38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Անդրադարձ ժամանակակից պատմվածքին

Անդրադարձ ժամանակակից պատմվածքին
05.04.2016 | 00:07

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի հերթական գրական միջոցառումը նվիրված էր ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ «Ֆրանսիական շոկոլադ» պատմվածքների ժողովածուին:
Տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի բանախոսությունը Արմինե Սարգսյանի անդրանիկ ժողովածուն համապարփակ արժևորելու նպատակն ուներ: «Կարդալով գրքի վերնագիրը՝ մտածում ես, թե հրուշակեղենի նման (այն էլ՝ ֆրանսիական) թեթև, նրբահամ, սեթևեթ բովանդակության պիտի հանդիպես այս գրքի էջերում, բայց մեկ-երկու գործ կարդալուց հետո հասկանում ես, որ հեղինակը գրքի համար իր ընտրած վերնագրին անհարիր դառնություն է մատուցում քեզ՝ հաճախ շռայլելով դրա չափաբաժինը: Իրականության մեջ շոշափելի, գրողական երևակայության ու հոգեբանության հավելումով մատուցված թեմաներն ու պատկերները մեզ են ներկայանում առերևույթ խաղաղ, անցնցում շարադրանքի խաբուսիկ տեսքով, բայց այդ համապատկերի մեջ կաթվածահարող շեշտադրումների պակաս չի զգացվում գրեթե ոչ մի պատմվածքում»,- մասնավորապես ասված էր նրա խոսքում:
Արձակագրի մասին իրենց խոսքն ասացին գրողներ Սուսաննա Հարությունյանը, Վահան Տեր-Ղազարյանը, որ նաև գրքի խմբագիրն է և գրողի ստեղծագործությունների առաջին ընթերցողը:
Տուն-թանգարանում հյուրընկալվել էին նաև այլ ոլորտի ներկայացուցիչներ՝ երաժիշտ Սեդրակ Երկանյանը, ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը, գրքի նկարիչ-ձևավորող Վահագն Իգիթյանը, քանդակագործ Սամվել Զարբաբյանը, նկարչուհի Նվարդ Հայթայանը, լրագրող Ռուզան Խաչատրյանը, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը, այլք: Նրանք ևս բնութագրեցին Արմինե Սարգսյանի գրականությունը: Չմոռացվեց նաև Արմինեի՝ լրագրող լինելու փաստը. ներկաների կողմից նա արժևորվեց իբրև բարեխիղճ և գրագետ լրագրող:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանը պատրաստել էր երկու մոնոներկայացում՝ «Ֆրանսիական շոկոլադ» ժողովածուի պատմվածքների հիման վրա:
Կասկածները, թե Արմինե Սարգսյանը հետագայում կարող է օտարվել իր մուսայից և չգրել գեղարվեստական գործեր, փարատեց Վահան Տեր-Ղազարյանը: Ըստ նրա՝ Արմինեն չի կարող չգրել:
Սուսաննա Հարությունյանը, որ մեծապես նպաստել է գրքի ստեղծմանը, խոստովանեց, որ Արմինեի պատմվածքներում հանդիպել է այնպիսի բաների, որ զարմացել է, թե ինչպես մինչ այդ ինքը դրանք չի նկատել ու դարձրել գրականության նյութ:
Սեդրակ Երկանյանը հորդորեց չսպասել հետագա գրքերին. եթե մարդը լավ գիրք է գրել, չպետք է սպասել հաջորդներին, չպետք է վախենալ, կարելի է հենց առաջին գրքի առնչությամբ ասել, որ այն հանճարեղ է:
Կարինե Ռաֆայելյանը մեզ հետ առանձնազրույցի ընթացքում պարզաբանեց, որ Դերենիկ Դեմիրճյանի հարկի ներքո ժամանակակից գրականությանն անդրադառնալը ինքնանպատակ չէ: Դեմիրճյանն ուշադրությամբ հետևել է երիտասարդ գրողների ընթացքին, ուղղորդել այն, և նրա հիշատակը պահող օջախում այսօր կատարվում է նույն բանը: Դեմիրճյանը բացառիկ գյուտեր է արել պատմվածքի ժանրում, և երբ այսօր իր տուն-թանգարանում պատմվածք գրող մարդն է ներկայացվում, դա ուղղակի հղում-հիշեցում է ժամանակակիցներին, որ մեկ անգամ ևս կարդան Դեմիրճյանի պատմվածքները և նորովի վերարժևորեն դրանք:

Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 18228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