Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով...(5-ը ապրիլի, 2009 թ.)

Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով...(5-ը ապրիլի, 2009 թ.)
03.04.2009 | 00:00

ԾԱՂԿԱԶԱՐԴ. ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
Օրհնյալ ես, Տեր, որ Քո չարչարանքներով ու կյանքի խոսքով գնեցիր մեզ կորստի աշխարհից
և հենարան դարձար մեր խաչը վերցնողներիս Աստծուն վերադարձի...

Ապրիլի 5-ին մեր առաքելական սուրբ եկեղեցում սկսվում է Ավագ շաբաթը: Այսինքն` ավարտվեց քառասունօրյա պահեցողությունը: Ավետարանից գիտենք, որ երբ մեր Փրկիչը, Սուրբ Հոգով զորավորված, քառասուն օր ծոմ պահեց և ծոմն ավարտեց ու քաղց զգաց, այդժամ սատանան նրան փորձության ենթարկեց` գայթակղելով, որ նա հրաշք գործի հանուն քաղցը հագեցնելու, այդժամ է, որ Տերը նրան պատասխանեց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»: Պիտի հիշենք և նկատի ունենանք, որ աշխարհից գայթակղող նման փորձություններ մեզ հետ էլ են լինում, գայթակղելով հրաշք գործել հանուն ուտելիքի, երբ Աստծո ամեն խոսքն է մեզ կյանք և կենդանացնող և ճշմարիտ հաց: ՈՒստի մենք ևս պարտավոր ենք քաջ լինել, Տիրոջ դրած օրինակի համաձայն այդ փորձությունները հաղթահարել: Որովհետև եթե միայն ջանք անենք, այդժամ ի հայտ է լինում նրա` մեզ օգնության հասնող և պահպանող զորությունը: Ուրիշ երկու փորձություններ էլ քառասունօրյա ծոմից հետո սատանան Հիսուսի առջև դրեց: Հիշենք. «Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը և կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. «Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետև գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, և ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»: Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես»:
Ապա և սատանան Տիրոջ առջև է դնում հպարտանալու կործանիչ երրորդ փորձությունը.
«Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ և ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը և նրան ասաց. «Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»:
Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն և միայն Նրա՛ն պիտի պաշտես»: Ապա սատանան նրան թողեց, և ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան»:
Հիսուսի փորձությունները յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի գրքի մեջ իրենց տեղն ունեն և մշտապես զգույշ պիտի լինենք` չգայթակղվելու սատանայի առաջադրած այդ երեք վայր գցող փորձություններից, մեր սրտում ունենալով մեր Տիրոջ ազատող պատասխանները: Որովհետև մարդիկ կան, որ պահքն ավարտելուն պես գայթակղվում են թե ագահ ուտելով և թե Աստծուն փորձելով ու նաև սին հպարտությամբ, և ինչպես Տերն է ասում, նմանից ելած դևը շրջում է անջրդի վայրերում, ապա վերադառնում է հետ ու տեսնելով ամեն ինչ մաքրված ու սրբված, գնում, իր հետ այլ, ավելի կատաղի դևեր է բերում, և այդ մարդու վախճանն ավելի վատ է լինում, քան առաջ էր: Այսինքն, այն հոգևոր արժեքները, հաճախակի ու ջերմեռանդ աղոթքների ու պահքի նվիրումներն ու խորհրդածությունները, որոնք ջանք դնելու շնորհիվ ձեռք բերեցինք, ամոթ է պահքից հետո կորցնել: Այլ պիտի ջանանք մեր հոգևոր նվաճումները պահպանել: Երբևէ չթողնենք մեր կյանքի հակառակորդին: Սահմանապահ զորքի պես հսկելով մեզ, ինչպես մեր վտանգավոր հակառակորդից կհսկեինք մեր հայրենին ու մեր բնակարանը, մեր կողակցին ու զավակներին: Սա ոչ միայն Մեծ պահքին է վերաբերում, այլև ընդհանրապես քրիստոնեավայել մեր վարքին:
Սակայն առաքելական եկեղեցում պահեցողության քառասունքից հետո անմիջապես սկսվում է Ավագ շաբաթը, որն ավելի խիստ պահեցողություն ու աղոթքի ջերմեռանդություն է ներառում` դառնալով Տիրոջ խոսքի պատասխանը փորձչին, թե. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»: Այսինքն, Մեծ պահքը թեպետ ավարտվել է, բայց մենք շարունակում ենք մնալ պահքի մեջ, քանի որ Մեծ պահքին հաջորդում է Ավագ շաբաթը, որ Քրիստոսի` մեր Տիրոջ այս աշխարհում ապրած վերջին շաբաթվա կենդանի նկարագիրն է: Եվ Ավագ շաբաթի մեջ են մտնում Տիրոջ փրկարար չարչարանքները, Խաչելությունը, թաղումն ու Հարությունը, որոնցով և Տերը մեր Զատիկն է դառնում: Այս շարունակականությունն առաքելական սկիզբ ունի, և հավատացյալին Տիրոջ չարչարանքների շաբաթը կարող է տանել հոգևոր ճշմարիտ ու սրբազան ըմբռնումների, հոգենորոգ սիրո:
