Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Երբ թվայնացավ սերը...

Երբ թվայնացավ սերը...
21.09.2024 | 18:22

Երբեք չեմ ընդունել էն գրառումները, երբ ամուսինն իր Ֆեյսբուքում շնորհավորել է իր կնոջը, ընկերուհուն, նշանածին ծննդյան օրվա կապակցությամբ, կամ գրել, թե ինչքան շատ է սիրում նրան (ու նմանատիպ այլ գրառումներ)։ Ես դա ոչ միայն չեմ ընդունել, այլև կարծել եմ, որ նմանատիպ գրառումների հետևում իրականությունը ոչ այնքան սիրառատ է։ Էդպես եմ կարծել` համոզված լինելով, որ եթե սերն իսկական է, մաքուր ու անաղարտ, անգին ու անմնացորդ, ուրեմն կարիք չկա դրա փայլով շլացնել էն մարդկանց աչքերը, ովքեր ընդամենը կարդալու են էդ երկու տողը, մի հատ սրտիկ դնեն, անցնեն առաջ ու 5 րոպե անց մոռանան գրառումն էլ, դրա հեղինակին էլ, էդ զույգի խնդիրներն էլ։ Կարող եք չհամաձայնվել, բայց ես համոզված եմ, որ նմանատիպ թվայնացված սիրո հետևում անառողջ հարաբերություններ են։ Իսկական սերը, եթե այն իրապես քոնն ես համարում, պետք է լուռ լինի, ապացուցվի գործով, քայլերով , կենցաղով, առաքինությամբ ու բարոյականությամբ։

Թվայնացված սիրո դարում մենք նույն կերպ սկսեցինք սիրել պետությունը սեպտեմբերի 21-ին, երբ մեր էջերին դրոշի նկարներ տեղադրեցինք ու սրտառուչ` մեկը մյուսից պետականամետ գրառումներով զարդարեցինք, գրեցինք, թե ինչքան շատ ենք սիրում մեր պետությունը։ Էդ նույն թվայնացված սիրով ոգեկոչեցինք միլիոն ու կես անմեղ զոհերին` ապրիլի 24-ին ու ասացինք, որ երբեք չենք մոռանում, կամ պահանջում ենք, մայիսի 9-ին գրեցինք, թե ինչքան ենք սիրում Շուշին։ Չեմ ուզում էս ցանկը շարունակել, քանի որ օրինակներն անչափ շատ են, բայց ես համոզված եմ, որ էս թվայնացված սիրո հետևում ուղիղ այնպես, ինչպես գրառմանս սկզբում, անառողջ հարաբերություններ են։ Անառողջ են, քանի որ պետության կործանմանը անտարբեր կերպով հետևող բազմահազարանոց ամբոխը, կամ պետություն լքածը , պետության փող լափածը, պետության հացը գողացածը չի կարող իրապես սիրել, չի կարող բանակից փողով խուսափածը խոսել ոգեկոչումից, հայկական դատից, հայոց պահանջատիրությունից, չի կարող իր ողջ գիտակցական կյանքում գոնե գեթ մեկ անգամ Արցախ չգնացածը, Արցախի վաճառքին լուռ հետևածը, դավաճանին ընտրածը խոսել իր սիրուց, որ տածում է Շուշիի նկատմամբ։

Էն քչաքանակ պարզ մարդիկ էլ ընդամենը մեկ օր` առիթից առիթ, շնորհավորում են էս կամ էն տոնը Ֆեյսբուքում, ու րոպեներ անց ընկղմվում առօրյա հոգսերի ճահճի մեջ։ Այո՛, սիրելիներս, ինտերնետը խլեց մեզնից սերը, իսկական սերը։ Սերը թվայնացավ, դրա համար էլ մեր երկրում սիրառատ գրառումների հետևում մոլեգնում են ամուսնալուծությունները, դրոշի գույներով գրառումների հետևում հևում ու արնաքամ է լինում պետությունը, Շուշիի մասին գրառումների թիկունքում դատարկված Արցախն է...

Իսկ եթե սերը թվայնացված չլիներ, պատկերացնո՞ւմ եք` ինչքան լավ կլիներ ամեն բան:

Հիմա ինչ, մի եռագույնի նկար էլ ես տեղադրեմ էստեղ ու գրեմ, թե ինչքան շատ եմ սիրում իմ պետությունը, թե՞ իմ ու իմ պետության միջև եղած սերը չթվայնացնեմ, խորհեմ, փորձեմ հասկանալ` ես իրո՞ք սիրում եմ, ես իրո՞ք պատրաստ եմ նրա համար ամեն ինչի... երևի էս անգամ երկրորդ տարբերակն ընտրեմ... միգուցե դա է ճիշտը...

Չգիտեմ... բայց մի բան հաստատ գիտեմ, որ երբ սերը թվայնացված չէր, հայ օջախներում խինդն ավելի շատ էր, պետությունն ավելի առողջ էր, իսկ Արցախը հայկական էր...

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

ՈՒ մեր կյանքում մենք գլխավորապես մոռացանք ամենակարևորը` Աստված Սեր է, որ ամեն բան լավ կլինի, երբ իսկական սերը կվերադառնա մեր սրտեր

Դիտվել է՝ 2978

Մեկնաբանություններ