Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Լուրեր

Լուրեր
26.09.2008 | 00:00

«Ցար ջան, գործերը ո՞նց են»
Ըստ հավաստի աղբյուրների, հենց այդ ձևով են դիմում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին (Լիսկա փաղաքշական մականունով) նրա մերձավորները։ Վերջին անգամ ենթակա մերձավորներից մեկի հարցին, թե «Ցար ջան, ճիշտ ա՞, որ գործերը վատ են», Լիսկան պատասխանել է, թե իրար խառնվելու կարիք չկա, իրեն հեռացնելու մասին լուրերը չափազանցված են, և ինքն ընդունակ է բոլոր հարցերը կարգավորելու իշխանությունների հետ։ Կարգավորումը Սյունիքի մարզպետը սկսել է 16-ամյակը նոր բոլորած իր որդուն թանկարժեք «Ջիպ» ավտոմեքենա նվիրելով, և հիմա մարզպետական զավակը բառացիորեն մեքենայի տակ է տալիս ամբողջ Գորիսը, քշում, ինչպես ուզում է և որտեղով ուզում է։ Հուսահատված բնակչությունը, ասում են, այնուամենայնիվ, աղոտ պատրանքներ ունի, թե Սուրեն Խաչատրյանին պաշտոնից հեռացնելու մասին լուրերը գոնե մի քիչ մոտ են իրականությանը, և իրենք վերջապես այդ զուլումից կազատվեն։

Լոնդոնցի տղա, քո ցավը տանեմ
Չհաստատված տվյալներով՝ միանգամայն հնարավոր է, որ գալիք Մյուռոնօրհնեքին կամ դրանից քիչ ավելի ուշ կայանալիք էկումենիկ պատարագին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի երկրի նախկին վարչապետ, լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանը, ով վերջերս ընտրվեց Համաշխարհային էներգետիկ խորհրդի նախագահ։ Ըստ շրջանառվող լուրերի, նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի իշխանության բոլոր կարևոր օղակների հետ՝ համատեղ ծրագրեր մշակելու նպատակով։ Իսկ Լոնդոնում բնակվող Սարգսյանի չափահաս որդիներն այսօր զբաղված են Հայաստանի օգտին քարոզչական ծրագրերի պատրաստմամբ և իրագործմամբ։

Աստիճանական համաներում
Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում մեր աղբյուրի հաղորդմամբ, հասունանում են տրամադրությունները՝ կալանավորված ընդդիմադիրներին ազատ արձակելու առումով։ Չի բացառվում, որ հանձնաժողովի անդամները կդիմեն երկրի նախագահին՝ առաջարկելով թեկուզ անհատական մոտեցում ցուցաբերելով առանձին-առանձին բաց թողնել կալանվածների մի զգալի մասին։ Խոսքը վերաբերում է հատկապես նրանց, ում նկատմամբ զենք պահելու կամ բռնություն կիրառելու մեղադրանքներ չեն հարուցված։
Վ. Մ.

Հարմար պահի են սպասում
«Պայքարում նահանջ չի լինելու, սա հաստատ է: Այս իշխանությունների հետ որևէ գործարք չի լինելու»,- երեկ հայտարարել է ՀԱԿ համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ` վստահեցնելով, որ Կենտրոնի ընտրություններից հետո իրենց ռազմավարությունը պետք է վերանայեն ու շտկումներ կատարեն, քանի որ ռուս-վրացական հակամարտությունը շեղել է Եվրախորհրդի ուշադրությունը Հայաստանի խնդիրներից: «Տեռորիստ իշխանությունների հետ պետք է զգույշ լինել»,- հանրահավաքային մարտավարությունը վերանայելու հարցին էլ այսպես է արձագանքել Զուրաբյանը` միաժամանակ հավելելով. «Ընդհանրապես ահաբեկիչների հետ բանակցում են, որպեսզի պատանդ վերցրած մարդկանց առողջությանը վտանգ չսպառնա, մենք էլ պետք է այդ սկզբունքով առաջնորդվենք: Սակայն ահաբեկիչների հետ խոսում են, բանակցում, բայց հարմար պահին ազատվում են նրանցից»: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին շրջանում կատարած քայլերին` ՀԱԿ համակարգողը փաստել է, որ այսօր Սարգսյանն անում է այն ամենը, ինչ միջազգային ուժերն են ուզում: «Սերժ Սարգսյանի իշխանությունը «քարտ բլանշ» է ստացել ընդդիմությանը ջախջախելու հարցում»,- ասել է Զուրաբյանը` վկայակոչելով այն հանգամանքը, որ իշխանությունները սաստկացրել են բռնություններն ու կամայականություններն ընդդիմության հանդեպ: Հավելենք, որ այսօր, ժամը 18:00-ին, Հյուսիսային պողոտայում տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի հանդիպում-հանրահավաքը, որի մեխը սեպտեմբերի 28-ին Կենտրոն համայնքի ՏԻՄ ընտրություններն են, ուր որպես թաղապետի թեկնածու առաջադրվել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Ռ. Խ.

«Երրորդ ուժը» «համալրվել» է
Ինչպես հայտնի է, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կամ նրան մոտ կանգնած շրջանակների նախաձեռնությամբ փորձ է արվում մի դաշինքում միավորել գաղափարապես բացարձակապես իրարամերժ մի քանի կուսակցություններ՝ ՀԴԿ-ն, ԱԻՄ-ը, ՔԴՄ-ն, ՀՄԿԿ-ն և այլն։ Այժմ այս խմբին է միացել նաև Հայաստանի երիտասարդական կուսակցությունն իր համեմատաբար նոր առաջնորդ Վահան Բաբայանով, որի գործունեությունը, ըստ լուրերի, ժամանակին համակարգում էր ներկայիս փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Երիտասարդական կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Սարգիս Ասատրյանը, ըստ հավաստի տեղեկությունների, գտնվում է Մոսկվայում, լավ աշխատանք է գտել բարձր աշխատավարձով և ռուսական բիզնեսում որոշակի դիրքեր ունեցող իր ազգականներից մեկի միջոցով ռուսական քաղաքական շրջանակներում լոբբինգ է իրականացնում վերոհիշյալ «միավորման» օգտին։
Վ. Մ.

Հրաժեշտ աշխատակազմին
Երեկ Տիգրան Թորոսյանը ԱԺ նիստերի դահլիճում հրաժեշտ է տվել ԱԺ աշխատակազմին, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար:
Իսկ այսօր ԱԺ խումբ-խմբակցությունների հետ կհանդիպի Հովիկ Աբրահամյանը: «Ժառանգության» ներկայացուցիչները տեղեկացրին, որ պատրաստվում են հանգամանալից հարցումներ կատարել, թե ինչպես է վերջինս «բարձրացնելու ԱԺ աշխատունակությունը, ինչ է անելու տարբեր, որ չի արել Տ. Թորոսյանը»:
Ի դեպ, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը վարչության առաջիկա նիստում առաջարկելու է, որ երկուշաբթի «Ժառանգությունն» այլընտրանքային թեկնածու առաջադրի: «Ո՞վ կլինի նա» հարցին ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ իրենց կուսակցության բոլոր պատգամավորներն էլ ԱԺ պատրաստի խոսնակներ են, մանավանդ Հովիկ Աբրահամյանի հետ «մրցակցությունում»:
Կ.Դ.

Դիտվել է՝ 3474

Մեկնաբանություններ