Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Էս մեր պառլամենտում և կառավարությունում բոլորն իրենց կանանց են սիրում` հավիտյանս հավիտենից

Էս մեր պառլամենտում և կառավարությունում բոլորն իրենց կանանց են սիրում` հավիտյանս հավիտենից
07.04.2009 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԿԱ»
ՄՈՒՐԱԴ ԳՈՒԼՈՅԱՆ (ԱԺ պատգամավոր)
-Պարոն Գուլոյան, կանանց միամսյակ է, Ձեզ համար ո՞ր տոնն է առավել նախընտրելի` Մարտի 8-ը, թե՞ Ապրիլի 7-ը:
-Ապրիլի 7-ը: Որովհետև մայրական տոն է: Մարտի ութն ավելի շատ գալիս է սովետական ժամանակներից:
-Սովետական մարդ չե՞ք:
-Սովետական եմ։ Սովետական եղել ենք, հիմա էլ ենք սովետական:
-Բա ինչո՞ւ չեք սիրում սովետական տոնը` «ա»: Եվ «բ». չե՞նք զարգացել-անկախացել:
-Զարգացած եղել ենք, զարգացած մնում ենք։ Զարգանալու կարիք չունենք:
-Բա սովետակա՞նը: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, համ էլ հավաստի աղբյուրները պնդում են, որ Սովետական Միությունն էլ չկա՜:
-Սովետական Միությունը չկա, բայց սովետական մենթալիտետը մինչև հիմա կա:
-ՈՒմ մո՞տ:
-Ո՞Ւմ մոտ. այն «պակալենյայի», որն անցել է էդ դպրոցը:
-Դա չարի՞ք է, թե՞ բարիք:
-ՈՒնի իր դրական և բացասական կողմերը:
-Վերադառնանք օրվա խորհրդին: Դուք երևի չեք սիրում, հա՞, Կլարա Ցետկինին` լինելով սովետական մարդ, որ չեք հավանում Մարտի 8-ը:
-Ի՞նչ նկատի ունեք, որ ասում եք` չեք սիրում:
-Ջերմ սերը:
-Ջե՞րմ... չէ՜ երևի:
-Կլարան Ձեզնից շա՜տ կնեղանա:
-Չէ, կանանց միշտ եմ սիրում, ջերմ եմ ընդունում, բայց ինձ համար ավելի ընդունելի է Ապրիլի 7-ը:
-Եթե կարելի է` ի՞նչ եք նվիրել Ձեր տիկնոջը, ի՞նչ եք պատրաստվում նվիրել. թե՞ չեք նվիրում:
-Ես, անկախ տոներից, միշտ էլ նվերներ եմ անում իրեն: Ամենից շատ սիրում եմ ծաղիկներ նվիրել:
-Խնամոնց էլ` ծաղիկնե՞ր:
-Այո՛:
-Ոնց էլ չեն նեղանում. «պադումայեշ»` ծաղիկներ:
-Ծաղիկն ամենագեղեցիկ նվերն է աշխարհում:
«ԿԱՆԳՆԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ, ԱՐՏԱՍԱՆԵՄ, ԴՈՒ ԷԼ ՁԱՅՆԱԳՐԵ՞Ս»
ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ԱԺ պատգամավոր)
-Պարոն Մանուկյան, Ապրիլի 7-ն ե՞ք նախընտրում, թե՞ Մարտի 8-ը:
-Երկուսն էլ։ Ես կուզենայի մայիսի 8-ն էլ լիներ տոն, 10-ն էլ, միշտ կանանց տոն լիներ:
-Պահո՜... Ինչո՞ւ: Մեծ նվերնե՞ր եք անում: Եթե կարելի է` ո՞ւմ եք նվերներ տալիս:
-Կնոջս, աղջիկներիս:
-Ճիշտ որ։ Գիտե՞ք, պարոն Մանուկյան, էս մեր պառլամենտում և կառավարությունում բոլորն իրենց կանանց են նվերներ անում, բոլորը, առանց դույզն ինչ բացառության, իրենց կանանց են սիրում, սիրել են, ամուսնացել են, սիրում են և հավիտյանս հավիտենից սիրելու են: Իրենց կյանքում ուրիշ ո՜չ մեկը չկա: Էսպիսի բաներ:
