Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Գեղագիտական առաջնորդ, միևնույն է, հարկավոր է»

«Գեղագիտական առաջնորդ, միևնույն է, հարկավոր է»
24.04.2009 | 00:00

ԹԱՏԵՐԱՄՏՈՐՈՒՄՆԵՐ. ԱՐԱՐ II
«Գրավել, հուզել և ցնցել հանդիսատեսին»
ՋԱԿՈՄՈ ՊՈՒՉԻՆԻ
ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 1993-ին Տիգրան Լևոնյանի բեմադրած «Պողիկտոս»-ից հետո նույնարվեստ շռնդալից օպերային ներկայացում չտեսա մինչ օրս։ Եվ ամենևին պատահական չեմ համարում, որ հասուն տարիքում օպերայինի բեմում հաստատված քնարադրամատիկական տենոր ՌՈՒԲԵՆ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ 10-ամյա բեղմնավոր ստեղծագործության վրա ուշադրությունս կենտրոնացավ նրա քնարաշունչ Պողիկտոսից հետո։ Թատրոնի ներկայիս խաղացանկային ծանրության առյուծի բաժինն իր կատարողական արվեստի անդուլ բյուրեղացմամբ պատվով կրող մեներգչի արտիստական նկարագրի տպավորություններս լրացնելով նրա կերպավորած տասնյակ գլխավոր դերերգերով` Ալֆրեդ («Տրավիատա»), Դոն Խոզե («Կարմեն»), Պոլիոն («Նորմա»), Պինկերտոն («Մադամ Բաթերֆլայ»), Տիրիթ («Արշակ Երկրորդ»), Ստեփանոս Շահումյան («Դավիթ Բեկ»), Մանրիկո («Տրուբադուր»), Սարո («Անուշ»), ցավ զգացի ներկայացումների մեծամասնության բեմադրանկարչական թերաշխատությամբ դերակատարումների երաժշտադրամատուրգիական ներդաշնակության նկատելի խաթարման համար ընդհանուր համատեքստում։ Եվ ոչ միայն նրա։ Հրաշալի ձայներ կան մեր օպերայինում այսօր, շնորհալի բազում երիտասարդներ, որոնց դերասանական վարպետությունը հարկավոր աճ չի երևակում փորձառու հմուտ բեմադրիչ, ամենօրյա առաջաթռիչք ու հավասարակշիռ աշխատանքային առօրյայով լիաբուռն ապրելու հնարավորություն գործնականում չունենալու պատճառով։ Լևոնյանից ազատվելով աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի հնչեղ հեղինակությամբ` բարձրաստիճան չինովնիկները չխթանեցին նրա գեղարվեստական ղեկավարության արդյունավետությունն անխաթար աջակցությամբ, գործունեության ուղղորդմամբ ու անաչառ վերահսկողությամբ։ Դժգոհությունը նրա ստանձնած գեղագիտական առաջնորդության վերջնարդյունքներից հանգեցրեց կառուցվածքային արմատական փոփոխության. արդեն երկու տարի է, ինչ կառավարման խորհուրդն է տնօրինում օպերայինի ստեղծագործական ճակատագիրը։ Արդի իրավիճակը հստակեցնելու և բարեհաջող ելքի ուղիներ գտնելու սրտացավությամբ երկխոսություն եմ նախաձեռնում ստեղծագործական եռանդով լի առաջատար մեներգչի հետ` կիսելով նրա անկեղծ մտահոգությունը կյանքի գլխավոր իմաստը դարձած հարազատ թատրոնի արժանավայել կեցությամբ ու բարձրարվեստ հարատևությամբ։ Սրտապնդված համերգային կենդանի հնչողության մասին ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի ահազանգի զրնգուն արձագանքներով, որոնք, հուսով եմ, զարգացվելով կճշգրտեն ընդունված օրենքը, ենթադրում եմ մեր զրույցով շահեկան խոսակցություն սկսել արդի օպերային արվեստի առաջընթացն արգելակող խնդիրների պարզաբանման շուրջ` լիահույս, որ ճշմարիտ արվեստասերների հավաքական մտքով կարելի կլինի ստեղծագործական նոր թռիչքի թևեր տալ նրան։
