Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մեր նախարարություններում չեն ճանաչում ՀՀ զինանշանը

Մեր նախարարություններում չեն ճանաչում ՀՀ զինանշանը
13.02.2009 | 00:00

ՄԻ ՍԽԱԼԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Վերջին քառօրյայում ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՅԴ խմբակցության անդամների ներկայացրած «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այդ լրացումը ներկայացվել էր 2008 թ. սեպտեմբերի 17-ին։ Հիշեցնենք, որ դրանից մի քանի շաբաթ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փոխել էր խորհրդանշանը, որի հիմքում ընկած էր ՀՀ զինանշանը, որտեղ վահանի փոխարեն պատկերված էր ֆուտբոլի գնդակ։ Դա, իրոք, անարգանք էր մեր պետության խորհրդանիշներից մեկի նկատմամբ և այդ օրերին առաջացրեց հասարակության բուռն արձագանքը։ Հարցն արծարծվեց նաև ԱԺ-ի նիստում, և որպես արդյունք ծնվեց այս նախագիծը։ Բարեբախտաբար, ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակին ընդունեց իր սխալը և հրաժարվեց նոր խորհրդանշանից։
Սակայն այս հրապարակման նպատակն ընդունված նախագծի լուսաբանումը չէ։ Այդ նախագիծը կարող է օգնել վերացնելու «ՀՀ զինանշանի մասին» գործող օրենքի բազմաթիվ խախտումներ։ Եվ խոսքն ինչ-որ մասնավոր կառույցների կամ հասարակական կազմակերպությունների կատարած խախտումների մասին չէ։ Այստեղ գործ ունենք պետական ամենաբարձր մարմինների հետ, որոնք իրենք են կոչված վերահսկելու օրենքները։
2006 թ. հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքի 2-րդ հոդվածում կարդում ենք. «ՀՀ զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են ՀՀ դրոշի գույները»։ Իսկ զինանշանի գունավոր պատկերը ներկայացվում է նույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածում։
Իսկ ի՞նչ ունենք իրականում։ Բավական էր կատարել փոքր շրջայց Երևանի կենտրոնում ու մտնել պետական մարմինների կայքէջերը, և հայտնաբերվեցին օրենքի մեջբերված հատվածի բազմաթիվ խախտումներ։
Սկսենք ցուցանակներից։ Սխալ զինանշան է պատկերված կառավարական թիվ 3 շենքի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության (այստեղ սխալով երեք զինանշան կա), ՀՀ պետական գույքի կառավարման վարչության շենքերի ցուցանակներին։ Իսկ սխալը հետևյալն է. բոլոր տեղերում շփոթել են թագավորությունների գույները` վերևից ձախ և ներքևից աջ կապույտ է, իսկ վերևից աջ և ներքևից ձախ` կարմիր։ Մինչդեռ օրենքում միանգամայն հակառակն է։ Կասեք` մանրո՞ւք է։ Ո՛չ, մանրուք չէ, քանի որ, ինչպես նշեցինք, այդ գույները խորհրդանշում են ՀՀ դրոշի գույները, այսինքն` դա նույնն է, թե մեր եռագույնը պատկերենք կապույտ-կարմիր-նարնջագույն հերթականությամբ։
«Մտնենք» ինտերնետ։ Նախարարություններից վեցի կայքերում նույն սխալն է։ Դրանք են` աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, պաշտպանության նախարարությունները։ Վերջինիս կայքի գլխավոր էջում երկու անգամ սխալ զինանշան է օգտագործված, իսկ «ՀՀ և ԶՈՒ զինանշանները» բաժնում` ճիշտ։ Այսինքն` կայքէջը պատրաստելիս ոչ ոք ուշադրություն չի դարձրել, թե ինչ է տեղադրվում։ Նույն պատկերն է նաև կառավարությանն առընթեր մարմինների կայքերում։ «Թարս» զինանշան է տեղադրված անշարժ գույքի կադաստրի և միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեների, ինչպես նաև պետական գույքի կառավարման վարչության ու քաղավիացիայի գլխավոր վարչության կայքերում։ Նույն սխալ զինանշանն է օգտագործված նաև ՀՀ գլխավոր դատախազության խորհրդանշանի վրա։ ՀՀ սահմանադրական դատարանի կայքում զինանշանի պատկերը սև-սպիտակ է, սակայն ձախ-վերևի ֆոնն ավելի մուգ է, հետևաբար դա կապույտն է, և, ուրեմն այստեղ ևս օգտագործված է սխալ զինանշան։ Նույնպիսի սխալ հայտնաբերեցինք նաև ՀՀ կառավարության կայքում տեղադրված` նիստերի մեծ դահլիճի լուսանկարում. նախագահության վերևում ամրացված մեծ պաստառի վրա կրկին այդ չարաբաստիկ «կապույտ-կարմիր-նարնջագույնն» է։
Նշենք սխալ զինանշանի օգտագործման ևս մի քանի փաստ. գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցանակ, արդարադատության նախարարության նախկին (հրդեհված) շենքի մուտքի վերևում (չգիտենք այդ շենքի հետագա ճակատագիրը, բայց փաստն արձանագրում ենք), ՀՀ մտավոր սեփականության գործակալության արտոնագիր, վերահսկիչ պալատի կարմիր թղթապանակի վրա (այս մեկը երևաց եթերից` պալատի նախագահի մամուլի ասուլիսի ժամանակ), պետեկամուտների կոմիտեի` ՀԴՄ-ի կտրոններ պահանջելու առաջին հոլովակ («նախաթոխատյանական»)։ Եվ, վերջապես, «ամենատիրաժավորվածը». ՀՀ քաղաքացու անձը հաստատող գլխավոր փաստաթղթի` անձնագրի կազմի երկրորդ էջից մեզ է «նայում» այդ նույն չարաբաստիկ «թարս» զինանշանը։
Որոշ գերատեսչությունների կայքերում առկա են զինանշանի գունային ձևավորման այլ սխալներ ևս։ Մասնավորապես, մշակույթի նախարարության կայքում Արարատ լեռը պատկերված է ոչ թե նարնջագույն, այլ սև ֆոնի վրա։ Կան նաև այլ սխալներ, բայց դրանց չենք անդրադառնա։
Համոզված ենք, որ սխալով զինանշան օգտագործելու փաստերն ավելի շատ են։ Խախտումներ կլինեն նաև այն մարմիններում, որոնց, պարզապես, չկարողացանք անդրադառնալ։ Մասնավորապես, չենք «ստուգել» նախարարություններից և պետկոմներից շատերի ցուցանակները, չմոռանանք, որ կան նաև այդ մարմինների ձևաթղթեր, թղթապանակներ և ներգերատեսչական օգտագործման այլ պարագաներ, որոնց վրա անպայման առկա է ՀՀ զինանշանը։
Բոլոր պետական մարմիններին կոչ ենք անում ստուգել իրենց կողմից «օգտագործվող» բոլոր զինանշանները և անպայման ուղղել սխալը։ Եթե պետական կառույցները չեն հարգում հարազատ պետության խորհրդանիշներից մեկը, օտարից այդ հարգանքը պահանջելն անիմաստ է։ Կրկնենք, որ զինանշանի ճիշտ պատկերը կա «ՀՀ զինանշանի մասին» ՀՀ օրենքի հավելվածում։ Օրենքը տեղադրված է ՀՀ Ազգային ժողովի կայքում։
Հուսով ենք, որ այս նյութում նշված և չնշված բոլոր գերատեսչությունները կարճ ժամանակում կուղղեն զինանշանում եղած սխալները։ Մենք հետամուտ կլինենք դրան և հետագայում կրկին կանդրադառնանք հարցին։
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 17507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