-Չէ, իմ կյանքում ամեն ինչ էլ կա:
-Պահո՜. բացառիկն եք, հա՞։ Իսկ ի՞նչ կա, եթե գաղտնիք չէ:
-Ընկերուհինե՜ր, կոլեկտիվի աշխատողնե՜ր:
-Եվ բոլորին նվե՞ր եք անում:
-Դե, եթե ուժերս ներում են` անպայման:
-Հարգում եմ Ձեր անկեղծությունը։ Իսկ ընդհանրապես, սիրուն ինչպե՞ս եք վերաբերվում:
-Սիրո՞ւն... Հետաքրքիր հարց է: ՈՒզո՞ւմ եք իմանալ:
-Էն էլ ոնց:
-Ասեմ ազնվորեն` շա՜տ-շա՜տ բարձր:
-Սիրահարված կա՞ք:
-ՈՒզում եք ասել` ջահել ժամանա՞կս:
-Չգիտեմ, սերը տարիք չի հարցնում, սրտային գործեր են։ Ասում են` սիրահարված մարդու ենթագիտակցությունը բացվում է, մարդը բարձրանում է, վսեմանում, անհավատալի լավ բաների ընդունակ դառնում։ Ձեզ հետ արդյոք չի՞ պատահել:
-Բա չի՞ պատահել։ Ի՞նչ է` մենք հո այլմոլորակային չե՞նք:
-Բանաստեղծություննե՜ր եք գրել:
-Է՜դ էլ ենք գրել: Կախվելու աստիճանի բանե՜ր էլ են եղել:
-Վաո՜ւ... Կախվե՞լ եք:
-Չեմ կախվել, կախվելու աստիճանի եմ հասել` սի-րո՜ պատճառո՜վ:
-Մերժվել էիք:
-Եղել են դեպքեր։ Բա հո բոլորը չե՞ն ասել` «հա»:
-Իսկ «կախվելուց» հետո անչա՞ր եք մնացել, թե՞ առայսօր էլ էնպես` լավ չի:
-Ես հիշաչար չեմ ընդհանրապես, մանավանդ կանանց նկատմամբ:
-Իսկ բանաստեղծություննե՞րը. կարդացե՞լ եք իրենց, թե՞ ինքներդ եք գրել:
-Ինքս եմ գրել:
-Վաու, միայն սիրահարակա՞ն, թե՞ ընդհանրապես:
-Ընդհանրապես էլ եմ գրե՜լ:
-Մի բան արտասանեք` լսե՜մ:
-Հիմա՞։ Կանգնեմ խորհրդարանի միջանցքում, արտասանեմ, դու էլ ձայնագրե՞ս: Չի՛ ըլնի:
-Ափսո՜ս: Կարող էիք Ապրիլի 7-ին ինձ նվեր համարել:
-Չէ՜, իմաստ չունի:
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԱՆՑ ԱՐԺԵՔ Է»
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ (ՀՀԿ ֆրակցիայի նախագահ)
-Գրիգորիչ, երբևէ սիրած կա՞ք։ Ի՞նչ է Ձեզ համար սերը:
-Բավականին լուրջ ու ռոմանտիկ կենսագրություն ունեմ այդ ասպարեզում:
-Չե՞ք մանրամասնի:
-Մանրամասնեմ։ Ես ու կինս նույն դասարանում ենք սովորել, հետո միասին ավարտել ենք, միասին էլ ավարտել ենք բուհն ու ամուսնացել ենք:
-Ո՞րն էր էդտեղ ռոմանտիկը:
-Պարզապես, երբ հնարավոր սցենարն ասում եմ` ինչպես է եղել, դրա մեջ հագեցած ռոմանտիկա կա, որ, կարծում եմ, յուրաքանչյուր սիրահարված մարդ կարող է անմիջապես որսալ:
-Բա հազար տարվա այդ ռոմանտիկան Ձեզ լճացման չի՞ տարել:
-Ոչ, չի տարել, որովհետև ես այսօր և՛ տիկնոջս, և՛ որդիներիս, առավել ևս թոռներիս հետ ընկերություն եմ անում, իսկ ընկերությունն անանց արժեք է:
-Մի խոսքով` պատվիրանը չեք խախտել:
-Իհարկե` ոչ:
«ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՍԻՐԱՀԱՐՎԵՑԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ»
ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ (արտակարգ իրավիճակների նախարար)
