Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Վերջին և վճռական մարտն ընդդեմ վարդերի հեղափոխության առաջնորդի

Վերջին և վճռական մարտն ընդդեմ վարդերի հեղափոխության առաջնորդի
31.03.2009 | 00:00

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ՞ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Գարնան այս երեք ամիսները կարող են շատ նշանակալից դառնալ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների իշխանական համակարգերի հետագա ճակատագրի առումով։
Եթե մարտին բավական հաջողությամբ և միջազգային հանրության լոյալության պայմաններում Ադրբեջանի նախագահ Ալիևը կարողացավ իրականացնել իր ցկյանս նախագահության հանրաքվեն, ապա ապրիլը վճռորոշ է լինելու վրացական ընդդիմության գործողությունների առումով։ Դե, իսկ մայիսին Հայաստանում ընդդիմությունն առնվազն ակնկալում է սկսել իշխանության համար պայքարի «երկրորդ սերիան»։
Վրաստանի անկախության օրը` ապրիլի 9-ին, վրացական ընդդիմությունը մտադիր է սկսել «աշխատավորների գարնանային հարձակումը» ատելի իշխանության վրա։ Արդեն այսօր, բողոքի ակցիաների նախաշեմին, Վրաստանի 13 ընդդիմադիր կուսակցությունները ստորագրել են համատեղ միասնության մանիֆեստ։ Նրանք մտադիր են հասնել նախագահ Սաակաշվիլու հրաժարականին և արտահերթ նախագահական ընտրությունների նշանակման։ Ինքը` Սաակաշվիլին, կտրականապես համաձայն չէ այսպիսի հարցադրմանը, ինչն ապացուցում է խոսքով և գործով։ «Իմ լիազորությունների ժամկետը լրանում է 2013-ի սկզբին, և ես մտադիր չեմ վաղաժամկետ հրաժարական տալ»,- հայտարարել է Վրաստանի նախագահը և որպես իր վճռականության հավաստում` հրահանգել ընդդիմադիրների նոր ձերբակալություններ։ Անցած շաբաթ Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալեց «Ժողովրդավարական շարժում հանուն Վրաստանի» կուսակցության մի շարք առանցքային դեմքերի, ըստ շրջանառվող լուրերի, «կոմպրոմատներ» են նախապատրաստվում նույնիսկ կուսակցության նախագահ և Սաակաշվիլու նախկին համախոհ Նինո Բուրջանաձեի դեմ։
Ընդդիմությունը պնդում է, թե ակտիվիստների ձերբակալումը կրում է զանգվածային և սադրիչ բնույթ, ու որպես ապացույց բերվում է այն փաստը, որ Բաթումում Բուրջանաձեի կուսակցության Աջարիայի տարածքային կառույցի ղեկավարին ձերբակալել է ոչ թե տեղական ոստիկանությունը, այլ Թբիլիսիից եկած հատուկ ջոկատը։ «Գրեթե միաժամանակ նույնպիսի ձերբակալություններ են սկսվել Թբիլիսիում, և բոլոր ձերբակալվածներին ներկայացված է անօրինական զենք պահելու մեղադրանք»,- հայտարարել է վերոհիշյալ կուսակցության մամուլի քարտուղար Մայա Բիգվավան։ Նինո Բուրջանաձեն իր հերթին կոչ է ուղղել համախոհներին, թե պետք չէ զարմանալ, եթե ոստիկանությունն իր մոտ էլ գտնի ատոմային կամ քիմիական զենք ու թմրանյութեր։ Բուրջանաձեի ամուսինը` պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Բադրի Բիցաձեն, հայտարարել է. «Ես մանկությունից գիտեմ սրիկա Սաակաշվիլուն։ Եվ ինձ ոչ թե ձերբակալել, այլ գնդակահարել է պետք այն բանի համար, որ այդքան ժամանակ կանգնած եմ եղել նրա կողքին»։ Ինքնաձաղկման այսպիսի դրսևորումները ևս յուրօրինակ ցուցանիշ են, որ ընդդիմությունը որոշել է «վերջին և վճռական մարտը տալ ընդդեմ վարդերի հեղափոխության առաջնորդի»։
Վրաստանի ՆԳՆ-ն, բնականաբար, պնդում է, որ իր գործողություններում քաղաքական ենթատեքստ չկա, և որպես ապացույց ներկայացրեց ձայնագրություն, ուր ինչ-որ մարդիկ պայմանավորվածություն են ձեռք բերում զենք գնելու վերաբերյալ։ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի ՈՒգուլավան շտապեց հայտարարել, որ կարգ ու կանոնի և խաղաղության պահպանումն ամենակարևորն է, ապակայունացումից կօգտվեն միայն Վրաստանի թշնամիները։ Սցենարի շարունակությունը չափազանց ծանոթ էր, քանի որ միանգամից հայտնվեցին վրացական մշակույթի մի շարք հեղինակավոր գործիչներ, ովքեր կոչ արեցին ընդդիմությանն ու իշխանություններին` «բանակցություններ սկսել քաղաքական լարվածության էսկալացիան կանխելու համար»։
Վրաստանի նախագահն էլ, արձագանքելով նրանց, ընդդիմությանը երկխոսության կոչ ուղղեց հետևյալ բովանդակությամբ. «Հիմա արմատականության ժամանակը չէ, այլ երկխոսության։ Անկարգությունների պահը չէ ու հակադրության, մեզ միասնություն է անհրաժեշտ»։ Ընդդիմությունն ի պատասխան հայտարարեց, թե այդպիսի առաջարկությունը վիրավորական է, քանզի երկխոսության բոլոր հնարավորությունները սպառված են, և ընդդիմադիրները կշարունակեն պայքարը «անգամ մերկ ձեռքերով»։
Վրաստանի նախկին նախագահ Է. Շևարդնաձեն էլ կարծում է, թե երկրում իրավիճակը չափազանց լարված է, բայց միաժամանակ համարում է, որ ընդդիմությունը «չպետք է հուսա, որ եթե նույնիսկ բողոքի ակցիաներն ապրիլին տևեն 10-15 օր և անգամ ամիս, ապա Սաակաշվիլին հրաժարական կտա»։ Սակայն ընդդիմությունը պնդում է, որ նախագահի ու նրա գլխավորած «Ազգային շարժում» կուսակցության վարկանիշը խիստ ցածր է։ «Գելափ» ամերիկյան հետազոտական ընկերության անցկացրած հարցումների համաձայն, Թբիլիսիում նախագահն ունի 11 տոկոս վարկանիշ, սակայն ամենակարևորը երկրի քաղաքացիները համարում են այն, որ արտաքին պատերազմ չլինի։ Միաժամանակ տարբեր վերլուծաբաններ և փորձագետներ կարծում են, որ ներկա իրավիճակում իշխանությունը Վրաստանում օրեցօր ավելի է վերածվում Սաակաշվիլու անձնական ռեժիմի, ուր ժողովրդավարության քողը պահպանվում է միայն արտաքին աշխարհում հեղինակությունը վերջնականապես չկորցնելու համար։ Միաժամանակ իշխանությունը ձեռնարկում է որոշ պոպուլիստական քայլեր, հայտարարելով «դեմոկրատացման երկրորդ փուլի» մասին և այդ ալիքի տակ կառավարությունից հեռացնելով ժողովրդականություն չվայելող չինովնիկներին։ Եվ այս ամենը տեղի է ունենում «Ռուսաստանի կայսերապետական դավադրությանը» դիմակայելու հայտնի քարոզչական խորապատկերի վրա, երբ հասարակ քաղաքացուն կոչ է արվում դիմանալ մինչև Վրաստանի վերջնական միավորմանը քաղաքակիրթ արևմտյան աշխարհին։ Մյուս կողմից էլ, քանի որ գործող նախագահն իրեն, այսպես ասած, երաշխավորել է որպես արյունահեղությունից չվախեցող մարդ, կարելի է կանխատեսել, որ ընդդիմության բողոքի անժամկետ ակցիաների հեռանկարը նրան առանձնապես չի վախեցնում։
Այսպիսով, դժվար է ասել, թե Վրաստանի ազգաբնակչության լայն զանգվածները, իսկապես, աջակցում են «Միշա, հեռացի՛ր» կարգախոսին։ Սակայն վրացական ընդդիմությունը, ամեն ինչից զատ, լրջորեն մտադիր է իր զինանոցում ընդգրկել նաև նախագահի դեմ աշխատող արտաքին քաղաքական ռեսուրսները։ Հավանաբար պատահական չէ, որ Բրյուսելում տեղի ունեցող միջազգային ֆորումի ժամանակ, ինչպես նաև «Financial Times»-ի հետ հարցազրույցում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս հայտնեց, որ Վրաստանում իշխանափոխություն տեղի կունենա։ Խուսափելով ուղղակի բնորոշումներից, Լավրովը կարծիք է հայտնել, թե Վրաստանում Սաակաշվիլուն հեռացնելու հարցը «պետք է լուծի վրաց ժողովուրդը» և, այնուհանդերձ, չի թաքցրել, թե Մոսկվան, նախկինի պես, Սաակաշվիլու հետ երկխոսությունը համարում է անհնարին։ Բնութագրական էր նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը, ուր մասնավորապես նշված էր. «Ցավոք, վերջին տարիներին ռուս-վրացական հարաբերությունների բազմադարյան պատմությունը, բարիդրացիության և բարեկամության ավանդույթները հաճախակի են խեղաթյուրվում։ Երբեմն նույնիսկ վերաշարադրվում են առանձին քաղաքական գործիչների կոնյունկտուրային ձգտումներից ելնելով»։
Ռուսական այս «ծղոտից բռնելու» ձգտումն անմիջապես դրսևորվեց վրացական ընդդիմության շարքերում։ Ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության ղեկավար և երկրի նախագահի նախկին թեկնածու Շալվա Նաթելաշվիլին «ձիու քայլ» կատարեց, հայտարարելով. «Եթե մենք Ռուսաստանին տանք քաղաքական երաշխիքներ, որ Վրաստանը չի դառնա ՆԱՏՕ-ի պլացդարմ, և հրաժարվենք դաշինքին անդամակցելուց, Ռուսաստանն աստիճանաբար հետ կվերադարձնի մեր տարածքները»։ Նույնիսկ Կրեմլի նկատմամբ իր կոշտությամբ հայտնի Նինո Բուրջանաձեն է դարձել լոյալ ու փաղաքուշ և այսօր այլևս համարում է. «Ռուսաստանի հետ պետք է խոսել, որքան էլ դա բարդ լինի։ Ես համարում եմ, որ այն ոճը, որ մենք որդեգրել ենք Ռուսաստանի նկատմամբ, և որին ես նույնպես որոշ չափով մասնակցել եմ, արմատապես սխալ է»։ Դրան զուգահեռ, ընդդիմադիրները մեղադրում են իշխանություններին, թե վերջիններս Վրաստանի ամբողջ էներգահամակարգը վաճառել են ռուսական ընկերություններին ու քննադատում են կառավարությանը` «Ինտեր ՌԱՕ» ռուսական ընկերության հետ Ինգուրիի ՀԷԿ-ի համատեղ կառավարման վերաբերյալ հուշագրի ստորագրման համար, չնայած Վրաստանի համար կարևորագույն տնտեսական նշանակություն ունեցող այդ ՀԷԿ-ը գտնվում է վրաց-աբխազական հակամարտության գոտում։
Ընդդիմությունը միաժամանակ հուսով է, որ Արևմուտքն էլ դժգոհ լինելով Սաակաշվիլուց` ակտիվորեն կաջակցի Վրաստանում իշխանափոխությանը։ Բայց սա կարծես չափազանցությունների ոլորտից է, որովհետև քննադատությամբ հանդերձ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Եվրոպան տարածաշրջանում աշխարհաքաղաքական բաժանումների այս փուլում հազիվ թե շահագրգռված լինեն Վրաստանի ապակայունացմամբ։ Մանավանդ եթե Արևմուտքում տպավորություն ստեղծվի, որ Վրաստանի նախագահը ռուսական դավադրության զոհ է, Սաակաշվիլին ոչ միայն ԱՄՆ-ից աջակցություն կստանա, այլև սպասվող փոփոխությունները ռուս-ամերիկյան հարաբերություններում հարցականի տակ կդրվեն։ Պատահական չէ, որ Մեթյու Բրայզան վերջերս հայտարարեց. «Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև ակտիվ երկխոսությունը միայն կարող է օժանդակել երկրում ժողովրդավարության զարգացմանը և նախագահական ընտրությունների անցկացմանը սահմանված ժամկետում` 2013 թվականին»։ Այլ կերպ ասած, ամերիկյան դիվանագետը խորհուրդ է տալիս վրացական ընդդիմությանն առայժմ անցնել «ընդհատակ» և միաժամանակ հայտարարում, թե բազմակարծության առկայությունը նորմալ երևույթ է, և դա էլ հենց նշանակում է ժողովրդավարություն։ Դժվար է ասել, թե Վաշինգտոնի այս դիրքորոշումը որքան հետևողական կլինի, բայց ակնհայտ է վրացական ընդդիմության որոշակի շփոթվածությունն ու անվստահությունը, ինչն էլ, թերևս, վկայում է, որ օվկիանոսի այն կողմից ֆինանսավորումն առայժմ «բացված» չէ։
Ռուսաստանն իր հերթին Վրաստանի հետ հարաբերություններն այլ կերպ չի պատկերացնում, քան ռուսական գեներալ-նահանգապետի նշանակում Թբիլիսիում։ Եվ եթե Մոսկվան որոշի աջակցել վրացական ընդդիմությանը, ապա միայն երկրի ներքին վիճակն ապակայունացնելու և Սաակաշվիլու վարչակազմն է՛լ ավելի վարկաբեկելու համար։ Արդեն այսօր ԶԼՄ-ներում «կանխատեսումներ» կան, թե ապրիլի 9-ին դեպքերը Թբիլիսիում կզարգանան փոխադարձ բռնության դրսևորումներով։ Սակայն «գարնանային հեղափոխությունը» Վրաստանում, ամենայն հավանականությամբ, կանխավ տապալված է և հազիվ թե տարածում գտնի Ռուսթավելու պողոտայից այն կողմ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2716

Մեկնաբանություններ