Այսօր արագ նշում անելու համար թուղթ էր պետք:
Հին նոթատետրերից մեկը ձեռքս ընկավ:
Նշումն անելուց հետո, սկսեցի թերթել:
ՈՒ նման պրոզայիկ-առօրեական նախաբանով... աչքիս ընկան շատ տարիներ առաջ գրած բաներ:
Կարդում եմ ու ասում՝ ա՛յ քեզ բա՜ն...
Գինին քացախ դարձավ ու ջուր,
Ապականվեց մեռոնը հին,
Տառապանքներն անցան իզուր,
Դուռ չբացվեց վերջին պահին:
Ի՞նչ եք միմյանց հար հոշոտում,
Խղճմտանքի կարոտ խեղճե՛ր,
Անիծու՞մ եք, թե՞ աղոթում,
Ոսկի հորթի մռայլ հարճե՛ր:
Շլացել եք դափ ու ծափից,
Կեռմաններն են դարձել փական,
ՈՒշքի՛ եկեք այդ մրափից,
Փնտրեք Տաճար տանող ճամփան:
Գտնե՛նք Տաճար տանող ճամփան,
Էլ չշեղվենք Լույսի ուղուց,
Որ երկիրը արքայական,
Չդարձնենք սև մահախուց:
Էսպիսի բաներ, բանից պարզվում է...
Չե՛մ ասի, թե՝ ա՛յ, սիրտս մի բան վկայում էր, այան-բույան... Պարզապես գրել եմ:
Եղել է ինչ-որ զգացողություն, որն արտացոլվել է:
Ոչ բացատրելու է, ոչ էլ դրա կարիքը երևի կա:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