-Պարոն նախարար, առաջին անգամ ե՞րբ եք սիրահարվել:
-Առաջին անգամ սիրահարվեցի մանկապարտեզում:
-Հաջողեցի՞ք: Այդ տարիքո՞ւմ…
- Ի՞նչ նկատի ունեք:
-Դե` փոխադա՞րձ էր:
-Փոխադարձ էր: Հետո արդեն դպրոցում սիրահարվեցի:
-Իսկ վերջին անգա՞մ:
-Կնոջս:
-Պարզ է` Դուք էլ պատվիրանը չեք խախտել:
-Ինձ համար ընտանիքն անչափ կարևոր արժեք է:
«ԿԻՐՈՎԱԿԱՆՑԻ՜, ԼՈՌԵՑԻ՜, ՋԱՀԵ՜Լ, ՍԻՐՈ՜ՒՆ, ՇՈՐԱՍԱ՜Զ ՎԻԿՏՈՐԸ»
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ (ԱԺ պատգամավոր)
-Իսկ Դո՞ւք, պարոն Դալլաքյան, Դո՞ւք երբ առաջին անգամ սիրահարվեցիք:
-Ես էլ` մանկապարտեզում։ Վեց տարեկան էի, սիրում էի մեր մանկապարտեզի իմ խմբի աղջկա քրոջը, որն ինձանից տասը տարով մեծ էր:
-Ե՞վ:
-Եվ ինքը չգիտեր: Շատ հետաքրքիր պատմություն է. երբ անձրև էր գալիս, իմ մանկապարտեզի խմբի աղջկան հայրն էր բերում, երբ արև էր լինում, քույրն էր բերում: Երբ առավոտները վեր էինք կենում, Աստված էի կանչում, որ արև լինի, որ քրոջը տեսնեմ: Էդ սիրահարվածությունիցս անցել էր մոտ քառասուն տարի: Ուրեմն, Թամազյան Համլետի մոր ծնունդն էր, էդ աղջիկն էլ էր էնտեղ: Ու պատկերացնո՞ւմ եք` սիրո կենացը խմեցին, ես էլ վեր կացա ու ասի իրեն, որ ես Ձեզ սիրել եմ վեց տարեկան հասակում։ Ինքն էնպե՜ս զարմացավ:
-Գիտե՞ք, նման դեպքերում ֆորս-մաժորային իրավիճակներ են առաջանում։ Ե՞վ։
-Ոչ մի բան: Ընդամենն այդքանը:
-Չէ, էն սիրուն պատմությունն էլ պատմեք` «շնուրոկների»:
-Ամե՜ն բան գիտես։ Մե՜ծ սեր էր, որի արդյունքում այսօր ունեմ շատ լավ ընտանիք, շատ հետաքրքիր կին:
-Չէ՛, պատմեք:
-Կնոջս հետ ծանոթացել եմ պատմության ինստիտուտում։ Միասին էինք աշխատում, հետո նա գն-աց Մոսկվա, ինքը էնտեղ ասպիրանտ էր։ Դե, ընկերություն էինք անում, այնտեղից զանգեց-խնդրեց, թե մորաքույրս (ծեր կին էր) պետք է Երևանից ծանրոց ուղարկի, իմ կոշիկներն են մեջը, էստեղ արդեն ցուրտ է, խնդրում եմ` ուղարկեք (հետս «Դուք»-ով էր խոսում)։ Գնացքով ուղարկեցի, հետո զանգեց, շնորհակալություն հայտնեց, ասաց. «Գիտե՞ք, մորաքույրը կոշիկների շնուրոկները մոռացել-չի ուղարկել...»։ Ես գնացի, շնուրոկները վերցրի, զանգեցի իրեն, ասի` գնացքով եմ ուղարկում, եղիր Մոսկվայի կայարանում, էսինչ ժամին, կվերցնես: Գնացքը գնում է երկո՜ւ օր:
-Ի՜հ, պարոն Դալլաքյան, լավ չեք պատմում, ես շարունակեմ։ Եվ, ուրեմն` նա ձմռան այդ ցուրտ օրը միայնակ եկավ կայարան, Երևանից եկող գնացքը` չըխկ-չըխկ, չըխկ-չըխկ` կառամատույցի մոտ կանգնեց։ Շչակը հոգի կեղեքելով շաչում, միայնություն էր տարածում, մեկ էլ գնացքի դռների մեջ` կիրովականցի՜, լոռեցի՜, ջահե՜լ, սիրո՜ւն, շորասա՜զ Վիկտորը` շնուրոկները ձեռը խելահեղ երջանկությամբ թափահարում ու ձայն էր տալիս է իր ապագա հարսնացուի՜ն:
-Այ «մեռնես» դու, այ «մեռնես»...