Ավագ շաբաթվա կիրակին սկսվում է Ծաղկազարդով, երբ գործում է մարդկային ամեն ըմբռնումից վեր` նախախնամական գործոնը: Հիսուսն էշի վրա նստած մտնում է Երուսաղեմ, մարդիկ ներքին մի մղումով ամեն կողմից հավաքվում են նրան դիմավորելու, և նրան օրհնում են` որպես աշխարհ եկած Աստծո ընդունելով.
«Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ: Առաջից և յետևից գնացող ժողովրդի բազմութիւնն աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»:
Այդ մարդկանց ոչ մեկը չէր սովորեցրել, այլ Աստծո Սուրբ Հոգին նախախնամական իր զորությամբ այդ երանելի մարդկանց միջոցով օրհնություն էր աղաղակում:
Այս նույն ներքին նախախնամականով է, որ մեր ժողովուրդն ուռենու թարմ ճյուղեր է կտրում Ծաղկազարդի տոնին` մեր բնակավայրերը ևս խորհրդանշելով որպես հոգևոր Երուսաղեմ, և Ծաղկազարդի տոնին Տերը ներկա է լինում իր աներևույթ զորությամբ:
Ծաղկազարդով Աստծո Որդին դուռ բացեց մարդկության մեջ ամենամեծ խորհրդաբանության, այն է` Քրիստոսի Հաղթական մուտքը Երուսաղեմ (նաև հոգևոր Երուսաղեմ, նաև սրբանվեր հավատացյալի սիրտ), որ նշանակում էր նաև` Նոր ուխտի մուտքը հնի քարացած համակարգի մեջ, Տիրոջ մուտքը տաճար, որտեղից Աղոթքի տունն առևտրի վայր դարձրածներին ծեծով դուրս վռնդում եղավ, և պիտի մերթ ընդ մերթ այդ լինի` մաքրելով իր սիրելի եկեղեցին և այդպես սրբացնելով բազում սրտեր: Եվ նվիրապետական մարդկային սրտեր ուրախությամբ իրենց մեջ են ընդունում թագավորների Թագավորին, ում իշխանությանը երկրպագում են իր երանելի, հավատավոր ժողովուրդը, իր զավակներն ու ընտրյալ մանուկները:
Եվ Ավագ շաբաթվա ավագ ուրբաթ օրն է, որ եղավ Տիեզերական Խաչելությունը, ինչի վրա հույս ունենք Քրիստոսին բոլոր հավատացյալներս, եթե ըստ Խաչյալի խրատների ու Ավետարանի առաջնորդության ապրենք: Ավագ շաբաթի են հիշատակվում կյանքի համար կարևոր խորհրդաբանություններ, ինչպես, օրինակ, անպտուղ թզենու չորացումը, երկու որդիների խորհրդաբանական առակը, չար մշակների առակը, հարսանեկան խրախճանքի առակը: Եվ ամենքն էլ նույն խորհրդաբանությունն ունեն. այն է, Աստծուն ոչ ոք չի կարող խաբել, մոլորեցնել, այլ Աստծուց հեռացածն է խաբված ու մոլորված, իսկ եթե մեկը թզենու նման, թեկուզ փարթամ ու տերևալից, բայց կյանքի պտուղ չի տալիս, այսինքն` տեսքին է տվել և ոչ իր բուն էությանը, որ պտուղ տալը պիտի լիներ և ոչ արտաքին տեսքը, դժվար թե Տիրոջ հանդիպումից այլ բան կարողանա ակնկալել, քան Ավետարանի անպտուղ թզենու պատիժը, որ Տիրոջից անիծվեց: Խնդիրն այն է, որ ըստ Աստվածաշնչի, այսինքն` ըստ ճշմարտության, մարդու ճակատագիրը նույն մարդու վարքի մեջ է, այսինքն, յուրաքանչյուր մարդ էլ կարող էր ժամանակին հոգևոր իր պտուղները տալ, չարհամարհելով հոգևոր բոլոր ընթացականները, իր շնորհներն ու տաղանդները, իր ազնվական լինելը, ապաշխարանքը մեր վերանորոգման, որի հնարավորությունն Աստված տալիս է յուրաքանչյուրիս, որ հավատում ենք Քրիստոսին` ըստ Ավետարանի ճանապարհի: Իսկ ում Աստված չի տալիս, նրանք դեռ անազնիվ ու կեղծ լինելու խնդիրներ ունեն երկնքի առաջ, որոնք լավագույնս, մինչև վերջ եթե չապաշխարեն, ինչպե՞ս պիտի արժանավորության հասնեն, երբ մարդու համար փրկության այլ ճանապարհ չկա, քան այն, որ քո ապաշխարանքն է քեզ հենարան լինելու և ոչ թե այլոցից քո գողացածը:
Ծաղկազարդի շաբաթում Հիսուսի խոսած առակները խորհրդածելու մեծ ասպարեզ են բացում ամենքիս համար էլ, ուստի լավ ու օգտակար է, որ բացենք Ավետարանը և կարդանք Ավագ շաբաթին վերաբերող ամեն բան:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3115

Մեկնաբանություններ