ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Էնպիսի մի սև կատու է անցել, որ էլ դու սուս»

«Էնպիսի մի սև կատու է անցել, որ էլ դու սուս»
08.08.2008 | 00:00

«ՄՐՑՈՒՅԹ» ԿՈՉՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ՇՈՈՒՆ
ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ ՀՀ-ում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա տրամադրելու նպատակով շուրջ 2 շաբաթ առաջ հայտարարված մրցույթին արդեն իսկ 17 օպերատոր է պատրաստվում մասնակցել: Դրանց թվում առկա են այնպիսի հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են ֆրանսիական «Ֆրանս տելեկոմը», բրիտանական «Ջեոն», ավստրիական, շվեդական, եգիպտական, ֆիննական և այլ երկրներում գործող հայտնի ընկերություններ: Նշվում է նաև, որ հաղթող օպերատորի անունը հայտնի կլինի արդեն դեկտեմբեր ամսին, ինչն իր հերթին նշանակում է, որ մեզ բոլորիս, ինչպես որոշ ժամանակ առաջ էինք նկատել մեր թերթում, շատ քիչ ժամանակ է մնացել «մրցույթ» կոչվող հերթական այս շոուի արդյունքներին և այլ «տպավորիչ մանրամասների» ծանոթանալու համար…
Թե ինչու ենք հատկապես պնդում «շոու» տարբերակը, բացատրենք: Ասենք, բացատրելու բան էլ չկա, և ավելի ճշգրիտ ներկայացնել իրավիճակը, քան մրցույթին մասնակցելուց հրաժարված ռուսական «Մեգաֆոնը», ոչ ոք չի էլ կարող:
Այո, որքան էլ տարօրինակ հնչի, ռուսական հենց այս ընկերությունն է հրաժարվել մասնակցել հայտարարված մրցույթին (ինչը գալիս է ապացուցելու այն հանգամանքը, որ իրականում նույնիսկ «ԱրմենՏելի» վաճառքի համար կազմակերպված մրցույթն էր ժամանակին գեղեցկորեն բեմադրվել, ընդ որում ո՛չ առանց ամենաբարձր իշխանությունների հովանավորության և, բնականաբար, ինչ-որ փուլում նաև հովանավորությունից հրաժարվելու հավանականությամբ` հանուն իշխանություններին ձեռնտու մեկ ա՛յլ շոուի), ընդ որում` բավական հետաքրքիր մեկնաբանությամբ: Հայկական շուկայի հնարավորությունները շա՛տ փոքր են. արդեն իսկ տեղի 2 ընկերությունների բաժանորդների թիվը հասել է մոտ 2 միլիոնի, հետևաբար պարզ չեն այն տնտեսական հետաքրքրությունները, որոնք մեզ պիտի մղեին մասնակցելու նման մրցույթին, հայտարարել է «Մեգաֆոնի» ներկայացուցիչը, ինչն արդեն մեկ այլ եզրակացության տեղիք է տալիս: Հետաքրքիր է, երբ իրենք ներկայացնում էին փաստաթղթերը` մրցույթին մասնակցելու համար, չունեի՞ն այդ տվյալները, թե՞ հընթացս այլ «տվյալներ» են ստացել, ինչն էլ պատճառ է դարձել, որ հրաժարվեն մրցույթից…
Մեր լրաբերները, ի դեպ, երկրորդ տարբերակի կողմնակից են: Ավելին, մարդիկ պնդում են, որ որոշ օլիգարխներից այս փուլում իր բիզնեսը հիմնականում «հետ ուզող» Քոչարյանը, որ վերջերս չափազանց է հրապուրվել աֆրիկյան երկրների հանքարդյունաբերությամբ, այս ոլորտը, այնուամենայնիվ, որոշել է իրեն թողնել (չմոռանանք, որ Քոչարյանի որդուն են պատկանում նաև հանրապետություն բջջային հեռախոսներ ներկրելու մոնոպոլիան և «հայ-ֆիննական-NOKIA-կան աննման կապերը» այս ոլորտում…): Չի բացառվում` հենց ռուսական իշխանությունների՛ գիտությամբ: Այլապես, ըստ մեր տեղեկատուի, անհնար էր այս անգամ ևս գործարքը չիրականացնել «հանուն ռուսների»:
Իսկ ճի՞շտ է, որ շոուի հաղթողն արդեն իսկ որոշված է, որ այն ռուսները չեն, և հնարավոր է, որ շուտով նույնիսկ «Beeline»-ին տուն ճամփեն, հարցնում եմ մեր բարեկամներին: «Բացեք մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերությունների ցանկը և այնտեղ կգտնեք Քոչարյանի սիրելի, Բրիտանիայում և այլուր այս իշխանությունների և մանավանդ նրա PR-ն անող նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին»,- ահա պատասխանը: Եվ իսկապես, «մրցույթին» մասնակցելու հայտ է ներկայացրել «Knightsbridge International Telecommunications» ընկերությունը, որը մտնում է «Knightsbridge Group»-ի կազմի մեջ, և որի ղեկավարը նույն ինքը` ժպտադեմ Արմեն Սարգսյանն է կամ «գորշ կարդինալը», որը տարիներ շարունակ ահռելի դերակատարություն ունենալով մեր քաղաքական-տնտեսական կյանքում, երբևէ «ափաշքյարա» չի երևացել ասպարեզում:
Կարճ ասած, կարծես թե չափազանցված են բոլոր այն պնդումները, թե Քոչարյանի և Սարգսյանի միջև «էնպիսի մի սև կատու է անցել, որ էլ դու սուս»: Եթե անգամ Քոչարյանն իր համար վտանգ է տեսնում և դրանից ելնելով` հանում իր փողերը Հայաստանից, դրա հետ Սարգսյանը կապ չունի. մեր «էքսը» պարզապես «10 էլ չէ, 100 անգամ չափելու» վարպետ է: Մանավանդ որ վախը վախ է, երկու վախը` մի մահ…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9848

Մեկնաբանություններ