Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Աշխարհը փորձության կենթարկի Բարաք Օբամային ճիշտ այնպես, ինչպես` Ջոն Քենեդուն»

«Աշխարհը փորձության կենթարկի Բարաք Օբամային ճիշտ այնպես, ինչպես` Ջոն Քենեդուն»
07.11.2008 | 00:00

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
«Քաղաքականությունը հանգամանքներին հարմարվելու և դրանցից օգուտ քաղելու արվեստ է, նույնիսկ նրանից, ինչը քո դեմ է»։

Օտտո ֆոն Բիսմարկ
Եվ այսպես, իրադարձությունը, որին սպասում էին ամբողջ աշխարհում, տեղի ունեցավ։ Ընտրվեց ԱՄՆ-ի նոր նախագահը, և, ինչպես սպասվում էր, դա Բարաք Օբաման է։ Եվ թեպետ մինչև պաշտոնի ստանձնումը դեռ ժամանակ կա, նոր նախագահն ու իր թիմն արդեն իսկ հայտնվել են միջազգային բոլոր տեսակի դիտորդների ուշադրության կենտրոնում, և յուրաքանչյուրը փորձում է կանխատեսել, թե ինչպիսին կլինի այսուհետ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, ինչ կբերի Օբամայի ընտրությունն ամերիկյան քաղաքական համակարգին։ Եվ, վերջապես, որքանո՞վ ԱՄՆ-ը կկարողանա հաղթահարել ինչպես ժառանգված, այնպես էլ նոր առաջացած բարդություններն այլ պետությունների հետ համագործակցության դաշտում, թե՞ այդ հարաբերությունները կդառնան ավելի կոնֆլիկտային։
Անշուշտ, իրավացի է նաև հարցը, թե որքանով կարող են փոխվել ամերիկյան արտաքին քաղաքականության նպատակներն ու կողմնորոշումները։ Մանավանդ որ նոր երիտասարդ նախագահի համար «գուրուի» դերակատարություն ստանձնած փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը Օբամայի նախագահության փուլը միասնաբար գնահատեցին իբրև ամերիկյան պատմության ամենաբարդ և դժվարին ժամանակաշրջաններից մեկը։ «ԱՄՆ-ի ապագա նախագահն անխուսափելիորեն կբախվի անսպասելի քաղաքական ճգնաժամերի հետ, նման այն ճգնաժամին, որ բռնկվել է այսօր Կովկասում»,- նշել է Օլբրայթը։ Քիչ ավելի վաղ փոխնախագահ Բայդենն իր հերթին հայտարարեց. «Հիշեք իմ խոսքերը. չի անցնի վեց ամիս, և աշխարհը փորձության կենթարկի Բարաք Օբամային ճիշտ այնպես, ինչպես` Ջոն Քենեդուն։ Աշխարհը հետևում է, կլինի գեներացված միջազգային ճգնաժամ՝ այս տղայի արիությունը ստուգելու համար»։ Ընդ որում, Բայդենը չի բացառել, որ այդ վտանգը բխի Ռուսաստանից։
Եվ այստեղ արդեն անհրաժեշտ է հստակ տարբերակել քաղաքական հայտարարությունները, որ տարվա ընթացքում հնչեցրել է Օբաման, այն իրական քայլերից, որ կարող է ձեռնարկել։ Փորձագետների մեծամասնության կարծիքով, ԱՄՆ-ի նոր նախագահը բոլոր տեսակի մեկուսացումների և բոյկոտների հակառակորդ է։ Նա երբեք դեմ չէ օգտագործելու անձնական դիվանագիտության գործոնը, այդ թվում այն երկրների հետ հարաբերություններում, որոնք բարեկամական չեն արդեն երկար ժամանակ։ Ավելին, իր ուժերին վստահ նախագահը, տարբեր կարծիքներ լսելով հանդերձ, միշտ էլ փորձելու է ներառել դրանք իր մոտեցումներում։ Մանավանդ, ըստ Օլբրայթի, Օբաման ունի ևս մի հատկություն. «Նրա հենարանն են դառնում մանրակրկիտ ընտրված աշխատակիցները, որոնց նա վերաբերվում է լիարժեք վստահությամբ»։
Կան նաև առաջին արձագանքները ռուսական փորձագիտական դաշտից։ Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Դուգինն Օբամայի հնարավոր մարտավարության հետ կապված մասնավորապես նշել է. «Նա կարող է պայքարի մեջ մտնել մի քիչ ավելի պոպուլիստական մեթոդներով, քան կարող էր անել Մակքեյնը։ Բայց, միևնույն է, Օբամայի բոլոր խորհրդականները Ռուսաստանի գծով ծայրահեղ ռուսատյացներ են»։ Դուգինը կարծիք է հայտնել, որ Օբաման չի փոխի ԱՄՆ-ի ընդհանուր ռազմավարությունն արտաքին քաղաքականության մեջ և Ռուսաստանի հետ հարաբերություններում, ու, ինչպես նախկինում, ռուս-ամերիկյան հակադրության հիմնական գոտիներից մեկը կլինի Կովկասը։
