Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ճիշտ ուղու վրա ենք»

«Ճիշտ ուղու վրա ենք»
19.09.2008 | 00:00

«DIGITEC-2008»
Հոկտեմբերի 3-5-ին Երևանում` «Epygi office park»-ում, ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, կանցկացվի «DigiTec-2008» ամենամյա ցուցահանդեսը: Կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։ Ինչպես կազմակերպման նախորդ տարիներին, այս տարի նույնպես «DigiTec»-ի հիմնական նպատակն է ՏՀՏ ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև ստեղծել բարենպաստ միջավայր: Բացի այդ, ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու հնարավորություն է տալիս: «DigiTec-2008»-ի երեք աշխատանքային օրերի ընթացքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «DigiTec-բիզնես լուծումներ» ֆորումը, «DigiTec-էլեկտրոնային կառավարում» ֆորումը, «DigiLife» սեմինարների շարքը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՏՏ զարգացման վարչության պետ ԺԵՆՅԱ ԱԶԻԶՅԱՆԻ հետ զրույցն առնչվում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համատեքստում «DigiTec»-ի դերին ու նշանակությանը։
-Արդեն մի քանի տարի տեղի է ունենում «DigiTec» ցուցահանդեսը, ի՞նչ է տալիս այն մեր ՏՏ ոլորտի զարգացմանը։
-«DigiTec»-ն ունի մի շարք դրական ազդեցություններ։ Ցուցահանդեսի ընթացքում ակներև է դառնում՝ ինչ է կատարվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, տեսնում ենք, թե մեր վարած քաղաքականության արդյունքում ինչ հաջողություններ են արձանագրվել, դեմ առ դեմ շփվում ենք ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ցուցահանդեսի և՛ բովանդակային, և՛ մասշտաբային ընդլայնումը հուսադրող է, ինչը թույլ է տալիս մտածել, որ ճիշտ ուղու վրա ենք, և ավելի հստակ ու ոգևորող քայլեր պետք է արվեն։ Աստիճանաբար «միջազգային» բառը ցուցահանդեսի շրջանակներում իսկապես հիմնավորվում է. մասնակցում են ոչ միայն համատեղ ձեռնարկություններ, այլև հենց միջազգային կազմակերպություններ։ Բացի այդ, «DigiTec»-ի արդյունքում գործնական պայմանագրեր են կնքվում ոչ միայն կազմակերպությունների միջև, այլև պետության հետ ստորագրվում են համագործակցության հուշագրեր։ Այժմ ցուցահանդեսի կազմակերպիչների՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ քննարկվում է «DigiTec»-ի զարգացման մի քանի տարբերակ. նախ՝ փորձել անցկացնել մարզային «DigiTec»-ներ (որպեսզի ՏՏ ոլորտի զարգացումը խթանվի նաև մարզերում, և ամեն ինչ չկենտրոնացվի մայրաքաղաքում) և նույնիսկ «DigiTec»-ը տանել դուրս։ Խոսքը հայկական համայնքներ ունեցող տարածքների մասին է։ Նույնիսկ փորձում ենք պայմանավորվածություններ ձեռք բերել Հանովերում անցկացվող CeBIT միջազգային ցուցահանդեսի հետ, որպեսզի «DigiTec»-ը դառնա CeBIT-Հայաստան։
-«DigiTec»-ին զուգահեռ հոկտեմբերի 4-5-ին Երևանում տեղի է ունենալու նաև «Արմթեք կոնգրես» հայկական բարձրտեխնոլոգիական հավաքը, ինչո՞վ այն կնպաստի համագործակցության ընդլայնմանը ՏՏ ոլորտում։
-«Արմթեքն» առաջին անգամ կազմակերպվել է անցած տարի, Սիլիկոնյան հովտում, և այժմ որոշվել է, որ այն հերթականորեն պետք է անցկացվի Միացյալ Նահանգներում և Հայաստանում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգում ամրագրված է, որ «DigiTec»-ը և «Արմթեքը» լինելու են մեր հիմնական երկու գործիքները. «DigiTec»-ը ցույց է տալու, թե ինչ ունենք հայաստանյան շուկայում, «Արմթեքն» էլ մի տեղ է, որտեղ զրուցելու ենք ապագա անելիքների և միջազգային զարգացումների մասին։ Այդ պատճառով որոշվեց այս երկու միջոցառումները ժամկետային առումով համատեղել։ Քննարկվում էր նաև տարածքային համատեղման հարցը, սակայն որոշ խնդիրներ ծագեցին։ Ցանկալի է այս երկու միջոցառումների տարածքային և ժամանակային համադրումը, որպեսզի քննարկումները համահունչ լինեն։
-Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը դինամիկ զարգացող ոլորտ է, և փոփոխություններն այստեղ կատարվում են շատ արագ։ ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը, որ ընդունվեց վերջերս, որքանո՞վ համահունչ կլինի այդ զարգացումներին։
-Հայեցակարգը ոչ թե ոլորտի զարգացման ուղղություններն է որոշում, այլ այն, թե պետությունն ինչպես պետք է նպաստի այդ զարգացմանը։ Ոլորտն ինքնին զարգացող է, բայց, հասկանալով հանդերձ, որ այն Հայաստանի համար կարևոր է, և հաշվի առնելով, որ այս երկրում հիմնական ռեսուրսը գիտելիքն է, հարց ծագեց՝ ի՞նչ անել, որ առաջընթացի տեմպերը բազմապատկվեն, և ինչպե՞ս անել, որ այն նպատակային ու պետության ընդհանուր տնտեսական շահերին համահունչ ընթանա։ Սա այդ փաստաթուղթն է։ Հայեցակարգ գրելու նախաձեռնությունը պատկանում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը։ Երբ վերջիններս հանդիպեցին ՀՀ նախագահի հետ և բարձրացրին ոլորտում առկա խնդիրները, պարզ դարձավ, որ նախկին հայեցակարգը, որն ընդունվել էր դեռևս տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա ճյուղ հայտարարելուց հետո, սպառել է իրեն։ Ոլորտը զարգացել է, խնդիրները կուտակվել են, և ծագել է նոր հայեցակարգ ունենալու անհրաժեշտություն։ Նոր հայեցակարգը դրվել է հանրային քննարկման ամենատարբեր ոլորտներում։ Սա մի փաստաթուղթ է, որի շուրջ կոնսենսուս եղավ ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, ՏՏ ոլորտի ընկերությունների միջև։
-Պետությունն ի՞նչ մասնակցություն ունի «DigiTec»-ի կազմակերպման հարցում։
-Պետությունը մասնակցում է և՛ որպես գործընկեր, և՛ որպես համաֆինանսավորող։ Պետությունը միանշանակ կարևորում է ցուցահանդեսի անցկացումը։ Նույնիսկ բյուջեում հատուկ տողով հատկացումներ են արվում «DigiTec»-ի համար։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4573

Մեկնաբանություններ