«ՄԵ՛ԿԸ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՏԱՍԽԱՆ ԿԱՐՈՂ Է ՏԱԼ»
-Նինո Անանիաշվիլու գեղարվեստական ղեկավարությամբ աշխարհի բեմերում հաջողությամբ վրացական պարարվեստով հմայող բալետախմբի երևանյան հյուրախաղերը վերստին սրեցին ցավը մեր օպերայինի անորոշ ստեղծագործական ներկայիս կարգավիճակի։ Չեմ կիսում Խաչատրյանի «Սպարտակ»-ի Գրիգորովիչին պատվիրված բեմադրությամբ կույր խանդավառությունը։ Ըստ իս, այն վարպետության անգերազանցելի դասընթացի արժեք ունի հիմնականում և կուտակված արմատական խնդիրներից թոթափվելու հզոր ազդակ չի կարող լինել։ Ներկայացումը թող որ փայլուն ստացվի։ Մի կողմ թողնենք ճգնաժամի ճնշող պայմաններում թանկ հաճույք լինելը։ Իմ խորին համոզմամբ, առավելապես մեր ունեցած ներուժին է պետք ապավինել` ռեալ հնարավորություն ընձեռելով ստեղծագործական արգասավոր առօրյայով ապրելու։ Առանց գեղարվեստական ղեկավարի, սոսկ կառավարման խորհրդի ուղղորդմամբ չեմ կարծում, որ դրան հասնել կարելի լինի։
-Խորհրդում պատահական մարդ չկա, բայց այն ի զորու չէ ստեղծագործական ընդհանուր մակարդակը բարձրացնելու. բազմաձայնությունը չի ապահովում ստանձնած պատասխանատվության հարկավոր չափը։ Մե՛կը կոնկրետ պատասխան կարող է տալ ստեղծագործական առօրյայի արդյունավետության, վերջնարդյունքի բարձրարվեստ ներդաշնակության համար։ Կազմում ընդգրկվածներից յուրաքանչյուրը հեշտությամբ կարող է իրեն ապահովագրել անմիջական պատասխանատվությունից նկատված թերությունների համար։ Երգչի ընտրություն լինի, թե բեմադրիչի, ստեղծագործության, թե բեմանկարչի... Ես կարծում եմ, որ մեր թատրոնն անպայման պետք է ունենա գլխավոր դիրիժոր, գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար (գեղագիտական առաջնորդ, միևնույն է, հարկավոր է)։ Եվ մշակույթի նախարարը պետք է լավ ներկայացում պահանջի հենց նրանցից։ Նրա առաջին մտահոգությունը պետք է լինի Հայաստանի միակ օպերային թատրոնի իրավիճակը, առօրյան և հեռանկարային պատկերը։ Մի կողմ թողնի ստեղծագործական գործընթացի անձնավորումը և հանուն արվեստի բնագավառում այս ամենաբարդ կառույցի վայելուչ հարատևման համախմբի աշխարհի բեմերում ցիրուցան ներուժը։ Ասեմ, որ Գեղամ Գրիգորյանը վատ ղեկավար չէր, նա լծակներ չուներ, ընդամենը կարողանում էր երգիչների հետ աշխատել իր տաղանդաշատ փորձառությամբ։
-Ի՞նչ լծակներ. իրավունքնե՞րն էին սահմանափակ, ֆինանսական միջոցնե՞րն էին սուղ։
-Ֆինանսական։ Եվ դա մեր օրերում չափազանց կարևոր գործոն է։
-Քսան միլիոնից ավելի դրամ հատկացվեց «Դավիթ Բեկ»-ին։
-Բայց դրանից առաջ «Անուշ»-ի, «Կարմեն»-ի, «Տրավիատա»-ի համար որևէ գումար չի տրվել։ Ինքն է հովանավորներ հայթայթել, անձնական ներդրումներ արել։
-Դա՞ էր պատճառը, որ ուրիշ բեմադրիչներ չէր հրավիրում։
