Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Երրորդ ուժի» գաղափարի հիմքում ընկած է «դհոլիզմը»

«Երրորդ ուժի» գաղափարի հիմքում ընկած է «դհոլիզմը»
25.07.2008 | 00:00

«ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՊԱՐԶՎԵՆ ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ»
Օրերս «Երևան» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ առավել քան համոզված է, որ «մարտի 1-ի դեպքերը քողարկելու լավագույն միջոցը համաժողովրդական շարժման ակտիվիստներին մեկուսացնելն էր», ինչը և, ըստ ազգային անվտանգության նախկին փոխնախարարի, «արեց գործող ռեժիմը»։
«ԵԹԵ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ ՓԱՍՏԵՐԸ, Ի ՀԱՅՏ ԿԳԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ԽԱՄԱՃԻԿՆԵՐԻ ԴԵՄՔԵՐԸ»
-Բանտարկությունն ինձ ու մյուսների համար, թերևս, ուրիշ ավարտ ունենար,- փաստում է պաշտոնաթող գնդապետը,- եթե չլինեին Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցները, նաև եվրոպական կառույցները՝ ի դեմս Թոմաս Համմարբերգի, որն այցելեց Վարդաշենի քրեակատարողական հիմնարկ և փորձեց ընկալել գործի էությունը։
-Հատկապես ի՞նչն էր հետաքրքրում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին։
-Թե ինչ ու ինչպես է կատարվել։ Նա ուշադիր լսեց մեզ։ Բոլորս էլ գրեթե նույն բանը խնդրեցինք՝ հանգամանորեն ծանոթանալ գործի էությանը, որտեղ չկա ու չի՛ էլ կարող լինել մեր դեմ ուղղված որևէ ապացույց։
-Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն օրերս փաստեց, թե կատարվել են սպանություններ, և ժամանակ է պահանջվում, որ նախաքննական մարմինը կարողանա աշխատել։ Ասել կուզե՝ տեղի ունեցածն ամենայն ճշգրտությամբ ուսումնասիրելու հնարավորություն ընձեռեք։
-Ես համաձայն չեն պարոն Նիկոյանի հետ։ Սպանությունները կատարվել են բացահայտ՝ իշխանությունների տեսախցիկների «աչալուրջ» օբյեկտիվի առջև։ Ո՞Ւմ պարզ չէ, որ հիշյալ տեսախցիկներն ամենայն մանրամասնությամբ «գրանցել» են տեղի ունեցողը, այդ թվում և սպանությունները։ Ինչո՞ւ, ուրեմն, չեն հրապարակվում առկա փաստերը։ Որովհետև ի հայտ կգան իշխանությունների ու նրանց խամաճիկների դեմքերը, ովքեր էլ իրագործեցին մարտի 1-ի սպանդը։
«ԵՍ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԱՏԺԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ»
-Այսօր, որպես տեղի ունեցածի հիմնական մեղավորի, շեշտվում է Ռոբերտ Քոչարյանի անուն-ազգանունը, որին էլ պատժելու համար ընդդիմությունը ստորագրահավաք է նախաձեռնել։ Ըստ Ձեզ, նա անպայմա՞ն պետք է Հաագայի դատարանի առջև կանգնի։
-Միանշանակ։ Թափվել է տասն անմեղների արյունը։
-Չարդարացնելով Քոչարյանին՝ ոմանք, այնուհանդերձ, այն կարծիքին են, թե ցանկացած մեղավոր (ով էլ լինի նա) երկրի ներսում պետք է դատվի, թե ոչ մի գործ ու ոչ ոք չպետք է հասնի Հաագա, քանի որ, դիցուք, Սերբիան հենց այդ ճանապարհին կործանվեց։
