Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Շարունակում ենք կուտակել ապագա «պարտություններ»

Շարունակում ենք կուտակել ապագա «պարտություններ»
27.01.2024 | 11:11

Այն, որ արդեն «նախկին» աշխարհակարգը ենթարկվելու է խորքային փոփոխման՝ հասկանալի է։ Սակայն բացարձակ անհասկանալի է, թե դա ինչ ձև կամ բովանդակություն կունենա։ Չկա որևէ ամբողջական գաղափարական մոտեցում կամ տեսլական։

Ընդհանրապես, աշխարհակարգերը կամ ֆորմացիաները արմատապես կարող են փոխվել և վերաձևակերպվել երկու հիմնական գործոններով դրդված՝ կամ նոր, ուժեղ ու հիմնավոր գաղափարական տեսությամբ, կամ «տնտեսության զարգացման պահանջով»։ Մնացյալ գործոնները մարգինալ են։

Օրինակ, սովետմիությունը ստեղծվեց «գաղափարական հենքով», փլուզվեց՝ «տնտեսության զարգացման պահանջով»։ Իսկ պատմական դեմքերը՝ Լենին, Ստալին, Գորբաչով և այլք, այդ գործընթացների զուտ «ուղղեկցողներն» էին։

Հետևաբար, նշված գործոնների բացակայությունը կամ գաղափարապես չձևակերպված լինելը, ներկա գործընթացներն ուղղորդելու են դեպի նոր «սառը պատերազմ»՝ բայց ոչ դասակարգային կամ գաղափարական հենքով, այլ անխնա ու աննպատակ «մոռդաբոյի» կանոններով։

Ստեղծված իրավիճակում, հարավկովկասյան 3 պետությունների համար գերզսպվածությունն ունի գոյաբանական նշանակություն։ Տարածաշրջանում լարվածության մեծացումն այս պահին, դեռ որևէ «խոշոր խաղացողի» շահերից չի բխում։ Դա է պահպանում տարածաշրջանում որոշակի կայունություն՝ միայն դա։ Բայց, զգալի լարվածության, կամ առճակատման դրսևորման պարագայում, բոլոր խոշոր կողմերը «շահերով ու սպասքով» մտնելու են խաղի մեջ։

Կոնկրետ մեր վիճակով պայմանավորված՝ արագ ու բազմակողմանի իրական զարգացման գերխնդիրը պետք մղվի առաջին պլան։

Եթե կան այս երկրում «գործից հասկացող, անաչառ գործիչներ», ապա չեն կարող չհասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունը չի «զարգանում», ընդհակառակը՝ հետ է ընկնում բոլոր ոլորտներում։ Չի կարող զարգացող երկրում նման ճանապարհներ, տրանսպորտ ու երթևեկություն լինի, նման քաղաքաշինություն, կրթություն ու մշակույթ լինի։ Բայց, ամենավտանգավորն այն է, որ մենք չենք էլ ստեղծում որևէ նախադրյալ, պայման՝ իրական զարգացման համար։ Գիտակցելը, որ չենք զարգանում կարևոր է, բայց դա դեռ շատ քիչ է՝ պետք է կարողանալ զարգանալ, այն էլ այս խառը աշխարհաքաղաքական պայմաններում։

Հասկանում եք, Հայաստանի տնտեսությունը «մի ոտանի» է՝ թե տնտեսության թե շուկաների կառուցվածքի առումով։ Մատների վրա կարող եք հաշվել արտաքին շուկաներում մեր մրցունակ ապրանքները, որոնց հումքը մեր հող ու ջրից չի։ Մենք գրեթե ոչինչ՝ բերովի հումքով ու սեփական մշակմամբ (մրցունակ արտադրանք) չենք արտադրում։

Կարեն ԱԴՈՆՑ

Հ. Գ.

Պարտություններն էլ, հաղթանակներն էլ «կուտակային» են՝ հանկարծակի չեն գալիս։ Մենք մեր կառուցվածքով, մտածելակերպով, ապրելակերպով, աշխատաձևով, սուտի «տնտեսական աճերով», «մրցունակության աստիճաններով» և այլն՝ կուտակում ենք «ապագա պարտություններ»։ Դրանում համոզված եմ։ Փոխվելու «կարողությունն» ու «ձևը» կան, բայց կամքն ու «ընդունակությունը» չկան։ Սա մեծագույն, անբացատրելի, անըմբռնելի, աններելի աղետ է՝ երբ ունես փոխվելու կենսական անհրաժեշտություն, ունես պոտենցիալ, գիտես ձևը, բայց քեզ դրել ես՝ լրիվ անկամք, ցինիկ, ինքնահավան խելապակասի տեղ՝ արդեն 33 տարի շարունակ։

Դիտվել է՝ 1968

Մեկնաբանություններ