-Չեմ ուզում առաջնայնացնել նրա բեմադրությունների ռեժիսորական պակասավորությունը։ Մեր վոկալը շատ լավն է։ Ֆանտաստիկ ձայներ ունենք, աշխարհի ցանկացած թատրոնի նախանձը շարժող։ Նրանց հարկավոր է ռիթմիկ աշխատանքի հավասարակշռված պայմաններ ապահովել օպերայինի հանդեպ ընդհանուր անլուրջ ու անսեր վերաբերմունքի հետևողական հաղթահարմամբ։ Դուք Լևոնյանից հետո Գրիգորյանի բեմադրությունները չեք ընդունում, ես` Աճեմյանի «Անուշ»-ից հետո Լևոնյանինը, չնայած բարձր եմ գնահատում երկուսի դերակատարությունը օպերայինի տարեգրության դժվարին ժամանակահատվածներում։ Գեղամ Գրիգորյանը երգեցողության կատարելության իմ չափանիշն է։ Հիացած եմ նրա հատկապես Գերմանով («Ագռավի թագուհին»), դերասանական վարպետությամբ։ Երգեցողության նրա փորձերը (րտպՉՍՈ) վարպետության անփոխարինելի գործնական դասընթացներ են։ Երբ ցույց է տալիս սոպրանոյին, բասին, բարիտոնին, էլ չեմ ասում` տենորին, փայլում է իր արվեստի կատարելությամբ, գայթակղում երաժշտակտավի ներթաքույց գրավչությամբ։ Նրա հեղինակավոր անունը, փաստորեն, հատու գործիք դարձվեց Լևոնյանից ազատվելու։ Հրաժարվելով անհատական բարձր բարեկեցությունից ու փառքից` հաստատվեց մեզ մոտ և այդպես էլ չստացավ պատշաճ աջակցություն։ Նրա հետ պայմանագիր էին կնքել, չէ՞։ Եթե պետությանը, արվեստասեր հանրությանը չէին գոհացնում բեմադրությունները, թող ճշգրտեին պայմանագրային պարտավորությունները։ Նա հիանալի ձայներ է բերել թատրոն։ Այնքան, որ կարելի է երկրորդ օպերայինն աշխատեցնել։ Ոչ թե ինքնահոսի պիտի մատնեին նրա ղեկավարած ստեղծագործական աշխատանքը, այլ ամենօրյա գրագետ ու բարյացակամ հոգատարությամբ վերահսկեին, շտկեին։ Որևէ տապալում պետք է բացառվի, եթե նույնիսկ անփորձ մեկին են վստահել բեմադրություն անել։ Կանխատեսելով ձախողումը` թող մոբիլիզացնեին առկա կարող ուժերը և փրկեին ժամանակին, որպեսզի ստեղծագործական ու նյութական ռեսուրսների վատնում չլիներ։ Ինչո՞ւ է վրացական օպերային թատրոնը ծաղկունք ապրում անկախ հասարակական-քաղաքական արնաբարդ իրադրությունների անկանխատեսելի շրջադարձերից, որովհետև պետությունն առանձնահատուկ կարևորում է նրա բարձրարվեստ հարատևությունը հենց երկրի կայունության տեսակետից։ Դեռ 1991-ից, Շևարդնաձեի օրոք, այդ թատրոնը բացառիկ հոգատարությամբ էր շրջապատված։ Այն ժամանակ, երբ 100 դոլարով մեզ մոտ հարսանիք էին անում, նրանց ստեղծագործական խումբը հնգապատիկ ավելի աշխատավարձ էր ստանում և ողջ ներուժը կենտրոնացնում էր ձեռքբերումները պահպանելու ու զարգացնելու վրա։ Նույն մշակութային քաղաքականությունն էլ Սաակաշվիլին է վարում։ Ես նրան ճշմարիտ ազգասեր եմ համարում` թույլ տված սխալները գնահատելով որպես անհարկի շտապողականության արդյունք։ Պատահակա՞ն է, որ մեր մշակույթն էլ նրանց հողի վրա է ծաղկել։ Երևանն ընդամենն անկիրթ գավառ է եղել։
«ԹՈՂ ՓԱՐԻԶԵՑԻՆ ԻՆՔԸ ԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ»
-ՀՀ նախագահի անձնական հետաքրքրությունը Գրիգորովիչի փորձերով չի՞ հուսադրում, որ օպերայինի ճակատագրով պետության մտահոգությունը լրջանալու միտում է հանդես բերում։
