ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Կարևոր է, որ մեր շրջանավարտները կարողանան Հայաստանում աշխատանք գտնել»

«Կարևոր է, որ մեր շրջանավարտները կարողանան Հայաստանում աշխատանք գտնել»
06.12.2016 | 00:32

ԱՄԷ-ի հայ համայնքի ներկայացուցիչներին, ինչպես բոլոր ծնողներին, հետաքրքրում է, թե որտեղ պետք է իրենց զավակները կրթություն ստանան: Այստեղ բազմաթիվ բուհեր կան, այդ թվում՝ միջազգային ճանաչում ունեցող համալսարանների մասնաճյուղեր, զգալի թիվ են կազմում ամերիկյան համալսարանները, սակայն հայ ծնողներին այլընտրանք է առաջարկում մեր այսօրվա զրուցակիցը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի տնօրեն Արմեն Տեր-Կյուրեղյանը, որ հյուրընկալվել էր Աբու Դաբիում: Երեկոյին ներկա էր նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, որը, պարոն Տեր- Կյուրեղյանի խոսքով, համալսարանի գործունեության առաջին տարիներին մեծ աջակցություն է ցույց տվել: Արմեն Տեր-Կյուրեղյանը ներկայացնում էր քսանհինգամյա համալսարանը՝ հիմնադրման պատմությամբ, ձեռքբերումներով, առավելություններով, ընձեռած հնարավորություններով, համագործակցության ծրագրերով, աշխատաշուկայում շրջանավարտների պահանջարկով: Ի միջի այլոց, ԱՄԷ-ի հայ համայնքը հարում է այն կարծիքին, որ պետք է ժամանակակից, մեծ պահանջարկ և լավ վարձատրվող մասնագիտություն ստանալ: Այս առնչությամբ մեզ հետաքրքրող մի քանի հարցերի շուրջ զրուցել ենք ՀԱՀ-ի տնօրեն ԱՐՄԵՆ ՏԵՐ-ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ հետ, իսկ մնացած հարցերի պատասխանները կարող եք գտնել համալսարանի պաշտոնական կայքում:

-Մինչ Աբու Դաբիում Հայաստանի ամերիկյան համալսարանի գործունեությունը ներկայացնելը, ո՞ր հայկական համայնքներում եք եղել, պարոն Տեր-Կյուրեղյան:
-Եղել ենք Ռուսաստանի քաղաքներում՝ Մոսկվայում, Ռոստովում, ինչպես նաև Բեյրութում, երկու անգամ՝ Թուրքիայում, Թբիլիսիում, ԱՄՆ-ի արևելյան և արևմտյան ափերի քաղաքներում: ԱՄԷ-ում առաջին անգամ ենք, իսկ այստեղից պետք է այցելենք Քուվեյթ:
-Տարածված կարծիք կա, որ ԱՄԷ-ի հայ համայնքը նյութապես ապահովված է և կարող է իրեն թույլ տալ, որ զավակները կրթություն ստանան աշխարհի ցանկացած համալսարանում՝ ցանկացած վարձավճարով: Որքա՞ն է ՀԱՀ-ի վարձավճարը գայթակղիչ և մատչելի:
-ՀԱՀ-ի ուսման վարձը հայաստանցիների համար տարեկան մոտավորապես երեքից չորս հազար դոլար է ՝ նայած մասնագիտության: Իսկ օտարերկրյա քաղաքացիների համար վարձը յոթ-ութ հազար դոլար է, բայց եթե հայեր են և ունեն երկքաղաքացիություն, նրանց ընդունում ենք որպես ՀՀ քաղաքացիների, ապա ուսման վարձը նրանց համար երեքից չորս հազար դոլար է: Մենք ամերիկյան համալսարան ենք, ունենք հավատարմագրում Western Association of Schools and Colleges-ի (ԱՄՆ-ի հանրային և մասնավոր համալսարաններին հավատարմագրում տվող վեց գլխավոր մարմիններից մեկը) կողմից: Մենք ունենք նույն հավատարմագիրը, ինչ Կալիֆոռնիայի, Բրքլիի, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանները (UCLA): Մեր դիպլոմը միջազգային ճանաչում և արժեք ունի, հավատարմագրված ենք նաև ՀՀ ԿԳՆ-ի կողմից:
-Ճի՞շտ է այն կարծիքը, որ ՀԱՀ-ը Կալիֆոռնիայի համալսարանի մասնաճյուղն է Հայաստանում:
-Մենք սերտորեն համագործակցում ենք Կալիֆոռնիայի համալսարանի հետ, որը մեր հիմնադիրներից մեկն է (ՀԲԸՄ, Հայաստանի կառավարություն և Կալիֆոռնիայի համալսարան): ԱՄՆ-ում կա ոչ շահառու կազմակերպություն, որի քսաներկու հոգաբարձուներից ինը Կալիֆոռնիայի համալսարանի բարձրաստիճան անձինք են՝ ներառյալ հոգաբարձության ատենապետը: Մենք իրավաբանական, վարչական խորհրդատվություն ենք ստանում Կալիֆոռնիայի համալսարանի կողմից, բայց նրա մասնաճյուղը չենք համարվում: Մենք անկախ համալսարան ենք:
-Համալսարանների համար կարևոր է աշխատաշուկայի հետ կապը, քանի որ այսօրվա աշխատաշուկայում կարևոր է նաև պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստումը: Դուք ինչպե՞ս եք աշխատում այդ ուղղությամբ:
-Լրջորեն ուսումնասիրում ենք, թե Հայաստանում տվյալ մասնագիտությամբ աշխատանք գտնելու ինչպիսի հնարավորություններ կան: Կարևոր է, որ մեր շրջանավարտները կարողանան Հայաստանում աշխատանք գտնել: Հիմա, օրինակ, E&V Consulting ընկերությունը մեր պատվերով ուսումնասիրում է հաջորդ տարվանից համալսարանում ներդրվելիք երկու մասնագիտությունների պահանջարկն աշխատաշուկայում: Այդ ընթացքում նաև զրուցում ենք գործատուների, կառավարության, տարբեր ընկերությունների անդամների հետ: Համալսարանում կա նաև հատուկ գրասենյակ՝ Alumni and Career Development Office, որն աշխատում է դրսի ընկերությունների հետ, մեր ուսանողներին ծանոթացնում նրանց պայմաններին: Նշեմ, որ ՀԱՀ-ի շրջանավարտների 75 %-ն ավարտելուց հետո մեկ ամսում աշխատանք է գտնում:
-Քանի՞ ուսանող ունեք հիմա, և ո՞ր մասնագիտություններն են ամենապահանջվածը:
-ՈՒնենք ավելի քան 1800 ուսանող: Ամենաշատ դիմորդները բիզնեսի ֆակուլտետում են, երկրորդը համակարգչային, անգլերենի և հաղորդակցության ֆակուլտետներն են:
-Մեր զրույցն ավարտելուց առաջ ի՞նչ խորհուրդ կտայիք ԱՄԷ հայ համայնքին:
-ՀԱՀ-ը Հայաստանի լավագույն համալսարաններից է, աստիճանաբար նաև տարածաշրջանում ենք ճանաչում ձեռք բերում: Թող մեր կայքի միջոցով ծանոթանան համալսարանին, Հայաստան այցելելիս մեզ մոտ գան: Հատուկ տուր ունենք, որ ուսանողները կարող են կազմակերպել և ցույց տալ: Եթե տեսնեն, շատ բավարարված կզգան:

Զրուցեց Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 19780

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