Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ադրբեջանը կդառնա՞ մոդել տարածաշրջանի համար

Ադրբեջանը կդառնա՞ մոդել տարածաշրջանի համար
01.08.2008 | 00:00

ՀԱԶԻՎ ԹԵ
«Մեծ ընտրությունների» տարին մեր տարածաշրջանում կավարտվի աշնանը, քանի որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 15-ին։ Այդ որոշումը հուլիսի 28-ին տեղի ունեցած նիստում կայացրեց Ադրբեջանի ԿԸՀ-ն, սակայն արդեն այսօր միանգամայն հիմնավոր կարելի է համարել տեսակետներն այն մասին, որ այդ ընտրություններն էապես տարբերվելու են հունվարին Վրաստանում, իսկ փետրվարին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից։
Վերջին ժամանակներս արևմտյան ԶԼՄ-ներում հաճախակի են երևան գալիս նյութեր այն մասին, որ Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրություններն սկզբունքորեն ընտրություն համարել չի կարելի, քանի որ այդ երկրում չի գործում ընտրական համակարգի ամենակարևոր՝ մրցակցային սկզբունքը։ Արդեն իսկ ձևավորվել է կայուն կարծրատիպ այն մասին, որ Ադրբեջանում երկար ժամանակ է, ինչ ընդդիմությանը գործունեության որևէ հնարավորություն չի տրվում, իշխանությունները բացարձակապես վերահսկում են էլեկտրոնային լրատվամիջոցները, մասնավորապես հեռուստատեսությունը, ինչպես նաև հրապարակվող թերթերի մեծ մասը։ Հետևապես որևէ դրական ակնկալիք այս ընտրություններից հանրությունը և ընդդիմությունն ունենալ չեն կարող։ Փաստ է, որ նավթի բարձր գները հնարավորություն են տալիս կառավարող էլիտային, որն իրենից ներկայացնում է տարբեր պաշտոններում հաստատված նույն մարդկանց խումբ, ճնշել ցանկացած հասարակական ձգտում, որը միտված կլինի իշխող ռեժիմի փոփոխության։ Ընդ որում, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Ադրբեջանում սոցիալ-տնտեսական իրադրությունը բավական կայուն է, մինչդեռ ընդդիմությունը մասնատված է և առանձնակի սոցիալական աջակցություն չի վայելում տարբեր հասարակական խմբերի կողմից գոնե այս պահին։ Եվ դա է երաշխիքն այն իրողության, որ ընտրությունների արդյունքները կարելի է հանգիստ կանխատեսել արդեն այսօր։
Կա ևս մի կարևոր հանգամանք. գոյություն չունեն նաև արտաքին խոչընդոտներ Իլհամ Ալիևի վերընտրության համար։ Այդ կապակցությամբ հետխորհրդային տարածքի գործընթացներն ուսումնասիրող մոսկովյան կենտրոններից մեկի ղեկավար Ալեքսեյ Վլասովը մասնավորապես նշել է. «Կրեմլում շատ իրատեսորեն և սթափ են գնահատում Ադրբեջանում ստեղծված իրավիճակը և հասկանում են, որ գործող նախագահին այլընտրանք սկզբունքորեն չկա։ Եվ այդ իրատեսական մոտեցումը, կարծում եմ, հանգեցրել է այն գիտակցության, որ Կրեմլում հասկացել են՝ միջամտել կամ էլ ինչ-որ ձևով փորձել ազդել Ադրբեջանում ընտրական գործընթացների վրա, բոլորովին էլ լավագույն քաղաքականությունը չի լինի»։ Սա, անշուշտ, հասկանալի մոտեցում է, մանավանդ որ Մոսկվան, վաղուց ձևավորված ավանդույթի համաձայն, միշտ աջակցում է ընտրվելու ավելի մեծ ռեսուրսներ ունեցող գործող իշխանությանը։ Սակայն այստեղ հարց է առաջանում. իսկ ժողովրդավարական արժեհամակարգ ունեցող Արևմո՞ւտքը։
Այս հարցի պատասխանը միանշանակ է, թեկուզև Ադրբեջանում գործնական դիկտատուրայի հաստատումն այնքան ակնհայտ է, որ իշխանությունները նույնիսկ չեն էլ փորձում ժողովրդավարություն խաղալ. առկա է և՛ խոսքի ազատության լուրջ սահմանափակում, և՛ քաղբանտարկյալներ կան, ինչպես նաև կոռուպցիա ու հատուկ ծառայությունների կողմից իրականացվող տարբեր չարաշահումներ։ Այդ ամենը, բանից պարզվում է, չի խանգարում ոչ անհայտ Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական բաժանմունքի տնօրեն Սաբինա Ֆրեյզերին՝ հայտարարելու. «Անշուշտ, Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո, ինչպես նաև Վրաստանում ընտրական գործընթացում բռնության որոշ դրսևորումների ֆոնի վրա, Ադրբեջանը ստացել է ավելի ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորություն իր հարևանների համեմատ»։
