Պատմությունից հայտնի է, որ քաղաքական մոնստրները կործանվում են երկրորդը չլինելու մոլուցքից, իրենցից դուրս ոչ մեկին չնկատելու հիվանդագին ախտից:
Սեփական անձի առաջնորդամոլությունը, իրենցից բացի բոլորին բացառելու քաղաքական անհեթեթությունը, որևէ կերպ չսանձվող սեփական հնարավորությունները գերազանցող հավակնությունը՝ մեծ հաշվով ավարտվում է նրանով, որ մերժելով այլընտրանքի գաղափարն ի սկզբանե, մոնստրներն իրենց քաղաքական վարքագծով առաջ են «այդ այլընտրանքը դարձյալ ես եմ» հակաքաղաքական թեզը՝ վերջնարդյունքում իրենց հետ խորտակման տանելով նաև նրանց, ովքեր հավատում են իրենց:
Ինչ խոսք, իշխանության համար պայքարը հզորների արտոնությունն է, չնայած նրան, որ ամեն մեկն իր հերթին յուրովի իր պատկերացումներին համահունչ է ընկալում ու գործի դնում այդ հզորություն կոչվածը՝ «հանուն ժողովրդի»…
Ժողովրդին հանգիստ թողնենք՝ խոստովանելով հանդերձ, որ վերջինի լռությունը, անտարբերությունը երբևէ հորինված ամենավտանգավոր զգացողությունն է, որից սկսվել է հայրենիքի փլուզումը: