ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Աշխարհի վերաբաժանման այս պայքարում պետք է կարողանանք կանգուն մնալ

Աշխարհի վերաբաժանման այս պայքարում պետք է կարողանանք կանգուն մնալ
05.06.2024 | 13:26

Պետությունների հաջողված կամ ձախողված լինելու, հակամարտություններում հաղթելու, անվտանգ լինելու համար երկու կարևոր գործոն կա, որոնք պետք է ունենա պետությունը։

1․ Գաղափարախոսություն

2․ Ուժեղ բանակ

Այս երկու գործոնները պետականության հենասյուներն են, որոնցից կախված են մյուս բոլոր գործոնները։ Բայց այս երկու հենասյուները չեն կարող գոյություն ունենալ կամ կենսունակ լինել առանց մեկը մյուսի։

Որքան էլ ազգային գաղափարախոսություն ունենա պետությունը, չի կարող հաջողակ լինել, եթե չկա ուժեղ բանակ, քանի որ այդ դեպքում գաղափարը կմնա լոկ թղթի վրա կամ մարդկանց գլուխներում, բայց ոչ երբեք՝ ֆիզիկապես իրագործված։

Նույն կերպ, որքան էլ բանակը հագեցած լինի նորագույն հզոր զենքերով, ոչ մի արժեք չունի, եթե այդ բանակը չգիտի, թե ինչը պիտի պաշտպանի և ինչու պիտի պաշտպանի կամ ազատագրի, եթե զինվորը չունի հայրենիքի գիտակցում ու գալիքի պատկերացում։

Ցավոք, Հայաստանը հիմա ձախողված պետություն է (faled state), որը չունի ո՛չ ազգային գաղափարախոսություն, ո՛չ էլ այդ գաղափարախոսությամբ առաջնորդվող բանակ։ Իսկ դա բերում է այն հետևանքներին, որ երկրի իշխանության ղեկին կարող է հայտնվել ամեն մի պարազիտ ու վաճառել այն, ինչը ցանկանում է, իսկ բանակը չունի ազգային հստակ ճանապարհ, գիտակցում, որ նահանջի հրամանները կատարելու փոխարեն գրողի ծոցն ուղարկի այդ հրամանները տվող թրաշամանուկներին և պայքարի հանուն հայրենիքի։

Ցավոք, հայրենիքը մեր ժողովրդի գիտակցության մեջ տարիներ շարունակ հետևողականորեն վերածել են հյուրանոցի, որն արժեք ունի այնքան ժամանակ, քանի դեռ հարմար է, հենց անհարմար դարձավ, որևէ վտանգ եղավ, կարելի է լքել ու գնալ ուրիշ հյուրանոց։

Ազգային գաղափարախոսությունը լուծում է այդ խնդիրները։

Հետևաբար, մեզ անհրաժեշտ երկու գործոնները՝ ազգային գաղափարն ու գաղափարական ուժեղ բանակը, օր առաջ պիտի կայացնենք, որպեսզի կարողանանք աշխարհի վերաբաժանումների այս պայքարում կանգուն մնալ որպես պետություն և իրականություն դարձնել մեր գալիքի ծրագրերը։ Այդ դեպքում ո՛չ պարազիտները, ո՛չ թալանչիները, ո՛չ էլ դավաճանները չեն կարողանա իշխանության գալ կամ իրենց սև գործը անել, որովհետև իշխելու է գաղափարը, ոչ թե կլանը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3269

Մեկնաբանություններ