Նորվեգացի բևեռախույզ, օվկիանոսագետ, ֆիզիկական օվկիանոսագիտության հիմնադիր, մարդասեր և հասարակական-քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները:
Նանսենը ծնվել է 1861 թվի հոկտեմբերի 10-ին՝ Քրիստիանայում (Նորվեգիա, Օսլո)։
Նանսենի հասարակական գործունեության մեջ կարևոր տեղ է գրավել հայանպաստ աշխատանքը, ջանքերը հայ գաղթականների դրության բարելավման համար: Նա խստագույնս դատապարտել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանությունը: Նանսենը մեծապես օգնել է գաղթականներին. բազմահազար հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագրեր», որը մասամբ թեթևացրել է նրանց դրությունը: Առաջարկել է պայմաններ ստեղծել հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան հայրենադարձնելու համար, գլխավորել է հայրենադարձության հանձնաժողովը (1925–29 թթ.):
Նանսենի բազմաթիվ հոդվածներ, զեկուցագրեր, ելույթներ նվիրված են հայ ժողովրդի պատմությանն ու Հայաստանին:
1927 թ-ին նորվեգերեն հրատարակվել է նրա «Հայաստանում» ծավալուն գիրքը, որը թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն` «Հայաստանը և Մերձավոր Արևելքը», գերմաներեն` «Խաբված ժողովուրդ» վերնագրերով:
Ընդ որում, գրքի վրա կարմիր տառերով գրված է` «Մեղադրանք Անտանտի ու Ազգերի լիգայի դեմ»:
Մարդասիրական գործունեության համար 1922 թ-ին Նանսենին շնորհվել է Նոբելյան մրցանակ:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