, երգ ու երաժշտության: Եվ այս ամենը համեմատել Էլզաս-Լոթարինգիայի, Ռուրի հետ բոլորովին տեղին չէ:
Նախ, Էլզաս-Լոթարինգիան երբեք չի պատկանել գերման ցեղին. միջին դարերում այն մշտապես եղել է ֆրանկների տիրապետության տակ և միայն առանձին զավթողական հանգամանքներում (1870-1871, 1940 թթ.) է ենթարկվել Գերմանիային: Ռուրը մշտապես եղել է գերմանական տարածք. վերջապես դրանք ընդամենը երկաթահանքեր, ածխահանքեր են. իսկ Հայկական լեռնաշխարհը սրբազան հայրենիք է` վերը նշված իր բոլոր հատկանիշներով:
Ի դեպ, գերմանացի ժողովուրդը ոչ մի պատմական, առավել ևս բարոյական իրավունք չունի Էլզաս-Լոթարինգիա կամ որևէ այլ տարածք պահանջելու, քանզի գերմանական պետականությունն անսահման մեղքեր ունի համայն մարդկության առջև. սանձազերծած երկու համաշխարհային պատերազմները խլեցին հարյուր միլիոնից ավելի մարդկային կյանք:
Դեռ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բելգիացի հանճարեղ բանաստեղծ Էմիլ Վերհառնը «Աղաղակ» բանաստեղծությունում կրքոտությամբ մերկացնելով պատերազմական աղետները, գերմանա-թուրքական ոճիրները, զայրույթով ու մարգարեաբար գրում էր. «Գերմանիա, Գերմանիա, դու խավար ես տարածում ամենուր, ուր լույսն է տիրում. հազար տարի է անցել աթիլլաներից, գոթերից, հոներից, բայց նույնն են քո սկզբունքները` ազգաջինջ, խավար տարածող Գերմանիա»:
Ավելին, գերմանական պետականությունը թուրք բարբարոսների հետ հավասար մեղավոր է Հայոց ցեղասպանության համար, քանզի գերմանացի յոթ հազար սպաներն էին ղեկավարում թուրքական ջարդարարական բանակները, ղեկավարում, մարդասպանությունից բացի, ամեն ինչում անընդունակ փաշաների հրետանային կրակը մեր շեն ու խաղաղ քաղաքների ու գյուղերի վրա: Գերմանական սպաները մասնակցել են ջարդարարական բոլոր գործողություններին: Այդ յոթ հազար դահիճ սպաներից 200-ը հետագայում դարձան ֆաշիստական հորդաների գեներալներ` շարունակելով դահճային խրախճանքը ողջ Եվրոպայով` բոլորովին չամաչելով իրենց հանճարեղ զավակներից` Բախից, Մոցարտից, Գյոթեից, Բեթհովենից,Հայնեից։
1933 թ. իշխանության գլուխ անցավ մի նոր բորենի` Հիտլերը: Ֆաշիստ-ցեղապաշտ մարդաբանները ոչ արիացի, ստորակարգ ռասա հայտարարեցին նաև հայերին: Փաստորեն, Եվրոպայի 500 հազար հայությունն արժանանալու էր հրեաների ճակատագրին` քշվելու էր գազախցիկներ: Սակայն 1934 թ. գերմանացի գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ Պաուլ Ռորբախը և Արտաշես Աբեղյանը հրատարակեցին եվրոպացի նշանավոր գիտնականների հոդվածները` «Հայկականություն-արիականություն» վերտառությամբ և 3 հազար օրինակ անվճար բաժանեցին դիվանագետներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին` ապացուցելով, որ հայերն արիացիներ են: Համաշխարհային պատերազմի տարիներին Նժդեհն ու Դրոն նույնպես քայլեր ձեռնարկեցին` մեկ անգամ ևս ապացուցելով հայերի արիականությունը` հայությանը փրկելով նորանոր աղետներից: Այսքանից հետո Գերմանիան դարձյալ թուրքամետ քաղաքականություն է վարում և քաջություն չի ցուցաբերում` ամենաբարձր մակարդակով դատապարտելու Հայոց ցեղասպանությունը` ինչ-որ չափով մաքրագործվելով իր մեղսակցությունից։ Բայց Եվրոպայի համար ի՜նչ բարոյականություն, ի՜նչ համամարդկային արժեքներ, նրանք թքած ունեն հենց իրենց` եվրոպական արժեքների վրա` նավթի հոտից հարբած, նյութապաշտությունից այլասերված:
Սիրելի Շառլ, Դուք ասում եք. «Եթե թուրքերը համաձայն չեն «ցեղասպանություն» արտահայտությանը, գուցե ընդունենք նրանց առաջարկած «կոտորած» բառը»։ Թուրքի ուզածն էլ դա է` մենք կոտորել ենք ձեզ, դուք` մեզ. սա պարզապես անարգանք է աներևակայելի սպանդի ենթարկված մեկուկես միլիոն զոհերի հիշատակին, այն հազարավոր հանճարների հիշատակին, որոնց պայծառ գլուխները ջախջախեցին քարերով, կացիններով, մաս-մաս արին, ինչպես գայլեր ու բորենիներ։ «Մի հանցանք ներել թուրքին, ասել է` երկու նորն արտոնել» (Նժդեհ):
Երբ «Սև գրքում» կարդում ես տասնյակ ու տասնյակ օտարազգի ականատեսների սահմռկեցուցիչ վկայությունները, չես հավատում, որ մի ամբողջ ժողովուրդ` թուրք ու քուրդ, ընդունակ էր տարիներ շարունակ ամբողջ մի չքնաղ հայաշխարհ դժոխքի վերածելու, որից նույնիսկ Դանթեն կսարսափեր:
Ղուրանում գրված է. «Ռայան (գյավուրը) պետք է ծառայի մուսուլմանին»։ Մենք նրանց համար, մասնավորապես ադրբեջանական մոլագարների համար, այսօր էլ «գյավուր» ենք` ոչնչացման արժանի: Թուրքիան հակահայ մոլագար քարոզարշավ է ծավալում ամենուր, նաև Ադրբեջանում, որտեղ հակահայ մոլագարությունն առավել քան վտանգավոր է դարձել: Այս պարագայում մենք իրավունք չունենք հրաժարվելու ցեղասպանության ճանաչումից, քանզի դա Հայաստանի և հայ մարդու անվտանգության երաշխիքն է: Մենք իրավունք չունենք ուրանալու, մոռացության մատնելու հազարամյակների սրբազան հայրենիքը, որտեղ դեռ մեզ են սպասում հարյուր հազարավոր, թերևս միլիոնավոր «ծպտյալ», տառապյալ հայրենակիցներ: Հող հայրենին, միլիոնավոր նահատակները, մեր հանճարեղ զավակները մեզ չեն ների, եթե հավերժ թշնամուն թողնենք սրբազան Անին, Վանը, Մուշը, Սասունը, Կարինը: Հայրենիքը իսկական տիրոջն է պատկանում, դա պատրանք չէ, պետք է հայրենապաշտորեն պայքարել և երբեք չհուսալքվել:
Սիրելի մեծն հայ, լիովին ըմբռնում ենք Ձեր ազնվասիրտ, հայրենասիրական մտահոգությունն ու տագնապը, բայց բոլորովին համաձայն չենք Ձեր պարտվողական, հուսալքված տեսակետներին: Դուք առաջարկում եք սահմանները բացելու դիմաց անընդունելի զոհաբերություններ անել, ենթատեքստում թերևս նաև Արցախը, քանզի Թուրքիան մինչև Արցախը չնվիրի մոլագար եղբորը, սահմանը չի բացի: Վերջապես, թուրքը մնում է թուրք. սահմանները բացվելուց հետո էլ կձգտի ուղղակի և անուղղակի` տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական ճանապարհներով կլանել մեր ժողովրդին:
Սիրելի Շառլ, թերևս այդ ամենին հակադրվելու լավագույն պաշտպանությունը հայրենասիրությունն է, ո՛չ, հայրենապաշտությունը, նժդեհյան հայրենապաշտությունը: Հայրենապաշտ հայը երբեք չի լքի հայրենիքը, կլինի հայրենի օջախի լավագույն քաղաքացին, չի լինի մաֆիոզ, կաշառակեր, թալանչի, ապազգային, զի «փոքր ազգերն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում դրա պակասից» (Նժդեհ), «Հզորանալու մի իմաստուն ճիգ է հայրենասիրությունը», «Քեզանից զատ,- խրատում է պատմությունը,- ոչ ոք չի կարող փոխել քո դրությունը» (Նժդեհ):
Սիրելի Շառլ, մենք համաձայն չենք, որ հայ գյուղացին սովամահ է լինում։ Ձեզ սխալ տեղեկություններ են հաղորդել ապազգային ուժերը: Եթե նույնիսկ այդպես է, ուրեմն այդ գյուղացին ծույլ է, ինքն է մեղավոր, որովհետև հողատերը երբեք իրավունք չունի սովամահ լինելու: Խնդրեմ, եկեք, գնանք Տավուշի մարզի (Շամշադին) Չինարի գյուղ, որը պարզապես թշնամական օղակում է, շատ հեռու քաղաքի շուկաներից, բայց այնտեղ ապրում են սովորական գյուղացու կյանքով, ունևոր չեն, բայց բոլորովին էլ սովամահ չեն լինում:
Սիրելի Շառլ, Ձեր մեծագույն հեղինակությամբ կոչ արեք աշխարհասփյուռ հայ մեծահարուստներին` ցուցաբերել բարձրագույն հայրենասիրություն և ֆինանսական միջոցներ հատկացնել` հայ-իրանական երկաթուղին ու նավթամուղը կառուցելու և աշխարհի հետ առավել կապվելու համար:
Սիրելի Շառլ, լինենք լավատես ու հավատանք, որ, ի վերջո, կդադարի արտագաղթը, հայ քարավանները կշարժվեն դեպի հայաշխարհ, և ողջ հայությունն իր հայրենասիրական ավանդը կներդնի այդ հայրենափրկիչ գործում:
«Առաջնորդի գերագույն կամքը կարող է բարոյապես կերպարանափոխել հիվանդ ժողովուրդը» (Նժդեհ)։ Հավատանք և հուսանք, որ կառավարության վերջին նիստերից մեկում ՀՀ նախագահի վճռական ու հաստատակամ դիրքորոշումը վարչապետի ու նախարարների գործունեության վերաբերյալ տնտեսական ու քաղաքական լուրջ ազդակ կդառնա ժողովրդի կյանքի վերափոխման համար: Թերևս նախագահը կցուցաբերի ամենայն վճռականություն, համարձակություն, ժողովրդասիրություն ու հայրենապաշտություն` դառնալու հանճարեղ Նժդեհի երազած «վաղվա առաջնորդը», և մեր հայրենիքը կմաքրի ամեն տեսակի թալանչիներից, կաշառակերներից, մաֆիոզներից` հանուն մեր հայրենիքի ապագայի:
Մեծն հայի ասուլիսը կարդալուց հետո, սեպտեմբերի 16-ին «Կենտրոն» հեռուստաալիքով ունկնդրում էի պարոն Պետրոսին և նրա հյուրերին. բոլորը ոգևորված ասում էին. «Եթե Ֆրանսիան ու Գերմանիան միմյանցից չեն պահանջում Էլզաս-Լոթարինգիան ու Ռուրը, ապա ինչո՞ւ ենք մենք ակնկալում Արևմտյան Հայաստանը, ո՞վ է այնտեղ ապրելու». ահա այսպիսի պարտվողական քարոզարշավ հայրենի հեռուստաալիքով` առանց տեղյակ լինելու, թե իրենցից ինչ են ներկայացնում այդ Էլզաս-Լոթարինգիան ու Ռուրը:
Պարոն Պետրոս. «Ինչո՞ւ չի քննարկվում Շառլի ասուլիսը. պարզ է, ովքեր կողմ արտահայտվեն Շառլին, դավաճան կհռչակվեն, իսկ դեմ արտահայտվողները չեն ցանկանա հակադրվել նրա հեղինակությանը»: Լիովին անընդունելի եզրակացություն:
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև մեր շախմատիստների հաղթանակին. հարգարժան Զորի Բալայանը շախմատիստների պատվին կազմակերպված համերգում ազգային հպարտությամբ պատմել էր, թե հայ հերոս շախմատիստներն ինչպես են ճանաչելի դարձնում մեր հայրենիքն ու ժողովրդին աշխարհի բոլոր ծագերում. պարոն Պետրոսը ծաղրանքով` «Ջհանդամը, թե հարբած ռուս նավաստին ճանաչել է մեզ, մենք էլ չենք ճանաչում շատ ժողովուրդների, ես նույնիսկ տխրում եմ, որ ուրախանալու ուրիշ բան չունենք», իսկ հյուրերից մեկը` «Դե դա ինչ ուրախանալու բան է, երբ ընդամենն էթնիկական թիմ է ստեղծված. ինչո՞ւ թիմում չլիներ մի ռուս, մի հրեա, որ քաղաքացիական զգացողություն ապրեինք, տեսեք, մյուս թիմերում կան սևամորթներ, այլազգիներ»։
Նախ, 156 թիմերի մեծագույն մասը զուտ ազգային թիմ է. ի դեպ, դուք ի՞նչ իմացաք, թե վերը հիշատակված ռուս նավաստին, որը դեռ 2006 թ. ուրախացել էր մեր շախմատիստների հաղթանակով և մեկ անգամ ևս ճանաչել Հայաստանն ու հայ ժողովրդին, հարբած էր: Չգիտես ինչու, հարբած եք անվանում ազնիվ ռուս նավաստուն, բայց ակնկալում եք մեր թիմում ռուս շախմատիստի ներկայությունը` իբր քաղաքացիական զգացողություն ապրելու համար։ Կոմունիստական կոսմոպոլիտիզմի գարշահոտ է փչում այս նեխած մտքերից:
Վերջապես, պարոն Պետրոս, եթե մենք չենք ճանաչում շատ ժողովուրդների, ապա դա չի նշանակում, որ մեր ժողովրդի, հայրենիքի համար աշխարհով մեկ ճանաչելի լինելը կարևորություն չունի. թերևս թշնամական այս խուժադուժ շրջապատում գոնե մարտավարական առումով այն մեծ կարևորություն ունի:
Իսկ ընդհանրապես ինչո՞ւ չուրախանալ, չհպարտանալ այդ հրաշալի երիտասարդների փայլուն հաղթանակներով, երիտասարդներ, որոնք իրենց տաղանդով ոչ միայն մեկ անգամ ևս ճանաչելի են դարձնում մեր հայրենիքը, այլև հայ մտքի զորությունը, հայ մարդու համեստությունը, համերաշխությունը, մարդկայնությունն աշխարհով մեկ են անում:
Պարոնայք ու տիկնայք, քաղաքացիական զգացողություն եք ուզում ապրել, հայրենապաշտության քարոզարշավ ծավալեք. միայն չշտապեք հայրենապաշտությունը ազգայնամոլություն անվանել. մեզ նման փոքրաթիվ, հալածված, տառապած ազգը չի կարող ազգայնամոլ լինել և չի եղել երբեք, ընդհակառակը` նույնիսկ չափից ավելի ինտերնացիոնալ է եղել, առավել, քան որևէ ազգ: Հավատացեք, հայրենապաշտ հայը կլինի հայրենիքի ամենաազնիվ քաղաքացին, մի քիչ ավելի լավ, մի քիչ ավելի հարմարավետ ապրելու համար երբեք չի լքի հայրենիքը, կլինի ոչ միայն իր հայրենիքի արժանավոր զավակը, այլև իր քաղաքի, գյուղի, փողոցի, բակի ազնվասիրտ տերը, չի լինի կաշառակեր, թալանչի, ազգադավ, ինչպես ոմն մշակութաբան, և այս պարագայում հաստատ կհզորանա, կծաղկի ողջ հայաշխարհը:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 5265

Մեկնաբանություններ