Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Այսօրվա Իրանը

Այսօրվա Իրանը
12.07.2024 | 19:46

Իրանն ունի նոր նախագահ:

Մասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը՝ ընտրություններում հավաքելով 53.6 % ձայն:

Փեզեշքիանիի նախագահ դառնալուց անմիջապես հետո, հայկական մեդիա տիրույթում անհանգստության ելևէջներ նկատվեցին՝ վերջինիս էթնիկ պատկանելիության և նրա նախկինում արված որոշ հայտարարությունների կապակցությամբ:

Մտահոգությունների տարափ էր ողջ համացանցում, որ նրա ընտրվելու պարագայում զարկ կտրվի Իրան-Ադրբեջան և Իրան-Թուրքիա հարաբերություններին, և երկրորդական պլան կմղվեն Իրան-Հայաստան հարաբերությունները։

Իսկ ավելի խիստ մտահոգներն արդեն իսկ օր ու ժամ էին նախանշում, նոր նախագահի համաձայնությամբ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչմանը:

Բնականաբար, նման մտահոգությունների առիթ մեզ տվել է Բաքվի վարչախմբի քարոզչամեքենան, որը շարունակ շրջանառում էր, թե Մասուդ Փեզեշքիանն, իբր, ադրբեջանցի է։

Մինչդեռ, Իրանի նոր նախագահը բնականաբար իրանցի է, որը սերում է Ատրպատականից։

Պարզապես Ատրպատականի իրանցիները թյուրքախոս են, իսկ թյուրքախոսները դեռևս թուրքեր չեն, և ոչ էլ՝ ադրբեջանցիներ:

Իսկ թյուրքախոս են, որովհետև Իրանի հյուսիսում՝ Ատրպատական (պարսկերեն՝ Ազարբայջան) նահանգում ապրող ազարիները, որոնք ծագումնաբանական ու էթնիկ որևէ կապ չունեն թուրքերի հետ, երկար տարիներ ապրելով թուրքական տիրապետության տակ, դարձել են թյուրքախոս։

Իրանի ազարիները էթնիկ պարսիկներ են, իսկ Ադրբեջանի ազերիները՝ «կովկասյան թաթարներ», որոնց 1920-ականներին Լենին պապին տվեց «ազերի» անունը՝ նմանեցնելով Իրանի ազարիներին։

Այնպես որ, ադրբեջանական էթնոս չկա, ուր մնաց՝ էթնիկ ադրբեջանցի։

Իսկ ինչ վերաբերվում է Իրանի՝ միջանցքի մասով դիրքորոշման, կարմիր գծերի, մեզ հետ ունեցած հարաբերությունների փոփոխության հավանականությանը, ապա պետք է հասկանալ, որ Իրանն այն խորքային պետությունն է, որն անձերով, առավել ևս նրանց քմահաճույքներով ու ճաշակով չի պայմանավորում իր ազգային ու պետական դոկտրինը, արտաքին քաղաքական վեկտորը, հայեցակարգն ու պետական ռազմավարությունը:

Այս մասով, որքան էլ որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նոր նախագահին խորհուրդ տա և հորդորի շարունակել երջանկահիշատակ նախագահ Էբրահիմ Ռայիսիի վարած քաղաքականությունը, այդուհանդերձ, վերջինս քաջ գիտակցում է, որ շարունակելու է նախկին նախագահի որդեգրած քաղաքական գիծն ու հավատարիմ է մնալու Իրանի ներքին ու արտաքին քաղաքականության ռազմավարության սկզբունքներին:

Ի հեճուկս ադրբեջանական կեղծ տեղեկատվություններին ու շահարկումներին, նորընտիր նախագահն ի ցույց է դրել նաև Իրանի կարմիր գծերը:

Փեզեշքիանը դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքին»:

Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում նա հաստատել է, որ «Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական, այդ թվում՝ միջազգային սահմանների ցանկացած փոփոխությանը և այդ քաղաքականությունն անկոտրում է։

Որևէ այլ գործոն երբեք չի ազդի Իրանի և Հայաստանի արտոնյալ հարաբերությունների վրա։

Հայաստանը կարևոր տեղ ունի Իրանի հարևանների թվում, և Երևանի հարաբերությունները շատ կարևոր են Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում։

Թեև Հայաստանի հետ Իրանի սահմանը կարճ է, սակայն այն հույսի և խաղաղ կյանքի սահման է, և ձեր նկատմամբ մեր սկզբունքային քաղաքականությունն անփոփոխ է»։

Ի դեպ, կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել:

Ինչ խոսք, այս ամենը ողջունելի է, բայց սա չի նշանակում, որ պետք է նստել ու հանգիստ շունչ քաշել:

Մանավանդ, որ դեռ վաղ է ենթադրություններ անել ու գնահատականներ տալ:

Ամեն դեպքում, խիստ ցանկալի կլինի, որպեսզի Հայաստանը դիվանագիտական խողովակներով, ողջ գործիքակազմով մաքսիմալ ջանք գործադրի, որ Մասուդ Փեզեշքիանիի տարածաշրջանային առաջին այցը լինի Հայաստան, հատկապես՝ Սյունիք։

Այդ ուղղությամբ Ալիևն արդեն իսկ առաջ է ընկել՝ վերջինիս հրավիրելով Բաքու և հրավերի արժանանալով այցելել Թեհրան:

Պաշտոնական Երևանը պետք է գործի, գրագետ աշխատի, գոնե այս նախագահի հետ:

Հուսանք՝ այդպես կլինի:

Կապրենք՝ կտեսնենք

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4088

Մեկնաբանություններ