-Քոչարյանին այստեղ հնարավոր չէ դատել։ Մինչդեռ հանցագործները, ի վերջո, պետք է պատժվեն։
-Պատժենք, ասում է քաղաքական գործիչների մի մասը, բայց ինչո՞ւ հենց Հաագայում։ Ոմանք նույնիսկ անցյալն են մատնանշում ու փաստում, թե պատմությունը նման քանի՜ դեպքեր է արձանագրել։ Մտաբերեք ոչ հեռավոր անցյալը և ռումինացիներին, օրինակ, ովքեր անգամ Չաուշեսկուին ու նրա տիկնոջը չտարան Հաագա։
-Ռումինացիներն իրենց գլխավոր քարտուղարին այլ կերպ պատժեցին. խնդիրը լուծեցին կրակահերթերով։
-Ինչին Դուք, իհարկե, դեմ եք։
-Դեմ եմ։
-Քանի որ «քաղաքակիրթ» պատժի կողմնակից եք։
-Իհարկե։ Թող Քոչարյանը գնա Հաագայի դատարան, որտեղ և կպարզվեն բոլոր հանգամանքները։
-«Իրավունք de facto»-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, Հաագայի դատարանում կանգնելու հեռանկարը Քոչարյանը քմծիծաղով է ընդունում։
-Իսկ ի՞նչ անի, ասի, թե խորապես մտահոգվա՞ծ է սկսված գործընթացով։ Սիամական երկվորյակները 2004-ի ապրիլի 12-ին, օրինակ, դագանակներով ծեծեցին մարդկանց, բայց մնացին իշխանական լծակների մոտ։ Այս անգամ, սակայն, չհաջողվեց հարցը լուծել մահակներով, ստիպված արյուն թափեցին։ Ինչին պետք է հետևի արժանի պատիժը։
-Փաստենք, թերևս, որ մահակները մեր անկախության անբաժանելի մասն են կազմել։ Ձեր նշած դագանակները, օրինակ, գործի դրվեցին և 1996-ին. հարյուրավոր մարդիկ ծեծվեցին, ոմանք նույնիսկ հաշմանամ դարձան։
-Տեղին է մտաբերել, որ հիշյալ ժամանակահատվածում անվտանգության համակարգը ղեկավարել է Սերժ Սարգսյանը, ասել է՝ անվտանգության բոլոր հարցերի պատասխանատուն հենց նա էր, որի թույլտվությամբ և ծեծեցին ԱԺ նախագահին, ջարդեցին փոխխոսնակի գլուխը։
«ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿՈՎ ԵՐԿԻՐԸ ԵՐԿԱՐ ԳՈՅԱՏԵՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»
-Անդրադառնանք երկխոսությանը և այն իրողությանը, որ քաղաքական դաշտի երկու բևեռներն էլ, կարծեք, ընդունում են դրա անհրաժեշտությունը։
-Իհարկե, կարևոր հանգամանք է երկխոսությունը, որը երկու խնդրի շուրջ պետք է ընթանա. ա) ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, բ) ԱԺ և նախագահական ընտրություններ։ Այլապես ներկա վիճակով երկիրը երկար գոյատևել չի կարող։
-ՈՒ ե՞րբ պետք է կայանա այդ գործընթացը։
-Աշնանը։
«ԱՅՍՕՐ ՈՐԱԿԱՊԵՍ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆՔ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ԴԱՇՏՈՒՄ»
-Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս բնութագրել Ձեր անցումը Լևոն Տեր-Պետրոսյանի ճամբար այն պարագայում, երբ բազմիցս է հնչեցվել ու գրվել առաջին նախագահի ու նրա կողմնակիցների նկատմամբ Ձեր դիրքորոշման, ինչո՞ւ ոչ, նաև Ձեր նկատմամբ չկայացած մահափորձի մասին։
