ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Հայաստան-Արցախ. հայի վախ, ռուսի խաղ, հախ թե՞ մաղ (hավանական սցենարի հետքերով)

Հայաստան-Արցախ. հայի վախ, ռուսի խաղ, հախ թե՞ մաղ  (hավանական սցենարի հետքերով)
10.04.2023 | 21:44

(Ի շարունակություն նախորդ՝ «Տեղի «ուրվականը», Լաչինի «փականը», Երևանի «ոդիսականը»... ՈՒղիղ հարցերին՝ ուղիղ պատասխաններ» հոդվածի):

Վերջերս նկատվում է հայ-ռուսական շփումների ակտիվացում:

Սակայն սա այն չէ, ինչը կարելի է կոչել հարաբերությունների վերբեռնում, երբեմնի բարիդրացիական հարաբերությունների վերականգնում կամ դիվանագիտական պրոտոկոլային հանդիպումներ:

Սա՝ երկկողմ հարաբերություններում որոշակիություն ու ճշգրտում մտցնելու, սլաքներն ուղղելու, ինչ-որ տեղ նաև սպառնալիքի փոքր չափաբաժին հաղորդելու, «խաղը» կրկին իր դաշտ վերադարձնելու, եվրոպական «շրջագայություններից» Հայաստանին վերադարձնելու միտում է հետապնդում:

Ռուսաստանը՝ Միրզոյան-Լավրով վերջին հանդիպման ժամանակ հստակ հասկացրեց, որ նա է միակ միջնորդը, ում վերապահված է զբաղվել հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծմամբ:

Ավելին՝ դա իր բացառիկ մենաշնորհն է, և որ իր դերակատարությունն ու հեգեմոնիզմը տարածաշրջանում ոչ մեկին չի զիջելու:

Այս նոտայի վրա էլ Մոսկվայում արտգործնախարարները բաժանվեցին միմյանցից:

Երկու շաբաթ անց, պայմանավորվածությունների պատկերը գործնականում տեսանելի էր:

Եթե մինչ այդ պահը փոխվարչապետերի մակարդակով ինտենսիվ աշխատանքներ էին տարվում հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի իրականացման հարցերում, ապա՝ վերջերս դրանք իսպառ բացակայում են:

Արդեն երկու ամիս է, ինչ տեղի չի ունեցել այդ հանձնաժողովները ղեկավարող՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի աշխատանքային գեթ մեկ հանդիպում:

Հետևաբար՝ գործնական և ոչ մի քայլ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ:

Դրա փոխարեն ականատեսը դարձանք՝ դելիմիտացիա և դեմարկացիա չիրականացված հայ-ադրբեջանական սահմանագծում ԱԱԾ սահմանապահների տեղակայմանը, որը, ի դեպ, տեղի ունեցավ ինչ-ինչ քարտեզների հիման վրա և այդ քարտեզների որոշակի տարընթերցումներով ու ոչ ճշգրիտ վերջնարդյունքով:

Ընդ որում, այն կիրառվեց ոչ թե սահմանի ողջ երկայնքով, այլ մասնավորապես՝ Սյունիքի մարզի և Արցախի բաժանարար հատվածում:

Արդյունքում, Ադրբեջանը օկուպացնելով ՀՀ սուվերեն տարածքի շուրջ 100 կմ քառակուսի տարածք, հաստատվեց Սյունիքի մարզի Տեղ և Կոռնիձոր վարչական շրջաններում:

Այս իրադարձությունների համատեքստում հետևյալ տարակուսելի հարցերն են առաջանում:

* Եթե կա նման գործառույթներ իրականացնելու ներքին կամ բացահայտ պայմանավորվածություններ, ապա ինչու՞ դա արվեց բացառապես Տեղ ու Կոռնիձոր համայնքներում և ոչ ողջ սահմանի երկայնքով:

* Ի՞նչ իրավական հիմքերի վրա է համաձայնեցվել սահմանի այս և այն կողմում հենց ԱԱԾ Սահմանապահ զորքերի տեղակայումը:

* Ինչու՞ հայկական կողմում կանգնած են՝ ԱԱԾ Սահմանապահները, իսկ մյուս կողմում՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները:

* Ի՞նչ տեղի կունենա, եթե Տեղ համայնքում Ադրբեջանը տեղադրի հսկիչ անցագրային կետ:

* Արդյոք կա՞ հավանականություն, որ ՀՀ իշխանությունները կհանդուրժեն ու կհարմարվեն ենթադրյալ ադրբեջանական հսկիչ անցագրային կետի տեղադրմանը:

Եվ առհասարակ՝ ՀՀ իշխանությունները տվե՞լ են նման համաձայնություն:

* Ինչպիսի՞ դերակատարություն ու կապ ունի Ռուսաստանի Դաշնությունն այս ամենի հետ:

Այսպիսով՝ դա արվեց միայն այդ հատվածում, քանի որ միակ ճանապարհը, որը կապում է Հայաստանն Արցախին անցնում է վերոնշյալ համայնքներով:

Իսկ ինչ վերաբերվում է ողջ սահմանի երկայնքով ԱԱԾ սահմանապահների տեղակայմանը, ապա ավելի քան վստահ եմ, որ հայկական կողմը պատրաստ չէ վերցնել իր վրա նման գործառույթ և այն իրականացնել պատշաճ կերպով:

Միայն այն, որ ԱԱԾ Սահմանապահների թվաքանակը չի բավարարելու 1 400 կմ երկայնքով սահմանին տեղակայվելու համար՝ փաստ է:

Էլ չեմ խոսում ռեսուրսների, իսկ հավանական պատերազմի, լայնածավալ հարձակման դեպքում՝ դիմադրողականության ու լիակատար պաշտպանություն իրականացնելու անկարողության մասին:

ՈՒնեմ հիմնավոր կասկած, որ նրանք ողջ սահմանի երկայնքով չեն տեղակայվելու:

Կարծում եմ դա արվեց հենց այնտեղ, որտեղով անցնում է միակ ճանապարհը, որպեսզի հետագայում, հսկիչ-անցակետ տեղադրվելուց այնտեղ կատարվի սահմանապահի գործառույթներ:

Այնպես, ինչպես ԱԱԾ Սահմանապահները կատարում են իրենց գործառույթները հայ-իրանական միջպետական սահմանի անցագրային կետում:

Ենթադրում եմ, որ առ այսօր դեռ ոչ մի, երկուստեք ԱԱԾ սահմանապահներ տեղակայելու մասին համաձայնեցված իրավական փաստաթուղթ չկա:

Միակ փաստը մնում է այն, որ դա հայկական կողմի առաջարկն է եղել:

Այս պահին փաստացի այնտեղ մեր կողմից կանգնած են՝ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, իսկ նրանց կողմից՝ և՛ նույն կառույցի ներկայացուցիչները, և՛ զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք բացի պաշտպանական ֆունկցիաներից, միաժամանակ կատարում են ամրաշինական ու ինժեներական աշխատանքներ:

Իսկ թե ի՞նչ է տեղի ունենալու, եթե Տեղ համայնքում Ադրբեջանը տեղադրի հսկիչ անցագրային կետ, ապա պատասխանը միանշանակ է՝ վերջինս կսահմանի մաքսային և անձնագրային հսկողություն, ելք ու մուտքի համար կպահանջի կա՛մ

Ադրբեջանի քաղաքացիություն կա՛մ ադրբեջանական վիզա:

Արդյոք կա՞ հավանականություն, որ ՀՀ իշխանությունները հանդուրժեն ու հարմարվեն ենթադրյալ ադրբեջանական հսկիչ անցագրային կետի տեղադրմանը և առհասարակ՝ ՀՀ իշխանություններն արդյոք տվե՞լ են նման համաձայնություն՝ երկու տարբերակն էլ չի բացառվում:

ՀՀ իշխանությունների քաղաքական վարքագիծը և գործողությունների շարակցական կապը խոսում է հենց այդ մասին:

Իսկ թե ինչպիսի՞ դերակատարություն ու կապ ունի Ռուսաստանի Դաշնությունն այս ամենին, ապա պատասխանը միանշանակ է՝ ՌԴ-ն ոչ միայն տեղյակ է այս ամենից, այլ նաև նախաձեռնող ու վերահսկող կողմ է:

Չի բացառվում, որ նրա կազմած սցենարի ու տված ցուցումների արդյունքն է այս ամենը:

Իսկ թե արդյոք ՀՀ իշխանությունները կընդդիմանա՞ն նման սցենարով միջամտությանը կարող եմ ասել՝ ոչ:

Քանզի նրանց քաղաքական գիծը գրեթե նույն հարթության վրա է:

Իսկ Հավաքական Արևմուտքն իր քար լռությամբ կարծես ևս հակված է այդ տարածքում հսկիչ-անցագրային կետ լինելու հետ:

Ի դեպ, անցակետի առկայությունը Ռուսաստանին կազատի «ավելորդ գլխացավանքից, մեղադրանքներից ու երկու քարի արանքում հայտնվելուց»...

Նրանք իրենց պատասխանատվության գոտում և հատկապես «Լաչինի միջանցքում»՝ հանգիստ ռեժիմով, արդեն իսկ առանց միջադեպերի, կիրականացնեն իրենց առաքելությունը:

նման իրավիճակում ի՞նչ կարող ենք ասել ու առաջարկել ռուսական կողմին, եթե ունենք կամք ու ցանկություն:

Եթե Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՌԴ-ն Արցախում ստանձնել է հստակ պարտականություններ, որոնք այսօր կատարում է, ապա՝ ՀՀ-ի հետ ունենալով դաշնակցային հարաբերություններ, համաձայն որի ՌԴ-ն իրականացնում է ՀՀ տարածքի որոշ սահմանների անվտանգության գործառույթները, ապա ի՞նչն է խանգարում, որ ընդլայնվեն նրանց գործառույթները և նրանք հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ևս իրականացնեն սահմանային հսկողություն:

Այնպես, ինչպես այդ ֆունկցիան տասնամյակներով իրականացնում են հայ-իրանական ու հայ-թուրքական սահմաններին:

Արդյոք ՀՀ իշխանությունները կդիմե՞ն ՌԴ-ին նման առաջարկով. կարծում եմ՝ ո՛չ...

Պե՞տք է, որ անկախ պատասխանից դիմեն՝ միանշանակ, այո՛:

Իսկ այն, որ Արցախի հայաթափումը ՌԴ-ին ձեռնտու չէ՝ փաստ է:

Քանզի եթե չկա Արցախում արցախցի, չի լինի նաև ռուսական ներկայություն:

Չլինի Արցախ, չի լինի և ռուսական ֆորպոստ, պլացդադմ, ցանկացած տեսակի ներկայացվածություն:

Քանի դեռ արցախահայությունը գոյաբանական վտանգից ելնելով որպես իր անվտանգության երաշխավոր դիտարկում է բացառապես ՌԴ-ին, և վերջինից ստանա այդ երաշխիքն ու դուրս չգա Արցախից, այդքան էլ ռուսական կոնտինգենտն ու ռուսական գործոնը կմնա Արցախում:

Ավելին՝ ուզում է Ալիևը լինի, Փաշինյանը և թե Հարությունյանը, միևնույն է՝ խնդրանքով էլ, պարտադրանքով էլ լինի միևնույն է՝ ռուսը Արցախից ամբողջությամբ դուրս եկողը չէ:

Այնտեղ ժամանակին կիրառվել է՝ «բաժանիր որ տիրես սկզբունքը»:

Ավելին՝ խիստ կասկածում եմ, որ ՌԴ-ին ձեռնտու է արցախահայության՝ Ադրբեջանին «ռեինտեգրացիան»:

Էքզիստենցիալ կամ էթնիկ զտման իրական վտանգի կամ ռուս-ադրբեջանական հնարավոր խժդժությունների դեպքում վստահ եմ՝ արցախահայությանն առաջարկվելու է «ալտերնատիվ ռեինտեգրացիա», որին արցախահայությունը, կամա թե ակամա, կհամաձայնի:

Իսկ առհասարակ, քանի դեռ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը չի հանգուցալուծվել, և քանի դեռ այն կշարունակվի՝ տարածաշրջանում ու մասնավորապես՝ Արցախում ֆիզիկապես լինելու է նաև Ռուսաստանը:

Սակայն, ամեն դեպքում, ոչինչ չի բացառվում:

Բոլոր դեպքում արցախցին պետք է ապրի իր հայրենիքում, և չպետք է հեռանա իր բնակավայրից:

Այսօր թշնամու գերնպատակը՝ Արցախի նախիջևանացումն է:

Որպեսզի Արցախի հայաթափումը լինի ինքնակամ:

Նման սցենարի պարագայում կարող ենք իսպառ ու անվերադարձ կորցնել Արցախը:

Իսկ այդ պարագայում ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ ԵՄ-ն, և ո՛չ էլ որևէ երկիր մեզ չի օգնելու:

Ո՛չ ցարն է գալու մեզ փրկելու, և ո՛չ էլ անգլիական նավերը...

Ձերբազատվե՛ք պատրանքներից ու սին հույսեր փափագելուց:

Բա՛վ է ապրենք սպասումներով:

Բա՛վ է 100 տարի անց տեսնել անիծյալ Կարսի, Մոսկվայի ու Ալեքսանդրապոլի պայմանագրերի կրկնությունը:

Հայի ցավը միայն հայինն է,

հայի հաղթանակը միայն հայինն է:

Մենք ենք ու մեր արարչածին երկիրը,

մենք ենք ու մեր գենը:

Մեզ է վստահված Աստվածատուր հողի պաշտպան ու արարչատեղի պահապան լինելը:

Ամեն ինչ միայն մեզանից է կախված:

Իսկ առհասարակ, մենք կլինենք հզոր և կհաղթենք, երբ դրան արժանի լինենք:

Խոհեմություն բոլորիս և հատկապես ՀՀ և ԱՀ իշխանություններին:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4980

Մեկնաբանություններ