Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հաջողությունը հնարավոր է «փոխանցումով» խաղալու դեպքում

Հաջողությունը հնարավոր է «փոխանցումով» խաղալու դեպքում
27.06.2008 | 00:00

«Կարևոր չէ, թե կատուն ինչ գույն ունի, կարևոր է, որ կարողանա մուկ բռնել»:
Չինաստանի կոմկուսի գործիչ, չինական ռեֆորմների հայր Դեն Սյաոպին

Հայկական իրականության համար ամենից ցավոտ խնդիրներից մեկը, որ այսօր շարունակում է ցնցել հասարակական կարծիքը և օրակարգային է դարձել վաղուց ի վեր, հասարակական-քաղաքական համակարգի քրեականացման և բնակչությանը մաֆիոզ կառույցների և գողական «հավաքների» տրամաբանությամբ ապրելու պարտադրանքն է։ Խնդիրը գոյություն ունի անկախության ձեռքբերումից սկսած։ Այն ժամանակ Հայաստանում ձեռնարկվեցին քիչ թե շատ հաջողված քայլեր, որոնք ուղղած էին ամբողջ ազգի գոյատևման և ապա նրա զարգացման խնդրի ապահովմանը։ Սակայն այդ նույն քայլերին զուգահեռ, պետական ինստիտուտների ձևավորման և նրանց գործունեության տրամաբանության հաստատմանը զուգընթաց, նույն կառավարման համակարգում սկսեցին ձևավորվել արևելա-ֆեոդալական քրեականացված կառավարման համակարգի սերմերը։
Այդ սողացող վտանգի հիմքում դրված էր ազգի բացառապես առանձին ներկայացուցիչների գոյատևման, զարգացման և, ի վերջո, հարստացման տրամաբանությունը։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին ժամկետի ավարտին Հայաստանում ավարտվեց նաև «քրեական հեղաշրջումը», որը բնորոշվեց կլանային-օլիգարխիական համակարգի հստակ կառուցվածքային ձևավորմամբ, որն էլ իր վրա վերցրեց երկրի քաղաքական և տնտեսական կառավարումը։ Մինչ այդ, արդեն վաղուց չգրված իրողություններ էին հանդիսանում պետական համակարգի համատարած կոռուպցիան, քաղաքական դաշտի դեգրադացիան, ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց բոլոր գործընթացների կետրոնացմանը «առաջնորդ-պախանի» ձեռքում։ Ըստ որում, այդ պայմաններում քաղաքական էլիտան և նույնիսկ անհատ քաղաքացիները փաստացի վերածվում էին միասնական խաղի կանոններին ենթակա ստատիստների։ Հիշյալ խաղի կանոնները ենթադրում էին ընդդիմության գոյություն այն չափով, ինչ չափով դա չէր խանգարում օլիգարխիայի տնտեսական շահերի ծավալմանը, ընտրությունների գոյություն և նույնիսկ պալատական հեղաշրջումներ, եթե դրանք ձևավորված համակարգի համար սպառնալիք չէին պարունակում։
Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանի կառավարման համակարգի այսպիսի տրանսֆորմացիան աննկատ չմնաց արտաքին աշխարհում։ ԱՄՆ-ը և Եվրամիությունն իրենց ներկայացուցիչների բերանով բազմիցս հայտարարել ու հայտարարում են քրեածին ռեժիմների վտանգավորության և այդ դրսևորման նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին։ Դեռևս երեք տարի առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարեց, որ իշխանության քրեականացման երևույթն առկա է ԱՊՀ մի շարք երկրներում, այդ թվում Հարավային Կովկասի պետություններում։ Մի անգամ չէ, որ ԱՄՆ իշխանություններն արձանագրել են Հայաստանում ստեղծված իրավիճակն իբրև միջազգային քրեական գործընթացների մաս և կոչ ուղղել իշխանություններին և ընդդիմությանը` սկսելու քրեականացված համակարգի ապամոնտաժում և բարեփոխում։
Մինչդեռ երկրում պարբերաբար հայտարարվում էր կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ստեղծվում էին տարբեր կառույցներ, բայց այդ ամենն օգտագործվում էր կա´մ համակարգի ներսում միմյանց միջև հաշիվներ պարզելու և ոլորտների վերաբաշխման համար, կա´մ վերածվում ուղղակի իմիտացիայի, ինչի արդյունքում քրեական աշխարհը շարունակում էր իշխել կառավարման համակարգում։
Անշուշտ, ամեն ինչ երեք կամ տասը տարի առաջ չստեղծվեց։ Հիշատակելի է մասնավորապես նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, որն իրեն բնորոշ բոհեմային թեթևությամբ ժամանակին հայտարարեց, թե ինքն այլևս միակ «օրենքով գողն է» երկրում և ամերիկյան ոստիկանական չափանիշերով «որս սկսեց կատաղած գայլերի»` առավել ճանաչված քրեական հեղինակությունների նկատմամբ, որոնց մի մասը սպանվեց, մյուս մասն էլ լքեց Հայաստանը։ Ի վերջո, Սիրադեղյանն ինքը, ինչպես հավաստիացնում էին իր որոշ համախոհները, դարձավ պետական մակարդակով ռեկետի իրականացնողը ողջ երկրում։ Ըստ որում, պետք է նշել, որ հայտնի սկզբունքը` «Եթե թշնամին չի հանձնվում, նրան ոչնչացնում են», կիրառության մեջ մտավ հենց ՀՀՇ-ի կառավարման ժամանակաշրջանում և հետո արդեն ծաղկեց Քոչարյանի կառավարման տարիներին` ուժի մեջ մնալով նաև այսօր։ (Միանգամայն հավանական է, որ Սամվել Ալեքսանյանի ռեստորանի վրա կատարած հարձակումը նույն տրամաբանության արդյունքն է)։
Սակայն անհրաժեշտ է արձանագրել և այն, որ հենց 1998-ի իշխանափոխությունից հետո գործող վարչակազմը սկսեց քաղաքականության մեջ ընդգրկել բացարձակապես ապադասակարգային տարրերի, իսկ ինքը, փարիսեցիական կեցվածք ընդունելով, քաղաքական գործընթացների կազմակերպման ողջ «կեղտոտ աշխատանքը» հանձնարարեց այս կամ այն օլիգարխի կողմից վերահսկվող քրեական կառույցներին։ Կարելի է վերհիշել բազմաթիվ արյունալի «ռազբորկաների» շղթան անցած տասնամյակում, բազմաթիվ հրապարակումներն այն մասին, թե ով է կանգնած այս կամ այն գործարարի ու քաղաքական գործչի սպանության հետևում։ Այդ հանցագործությունների բացարձակ մեծամասնությունն այդպես էլ մնաց չբացահայտված, իսկ իրավապահ կառույցները նախընտրում էին ընդունել սեփական անզորությունը, քան թե դեմ գնալ «պետական հեղինակություններին»։
Բայց մի կողմ թողնենք պատմական էքսկուրսը և վերադառնանք մեր իրականությանը։ Այսօր արդեն ակնհայտ է, որ երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքն ընդգրկած երկարատև քայքայումից հետո կարծես թե փորձեր են արվում դուրս գալու այդ կախարդված շրջանից։ Ըստ որում, նույնքան օբյեկտիվ է այն իրողությունը, որ հասարակական գիտակցության մեջ ամրագրվել է, որ այսպես ապրել հնարավոր չէ, ժողովուրդն ուզում է իր երկրում աշխատելու և լիարժեք կենսագործելու հնարավորություն ունենալ, ոչ թե «քվեարկել ոտքերով»։ Սրվել են նաև հակասությունները Հայաստանի արտաքին քաղաքական հովանավորների միջև, փոխվում են աշխարհաքաղաքական իրողությունները։ Առայժմ այս ամենից իրեն բնորոշ քաղաքական հեռատեսությամբ կարողացավ օգտվել Լևոն Տեր-Պետրոսյանը, որը պատերազմ հայտարարեց քաղաքական կյանք ներթափանցած քրեական տարրերին և կարողացավ իր հետևից տանել բնակչության զգալի զանգված։ Ավելին, թերևս լավ հասկանալով ներկա հասարակական պատվերի էությունը, նա կարողացավ զգալիորեն չեզոքացնել նաև մեղադրանքներն իր հասցեին իբրև Հայաստանում մաֆիական համակարգի հիմնադրի։ Ժողովրդի համար սկզբունքորեն այնքան էլ կարևոր չէր, թե ով է հնչեցնում իր մտահոգությունները, այլ այն, որ դրանք հնչում են ու բերում որոշակի վճռական գործողությունների։ Մանավանդ որ հիշյալ իրողությունների և փոփոխությունների անհրաժեշտության գիտակցումն առկա է ոչ միայն հասարակության և ընդդիմության, այլև իշխանության առանձին ներկայացուցիչների մեջ։
Սկզբունքորեն ստեղծված իրավիճակից ելքը մեկն է. հնարավորինս արագ կազմաքանդել ստեղծված համակարգը և ձևավորել արտաքին աշխարհի համար ընդունելի ժողովրդավարական ինստիտուտներ` նոր տրամաբանութամբ և գործելակերպով։ Այս հարցերն ուղղակիորեն կապված են ազգային անվտանգության խնդիրների հետ, մանավանդ որ իրավիճակը փոխելու փորձերը կարող են և տապալվել, քանզի համակարգի ներսում գործող քրեականացված ուժերը վերջին ճիգով և գուցե ոչ առանց արյան դիմադրության կդիմեն։ Հետևապես, այդ պայքարը նույնիսկ շատ խարիզմատիկ ու վճռական, բայց միայնակ մարդկանց գործ չէ։ Քրեականացված համակարգը կամ փորձելու է նրանց գնել և վերափոխել, կամ էլ ոչնչացնել, ինչպես եղավ հոկտեմբերի 27-ին։ Տարրական հաշվարկը ցույց է տալիս, որ այս դաշտում հաջողությունը հնարավոր է միայն, եթե իշխանության ներսում բարեփոխիչների թևը և արմատական ընդդիմությունը միմյանց հետ «խաղան փոխանցումով»։ Այսինքն, «ներքևից» վճռական պահանջատիրության պայմաններում «վերևում» դիմեն վճռական գործողությունների` իրավիճակի բարեփոխման ուղղությամբ։
Եվս մեկ հանգամանք. ԱՊՀ որոշ երկրներում հակաքրեական պատերազմի կարգախոսի ներքո նկատելի է նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Այս դաշտում արևմտյան ուժերի ակտիվության պայմաններում նույնպիսի ակտիվություն չի նկատվում Մոսկվայից։ Եվ դժվար չէ հասկանալ, որ եթե իրավիճակը չփոխվի, ապա ապագայում ռուսամետ քաղաքական գործիչներն ԱՊՀ տարածքում հարկադրված կլինեն կրիմինալի դեմ պայքարի ջահը զիջել արևմտամետներին կամ էլ մոռանալ իրենց աշխարհաքաղաքական նախապատվությունները և մտնել ամերիկյան դրոշի տակ։ Պատահական չէ, որ այսօր շատ փորձագետներ պնդում են, թե Հայաստանի համար այնքան պահանջված և անխուսափելի բարեփոխումները կարող են միաժամանակ փոխել բնակչության կողմնորոշումները և կտրել երկիրը Ռուսաստանից։
Սակայն, մեզ բոլորիս համար, իմաստուն չինացու բնորոշման համաձայն, ի վերջո, կարևոր է ոչ այնքան կատվի գույնը, որքան նրա օգտակարությունը։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7995

Մեկնաբանություններ