Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Երևանում է, այցն ունի խիստ որոշակի նպատակ և կապված է Գյումրիում տեղի ունեցած աննախադեպ ոճրագործության, ավելի ստույգ՝ դրա քննության հետ: Թերևս Ռուսաստանում էլ են հասկացել, որ Հայաստանի հասարակությունը կասկածի տակ է դնում քննության օբյեկտիվությունը՝ Պերմյակովին Ռուսաստանի իրավազորությանը թողնելու պարագայում, ու հիմա փորձում են ձեռնարկել քայլեր իրավիճակը շտկելու կամ մեր հասարակությանը հանգստացնելու համար: Ես անձամբ գրեթե բացառում եմ, որ Մոսկվան հանցագործին հանձնի մեր իրավապահներին: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ այս մասին գրելու: Նախ` նման քայլը հակասում է կայսերական քաղաքականության տրամաբանությանը, և հետո՝ ռուսական իշխանություններն ինչ-որ բան թաքցնելու, «խմբագրելու» ցանկություն ունեն: Գուցե դա չի վերաբերում սպանությունների բացահայտմանը և ավելի շատ առնչվում է խնդիրների, որոնք ասոցացվում են ռազմաբազայում տիրող անբարենպաստ վիաճակի հետ: Այնուամենայնիվ, ինչ-որ բան թաքցվում է, ու այդ համատեքստում մեր հասարակության կասկածները միայն խորանում են, տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան ստանձնել է ոճրագործի խնամակալությունը: Գուցե դա էմոցիոնալ կամ սուբյեկտիվ ընկալում է, բայց կատարվածն այնքան ողբերգական է՝ թե կորստի, թե ազգային արժանապատվության նսեմացման տեսակետից, որ ժողովրդին մեղադրել չի կարելի: Ահա այս խճանկարն ավելի է ընդգծում Ալեքսանդր Բաստրիկինի այցի հանգամանքը: Այսօր Երևան ժամանած բարձրաստիճան հյուրն արժանացել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի ընդունելությանը: Սակայն նույնիսկ այս հանդիպումը և դրան հաջորդող տեղեկատվությունը լույս չեն սփռում հիմնական հարցերի վրա՝ ո՞ր երկրի իրավապահ մարմինները և ի՞նչ օրենքներով են վարելու քննությունն ու դատավարությունը: «Ա. Բաստրիկինը նաև վստահություն է հայտնել, որ այս գործով Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության և արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայությունը»,- կարդում ենք Սարգսյան-Բաստրիկին հանդիպման մասին պատմող հաղորդագրության վերջին պարբերությունում: Թվում է՝ Հայաստանի հասարակությունը պետք է բավարարված լինի. ոճրագործը մնալու է Հայաստանում ու դատվելու է այստեղ, սակայն պաշտոնական ձևակերպումը հիմք չի տալիս ենթադրելու, որ սպանությունների մեջ մեղադրվողը հանձնվում է Հայաստանի իրավազորությանը, ավելի շուտ հակառակը՝ քննությունն ու դատավարությունը իրականացնելու են Ռուսաստանի պատկան մարմինները, մերոնք միայն օժանդակելու են: Հրապարակային դատը Հայաստանում անցկացնելու լուրն ինչքանով կբավարարի մեր հասարակությանը՝ ցույց կտա ժամանակը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