Մեր քաղաքական մրցակիցները, կանխազգալով իրենց քաղաքական առևտրի ձախողումը, սկսել են դիմել հակաքարոզչական այնպիսի հնարքների, որոնք ոչ միայն ցածրաճաշակ են և անբարո, այլև զավեշտալի մեղադրանքներ են պարունակում իրենց մեջ:
Կասկածելի համբավի, օդիոզ մի շարք զլմներ և նույն շրջանակները սպասարկող ֆեյքեր բացահայտ անցնում են բարոյականության սահմանները:
Օրինակ, մեզ մեղադրում են ստվերային տնտեսության մեծ հատվածի համար, մոռանալով, որ 12 բուհ 1000 խոշոր հարկատուների ցանկում ավելի շատ հարկ են մուծում, քան հայտնի տնտեսվարողի հայտնի ձեռնարկությունները:
Մեզ մեղադրում են մարտի 1-ի մեջ, մոռանալով իշխանական բուրգի այդ օրերի կառուցվածքը և իրավասությունները:
Մեզ մեղադրում են հայ-թուրքական արձանագրությունների համար, մոռանալով թե երբ են մեկնարկել հայ-թուրքական փակ խորհրդակցությունները, ինչ ճանապարհով էին ընթանում այդ ժամանակ և ովքեր են եղել հիմնական բանագնացները:
Մեզ մեղադրում են Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների ձգձգման համար, մոռանալով, թե երբ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից:
Այս շարքը կարելի է շարունակել, համեմատական վերլուծության դաշտում ի ցույց դնելով ոմանց համար դառը իրականությունը:
Հ.Գ. Ինչպես ասում էին հին չինացիները, քամի ցանողը կարող է փոթորիկ հնձել: