ՔՈՉԱՐԸ` ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՄԱԿԸՆԹԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երկրի քաղաքական վիճակը հնարավորություն ընձեռեց Երվանդ Քոչարին սոցռեալիզմի պաշտոնական գծից հեռու քանդակներ ու կտավներ ստեղծել, նաև մարմնավորել «նկարչությունը տարածության մեջ» իր երբեմնի նախագծերը: Ընդդիմության առաջնորդը Քոչարն էր, որի ուղղակի աշակերտներն էին Ռուդոլֆ Խաչատրյանը և Ռուբեն Ադալյանը»:
Մարտին ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, «Ձնհալը Հայաստանում»
ԵՐԿՆԱՎՈՐԻ ԿՆԻՔԸ
Երկրի երդիկը գորշ ամպամածությունից հետո հանկարծ բացվեց և ոսկեսերմ անձրև տեղաց:
Անսպասելի՞ էր:
Բնա՛վ:
Այդ օրը և պահին այդ կապուտաչյա պատանին էր ընտրյալը երկնքի` Հայկական լեռնաշխարհում, Եվրասիա մայրցամաքում, առհասարակ Երկիր մոլորակում:
Այգաբացին նրան շնորհվեց հանճարեղ մի վրձին և մի գրիչ իմաստալից: Լինենք անկեղծ և խոստովանենք` վրձինը ձուլածո ոսկուց էր, գրիչը` եղեգնյա:
Քոչարի ժամանակն անվերջ մակընթացում էր:
Հայոց լճերի կապտակոհակ ջրերը, որ լի էին ոսկեխալ ձկներով, պարբերաբար բարձրանում և հորդառատ ոռոգում էին Արարատյան երկրի որդան կարմիր ներկատու միջատների և ծիրանի կենաց ծառերի բնօրրան հողը:
Նկարիչ:
Արվեստանոց:
Օրնիբուն արարում:
Օրն այստեղ անավարտ է:
24 ժամը մերթ դար է թվում, մերթ էլ ավարտվում է մեկ ակնթարթում: Երկնավորի կնիքն անվարան է` ոսկեսերմ անձրև էր տեղացել և համաշխարհային կերպարվեստում բռնկվել էր մի նոր լուսատու:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԴՐԱՄԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Մի առիթով կանդրադառնանք Քոչար արվեստաբանին, վերլուծաբանին և գեղարվեստի քննադատին: Եթե նա չօժտվեր կերպարվեստագետի հուժկու տաղանդով, վստահաբար կզբաղվեր դրամատուրգիայով և կքարագրեր համաշխարհային նշանակության երկեր: Թիֆլիսում ծնված պատանի Քոչարը հասուն ստեղագործողին հատուկ որոնումների մեջ էր:
Համաձայն նշանավոր Ռուբեն Զարյանի, նրա նկարներում առկա էր սերն առարկայի հանդեպ, սակայն միաժամանակ առարկայի նյութականությունից խուսափելու, իրականության դրամատիզմն ընկալելու և վերարտադրելու հակում: Այստեղ տեղին է բառացի դրվագել նշանավոր արվեստաբանի մի դիտարկումը. «Այս վերջին հատկությունը գնալով խորացավ նրա ողջ ստեղծագործության մեջ: Նա եղավ ամենախռովահույզ արվեստագետը մեզանում` տարիների բերած հասունության հետ ավելի ու ավելի մեծ տեղ տալով մտքին, խորհրդածությանը, փիլիսոփայությանը»: Այո, նա և դրամատուրգ էր, և ողբերգակ, և քննախույզ քնարերգու: Քոչարը 20-րդ դարի առաջնադիրքում էր, քանի որ նրա կերպարվեստը, ըստ էության, քաղաքակրթական ահազանգ էր հնչեցնում:
Նա երևելի նորարար էր, մեկը, ով շրջանցեց դարակազմիկ Պիկասոյին: Այժմ ունկնդրենք ֆրանսիացի տեսաբան Վալդեմար Ժորժին.
«Քոչարի «նկարչություն տարածության մեջ»-ն արդի արվեստի բարձրագույն նվաճումներից է... նա գտնվում է ֆանտասմագորիկ բարձր աստիճանի վրա: Եկել է ժամանակը Քոչարին մատուցելու հարգանքի այն տուրքը, որի իրավունքը նա ունի»:
Իսկ այժմ լսենք Չարենց Եղիշին, ով մեր խորին համոզմամբ Քոչար Երվանդի համարժեքն է գրական լեռնաշխարհում:
ՔԱՄԻՆ
Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
ՈՒ փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին` մի վիթխարի բերան...
Բանաստեղծությունը քարագրվել է 1922-ին:
Եվ ահա համազգային և համապետական ապաշխարության ժամանակը չէ՞ խորապես ընկալելու կապուտաչյա հանճարի ուսմունքը:
Այո՛:
Հենց ուսմունքը:
Զի Քոչարը լուրջ գեղարվեստական անկասելի մակընթացություն չէ:
Նա համաշխարհային քաղաքակրոթույան վերաիմաստավորման ջահակիրներից է:
Ինչպես Պիկաոն և Ջոյսը:
Ինչպես Չարենցը:
Եվ մի՞թե ամոթալի չէ, որ նա մինչ օրս չունի համաշխարհային ճանաչում: Կերպարվեստի բոլոր ոլորտներում ազատ նավարկող այս հսկա հածանավը մինչ օրս անհայտ բացակայող է, բայց մի՞թե մեր պարտքը չէ նրա ժառանգությունը դարձնել երկիր մոլորակի սեփականությունը:
Չէ՞ որ նա մարգարեաբար գուշակել է քաղաքակրթության այլասերումը և դրա ահարկու վտանգները պատկերագրել, դիցուք, հետևյալ գործերում` «Պատերազմի արհավիրքը», «Կիբեռնետիկայի մուսան» և «Հարություն»: Այս գործերում անգամ անզեն աչքով տեսանելի է ողջ 20-րդ դարը և հատկապես 21-րդ դարի առաջին քառորդը: Ավելին ասենք` տեսանելի է քղաքակրթության ապագան, մարդկային ցեղի հնարավոր վախճանը, եթե...
Նրա մոտ չկան հարցականներ: Առկա են զորավոր բացահայտումներ, բայց արդյոք բանական արարածներն այսօր ունա՞կ են ունկնդրել մարգարեներին:
Այնինչ մի առիթով Քոչարը պատգամել է.
«Երբ մարդը կորած է բոլորի համար, նա գտնում է ինքն իրեն... և իր Աստծուն»:
Եթե Քոչարի գրական բանաձևումը գլխավորապես Չարենցն է, ապա նրա երաժշտական ալեկոծումներում և Բախ է հնչում հզոր երգեհոնով, և Կոմիտաս, և ջազ կա այնտեղ, և ջանգյուլումներ:
«ԸՆՏԱՆԻՔ-ՍԵՐՈՒՆԴՆԵՐ»
Կերտել է 1925-ին: Հայոց ցեղի ծագումնաբանությունն է այստեղ պատկերագրված: Մի՞թե ընտանիքի մայրը Ծովինարը չէ, հայրը` Վահագն Վիշապաքաղը, պապը` Հայկ Նահապետը, արու զավակը` Հայության հավերժության առհավատչյան:
Նրա արարումների վաղ շրջանում գրաֆիկական փայլատակումները շատ են:
Ահա երկու գործ` «Ծխամորճով տղամարդը» (թուղթ, մատիտ, 17,5X12,5, 1926 թ.) և «Կոմպոզիցիան» (թուղթ, խառը տեխնիկա, 16X10, 1926 թ.): Արդյոք գեղարվեստական աղերսներ չունե՞ն մեր օրերի հետ:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հրապարակագիր
Հ.Գ. «Կերպարվեստի Արարատ երկրում» խորագիրը երկրի քաղաքացիներին է ներկայացնում մի նախաձեռնություն: Այն է` Երվանդ Քոչարին հանդիսավոր պայմաններում արտաշիրիմել Երևանի քաղաքային պանթեոնից և հուղարկավորել Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում: