Սարատովում հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 8-ը անցկացվող «Գագարին.Դոկ» (Гагарин.doc) կինոփառատոնում ՄԱՆԵԻ (ՄԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ) «Ճայը» էքսպերիմենտալ ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակի։ Երիտասարդ ռեժիսորի հետ մեր զրույցը պատերազմի, հետպատերազմյան շրջանի ու կինոյի մասին է։
-Մանե, ամիսներ առաջ մեր զրույցի թեման համավարակն էր։ Վտանգված էր մարդկային կյանքը։ ՈՒշի ուշով հետևում էինք հիվանդության տարածման ու մահացության ցուցանիշներին։ Պատերազմը միանգամից երկրորդ պլան մղեց համավարակի սարսափը։ Ի՞նչ ծրագրեր ունեիք, որ գուցե անավարտ էին մնացել համավարակի հետևանքով, և ի՞նչ փոխեց Ձեր ստեղծագործական կյանքում պատերազմը։
-Թե՛ համավարակը, թե՛ պատերազմը, իհարկե, փոխեցին մեր կյանքը։ Համավարակն ինձ շատ մտքեր տվեց, որոնք օգտագործում եմ բժշկական թեմայով իմ վավերագրական նոր ֆիլմում: Պատերազմի ժամանակ չեմ ստեղծագործել, այն պատճառով, որ պարզապես անհնար էր մտածել ուրիշ բանի մասին: Պատերազմը դեռ չի էլ ավարտվել։ Մենք բոլորս ստացել և շարունակում ենք ստանալ հոգեբանական հարվածներ: Ինչ-ինչ փուլեր պետք է անցնենք՝ ապաքինվելու համար։
-Ի՞նչ հետք է թողել այս ամենը Ձեր ձեռագրի, մտածողության վրա։ Ինչպիսի՞ն են լինելու ֆիլմերը, որ ստեղծելու եք։ Կա՞ն արդեն մտքեր, «էսքիզներ»։
-Կարծում եմ՝ անհնար է այս պահին բառերով նկարագրել պատերազմի թողած ազդեցությունը։ Երևի թե ավելի ողջամիտ եմ դարձել, կառուցողական, ավելի իրատեսորեն ու սթափ եմ մտածում վաղվա մասին: Ֆիլմը, որը նկարահանում եմ, բժշկական թեմայով է, դեպքերը տեղի են ունենում վիրահատարաններում։ Դա նույնպես մի մեծ պատերազմ է. մարդիկ պայքարում են ապրելու համար, ֆիլմում շատ զուգահեռներ կան այս օրերի հետ։ Ես փորձում եմ չծանրացնել առանց այն էլ ծանր թեմաները: Հուսով եմ՝ լուսավոր գաղափարով այս ֆիլմը եկող տարի կհանձնեմ հանդիսատեսի դատին։
-Չնայած երիտասարդ տարիքին՝ ստեղծագործական հաջողություններ ունեք, մասնակցել եք մեծ թվով մրցույթների, փառատոների, արժանացել մրցանակների։ Ստեղծագործական հաջողություններն ու ստեղծվելիք ֆիլմերը ի՞նչ կերպ եք ծառայեցնելու ի շահ հայրենիքի։
-Կարծում եմ՝ պետք է շարունակեմ իմ առաքելությունը՝ տարբեր երկրների տարբեր կինոփառատոներում հնչեցնելով Հայաստանի անունը: Դա այն է, ինչ ես կարող եմ անել։ Նույնը արել եմ պատերազմի օրերին. մրցանակների արժանացա, սակայն դժվար էր ժպտալը դրանք ստանալիս, և հարկ չեմ համարել բարձրաձայնել դրանց մասին։ Եթե չլինեն նոր ֆորս մաժորներ, պետք է փորձենք առաջ շարժվել՝ չմոռանալով աջակցել իրար։ Յուրաքանչյուրս իր ոլորտում (եթե կարող է` նաև ոլորտից դուրս) պետք է լավագույնս աշխատի ու կառուցի երկիրը: Պետք է գիտակցենք, որ պատասխանատու ենք մեր երկրի ապագայի համար։
-Սարատովյան փառատոնում ստացած մրցանակի մասին մի փոքր կպատմե՞ք։
-«Գագարին.Դոկ» կինոփառատոնում «Ճայը» ֆիլմի համար արժանացա «Լավագույն ֆիլմ» մրցանակի՝ «Կոսմոս» անվանակարգում: Իսկապես շատ հպարտ եմ այս մրցանակի համար: Կորոնավիրուսը տարվա ընթացքում միայն ճանապարհորդելուն է խանգարել, սակայն բոլոր փառատոները իրականացել են, կարողացել եմ ներկայացնել ֆիլմերս ու հաջողություններ գրանցել։
-Մրցանակը հանձնելիս կինոգետ Ալեսյա Տուրկինան ասաց, որ պրոֆեսիոնալ լինելուց բացի, ֆիլմը մարդասիրական է, նաև կարծիք հայտնեց, որ շարունակում եք Փելեշյանին։ Համամի՞տ եք։
-Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին: Ոչ միայն համամիտ եմ, այլև շատ երջանիկ, որ իմ ոգեշնչումը Փելեշյանից զգում են կինոգետները։
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