Դժվար չէ համաձայնել այս տեսակետին, քանի որ հայտնի է՝ ԱՄՆ-ում դեմոկրատների և հանրապետականների մոտեցումները Ռուսաստանի հետ կապված որոշ հարցերում բացարձակ նույնն են։ Այդ խնդիրներից է Վրաստանի և ՈՒկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Օգոստոսյան ռուս-վրացական հակամարտության արդյունքում Ռուսաստանը վերածվեց «սուր թեմայի» նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում, և չի բացառվում, որ նոր նախագահի համար դառնա օրակարգի առաջին հարցերից մեկը։ Թեկուզև Օբաման ռուս-վրացական հակամարտության առաջին օրերին բավականին զուսպ արձագանքեց, սակայն հետագայում առավել կոշտացրեց իր դիրքորոշումը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված, նույնիսկ արձանագրելով, որ դրանից հետո Ռուսաստանը պիտանի չէ այդ խնդիրներում միջնորդի դերակատարության։
«Ես կվերականգնեմ մեր զինված ուժերը՝ ապագա հակամարտություններին պատրաստ լինելու համար։ Բայց ես միաժամանակ վերականգնելու եմ կոշտ, ուղղագիծ դիվանագիտությունը, որը հնարավորություն կտա կանխելու Իրանի կողմից ատոմային զենքի ձեռքբերումը, ինչպես նաև զսպելու ռուսական ագրեսիան»,- հայտարարեց Օբաման Դենվերի իր ելույթում։ Իր հերթին նախկին պետքարտուղար Օլբրայթը երիտասարդ նախագահին խորհուրդ տվեց, որ ամերիկյան քաղաքականությունը կովկասյան մարտահրավերների առումով պետք է զարգանա եվրոպական դաշնակիցների հետ համագործակցության ծիրում։ «Մենք չենք կարող թույլ տալ Ռուսաստանին անելու այն, ինչից ձեռնպահ էր մնում նույնիսկ ԽՍՀՄ-ը՝ ատլանտյան համագործակցությունը փլուզելու իր փորձերի մեջ։ Մենք չենք ցանկանում սառը պատերազմի կրկնություն, բայց հարկադրված ենք լինելու պաշտպան կանգնել մեր արժեքներին և համոզմունքներին։ Եթե Ռուսաստանը փոխում է իր դիրքորոշումները, ապա մենք պետք է մեթոդներ գտնենք միջազգային մակարդակում նրա մեկուսացման համար»,- նշել է Օլբրայթը, միաժամանակ ընդգծելով, որ Վրաստանի ինտեգրացիան ՆԱՏՕ-ի կազմ պետք է շարունակել առանց տատանվելու։
Հարկ է նշել, որ Օբաման դեռ իբրև թեկնածու իր եվրոպական շրջագայության ժամանակ հայտարարեց, որ ինքն աշխարհի քաղաքացի է՝ ընդգծելով Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունների հաղթահարման անհրաժեշտությունը, որ գոյացել է Բուշի նախագահության ժամանակահատվածում։ Իսկ Վրաստանի հետ կապված «դոնորական կոմիտեի» նիստն արդեն ցույց է տվել՝ առնվազն այս տարածաշրջանի նկատմամբ Արևմուտքում սկսել է մշակվել միասնական դիրքորոշում։ Այս իրողության հետ միանգամայն զուգահեռվում է «հին դեմոկրատական գվարդիայի» ներկայացուցիչ Զբիգնև Բժեզինսկու հետևյալ հայտարարությունը. «Ոչինչ այնպես չի թուլացնում Արևմուտքը, որքան միասնական էներգետիկ քաղաքականության բացակայությունը։ Վաշինգտոնը վերջին տարիներին ավելորդ զիջողականություն ցուցաբերեց Կրեմլի զավթողական պահվածքի նկատմամբ։ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել իրավիճակը Վրաստանում, որպեսզի վերահսկողություն հաստատի վրացական տարածքով անցնող Բաքու-Ջեյհան նավթամուղի վրա։ Եթե վրացական կառավարության դիրքերը թուլանան, կսահմանափակվի Արևմուտքի մուտքը դեպի Բաքու, Կասպից ծով ու ավելի հեռու։ Անհրաժեշտ է ընդլայնել արևմտյան երկրների մասնակցությունը Կենտրոնական Ասիայի նավթագազային ռեսուրսների արդյունահանման ոլորտում։ Դրա համար անհրաժեշտ են ակտիվ բանակցություններ բարձրագույն մակարդակում այն երկրների հետ, որոնք ցանկանում են բացվել աշխարհի առջև, բայց դժվարություններ ունեն աշխարհաքաղաքական իրողությունների հետ կապված։ Որպես կանոն, այդ երկրների ղեկավարները միաժամանակ էներգետիկ ռեսուրսներ արտահանող ընկերությունների ղեկավար կազմերի մեջ են, ինչը նրանց նյութական օգուտներ է բերում։ Այդ բանակցություններում պետք է նաև հաշվի առնել այդ պետությունների մշակութային և քաղաքական առանձնահատկությունները»։ Հիշեցնենք, որ այս ուղեգիծը միանգամայն տեղավորվում է շատ ավելի վաղուց ամերիկյան դեմոկրատների հռչակած «ավտորիտար ռեժիմների տրանսֆորմացիայի» քաղաքականության մեջ, որը նրանք ժամանակին իրագործում էին կարևոր նշանակություն ունեցող պետություններում։ Ըստ որում, Բժեզինսկին նշում է, որ հեռանկարում միանգամայն հավանական է ԱՄՆ-Իրան հարաբերությունների բարելավումը, նկատի ունենալով, որ Թեհրանը կարող է նպաստել Արևմուտքի էներգետիկ անկախության բարձրացմանը և միաժամանակ կայունացնող դեր խաղալ Մերձավոր Արևելքում, ինչն արել է նախկինում։ Մինչդեռ Ռուսաստանի հետ կապված՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղակալ և Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Սեստանովիչը նշում է. «Կրեմլի գնահատմամբ շահերի ընդհանրությունը և ռազմավարության համադրումն այլևս չեն դրվելու Արևմուտքի հետ հարաբերությունների հիմքում։ Ռուսաստանի ներքաղաքական թատերաբեմում շատ խոշոր խաղացողների այսօր ձեռնտու է այլ մթնոլորտի առկայությունը, որը ծնունդ է Մոսկվայի՝ հակամարտության ուղղվածություն ունեցող հռետորաբանության։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությանը, որի բյուջեն 2000-ից սկսած աճել է 500 տոկոսով, ինչպես նաև այն քաղաքական առաջնորդների, որոնց համար արտաքին աշխարհի հետ հարաբերություններում կասկածամտությունը դարձել է յուրատեսակ գաղափարախոսություն։ Դա վերաբերում է նաև այն չինովնիկներին ու բիզնեսմեններին, որոնք պնդում են, թե Ռուսաստանի ռազմարդյունաբերության վերածննդի համար անհրաժեշտ են նորանոր պետական միջոցներ։ Բոլոր այդ խմբավորումները մեծ դժգոհությամբ կարող են գնալ ներկայիս կուրսի փոփոխության»։
Միևնույն ժամանակ Կրեմլի համապատասխան արձագանքը երկար սպասել չտվեց։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, փաստորեն, դարձավ խոշոր տերության առաջին ղեկավարը, որը ձեռնոց է նետում ԱՄՆ-ի նորընտիր նախագահին։ Ռուսաստանի Դաշնության խորհրդին ուղղված ուղերձում նա հայտարարեց, որ համաշխարհային թատերաբեմում բոլոր խնդիրների մեղավորը, սկսած գլոբալ ֆինանսական ճգնաժամից մինչև Վրաստանում վերջին պատերազմը, անմիջականորեն ԱՄՆ-ն է։ Միաժամանակ, ըստ Ռուսաստանի ղեկավարի, ի պատասխան Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության բաղադրիչների տեղակայման ամերիկյան նախաձեռնության, Մոսկվան «Իսկանդեր» տիպի հրթիռներ է տեղակայելու Ռուսաստանի ամենաարևմտյան՝ Կալինինգրադի մարզում, ինչպես նաև այդ տարածքից ռադիոէլեկտրոնային հատուկ սարքավորումների գործարկումով խափանելու է ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի աշխատանքը։ Ռուսաստանը ոչ մի կերպ չանդրադարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին թխամորթ նախագահի պատմական ընտրության փաստին, Դ. Մեդվեդևը միայն քննադատեց ամերիկյան վարչակազմի «ինքնավստահությունը», որը հանգեցրեց Վրաստանում պատերազմի և ի լրումն հայտարարեց. «Կովկասում մենք չենք զիջելու»։
Նախկինում նման դրսևորումներն Արևմուտքում կհամարեին ավելորդ զգացմունքայնություն։ Սակայն այսօր մտահոգության ավելի լուրջ պատճառներ կան, որովհետև եթե Ռուսաստանի ազդեցությունը տարածվի նախկին ԽՍՀՄ տարածքի մեծ մասի վրա, ապա աշխարհի առաջատար պետությունները հարկադրված կլինեն վերանայելու իրենց հաշվարկները՝ ազգային անվտանգության հետ կապված։ Եվ քանի որ այս խաղում խաղագումարները չափազանց մեծ են, տրամաբանական է, որ ողջամտությունն ամերիկյան նոր վարչակազմին կհուշի գործել վճռական, բայց միաժամանակ զգուշավոր։ Այժմ ցանկացած խնդիր, որ իր առջև կդնի Վաշինգտոնը, պետք է կարողանա իրագործել հարյուր տոկոսանոց երաշխիքով։ Իսկ դա բացառում է սեփական ուժերի գերագնահատման հավանականությունը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4351

Մեկնաբանություններ