ԶՈՒՐ ՋԱՆՔԵՐ
Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր վրա է վերցրել իշխանական բուրգի վերին հարկաբաժինները «սեփական» մարդկանցով համալրելու անշնորհակալ գործը։ Ինչու անշնորհակա՞լ։ Որովհետև շախմատային ֆիգուրների նման վարչական ապարատի խաղատախտակի վրա մարդկանց տեղաշարժելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` զոհաբերելը, համաձայնեք, բնավ էլ շնորհակալ զբաղմունք չէ։ Բայց դե, երբ մեծ խաղի մեջ ես մտնում, բարոյականությանն առնչվող «մանր» հարցերը մղվում են հետին պլան` առաջ հրելով «նպատակն արդարացնում է միջոցները» մաքիավելիական բանաձևումը։ Իսկ որ Հովիկ Աբրահամյանն իրոք մեծ խաղ է սկսել և խիստ հետևողական է այն մինչև վերջ հասցնելու հարցում, կասկածից վեր է։ Փաստորեն, այս երկրում բոլոր առանցքային պաշտոնները նա էն գլխից փորձում է «բրոնյա» անել իր մարդկանց համար և, պահանջվող ճկունությունը ցուցաբերելով, ճիշտ պահին պոկել նախագահ Սերժ Սարգսյանի «դաբրոն»։ Արդեն տևական ժամանակ ԱԺ նախագահը զբաղված է Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի լոբբինգով և աշխատում է վերջինիս շուրջ հասարակական ընկալման բարեհաճ մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ։ Բեգլարյանն էլ, խորհրդարանական մեր աղբյուրի հավաստմամբ, դուրս չի գալիս խոսնակի աշխատասենյակից` լրամշակելով քաղաքապետ կարգվելու «օրենսդրական նախաձեռնության» առանձին «հոդվածներ»։ Ի՞նչ կստացվի Աբրահամյան-Բեգլարյան տանդեմի այս ձեռնարկից, դժվար չէ հասկանալ։ Ոչինչ էլ չի ստացվի, քանզի եթե Կենտրոնի թաղապետի օգտին ԱԺ նախագահն ու մի քանի մականունավոր պատգամավորներ են աշխատում, ապա հանրապետականների, այսպես կոչված, գաղափարական «կորպուսն» աշխատում է ճիշտ հակառակ ուղղությամբ` Սերժ Սարգսյանից պահանջելով «կուլ չգնալ» Հովիկ Աբրահամյանին ու քաղաքապետի պաշտոնը չդարձնել ծաղրի առարկա։ Այլ խոսքով ասած` «չխայտառակել ռեսպուբլիկա»։
Ինչպես փոխանցեց նախագահականի մեր իրազեկ աղբյուրը, գաղափարական կուսակիցների հորդորն ու կադրային բանկին առնչվող սեփական անալիզը նախագահին վերջնականապես կողմնորոշել են այս հարցում և Կենտրոնի թաղապետից Երևանի քաղաքապետ «ձուլելու» աբրահամյանական նախագիծը նա վերջնականապես ու անդարձ «չորով» փակել է։ Տարօրինակն այն է, որ «պալատական» օրենքներին քաջ ծանոթ Բեգլարյանը, սակայն, այս անգամ ոչ մի կերպ չի ուզում համակերպվել սույն իրողության հետ և որոշ թայմաուտից հետո իր «մունետիկներին» կրկին հրահանգել է «ֆայտոն նստած անցնել քուչով», գնալ-մտնել «դուքան ու բաղ» և իրեն քաղաքապետ նշանակելու «հարյուր տոկոսանոց» լուրն ավետել մեծ ու պստիկին։ Էստեղ են ասել` կոտրված սրտի անկապ մխիթարանք։ Իրականում Կենտրոնի թաղապետն ինքն էլ շատ լավ գիտի, որ այս վայ-մունետիկությունից ոչինչ դուրս չի գալու։ «Փեյն ինյութիլ»` կասեին ֆրանսիացիները։ Զուր ջանքեր։
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