-Իմ կարծիքով, ներկայիս մշակութային քաղաքականությունը հեղհեղուկ հունով է տարվում։ Եթե մեր երկիրն իսկապես նյութական ռեսուրսներից խեղճ է, ինչպե՞ս են ծնվում մեկօրյա կյանք ունեցող այդքան մշակութային միջոցառումներ։ Չէ՞ որ դրանցով չի կայանում մնայուն մշակութային արժեքը։ Եթե նույնիսկ նյութականի գործոնը մի պահ անտեսենք, կնկատենք, որ խոցելի մտածողությունն է առաջնորդում պետական այրերին։ Բարձրաստիճան չինովնիկը համոզված տարփողում է. «Այնպես պիտի անենք, որ Փարաջանովի աշխատանքները ցուցադրվեն աշխարհի զարգացած երկրներում, որպեսզի ճանաչելի դառնան մեր հոգևոր գանձերը»։ Ինչո՞ւ։ Տեխնիկական առաջընթացի, համացանցային փոխշփումների ընձեռած լայն հնարավորությունների նպատակամետ կիրառությամբ մեր ունեցածը պիտի կարողանանք այնպես ներկայացնել, որ համընդհանուր հետաքրքրություն առաջանա աշխարհում։ Թող փարիզեցին ինքը գա Հայաստան Փարաջանովի աշխատանքները տեսնելու, միաժամանակ մյուս ոլորտների ձեռքբերումներով մեր հողի վրա մեզ ճանաչելու։ Եվ հարկ չի լինի հսկայական գումարներ ծախսել դրանք այս ու այն կողմ տանելու վրա։ Գեղեցիկ խոսքերի արտասովոր համադրություններով հեռուստաեթերից հավատացնում են, թե օպերայինում հիմա գործերն ընթանում են հոյակապ` Գրիգորովիչը «Սպարտակն» է բեմադրում։ Ստվերելով օպերայինի վերընձյուղման հիմնարար խնդիրների լուծման կարևորությունը` չեն անհանգստանում նրա երբեմնի բարձր համարումը լիովին վերականգնելով, արվեստի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը խորացնելով։ Արջի ծառայություն են մատուցում ԶԼՄ-ներն էլ` միագիծ թունոտ «կրակահերթերով»։ Ամեն վայրկյան բռնկվելու պատրաստ վառոդի տակառի արժեք ունի պաշտոնանկ համաժողովրդական հեղինակությունների և աթոռատենչ միջակությունների խիստ անձնավորված, ակնհայտորեն չարամետ կարծիքների անընդմեջ շրջանառությունը մամուլում: Մինչդեռ ես նկատում եմ, որ մշտական հանդիսատես ունենք այսօր, թող որ ընդամենը տասը տոկոսի չափով։ Իմ գլխավոր նպատակը նրան օպերային արվեստի սիրով անմնացորդ վարակելն է, քանզի զգում եմ, որ ծարավը կա, կա նրանով նաև հոգեպես հարստանալու։ Երազում եմ, որ պատահաբար հանդիսասրահում հայտնված գոնե մեկ հանդիսատեսի մեջ արթնանա ենթագիտակցաբար ճնշված մղումը դեպի դասական երաժշտարվեստ, նա հայտնագործի իր համար Չայկովսկուն, Պուչինիին, Տիգրանյանին և մյուս հանճարներին։ Առանց բարձր արվեստի հոգեմտավոր մաքրագործման անհնար է ամրապնդել մեր երկրի հիմքերը։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի մարդու հոգին չմեռնի մարմնից առաջ։ ՈՒրեմն, մի՛ սպանեք հանդիսատեսի սերն օպերային արվեստի հանդեպ, թռիչքի թևեր տվեք ներկա ստեղծագործական կազմի նվիրյալներին` լիարյուն բավարարելու մարդկանց հոգևոր պահանջմունքները, գեղագիտական գերագույն հաճույք պարգևելու։ Այս տարի երեք առաջնախաղ ենք ունենալու։ «Ալմաստ»-ն ու «Սայաթ-Նովա»-ն էլ բեմ կբարձրացվեն։ «Դոն Ժուան» ենք ձեռնարկել արդեն։ Սիրենք ու ապրեցնենք մեր օպերային թատրոնը հանուն վաղվա հոգևոր-բարոյական, հետևաբար նաև` սոցիալ-տնտեսական արժանապատիվ հարատևության։
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2616

Մեկնաբանություններ