Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Թանկացումները լիովին տեղավորվում են հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում

Թանկացումները լիովին տեղավորվում են հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում
07.04.2009 | 00:00

ՄԻՆՉԵՎ ՅՈԹԵՐՈՐԴ ՕՐԸ
Բեղմնավոր, շատ բեղմնավոր էր Աստծո անցած յոթ օրը Հայաստանում:
Իրադարձությունները` դարակազմիկ, գործիչները` հատընտիր, ու ընդհանրապես ապրիլի 1-ով սկսված ամիսը ինչեր ասես չի խոստանում:

...Սկսենք ամենակարևորից. 21-րդ դարի համարյա սկզբին` 2009 թ. ապրիլին, Հայաստանում վերջապես բացահայտվեց` ինչու է խաչվել Հիսուս Քրիստոսը: Իրադարձությունը գուցե հավուր պատշաճի հանդիսավոր պայմաններում տեղի չունեցավ, բայց կարևորը բովանդակությունն է. քաղաքացիական հասարակության ստեղծման առիթով ասվեց վերջին խոսքը` «Այդ գործում առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն էր, նա էլ էր ուզում ձևավորել քաղաքացիական հասարակություն: Արդյունքում նրան խաչեցին»: Նոր խոսք աստվածաբանության մեջ, առեղծվածն իսպառ բացահայտված է, հետայսու հրեաները հանգիստ կարող են ապրել ու ամեն ուրբաթ չվազել Արցունքի պատի մոտ լաց լինելու. փաստորեն, նրանք ոչ էլ մեղավոր էին Հիսուսին խաչելու համար, խնդիրը քաղաքացիական հասարակությունն էր ու Հիսուսի` ժամանակից առաջ ընկնելու անհասկանալի ձգտումը: Եվ նրանք բոլորը պիտի շնորհակալության խոսքով ուխտի գան ժամանակավորապես պատգամավոր, ընդհանրապես աստվածաբան Ռազմիկ Զոհրաբյանի դուռը...
...Եղան նաև նվազ կարևոր իրադարձություններ: Օրինակ` ապրիլի 1-ից բարձրացան գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ փետրվարի 27-ին հաստատել էր նոր սակագները` 1 խմ բնական գազի համար սպառողներն ապրիլից վճարելու են 96 դրամ, էլեկտրաէներգիայի 1 կվտ ժամի համար` 30 դրամ։
Երևանում ջուրը չի թանկանա, քանի դեռ «Երևանջուր» ընկերության` թանկացումների վերաբերյալ հայտը չի քննարկվել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։ Թանկացումները լիովին տեղավորվում են հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում: Հավանաբար:
...Իսկ նախօրեին` մարտի 31-ին, Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից անհետացան Այվազովսկու, Սարյանի, Բաշինջաղյանի կտավները: Վերստին հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, բայց` առանձին անհատների ապտճառով, որոնց եթե նույնիսկ չգտնեն, հուսանք` կտավները Հայաստանից դուրս չեն բերվի:
...Լոնդոնում հակագլոբալիստների բուռն հարձակումների ուղեկցությամբ տեղի ունեցավ 20 պետությունների ղեկավարների հանդիպումը, և նրանք միասին որոշեցին 1 տրիլիոն դոլար տրամադրել համաշխարհային տնտեսության վերականգնմանը: Իհարկե` հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում: Գուցե Հայաստանն էլ ընդգրկվի այդ ծրագրում:
...Ապրիլի 6-9-ի քառօրյայում Ազգային ժողովի պատգամավորներն ամբողջ 54 հարց են քննարկելու, որ անցած 7 օրում են որոշել: Ի դեպ, դեռ մարտին պատգամավորները ևս մեկ գյուտ են արել` հիշել են, որ երկրում եղել են սահմանադրական փոփոխություններ, ու իրենք կարող են դիմել Սահմանադրական դատարան: Դա դեռ ոչինչ: 1998-ից հետո անցած 11 տարում հասկացել են նաև, որ խմբակցությունից դուրս եկող պատգամավորը պետք է վայր դնի մանդատը. անարդար է ընտրվել կուսակցության հովանու ներքո, հետո երամը փոխել կամ լքել... Սա էլ է տեղավորվում հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում: Բայց` քաղաքական: Չի կարելի թույլ տալ, որ շարունակվի նախադեպեր ունեցած առնետավազքը Ազգային ժողովում: Երկրին կայունություն է պետք: Հայտնի չէ` Սահմանադրական դատարանը կստանձնի՞ կատվի դերն ու սահմանադրական կհամարի՞ առաջարկվող փոփոխությունը կանոնակարգում, թե՞, այնուամենայնիվ, կպաշտպանի պատգամավորի, որ, ի վերջո, նույնպես մարդ է, իրավունքները:
...Ապրիլի 1-ին պատմական «7-ի գործը» վերածվեց 1+1+1+1+1+1-ի: Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 6 մեղադրյալների գործերը տարանջատվեցին և առանձին վարույթներով ուղարկվեցին տարբեր դատարաններ: Զանազան պատճառներ նշվեցին, մեկն էլ այն էր, որ պարոն Մարտիրոսյանը հույս ունի` մեղադրյալները մենակ կմնան ու կսկսեն հարգել դատարանը և ոտքի կկանգնեն, երբ լսեն` «Ոտքի, դատարանն է գալիս»... Սա էլ է տեղավորվում հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում: Դատաիրավական: Բայց կարևորը դա չէ, կարևորը շշուկներն են` մինչև ապրիլի վերջը քաղբանտարկյալներին (որոնք պաշտոնապես չկան) ազատ են արձակելու: Ճիշտ է` հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում: Քաղաքական:
...Իսկ հատուկ քննչական ծառայությունը նոր քրեական գործ է հարուցել 2008-ի մարտյան իրադարձությունների 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու նպատակով` իբրև «դիտավորյալ սպանություն», Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով` ի հետևանս ՔՕ-ի փոփոխությունների: Իսկ գուցե 2010-ի ապրիլին էլ նոր քրեական գործ հարուցվի` 2009-ին հարուցված գործը չբացահայտելու մեղադրանքով. համապատասխան հոդվածն ԱԺ-ն մի քանի օրում կընդունի: Ոչ մի ճգնաժամ խորհրդարանում` Աժ-ն ուր, գլոբալ աշխարհն` ուր:
...Կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը և ԻԻՀ ճանապարհների և հաղորդակցության նախարար Համիդ Բեհբանին ստորագրեցին ՀՀ-ԻԻՀ երկաթուղու նախագծի իրականացման հուշագիր, որի վերջնական տարբերակը կստորագրի ՀՀ նախագահը Թեհրանում: 470 կիլոմետր (410-ը` Հայաստանում) երկարությամբ և 1,2 միլիոն դոլար գնով: Համիդ Բեհբանին ապրիլի 3-ի ասուլիսում լրագրողներին նաև մի փոքրիկ տնտեսագիտական-քաղաքական դաս տվեց, նշելով, որ Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղագիծը, որ կառուցվում է Ադրբեջանի ու Ռուսաստանի մասնակցությամբ, չի խանգարի այս երկաթուղագծին. Իրանն իրականացնում է երկաթուղային նախագծերի փաթեթ. «Մենք այդ նախագծերը չենք համարում միմյանց մրցակից: Առածն ասում է` լավ տնտեսագետը բոլոր ձվերը մի կողովում չի դնում` ցանկացած երկիր պետք է այլընտրանքային ճանապարհներ ունենա»: Մետաքսի ճանապարհի երկաթուղային տարբերակը Գուրգեն Սարգսյանի գնահատմամբ` ապահովում է Հայաստանի կապը Միջին Ասիայի հետ և Իրանին դուրս է բերում Սև ծովի վրացական ափ: Ինչո՞վ հակաճգնաժամային ծրագիր չէ: Հաղորդակցական:
...Եվ վերջապես` խաղում ենք բաց ու փակ սահմաններ խաղը: Իսկ հարևաններին դուր չի գալիս: Բոլորովին: Այնքան, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրազեկում է Անկարային, որ Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում, առանց ԼՂ հակամարտության կարգավորման լուրջ առաջընթացի (իմա` «վերադարձրեք մեր հողերը»), կդադարեցնի գազի մատակարարումը: Իլհամ Ալիևն էլ չի մասնակցի քաղաքակրթությունների երկխոսությանն Անկարայում: Դեռ ապրիլի 2-ին ամերիկյան «The Wall Street Journal»-ը գրել էր, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են շուտով հայտարարել սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Համաձայնության ժամկետները կճշտվեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` Անկարա այցի ընթացքում, ապրիլի 6-7-ին: Թերթը պարզաբանում էր, որ թուրքական և հայկական կառավարությունները համաձայնեցրել են բանակցություններ սկսելու պայմանները երեք ուղղություններով` սահմանների բացում և ամրագրում, դիվանագիտական հարաբերությունների վերականգնում և վիճելի հարցերի պարզաբանման համար հանձնաժողովների ստեղծում` ներառյալ երկու ժողովուրդների պատմությանն առնչվող հարցերը: Ապրիլի 16-ը նշվում է իբրև համաձայնագրի ստորագրման ժամկետ: Դե, իհարկե, ամեն ինչ արվում է հակաճգնաժամային հարաբերությունների շրջանակում: Այս անգամ` հարևանների հետ հարաբերությունների, բայց` ոչ միայն: Մի ճգնաժամի հաղթահարումը մյուսի նախադուռն է: Սովորաբար:
...Այսքանից հետո էլ ի՞նչ հարցեր. երկիր ունենք` աշխարհը չունի. ամեն ինչի մեջ կանք, բոլոր ժամանակներում եղել ենք ու կանք` Քրիստոսի ծննդից առաջ ու հետո եղած առեղծվածները բացահայտում ենք, գերտերությունների շահերի կենտրոնում պտտվում ենք, հարևանների հաշիվները խառնում ենք: Չէ, հրեաների հացը լրիվ կտրել ենք, էսպես գնաց ո՞ւր կհասնենք` աշխարհը կես ճամփին թողած...
...Իսկ գուցե պատճառն այն էր, որ ապրիլի 1 կար մեջտեղը:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2816

Մեկնաբանություններ