-Միայն մի բան ասեմ. այն ժամանակ, երբ ընդդիմադիր էի Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ մեկի մտքով չէր անցնում հարցերս լուծել երեխաներիս հաշվին։ Այն է՝ առկա խնդիրները փորձում էին լուծել ինձ հետ։ Այսօր հայտնվել ենք որակապես բոլորովին այլ դաշտում։ Ինձ ձերբակալեցին մարտի 4-ին, իսկ հաջորդ օրը՝ մարտի 5-ին, տղայիս պարտադրել են զեկուցագիր գրել ու ազատվել աշխատանքից։ Ասեմ, որ նա նորաստեղծ ընտանիք ու մեկ զավակ ունի, ապրում է առանձին։ Եվ արդեն հինգ ամիս է, չի աշխատում։ Ինչո՞ւ։ Մի՞թե կարելի է այնքան ստահակ լինել, որ մեր նկատմամբ եղած պայքարն ուղղել նաև մեր ընտանիքների դեմ։
Եթե տարիներ առաջ Արշակ Սադոյանը վարչապետ Հրանտ Բագրատյանին ասում էր՝ ինչպե՞ս ես «Մալբորո» ծխում, ապա այսօր առնվազն ծիծաղելի կլինի նման հարց հնչեցնելը։ Այժմ ո՞ւմ մտքով կանցնի ոչ թե վարչապետի, այլ երկրորդական ինչ-որ չինովնիկի վարորդին մեղադրել, դիցուք, «Մալբորո» ծխելու համար։ Այն ժամանակվա խոսակցությունները «Մալբորոյի» մակարդակի էին, այժմ՝ թանկարժեք «Բենթլի» ավտոմեքենայի։ Այսինքն՝ բոլոր շերտերում տեղի են ունեցել որակական փոփոխություններ։ ՈՒ մի բան է, երբ պայքարի սլաքը քո դեմ է ուղղված, մի այլ բան, երբ սլաքը երեխաներիդ դեմ է ուղղված։ Սա արդեն երկիր չէ։ Ի դեպ, ճիշտ նույն կերպ էր վարվում և Ադոլֆ Շիկելգրուբերը, նաև՝ Իոսիֆ Ստալինը։
-Օգտվելով առիթից՝ «Իրավունք de facto»-ի էջերից հարցս կուղղեմ պարոն Նիկոյանին. ո՞ր օրենքով են պարտադրում 24-ամյա երիտասարդին սեփական զեկուցագրով ազատվել աշխատանքից։ Հավելեմ, որ հինգ տարի առաջ էլ անվտանգության ծառայությունից ավագ որդուս հեռացրին, նույնպես սեփական զեկուցագրի հիման վրա։ Օրինաչա՞փ է, արդյոք, երբ մարդու ընդդիմադիր կեցվածքն անդրադառնում է նրա երեխաների ճակատագրերի վրա։ Նորմա՞լ է, երբ 30 տարեկան մարդն արդեն հինգ տարի է, չի աշխատում։
«ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՈՎ ԱՅՍՕՐ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԴԱՇՏ ԱԿԱՆԱՊԱՏԵԼ»
-Երկխոսությանը զուգահեռ այսօր ինտենսիվորեն խոսում են և երրորդ ուժի ձևավորման մասին։

-Ընդդիմադիր դաշտի չակերտավոր ընդդիմադիր հատվածը վերացավ։ Այն է՝ ժամանակակից Հայաստանի քաղաքական մարմնին «դհոլիզմն» այլևս չի սոսնձվում։ Ասել է՝ կեղծ ընդդիմադիրներով այսօր չես կարող դաշտ ականապատել ու ինչ-ինչ հաշվարկներ կատարել։ Դրա համար էլ այժմ նույն դհոլի շարքից փորձում են հրապարակ նետել «երրորդ ուժ» կոչվածը։
Իմ կարծիքով, «երրորդ ուժի» գաղափարի հիմքում ընկած է «դհոլիզմը»։ Եվ ոչ միայն իմ կարծիքն է այդպիսին։ Հանրությանը հիանալի պարզ են նման խաղերը, որոնք, փառք Աստծո, անցողիկ են, քանի որ ապագա չունեն։ «Երրորդ ուժը» հասարակական պալատի նման մի բան է։
Զրույցը՝ Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 6448

Մեկնաբանություններ