Սակայն սա դեռ ամբողջը չէ։ Տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Հեյկի Տալվիթիեն ևս փաստորեն պաշտպանում է այս դիրքորոշումը և հայտարարում. «Մեզ համար կարևոր է, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են անցկացնել ավելի լավ ընտրություններ, և որ այդ գործընթացում լինի զարգացման դինամիկա՝ նախորդ ընտրությունների համեմատ»։ ԱՄՆ-ը ևս, տեղյակ լինելով Ադրբեջանի իրական վիճակից, այնուհանդերձ, փորձում է քողարկել Բաքվում սպասվող ընտրությունների բացասական կողմը և ընդամենը «մտահոգություն է հայտնում այլախոհների համար Ադրբեջանում քաղաքական գործունեության տարածության կրճատման կապակցությամբ»։ Այսպես, մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դևիդ Կրամերը մասնավորապես նշել է. «Այն մթնոլորտի, որում այսօր գործում են քաղաքական կուսակցությունները, նախագահի թեկնածուները, իրականացվում է հասարակական երկխոսություն, ձևավորման գլխավոր պատասխանատվությունն իշխանությունների ուսերին է։ Եվ այդ կապակցությամբ ԱՄՆ-ը պահանջում է երկրի ղեկավարությունից պայմաններ ստեղծել իսկապես մրցակցային ընտրություններ անցկացնելու համար»։ Դրան զուգահեռ պետդեպարտամենտի փորձագետները վերջերս այնտեղ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հատուկ ընդգծել են Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը և համարել այդ երկիրը Վաշինգտոնի ռազմավարական դաշնակից՝ բարձր գնահատելով Բաքվի ներդրումը ահաբեկչության դեմ պայքարում, տարածաշրջանային անվտանգության ապահովման և էներգակիրների տեղափոխման ուղիների դիվերսիֆիկացիայի գործում։ Կարելի է արձանագրել, որ թերևս հենց այս հանգամանքներն էլ արտաքին աշխարհի համար առանցքային են լինելու Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման առումով, ինչը միանգամայն բխում է գործող նախագահ Իլհամ Ալիևի շահերից։ Գաղտնիք չէ, որ նրա կլանը գործնականում բացարձակ մոնոպոլիա ունի երկրի էներգետիկ ռեսուրսների տնօրինման ոլորտում և առայժմ կարողանում է առանձնապես չգրգռել աշխարհաքաղաքական հիմնական կենտրոնները ներկայացնող իր գործընկերներին։
Այսպիսով, ստեղծված իրավիճակում ադրբեջանական ընդդիմության համար կարևոր է ոչ թե հաղթանակ ապահովել ընտրություններում կամ էլ դրանք առավելագույնս արդյունավետ օգտագործել երկրում ներքին մթնոլորտի փոփոխության առումով։ Ադրբեջանի ընդդիմությունը հիմնական խնդիր ունի կանխորոշված իրավիճակում ինչ-որ ձևով պահպանելու դեմքը։ Իշխանություններն իրենց հերթին արել են ամեն հնարավորը՝ ընդդիմության կյանքը բարդացնելու համար։ Օրինակ, նախատեսված է, որ թեկնածու գրանցվելու համար նախկին 33 հազար մանաթը դառնալու է 300 հազար, ինչը կազմելու է մոտ 300 հազար դոլար։ Պարզունակ հաշվարկն անգամ ցույց է տալիս, որ միայն այս հանգամանքը կարևոր նշանակություն կունենա թեկնածուների թիվը հնարավոր նվազագույնի հասցնելու առումով։ Հավանաբար հենց դա է պատճառը, որ մի շարք կուսակցություններ արդեն այսօր հայտարարում են ընտրությունները բոյկոտելու իրենց մտադրության մասին։ Մասնավորապես Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն նշել է. «Ստեղծված իրավիճակը բոլոր հակակառավարական ուժերի համար ստեղծել է նույն խնդիրները։ Ըստ այդմ, եթե մենք չունենք տարակարծություններ այս հարցում և ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված, ապա իրավիճակին այլ գնահատական տալու խնդիր էլ չունենք։ Ամեն ինչ բոլորի համար պարզ է»։ Սակայն քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն կարծիք է հայտնել, որ ընդդիմության անմիասնականության պայմաններում բոյկոտի մարտավարությունն արդյունավետ լինել չի կարող։ «Իրական ընդդիմադիր առաջնորդների ռազմավարական