ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Վնգստացող դատավորներից»՝ դեպի «վնգստացող պետություն»

«Վնգստացող դատավորներից»՝ դեպի «վնգստացող պետություն»
28.03.2023 | 21:53

1. Եթե դատարանները շրջափակելու կոչին հայ հասարակությունը տար նույն ռեակցիան, ինչ Իսրայելի հասարակությունը՝ իրենց իշխանության դատաիրավական ռեֆորմին, շատ բաներից Հայաստանում հնարավոր կլիներ խուսափել։ Չի բացառվում՝ նույնիսկ պատերազմից։

2. Եթե «վնգստացող դատավորներ» արտահայտությանը, լավագույն դատավորներին պատժելու պրոցեսին դատավորների համայնքը տար միասնական կոշտ պատասխան, մեր երկրում զարգացումները այլ կլինեին։

3. Եթե Մնացական Մարտիրոսյանին քրեական դատարանի նախագահ նշանակումը (մարդ, որին նույն Նիկոլը և նրա նկարով «ազնվացող» ԲԴԽ նախագահը ժամանակին համարել են իշխանության կամակատար, որակել ամենատգեղ բառերով, որի մասին զեկույցներ են գրել) հարուցեր համատարած, հրապարակային ցասում, կնշանակեր, որ շանսեր ունենք առողջացման։

4. Եթե հասարակությունը լիներ ավելի զգայուն՝ պետության իրավական կառուցվածքի հարցերում, և այլ վերաբերմունք ցույց տար ՍԴ-ի, Հրայր Թովմասյանի «գրիչային» թեմաներում, մենք այսօր շատ ավելի ամուր կլինեինք որպես պետություն։

5. Եթե իշխանափոխության օրերին Նիկոլին ձերբակալելու եկած, իսկ հետագայում Նիկոլի հրահանգով արդեն նրա քաղաքական հակառակորդներին ձերբակալող գլխավոր դատախազին հասարակությունը մերժեր՝ որպես մարդկային և մասնագիտական դեֆոլտի խորհրդանիշի, այլ ոչ թե հրճվեր «իմ սրտի դատախազ» ձևակերպմամբ, մենք այսօր այսքան անարժապատիվ վիճակում չէինք լինի։

6. Եթե զգալի ռեսուրսների տիրապետող և պետական մեծ փորձ ունեցող գործիչները պայքարեին ոչ թե միայն ու միայն սեփական անձը դատաիրավական ռեպրեսիաներից պաշտպանելու համար, այլ լիներ ավելի մասշտաբային գիտակցում և աշխարհայացք՝ ստեղծել դատաիրավական տեռորի դեմ պայքարի լուրջ համակարգեր, ապա վիճակը երկրում այսքան տխուր չէր լինի։

Նման եթե-ների շարքը մեծ է, և նման հակազդեցության բացակայությունն է բերել էս օրվան։ Բայց սա, ինչ-որ իմաստով, արդեն երեկ է։ Մեր այսօրն ունի ավելի վտանգավոր եթե-ներ։ Եթե հասարակությունն այսօր հասկանա, որ ցուցադրական հակառուսականությունը նոր պատերազմի մեծ ռիսկեր է պարունակում, որ ՀԱՊԿ-ի դեմ դեմարշները լկտիացնում են Ադրբեջանին, որ բանակցություններում տապալումները բերում են Արցախի վերջնական մեկուսացմանը, մենք կկարողանանք գուցե կանխել այդ ամենը։ Բայց դրա համար հասարակությանը պետք է բացատրել այս նոր եթե-ների բերած վտանգները։ Պետք է լինի այն ուժը, որը կկառուցի հանրության հետ այդ կարևոր կամուրջը, կկարողանա բացատրել այս ամենը, ուժ, որը կկարողանա բանակցել հանրության հետ այս բոլոր հարցերի շուրջ՝ հասնելով հաջողության։ Հանրության հետ բանակցություններում հաջողության հասնող ուժը կկարողանա դառնալ արդեն դրսի աշխարհի ու հակառակորդների հետ Հայաստանի նոր բանակցողը։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 10914

Մեկնաբանություններ