Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Անվրեպ հաշվելու «սհաթը»

Անվրեպ հաշվելու «սհաթը»
01.07.2008 | 00:00

ԵՐԵԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 54 ՏԱՐԵԿԱՆ
Արտաքուստ նա, իհարկե, գունեղ չէ: Սակայն նրա ներքին մարդը հետազոտման անսպառ նյութ է: Այդ տիպաբանության մեջ առանձնահատուկ տեղ ունի ևս մեկ հատկություն. ի տարբերություն այլոց, Ս. Սարգսյանը լռելու կարողությամբ է օժտված: Դա հայի հետաքրքիր տեսակ է. մանավանդ էքսցենտրիկ, խելառ Վանոյից, տաքգլուխ Վազգենից հետո: Համբերելու կարողությունը նրան օգնում է անվրեպ հաշվել: Հաշվել և սպասել իր «հազարին»:
Եթե Սերժ Սարգսյանը կարողացավ հասկանալ իր դերակատարության իրական մոտիվացիան, որն է` ապահովել տրանսֆորմացիոն անչափ կարևոր անցումը, հաղթելու է։ Ո՞չ՝ անիվը հետ չի պտտվում, բայց «պտտում» է իր հետ ճշգրիտ չվարվողին: Տարիներ շարունակ «գորշ» կարդինալի դարչնագույն շինելի մեջ Սերժ Սարգսյանն ապրել էր մեկ լուռ մտայնությամբ` կայանալ: Տրված է շանսը: Հստակ է մեկ բան. սա վերջին շանսն է:
Քաղաքական տիպաբանության առումով Սերժ Սարգսյանը նույնքան հետաքրքիր է: Կա ու` չկա: Ակտիվ է ու` ակտիվ չէ: Ներկա է ու` ներկա չէ:
Ներկա չէ: Կարևոր պահերին, առանցքային նշանակության դեպքերի ժամանակ, նա Հայաստանում չէ: Այս բանասերի մեջ անվերջ ննջում է հարգարժան Ֆուշեն, որը կարողանում էր ճիշտ ժամանակին նահանջել: Ճիշտ ժամանակին առաջ գալ: Ճիշտ տեղեր փողեր ծախսել ու ճիշտ մարդկանց վրա: Ճիշտ ժամանակին վտանգն զգալ ու ճիշտ ժամանակին էլ հետ քաշվել: Դա այդպես էր, քանի դեռ չէր մոտենում «հավասարության» նշանը, ու փուլը չէր փոխվում:
Ընդ որում, որքան էլ պարադոքսալ, այդ փուլի մոտեցմանը զուգընթաց, նրա կյանքը վերածվում էր միստիկայի և պրագմատիզմի մի իսկական խառնուրդի: Արևելքն ասում է. «Երբ աշակերտը պատրաստ է, ուսուցիչը գալիս է». ու փուլի մոտեցմանը զուգընթաց, նա առաջանցիկ տեմպերով եկեղեցի էր գնում, ընդ որում, Ճրագալույցի պատարագներին, գաղտնիք չէ, որ դրանց մասնակցում են բացառապես հավատացյալ «որոնողները», ապաև` իշխող կուսակցության համագումարներն այլևս սկսվում էին «Հայր մեր»-ով, խաչ հանելով, իսկ Շնորհալու մտային բանալի-կոդը, ոչ ավել-ոչ պակաս, դրված էր Սերժի կառավարության ծրագրի հիմքում: Բայց և, բոլոր դեպքերում` պետք է սիրել տաճարը քո մեջ։
Շարունակենք քաղաքագիտությունը։ Սերժ Սարգսյանի ուժն ու թուլությունը նրա միայնակ լինելու մեջ է։ Նա խաղում է բոլորի և միաժամանակ ոչ մեկի հետ և ունի երկու անփոփոխ հենարան, որոնք, ի տարբերություն մնացյալ այլ «հենարանների», իրեն առանձնապես չդավաճանեցին։ Փող և լծակներ:
Նրա ուժեղ ու թույլ կողմերը համաժամանակյա են հանդես գալիս: Նա կարողանում է շատ արագ որսալ ու կիրառել ամեն նորը, բայց ողջ խնդիրն այն է, որ դա մնում է մտքի, հաշվարկի մակարդակում և չի դառնում իրենն ամբողջ կյանքը, պարզվում է, որ մեկ ուրիշին, ասենք` Քոչարյանին և կամ Ռուսաստանին ավելի է «պետք»:
