Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Կեսդարյա կյանք, որ չափվեց հազարամյակներով

Կեսդարյա կյանք, որ չափվեց հազարամյակներով
11.04.2023 | 22:19

Ապրիլի 10-ին, պատմաբան, ճշմարիտ հայագիտության կրող ու նվիրյալ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ծննդյան օրն էր:

...Կարո՞ղ է պատահել այնպես, որ հայը, ծնված չլինելով Հայաստանում, Հայոց աշխարհի ու մեր ամեն պատմական գավառի մասին դարերի համար մնայուն, ֆունդամենտալ աշխատություններ գրի այնպես, որ, ասես, ամբողջ կյանքում այդ վայրերում է ապրել:

Հայ գենն, այո, ծնում է նման հսկաներ, որպիսին եղել է Մխիթարյան միաբաններից Ղևոնդ Ալիշանը...որովհետև Հայկական լեռնաշխարհի քարտեզի պատկերն իր արյան ամեն բջջի մեջ կրողն էր:

Պատմաբան Արտակ Մովսիսյանը ևս այդպիսի մեծություն էր , ով գնաց դեպի հազարամյակների խորքերը և այնտեղից պեղեց-ազգին վերադարձրեց ի՛ր պատմությունը` մեզանից հաճախ թաքցված այդ հսկա ժառանգությունը, որը թշնամիները նենգափոխեցին դարերի հոլովույթներում, երբեմն էլ` ինքներս նրանից հեռացանք, ինչպես ծնողին ճանապարհին կորցրած երեխա։

Արտակ Մովսիսյանը մեզ մեր արմատները և կորած անձնագիրը վերադարձնող գիտնականն էր, մեր հազարամյակների պատմությունն իր գենետիկ կոդում կրողը։

Նա ճշմարիտ հայագիտության հզոր միջնաբերդերից էր` ամենազորեղ պաշտպանական հենարաններից մեկը: Որտեղ պետք էր՝ մարտնչեց պատմաբանի իր հզոր գրչով, որտեղ հարկավոր էր՝ իսկական հայի ըմբոստ կեցվածքով: Որովհետև դա էր իր առաքելությունը՝ պաշտպանել մեր պատմությունը հակահայ կեղծարարներից:

Հարգելի պարոն Մովսիսյան Ձեր աշխատություններն ապրելու են, դրանք մնայուն արժեքներ դարձան դեռ Ձեր կյանքի օրոք: Մինչև հիմա էլ հիշում եմ Ձեր ազդեցիկ զեկուցումները Հայաստանում կազմակերպված տարբեր միջազգային գիտաժողովների ժամանակ: Դրանցից մեկը տարիներ առաջ նվիրված էր անվանի ուրարտագետ Նիկոլայ Հարությունյանի ծննդյան 90-ամյակին: Եվ Դուք ի լուր բոլորի՝ հզոր փաստարկներով ցույց տվեցիք, որ Հայկական բարձրավանդակում եղել է և կա մի ազգ, որի գրավոր ավանդված պատմությունը սկսվում է Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբից` 28-27 դարերից և ոչ թե ՈՒրարտուից։ Բայց այստեղ ևս Դուք մեծ կռիվ ունեիք նրանց դեմ, ովքեր անգամ ՈՒրարտի պատմությունն էին մեզանից խլում ու նենգափոխում:

Դուք այս հացերի ուսումնասիրմամբ զբաղվում էիք 1990-ականների սկզբից՝ բազմիցս արժանանալով քննադատության կամ թերահավատության: Սակայն Ձեր ուսումնասիրած սեպագիր սկզբնաղբյուրներն անաչառորեն վկայում են, որ Արատտան եղել է հին աշխարհի հզորագույն պետություններից մեկը: Եվ այդ երկիրը հենց Հայկական լեռնաշխարհն էր: Միայն պատմական անհերքելի ճշմարտության վրա վստահ գիտնականը կարող էր եթերում տված հարցազրույցում ասել.

- «Հայ ժողովրդի պատմության» քառահատորի առաջին հատվածը, որի նախաքրիստոնեական շրջանի հեղինակը ես եմ, հայտարարեցի. եթե որևէ մեկը կապացուցի, որ Արատտան ոչ պատմական հորինվածք է` ես հեռուստատեսությամբ ժամ կգնեմ և հրապարակավ կայրեմ բոլոր աշխատություններս: Մինչև օրս թեկուզ մեկ արձագանք չեմ ստացել:

...Դուք մեր ազգի ամբողջական պատմությունը կրողներից էիք. պատմություն, որի սկիզբը կորչում է հազարամյակների խորքում, հասնում մինչև նախամաշտոցյան հայկական գրային համակարգեր, ժայռապատկերներ, մինչև Հին Եգիպտոսում իշխած հայ թագուհիներ, մինչև մեր թշնամիների կեղծարարությունների դեմ պայքարի դաշտ։ Եվ պատմության ոչ մի կեղծարար դեռ մինչ օրս չունի որևէ հակափասարկ` ընդդեմ Ձեր գիտական բացահայտումների ու մեկնությունների։ Հետևաբար, ապրելու են այդ աշխատությունները, որոնք գրելու համար մի քանի սերնդի կյանք կպահանջվեր։ Բայց Դուք դրանք մեզ ժառանգեցիք` ապրելով ընդամենը 50 տարի...

...Արտակ Մովսիսյան-գիտնականի իրական մեծությունը շատերը չէին էլ կարող հասկանալ, հակառակորդներ որքան ասեք, ուներ` երկրի ներսում և նրա սահմաններից դուրս։

Մինչև նրան տարբեր գիտաժողովների և հայագիտությանը նվիրված միջոցառումների ժամանակ բացահայտելը, մեծացել եմ իր հեղինակած «Հայերը» ֆիլմաշարը դիտելով` 1990-ականների կեսերին, երբ դեռ դպրոցական էի, և այդ ծրագիրը, մի հզոր ազդակ էր նոր սերնդի մեջ Ցեղի կանչն արթնացնելու և մեզ մեր հազարամյակների պատմությանն ընդմիշտ կապելու համար։

Արտակ Մովսիսյանի աշխատություններից յուրաքանչյուրի մասին կարող ենք գրել անվերջ, որոնք մեզ ինքնաճանաչության տանող ճանապարհներից են։ Դրանք նորից կարդալով և վերաարժևորելով` մենք պիտի վերահայանանք, լինենք ու մնանք մեր պատմության իրավատերը։

Շնորհավորենք ազնվական հայի տարեդարձը, ում հասցրեցին ճանաչել որպես «նոր ժամանակների Խորենացի»։ Եվ պատմությունը, վստահ ենք, բազմիցս է նրա անվան կողքին ամրագրելու այս կոչումը։

ՈՒզում եմ զետեղել նրա խոսքերից ևս մեկը, որ անչափ կարևոր է` որպես ազգ մեր ներսը վերականգնելու համար։ Իսկ նրա հնչեցրած այս խոսքը թող ուղենիշ լինի մեզ, որ պահենք այս երկիրը..

Արտակ Մովսիսյանն այս խոսքն ու գաղափարն արտահայտել է դեռ 2007 թվականին։ Իսկ այսօր, ավելի քան երբևէ այն պետք է դարձնենք թերևս առաջին հիմնաքարը, որը մեզ կտանի ազգային պետության վերածնունդ:

«Մեր պատմության անկումն սկսվեց ազնվականության ոչնչացումից: Խոսքս հայ նախարարական տների մասին է: Որ նվաճողն արշավում էր Հայաստան` առաջին գործը համարում էր ազնվականությանը բնաջնջելը. այդպես են վարվել թե արաբները, թե պարսիկները, թե թուրքերը: Հուստինիանոսի բոլոր ռեֆորմներն ուղղված էին հենց ազնվականության դեմ, իսկ ամենասև գործը կատարեցին մոնղոլները, ինչից հետո` 13-14-րդ դարերից մեր պատմության ամենաողբերգական շրջանն սկսվեց: Վերացավ երկրի տերը...

Եվ այսօր մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի երկրի տերերի խավի վերականգնումը: 1990-94 թթ. արցախյան ճակատում զոհվածներն իսկական ազնվական տղաներ էին, երկրի գենետիկական հատկանիշներ կրողները: Այսօր էլ կա նման խավ, նրանց գեներում առողջ սերմ կա, սակայն հարկավոր է այն աճեցնել: Ցավոք սրտի` մեզանում հակառակն է արվում: Եթե այսպես շարունակվի և միայն ծառայի հոգեբանություն քարոզվի, մեր ապագան կդառնա մշուշոտ, որովհետև ծառան բոլորի համար ծառա է, տերն է, որ պետություն ու ազգ է պահում»։

Խոնարհում Ձեր լուսավոր հիշատակին, մեծանուն հայորդի...


Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4057

Մեկնաբանություններ