Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ցանկացած ձևաչափ լիարժեք չի լինելու, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին»

«Ցանկացած ձևաչափ լիարժեք չի լինելու, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին»
30.09.2008 | 00:00

«ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ ՈՐԵՎԷ ԱՆՍՈՎՈՐ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ ԵՍ ՉԵՄ ՆԿԱՏՈՒՄ»
«Իրավունքը de facto»-ի բլից-հարցերին բլից-պատասխաններ է տալիս ԼՂՀ նախագահ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ
-Պարոն Սահակյան, խոսենք Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներից, անդրադառնանք հատկապես եռակողմ` Նալբանդյան-Բաբաջան-Մամեդյարով հանդիպմանը։
-Խոսքն ընդամենը երկխոսության մասին է, և մենք կողմնակից ենք, որ նման քաղաքակիրթ երկխոսություն ծավալվի, քանի որ նման մոտեցումները հնարավորություն կտան, որ տարիների ընթացքում կուտակված հարցերը լուծումներ գտնեն: Այս առումով, իհարկե, ողջունելի է այդ երկխոսությունը, որը կբերի, ինչու չէ` նաև ցեղասպանության ճանաչման, Ղարաբաղի հարցի արդարացի լուծման: Ի դեպ, մեր տեսակետը մենք հայտնել ենք առաջին իսկ պահից, երբ Թուրքիայի հետ, այսպես ասած, «մերձեցման» քայլեր էին սկսել իրականացվել:
-Վրաստանյան դեպքերից հետո, երբ տարածաշրջանում ստատուս-քվոյի տեղաշարժ տեղի ունեցավ, տպավորությունն այնպիսին է, որ Ղարաբաղը կրկին հայտնվել է միջազգային հանրության սևեռուն ուշադրության կենտրոնում: Այս անգամ, ճիշտ է, չի խոսվում ահավոր «բաց պատուհանների» մասին, սակայն սողացող արագ ու դինամիկ պրոցեսներ են ընթանում: Առաջիկայում տեսնո՞ւմ եք հարցը այս կամ այն կերպ լուծելու հնարավորություն:
-Հարցը, անշուշտ, իր լուծմանն արժանանալու է, ի վերջո: Հիմնախնդիրը միշտ է եղել միջազգային ուշադրության կենտրոնում: Իհարկե, ժամանակ առ ժամանակ լինում են ակտիվ և կամ պասիվ փուլեր, սակայն այս փուլում որևէ անսովոր ակտիվացում ես չեմ նկատում:
-Քաղաքական հակոտնյա ուժեր, ինչպիսիք Հայ ազգային կոնգրեսն ու Հայ հեղափոխական դաշնակցությունն են, չեն ընդունում վերը նշված եռակողմ` Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա բանակցային ձևաչափը, համարելով այն «2:1»-ի դեմ ձևաչափ` ի վնաս Ղարաբաղի:
-Ցանկացած ձևաչափ լիարժեք չի լինելու, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին: Հետևաբար, երբ վաղը վերականգնվի ԼՂ-ի մասնակցությունը բանակցություններին` լիարժեք ձևով, այդ ժամանակ նոր կարելի է խոսել լուրջ բանակցությունների ու արդյունքների մասին:
-Ո՞ր մոտ ժամանակներում կտեսնենք Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ. հայտարարություններից այն կողմ այս խնդրում որևէ տեղաշարժ չի նկատվում:
-Ժամանակի հարց է: Իսկ համոզվածությունը մեկն է` վաղ թե ուշ մենք ունենալու ենք նման կարգավիճակ` հարցը վերջնական լուծման տանելու համար:
-Լուծումներից ո՞րն է Ձեզ համար ամենացանկալին` անկախության ճանաչո՞ւմ, թե՞ Հայաստանի հետ միավորում:
-Միշտ պնդել և պնդում ենք` մեր երկրի անկախության ճանաչում` միջազգային հանրության կողմից:
-Եվ վերջում՝ օրերս «ԲԻ-ԲԻ-ՍԻ»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր. եթե Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղը մնա իր կազմում, թող այնտեղ ներդրումներ անի: Այս «միտքը» մեծ տարընթերցումների տեղիք տվեց մեզանում։ Ղարաբաղում ինչպիսի՞ն է մոտեցումը:
-Գիտե՞ք, դա լրագրողների, այսպես ասած, «արհեստավարժության» արդյունքն է: Սերժ Սարգսյանը մի միտք է ասել, որից հանել են տարբեր բառակապակցություններ և վերջում ներկայացրել են ոչ հիմնական միտքը: Առաջին դեպքը չէ, որ մենք նման երևույթների հետ ենք գործ ունենում:
Ճեպրազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 4343

Մեկնաբանություններ