Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Մեր մականունավորները «դեմք» կարող են համարվել ամենաշատը իրենց բակում

Մեր մականունավորները «դեմք» կարող են համարվել ամենաշատը իրենց բակում
27.06.2012 | 03:15

«Իրատես de facto»-ի նախորդ համարներում անդրադարձել էինք հայկական օլիգարխիային վերաբերող այժմեական խնդիրներին, որոնց ուսումնասիրությունը կարևորագույն նշանակություն ունի: Պետք է նշել, որ հայկական օլիգարխիայի մասին խոսելն ու քննադատելը բավարար չէ խնդիրը լուծելու համար: Ի դեպ, օլիգարխներին իրավական պետության մեջ տեղավորելու գործընթացը պահանջում է հետևողական և համակարգային մոտեցում, և պետք է հասկանալ, որ խնդիրը մեկ օրում չէ, որ առաջացել է և մեկ օրում էլ լուծում չի ստանալու: ՈՒստի անհրաժեշտ է քննարկումների և տեսակետների առաջարկության մեթոդով փորձել հասարակական կարծիքում փոփոխություն առաջացնել և մատնանշել այն գործողությունները, որոնց իրականացման միջոցով հնարավոր կլինի հայկական օլիգարխիայի «սանձումը»:
Մենք կփորձենք ներկայացնել գործողությունների այն շղթան, որոնց միջոցով հնարավոր կլինի հայկական օլիգարխիային զրկել այն հարմարավետ պայմաններից, որոնց միջոցով այս խումբ-դասակարգը կարողացել է հասնել այսօրվա վիճակին: Կարծում ենք, պայմանականորեն ասված «օլիգարխների դեմ պայքարը» պետք է դիտարկել նախագահ Սերժ Սարգսյանի առաջ քաշած «հոռի երևույթների» անհանդուրժողականության համատեքստում և այդ գործընթացը վարել երկու հարթության վրա` տեղեկատվական և պետականության:
Տեղեկատվական հարթություն: Անկախության ձեռքբերումից և Արցախյան գոյամարտում տարած հաղթանակից հետո մեր երկրում տեղեկատվական դաշտն ապականվեց այնքան, որ ներկայումս ազգային-պետական և ոչ մի ինստիտուտ հնարավորություն չունի հասարակությանն այնպիսի ազդակներ պղելու, որոնց պատճառով հնարավոր կլիներ բառիս դրական իմաստով վերահսկողության տակ պահել հասարակության արժեքային համակարգը: Կոմունիստական ագիտպրոպի ամբողջական վերացումը բերեց տեղեկատվական արժեքների սերմանման, մատաղ սերնդի դաստիարակության համակարգի փլուզման, իսկ նորը ցայսօր էլ ձևավորված չէ: Արդյունքը եղավ այն, որ 1990-ականների կեսերից հասարակության արժեքային համակարգն այնպես դեգրադացվեց, որ արժանապատիվ կենսագործունեության, չարի և բարու, ունեցած պատմական ժառանգության և ազգային պետության մասին պատկերացումներն ու հասարակական կարծիքը, ճիշտ է, փնթփնթալով և դժգոհ, սկսեց ընդունել և համակերպվել օլիգարխիային: Ստացվում է այնպես, որ հեռուստաեթերն ու հասարակական կարծիք ձևավորող այլ ինստիտուտները ներկայումս պրոպագանդում են օլիգարխիկ-բոհեմական կենցաղն իր ողջ էությամբ: Բավական է միայն ուսումնասիրել հեռուստասերիալներն ու լրատվական թողարկումները, որպեսզի հնարավոր լինի համոզվել, որ Հայաստանում օրվա հերոսը շքեղ առանձնատանը բնակվող, թանկարժեք ավտոմեքենա ունեցող, կասկածելի և մութ գործարքներ վարող, «մենթերին» կաշառած ու կիսամերկ աղջիկների հետ ժամանակ անցկացնող երիտասարդությունն է, որոնց հայրերը զոռբայությամբ հասել են հարստության, իսկ իրենք ամեն գնով ցանկանում են պահպանել ու ավելացնել իրենց ունեցվածքը:
Արդյո՞ք նման չեն մեր օլիգարխներին և նրանց զավակներին, և արդյո՞ք օլիգարխիկ ազդակներ չեն գնում դեպի հասարակություն: Եվ, եթե իշխանության առողջ թևը, ի դեմս ՍերԺ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի, ցանկանում է սահմանափակել օլիգարխների ազդեցությունն ու նրանց բերել իրավական դաշտ, ապա պետք է սկսել աշխատանքը հենց տեղեկատվական դաշտից: Հասանելի բոլոր միջոցներով պետք է խոսել հասարակության հետ, բացատրական և դաստիարակչական աշխատանք ծավալել, ի ցույց դնել այն ճշմարտությունը, որ օլիգարխները չեն Հայաստանի ապագան, որ նրանց կենցաղն ու արժեքային համակարգը եզրեր չունեն ազգային երազանքների, բորենի հարևաններով շրջապատված տարածաշրջանում պետականություն ունենալու և սոցիալ-տնտեսական բարեկեցության հասնելու նպատակների հետ: Եթե Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործադիր իշխանությունը կարողանա հասարակությանը ինտելեկտուալ բանավեճի մղել և քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե որն է հերոսի իդեալը. Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ Մոնթե Մելքոնյանը, Հովիկ Աբրահամյա՞նը, թե՞ Վիկտոր Համբարձումյանը, Սամվել Ալեքսանյա՞նը, թե՞ պատերազմում ոտքը կորցրած հերոսը, ով թիկնապահներ ու սուպերմարկետներ չունի, բայց այսօր զավակին իր նման ռազմիկ է դաստիարակում, ապա հասարակական քննարկումը կկայանա, կկոտրվի օլիգարխիկ «հերոսի» մեջքը:
Հայտնի ճշմարտություն է, որ կարծիքներն ու համոզմունքները փոխվում են, երբ փոխվում են փաստերն ու փաստարկները: Եվ ուրեմն, պետք է աշխատել նոր փաստերի և փաստարկների ուղղությամբ: Պետք է ցույց տալ հասարակությանը, որ «լավ տղա» են եղել Տիգրան Մեծը, Պապ թագավորը, Մամիկոնյաց ռազմիկները, Նարեկացին, Ներսես Շնորհալին, Մախլուտոն, Անդրանիկը, Նժդեհը, Թաթուլ Կրպեյանը, Մովսես Գորգիսյանը և շատ այլ հերոսներ, որոնք իրենց մահից հետո գաղափար են թողել, իմացել են կյանքին և մահվանն այլ աչքերով նայել, ստեղծագործել ու զոհվել են հանուն իրենց ինքնության և հայրենիքի հարատևության: Ի վերջո, պետք է հասարակությանը մատուցել այն ճշմարտությունը, որ «դեմքեր» եղել են Սցիպիոն Աֆրիկացին ու Հանիբալը, Ալեքսանդր Մակեդոնացին ու Նապոլեոնը, Սուվորովն ու Ժուկովը, Բաղրամյանն ու Բաբաջանյանը, Նորատ Տեր-Գրիգորյանն ու Հրաչ Անդրեասյանը, իսկ մեր մականունավորները «դեմք» կարող են համարվել ամենաշատը իրենց բակում։ Ինչևէ, պետական իշխանությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է տեղեկատվական դաշտում աշխատել և հասարակությանն այնպիսի ազդակներ տալ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հանրային անհանդուրժողականություն սերմանել օլիգարխիայի գործունեության և կենցաղի նկատմամբ: Միայն այսպես է հնարավոր անցավ և առանց ցնցումների օլիգարխներին զրկել «լավ տղա-հերոսի» կոչումից, ինչից հետո նրանց բերել սահմանադրության դաշտ և վերածել քաղաքացու:
Պետականության հարթություն: Նախորդ համարներում մենք արդեն խոսել ենք տնտեսության բնագավառում օլիգարխների գործունեության կործանարար երևույթների մասին: Այժմ կփորձենք քննարկել նրանց օրինական դաշտ բերելու խնդիրը: Այսպես, պետության և իրավունքի տեսությանը նվիրված բազմաթիվ աշխատություններ մատնանշում են, որ պետության առաջնային տնտեսական գործառույթներից է եկամտի և հարստության վերաբաշխումը, որը կատարվում է այն դեպքում, երբ ազգային արտադրության կառուցվածքը այնպես է աղավաղվում, որ ճնշող փոքրամասնության ձեռքում է հայտնվում նյութական բարիքների մեծագույն մասը: Այս պարագայում պետությունն իր կարգավորող մեխանիզմներով` հարկային վարչարարությամբ և այլն, նյութական արժեքների մի մասը վերցնում է փոքրամասնությունից և վերաբաշխում: Էստ էության, պետության առաջնային գործառույթներից է արդարության հաստատման մեխանիզմներ ստեղծելն ու հասարակության սոցիալական բևեռվածությունը կանխելը կամ առնվազն մեղմելը:
Չենք կարող չնշել, որ մեր հասարակության սոցիալական բևեռվածությունը ծայրահեղ վտանգավորության աստիճանի է հասել. երկրում առկա է 40 տոկոսի հասնող աղքատություն, բայց և օլիգարխները բարգավաճում են` ավելացնելով իրենց կարողությունը: Հարց է առաջանում. գիտակցո՞ւմ է արդյոք իշխանությունը, որ այսպես շարունակել հնարավոր չէ, որ պետական ինստիտուտների գործունեության բացակայության պատճառով օլիգարխիան, որը լրջագույնս ներկայացված է պետության օրենսդիր և որոշակիորեն նաև գործադիր մարմիններում, ժամանակի ընթացքում է՛լ ավելի է հզորանալու և խորացնելու սոցիալական բևեռվածությունը, ինչը, անկասկած, բերելու է արտագաղթի ծավալների մեծացման, անգրագիտության աստիճանի բարձրացման, և որպես հետևանք` երկիրը վերածվելու է բանանային հանրապետության: Կարծում ենք, պետական կառավարման հսկայական փորձ ունեցող Սերժ Սարգսյանն ու տնտեսագիտության ոլորտում մեծածավալ գիտելիքներ ունեցող Տիգրան Սարգսյանն առաջիկա երկու տարիներին հեղափոխական մոտեցումներ և կամք են դրսևորելու պետության առաջնային գործառույթներն իրականացնելու և Հայաստանի տնտեսական դաշտն ապաօլիգարխիկացնելու ուղղությամբ: Հակառակ պարագան, ուղղակիորեն, հնարավոր չէ պատկերացնել: Հեռու է պետք մնալ այն մտքից, թե պետության գլուխ կանգնած անհատները երկար կհանդուրժեն այս իրավիճակը. սա ուղղակի մարտավարական հնարք է, օլիգախիայի զգոնությունը բթացնելու մոտեցում և ընդամենը երկու տարի անց ականատես ենք լինելու այլ իրավիճակի, երբ վարկաբեկված օլիգարխիան ստիպված է լինելու քիթը դուրս հանել պետական համակարգից և առաջնորդվել արդար բիզնեսի օրենքներով: Պետք է հասկանալ, որ նախագահին ու վարչապետին, հավանաբար, դուր չի գալիս, որ «Գագիկ Ծառուկյանի Էդոն» կամ «Հովիկ Աբրահամյանի Բագրատը» շատ ավելի ազդեցիկ են, քան իրենց նշանակած նախարարների և փոխնախարարների մեծամասնությունը:
Ինչևէ, «պետությունն ընդդեմ օլիգարխիայի» օպերացիան վաղ, թե ուշ ի կատար է ածվելու: Սպասենք…


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5407

Մեկնաբանություններ