Որ հասել ենք Ռուսաստանին, մտնենք արտաքաղաքական ոլորտ: Ռուսաստանը Սերժ Սարգսյանին մինչև ինչ-որ փուլ ճանաչում էր որպես դանդաղ-զգուշավոր խաղացողի: Բայց մեկ էլ, ու պարզվեց, որ կայծակնային արագությունը նույնպես Սերժ Սարգսյանի ժանրն է: Նույն «կայծակ-հեռագրով» (2003-ին) Ս. Սարգսյանը որսաց Ռուսիայից իրեն ղրկված հրաժարականի մեսիջը, և Լևիտինի կենդանի ներկայությամբ ասաց` «լինելու բան չի»: Հետո երբ նույն արագությամբ հագավ կամուֆուլյաժն ու թռավ Բաղդադ որպես «արագ արձագանքման ջոկատ», Ռամսֆելդի հրաժարականից հետո (Ռամսֆելդի հետ էին նրա բոլոր «արևմտյան» պայմանավորվածությունները), Ռուսաստանը հասկացավ, որ բոլորովին այլ խաղացողի, մտածողի հետ այլևս գործ ունի:
Այսպիսով, պաշտպանության նախարարից նախագահի վերածվելու մաստեր-պլան նախագծած Սերժ Սարգսյանը խիստ նրբագեղ ու զգույշ ռևերանսով մտավ ՆԱՏՕ-ի «հրապարակ», որովհետև այն դատարկված էր` անընդդիմություն հայոց քաղաքական դաշտում, ու պլանավորեց այնտեղ ռուս-արևմտյան բուֆերի դերը կատարել: Քանի դեռ Լևոնը չկար:
ՈՒ Սերժը խաղաց դրսի հետ խիստ հաջող ու մի քանի պլանով: Կառույցների և անհատների միջոցով: Մինչև 2005-2007-ի աշուն եղած արտաքաղաքակական խրոնոմետրաժն այդ է ապացուցում. ԵԽ, ԱՄՆ, ՆԱՏՕ, ղարաբաղյան խնդրում դրսևորվելիք դինամիզմ, բարեփոխումներ, պայմանավորվածություններ: Խաղ նաև անհատների մակարդակում` Գաֆեսճյան, Արմեն Սարգսյան, Ռուսաստանում` Իվանով, Լևիտին, Վոլոշին, Արա Աբրահամյան, Սամվել Կարապետյան... բոլորին չես թվի:
Բայց եթե կարծում եք, թե Սերժ Սարգսյանի համար ամենասարսափելի «ճակատն» ԱՄՆ-Ռուսաստան «հակասությունն» է` յուր բոլոր «պրելստներով» և կամ` որևէ կուսակցություն, խորապես սխալվում եք:
Նրա համար Քոչարյանը եղել և մնում է ամենասարսափելի ճակատը: Տիպաբանության տեսակետից առանձնապես ընդհանուր չլինելով, նրանք այս պահին դեռևս սիամական երկվորյակներ են և ճակատագիր են կիսում միմյանց հետ` «ընդհանուր գործերի մասին» չափից դուրս շատ բան իմանալու տեսանկյունից, և այդ «իմաստնությունն» առայժմ թույլ չի տալիս նրանց` ձեռները մինչև վերջ կրակին մեկնել: Բայց և Սերժ Սարգսյանի ամենաուժեղ քայլն է լինելու. կտրել կապն իր սիամական երկվորյակի հետ։ «Արմենիկումից» հետո դա լինելու է նրա հաջորդ ամենախոշոր գյուտը, որովհետև բժշկությանը հայտնի չէ նման հաջողված դեպք, երբ սիամները կարողանում են կտրվել միմյանցից: ՈՒ թե Սերժը կարողացավ, առողջացման է տանելու իրեն, իսկ որ ամենակարևորն է՝ այս երկիրը։
Հիմա՝ բոլորի խաղադրույքները խառնած, «մեծ բեկում» մտցրած առաջին նախագահի մասին։
Երբ խաղատախտակի մոտ ծխամորճը ձեռին հայտնվեց Տեր-Պետրոսյանը, հրապարակային «good boy» դարձող Սերժի մոտ կանգ գրանցվեց` բոլոր ոլորտներում: Լևոնը Սերժի հետ շախմատ էր խաղում բոլորովին նոր կանոններով, նոր լեզվով, ինչը չէր հաշվել և նկատի չէր առել Սերժ Սարգսյանը, ուստի իրադրության վրա վերահսկողությունը կորցրեց՝ ընդմիշտ` հարվածներ ստանալով բոլոր հնարավոր և նույնիսկ անհնար ուղղություններից:
ՈՒ հիմա ճիշտ հավասարակշռման ժամն է։ Ժամն է, որ ասվի՝ «Լևոն, այո, ես եղել եմ քո ընկերը, մենք միասին խաղացել ենք շախմատ, մենք միասին անցել ենք ճամփա, ու հիմա շարում եմ խաղատախտակը` նոր պարտիայի համար։ ՈՒզենք-չուզենք՝ պիտի շարունակենք այն։ Բոլորով։ Հանուն մեր երկրի»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 7306

Մեկնաբանություններ