ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Անտառային հրդեհները հաճախակիացել են ամբողջ աշխարհում

Անտառային հրդեհները հաճախակիացել են ամբողջ աշխարհում
21.09.2015 | 13:21

Եվրամիության միջսահմանային համագործակցության «Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագրի» շրջանակում բնապահպանության նախարարության «Զիկատար» ուսումնական կենտրոնում անցկացվեց «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրի ավարտական սեմինարը: Ծրագրի ազգային համակարգող, կենսաբանական գիտություններրի դոկտոր ԱՆԴՐԱՆԻԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում նշեց, որ այս խնդիրը հրատապ է ամբողջ աշխարհում: Հատկապես վերջին տասնամյակում հրդեհները հաճախակիացել են՝ կապված կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի բարձրացում, հարաբերական խոնավության նվազեցում և այլն:

Ծրագիրը սկսվել է 2013-ի ապրիլից, կավարտվի ընթացիկ տարվա նոյեմբերին: Մասնակցում են Կավալայի տեխնոլոգիաների ինստիտուտը (Հունաստան), Արդվինի Կորուհ համալսարանը (Թուրքիա), Բրեյլայի քաղաքապետարանը (Ռումինիա), «Էկո-Տիրաս» գետերի պահպանության միջազգային բնապահպանական ասոցիացիան (Մոլդովա), Կենսառեսուրսների ու բնօգտագործման ազգային համալսարանը (ՈՒկրաինա): Հայաստանը ներկայացնում է «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ը:


Անդրադառնալով մեր «Ինչո՞վ է առանձնանում «Զիկատարը»» հարցին` Անդրանիկ Ղուլիջանյանն ասաց, որ «Զիկատարը» մեր հանրապետության միակ բնապահպանական և անտառային ուսումնական կենտրոնն է. «Այստեղ վերջին 7-8 տարիներին ուսանել են մեծ թվով համալսարանների ուսանողներ, համայնքի բնակիչներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլն: Իրականացվում է և՛ տեսական, և՛ գործնական ուսուցում»: «Զիկատար» պետական անտառային արգելավայրը ընձեռում է հարմարավետ և եզակի հնարավորություններ: Այն գրավիչ է նաև էկոտուրիզմի տեսանկյունից: Իբրև օրինակ`նախանցյալ տարի սկանդինավյան երկրներից այստեղ ժամանել է 75 հոգի ու շրջակա անտառներում կազմակերպել անտառային կողմնորոշման մարզաձև (տարբեր տեղերում դնում են համապատասխան նշաններ, և մասնակիցները որոշակի ժամանակահատվածում պետք է գտնեն այդ նշանները): Անդրանիկ Ղուլիջանյանը ողջունելի է համարում նման մարզաձևերի անցկացումը Հայաստանում, նշում նաև, որ իրականացվում են էկոտուրիզմի զարգացմանն ուղղված մի շարք գործողություններ, արդեն ունեն յոթ էկոերթուղիներ` գյուղերից սկսվող: Հայաստանյան այս արգելավայրի հանրահռչակումը, նրա համոզմամբ, ժամանակի խնդիր է, մանավանդ որ Հայաստանում նոր է էկոտուրիզմն իր տեղը գտնում:
«Արգելոց տանող Ճանապարհը բարվոք վիճակում չէ: Սա չի՞ կարող որևէ կերպ խոչընդոտել դրսի հյուրերի այցելությանը»,- հետաքրքրվեցի: Զրուցակիցս նկատեց, որ երբ խոսքը էկոտուրիզմի մասին է, բարեկարգ ճանապարհն առաջին պլան չի մղվում: Ճանապարհն այս դեպքում անցնում են ձիերով, հեծանիվներով և այլն:
Վերադառնալով «Զիկատար»-ում անցկացվող սեմինարին, նշենք, որ «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրի ավարտական սեմինարին
մասնակցում էին բնապահպանության, գյուղատնտեսության, ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների (հանձին փրկարար ծառայության) նախարարությունները, ՀՀ կառավարության, Լոռու և Տավուշի մարզպետարանների, անտառամերձ համայնքների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև բնապահպանական թեմաներով հետաքրքրվող լրագրողներ:

Անդրանիկ Ղուլիջանյանն իր զեկույցում նշեց, որ հանրապետությունում ստեղծված իրավիճակի շտկումը, անտառի արդյունավետության և բնապահպանական հատկությունների բարելավումը, քայքայված անտառների վերականգնումը և անտառածածկ տարածքների ընդարձակումը հնարավոր են միայն կայուն անտառկառավարման համակարգի ներդրման պայմաններում, որում կարևորվում է նաև հրդեհների կառավարումը.
«Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում լեռնային անտառների եզակի կենսաբազմազանության համար, բացասական ազդեցություն են ունենում նաև հարակից համայնքների սոցիալական կայունության հարցում` հաշվի առնելով անտառի կողմնարդյունքից համայնքների բնակիչների օգտվելու հնարավորությունների նվազումը»:
Անդրանիկ Ղուլիջանյանի փոխանցմամբ` 1992 և հետագա տարիներին Հայաստանի անտառների շուրջ 70 տոկոսի վրա իրականացված չհամակարգված հատումները տասնյակ հազարավոր հեկտարների վրա հանգեցրել են լեռնային անտառին առանձնահատուկ հակաէրոզիոն, ջրակարգավորիչ, կլիմայակարգավորիչ և ինքնավերականգնման հատկությունների վատթարացման, ակտիվ ընթանում է տեսակակազմի անցանկալի փոփոխություն` մեծ վնաս հասցնելով անտառային գենոֆոնդին և, որ շատ կարևոր է, խաթարում է էկոլոգիական հավասարակշռությունը:
Եվս մեկ ուշագրավ վիճակագրություն` համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության՝ 2005-2012 թվականներին հրդեհներից պատճառված վնասը գնահատվել է մոտ 900000 եվրո, նույն ժամանակահատվածում անտառային հրդեհների մարման աշխատանքներում ծախսվել է ընդամենը 8500 եվրո:
Սեմինարի ընթացում եղան քննարկումներ, ներկայացվեցին բնագավառի հիմնական խնդիրները, դրանցից ելնելով` հրդեհաշիջման աշխատանքների բարելավմանն ու կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումները, անհրաժեշտ իրավական փոփոխությունները և այլն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