«ԱՊՐԻԼԻ 7-Ը ՄԻ ՔԻՉ ՏԵՐՏԵՐԱԿԱՆ Է, ԷԴ ԷԼ ԻՆՁ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ Է»
ԱՐՏՅՈՄ ՔՈՒՇԿՅԱՆ (առողջապահության նախարար)
-Պարոն Քուշկյան, որպես տոն կարևորում եք Մարտի 8-ը, թե՞ Ապրիլի 7-ը:
-Մարտի 8-ը:
-Ինչո՞ւ:
-Դե, ավանդաբար միշտ նշել ենք Մարտի 8-ը, դրա համար։ Ես շնորհավորել եմ տատիկիս, մայրիկիս, կնոջս, դրա համար այդ տոնն եմ սիրում:
-Դուք ավանդապա՞շտ մարդ եք:
-Իհարկե:
-Իսկ գիտե՞ք, որ Ապրիլի 7-ն ահավոր մեծ խորհուրդ ունի: Այն Ավետման օրն է։ Ավետվեց, որ Հիսուսը պետք է ծնվի:
-Չէ, ինձ դուր է գալիս Մարտի 8-ը, ապրիլի 7-ը մի քիչ տերտերական է, բայց ոնց որ` չէ։ Էդ էլ ինձ համար հոգեհարազատ է. բայց ավելի հոգեհարազատը Մարտի 8-ն է:
«ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵԶ ԱՆՉԱՓ ԳԵՂԵՑԻԿ ԿԱՆԱՉ «ՏՅՈՒԼՊԱՆՆԵՐ» ՆՎԻՐԵՑ»
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ (մշակույթի նախարար)
-Տիկին Հասմիկ, Ձեզ համար Մարտի 8-ն է տո՞ն, թե՞ Ապրիլի 7-ը:
-Անկեղծ ասած` ինձ համար տոն է այն օրը, երբ ես ծաղիկներ եմ ստանում: Ինձ համար կնոջ նկատմամբ վերաբերմունքի խորհրդանիշը ծաղիկներն են։ Ծաղիկներն այդ օրվա բոլոր հոգսերից քեզ կտրում, երջանկության զգացողություն են պարգևում:
-Արևելյան իմաստնությունն ասում է, որ չի կարելի պոկել ծաղիկը, նա ևս կենդանի էակ է:
-Կարծում եմ` դա, երևի թե, վերաբերում է բնության մեջ աճած ծաղիկներին, ես խոսում էի այն ծաղիկների մասին, որոնք հատուկ աճեցվում են, որպեսզի նվեր դառնան և երջանկության զգացողություն պարգևեն: Ճիշտն ասած, ինքս էլ շատ եմ ըմբոստանում, երբ ճանապարհներին տեսնում եմ, որ մարդիկ անխնա պոկոտում են այդ ծաղիկները:
-Իսկ Դո՞ւք ինչ եք նվիրում այդ օրը:
-Ես սովորաբար չեմ նվիրում:
-«Նախա՞նձ» եք:
-Չէ՜, նախանձ չեմ, չնայած ինձ նվիրած նույնիսկ հազարավոր ծաղիկներից որևէ մեկը չեմ նվիրի ուրիշի։ Եթե մեկի մոտ գնամ` խանութից ծաղիկներ կգնեմ ու կգնամ:
-Ողջ նախարարությունը Ձեզ ծաղիկնե՞ր է նվիրում:
-Չէ՜, առավոտյան արթնանում եմ, և առաջին ծաղիկներն ամուսնուցս եմ ստանում` պարտադիր, տարիներ շարունակ, արդեն 25 տարի առաջին ծաղիկն ինքն է ինձ տալիս:
-Ի՞նչ ծաղիկ է նվիրում:
-Ալ կարմիր վարդեր։ Պարտադիր:
-Իսկ իշխանությունները Ձեզ շնորհավորո՞ւմ են:
-Անպայման:
-Ծաղիկներո՞վ:
-Վարչապետն այս տարի մեզ անչափ գեղեցիկ կանաչ «տյուլպաններ» նվիրեց` երեք հատ, ու այդ քչության մեջ գունային այնպիսի՜ գամմաներ էին:
-Իսկ նախագա՞հը:
-Նախագահը շնորհավորել է:
-Ոչ մի ծաղիկ:
-Չէ:
-«Պարզ» է:
-Գիտե՞ք, երբ հիշում են քեզ որպես կնոջ, դա արդեն հաճելի է: Ես կարծում եմ` գիտեք, այդ մտազբաղվածության մեջ եթե հիշում են, դա արդեն շատ բան է:
-Կարող էր «հիշողության» գեթ մեկ «տյուլպան» ուղարկել:
-Միշտ չէ, որ ուշադրությունը կոնկրետ առարկայական չափորոշիչ ունի: Երբեմն խոսքն առավել զորեղ ազդակ է:
-Դե, եթե ընդունենք, որ այն նաև «ի սկզբանե» է, ապա` միգուցե: Իսկ Դուք շնորհավորե՞լ եք վարչապետի և նախագահի տիկնանց:
-Ո՜չ։ Գիտե՞ք, այդ օրը դու սովոր ես, որ քեզ շնորհավորեն:
-Եվ վերջապես դառնանք օրվա լույս ու սուրբ խորհրդին։ Ինձ համար Ապրիլի 7-ը` Ավետման այս տոնը, անչափ մեծ ու սիրելի է։ Այսօր հրեշտակը հայտնվեց կույս Մարիամին և ավետեց կանանց մեջ օրհնյալին` որդի կծնես, նրա անունը կլինի Էմանուել, ու նա կփրկի աշխարհը մեղքից... Երաժշտության պես է, չէ՞, հնչում:
-Երաժշտության պե՜ս է հնչում:
Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2806

Մեկնաբանություններ