սխալն այն է, որ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում նրանք չկարողացան ձերբազատվել «կեղծ» ընդդիմությունից»։ Այս ամենի կապակցությամբ իշխանական դաշտը ներկայացնող գործիչները, բնականաբար, այն կարծիքն են հայտնում, որ ընդդիմության մի մասի կողմից ընտրությունները բոյկոտելու մարտավարությունն ընդամենը արդյունք է այն իրողության, որ ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել միասնական թեկնածու առաջադրելու հարցում։ Այդքանով հանդերձ իշխանությունը չի բացառում, որ այսօր բոյկոտ հայտարարողները վաղը կվերածվեն ընտրական գործընթացների ակտիվ մասնակիցների։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը կարծիք է հայտնել, որ նախագահի քաղաքականությանն ընդդիմադիր լինելը սկզբունքորեն անհնարին է, քանի որ երկրում առկա է ընդամենն ուժերի հակադրություն, որոնք պայքար են մղում այս կամ այն պետական կառույցից ունեցած դժգոհություններից ելնելով։ Օրուջի կարծիքով, Ադրբեջանում «գունավոր հեղափոխության» կանխման միակ գործոնը հենց ինքը՝ Իլհամ Ալիևն է. «Շատերը համոզվեցին, որ «գունավոր հեղափոխությունը» հաջողությամբ ավարտած պետություններում իշխանության գլուխ կանգնած անձանց և մեր նախագահին բնորոշ են նույն հատկանիշները»։ Ահա այսպիսի մտքի թռիչքներ, որոնց ենթատեքստը, բնականաբար, հեղափոխության բացակայությունը հիմնավորելն է, որովհետև, բանից պարզվում է, այն Ադրբեջանում վաղուց է տեղի ունեցել։
Բաքվի «Զերկալո» թերթն ընտրությունների կապակցությամբ մասնավորապես կարծիք է հայտնում. «Բոլոր նախորդ ընտրություններում հիմնական խնդիրն այն էր, որ դրանք «անտանելիորեն աղմկոտ էին»։ Իսկ ներկա ընտրությունները, եթե, իհարկե, որևէ տարօրինակ և անսպասելի բան տեղի չունենա, կլինեն Ադրբեջանի պատմության մեջ «ամենախաղաղը»։ Եվ այդ համատեքստում ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչին են հետևելու ԵԱՀԿ շուրջ 500 դիտորդները, երբ ամեն ինչ արդեն կանխորոշված է։ Նույնիսկ այն կուսակցությունները, որոնք հայտարարել են ընտրություններում միասնական թեկնածուով մասնակցելու մտադրության մասին, իրենց պահում են ինչպես դպրոցականները դպրոցի դիրեկտորի խիստ հայացքի ներքո։ Իբր քանի դեռ պաշտոնապես չի հայտարարվել ընտրարշավի սկիզբը, մենք կսպասենք։ Սակայն այդ դեպքում, շախմատային տրամաբանության համաձայն, նրանք իրենց բացահայտ ցայտնոտի մեջ հայտնվելու վտանգին են ենթարկում և, անկասկած, հասկանում են դա։ Ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր թեկնածուների գրպաններում արդեն կա համատեղ հայտարարությամբ պատրաստի տեքստը՝ գալիք ընտրությունների բնորոշման հետ կապված, և այդ տեքստում լինելու են նույն թեզիսները. մենք հաղթեցինք, բայց իշխանությունները կեղծեցին, իսկ միջազգային հանրությունն արդարությունը չպաշտպանեց, և մնացածը նույնպես այս ոգով։ Այսինքն՝ կրկին բոլորը մեղավոր են լինելու, բացի իրենցից»։
Հենվելով, փաստորեն, հենց ադրբեջանական աղբյուրների վրա՝ կարող ենք միանշանակ պնդել, որ Սաբինա Ֆրեզերի մատնանշած «ավելի լավ, ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու շանսը» ընդամենը դատարկ հռետորաբանություն է։ Ընտրություններն Ադրբեջանում ոչ միայն չեն տարբերվի Հայաստանի և Վրաստանի ընտրություններից, այլև կանցկացվեն արևելյան բռնակալություններին բնորոշ ակադեմիական նորմերին համապատասխան։ Իսկ «փորձագիտական» ցինիկ գնահատականները հերթական անգամ ապացուցում են, որ նավթային շահերն են իրականում փոխարինում ժողովրդավարական և իրավական նորմերին։ Մեզ, թերևս, մնում է միայն առավելագույնս օգտագործել այս իրավիճակը ԼՂՀ-ի՝ իբրև ժողովրդավարական ուղիով զարգացող պետության քաղաքական դիրքերը միջազգային ասպարեզում ամրապնդելու համար։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5790

Մեկնաբանություններ