ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Սա լիներ Երևանում, Նիկոլը ՆԳ նախարարին, ոստիկանապետին արդեն հրամայած կլիներ ժողովրդին սպանդի ենթարկել

Սա լիներ Երևանում, Նիկոլը ՆԳ նախարարին, ոստիկանապետին արդեն հրամայած կլիներ ժողովրդին սպանդի ենթարկել
02.07.2024 | 12:27

Եվ ենիչերիները դա կանեին


Փարիզում, Նանտում, Ռենում, Լիոնում և Ֆրանսիայի այլ քաղաքներում հազարավոր մարդիկ հավաքվել են հակաֆաշիստականի անվան տակ ծպտված սորոսական ու նմանաբնույթ այլ շարժումների և ձախ կուսակցությունների կոչով՝ ի նշան հունիսի 30-ին Ֆրասիայի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունների առաջին փուլում առաջատար ուլտրաաջ «Ազգային միավորման» հաղթանակի դեմ բողոքի:
Կարելի է ասել՝ նրանք հիստերիայի մեջ են ընկել. տեսնելով Մակրոնի և իրենց մոտալուտ պարտությունը, դուրս են եկել տվյալ դեպքում քաղաքակիրթ, օրինական բողոքի շրջանակներից, անցած գիշեր անցել ջարդարարության ու հրկիզումների:
Ջարդել են խանութների ու սրճարանների ցուցափեղկերը, շրջել աղբամանները, հրկիզել դրանք ու տրանսպորտային միջոցներ:
Օրինակ, ցուցարարները, «Actu Lyon» լրատվական պորտալի տեղեկացմամբ , Լիոնի Կրուա-Ռուս թաղամասում ջարդուփշուր են արել «Orange»- ի (բջջային օպերատորի) խանութը։ «Actu Lyon»- ի տվյալներով՝ տուժել է նաև «Societe General» բանկի մասնաճյուղը: Ընդ որում, այսպես են վարվել այն դեպքում, երբ բողոքելու որևէ հիմք չունեն. Ֆրանսիայում ընտրություններն անցել են արդար, թափանցիկ, ժողովրդավարական կերպով, առանց կեղծիքների, ինչպես Հայաստանում է եղել:
«Ազգային միավորումը», եթե նույնիսկ ցանկություն ունենար էլ ընտրությունները կեղծելու, սկզբունքորեն չէր կարող, որովհետև ընտրությունները կազմակերպել են ու դրանց համար պատասխանատու են իշխանությունները, այսինքն՝ ընտրություններում պարտված Մակրոնի իշխանական թիմը:
Փարիզի Հանրապետության հրապարակում ցույցը սկսվել է երեկ երեկոյան ժամը 20:00-ից՝ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների 1-ին փուլի արդյունքների հրապարակումից հետո: Մայրաքաղաքում ցույցը մի քանի ժամ անցել է խաղաղ, սակայն հետո դրան միացել են «black bloc» շարժման արմատական տրամադրված երիտասարդները, որոնք սկսել են վերոնշյալ և այլ գործողություններով, օրինակ, ոստիկանների վրա ծխագլանակներ նետելով, սադրել ոստիկանությանը: Վերջինս ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել ծայրահեղականներին և, ընդհանրապես, ամբոխին ցրելու համար:
Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ հրապարակած խորհրդարանական ընտրությունների 1- ին փուլի քվեարկության արդյունքների, «Ազգային միավորումը» ձեռք է բերել քվեների 33,4 տոկոսը, երկրորդ տեղում ձախերի «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան է (27,98 տոկոս), երրորդում՝ նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցների կոալիցիան (20,76 տոկոս):
Առաջատար «Ազգային միավորման» արդյունքը պատմական ռեկորդ է համարվում այդ կուսակցության համար։ Ինչպես նշել է AFP գործակալությունը, Ֆրանսիայում ծայրահեղ աջերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ կստանձնեն իշխանությունը:
Հունիսի 9-ին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր Ազգային ժողովը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Մակրոնն ընդգծել էր, որ Ֆրանսիային անհրաժեշտ է հստակ խորհրդարանական մեծամասնություն, որպեսզի «գործի հանգիստ և համերաշխ»: Ինչպես հայտնել Է BFMTV հեռուստաալիքը, Ֆրանսիայի առաջնորդն ընդունել է նախագահական «Վերածնունդ» կուսակցության ծանր պարտությունը Եվրախորհրդարանի ընտրություններում, որոնց ընթացքում այն երկու անգամ ավելի քիչ ձայն է հավաքել (15,4 տոկոս), քան ընդդիմադիր «Ազգային միավորում» աջակողմյան կուսակցությունը, որի օգտին քվեարկել է ընտրազանգվածի 32 տոկոսը:
Ավելի ուշ, հունիսի 11- ին, «Bloomberg» պարբերականը հայտնել էր, որ Մակրոնի՝ խորհրդարանի ստորին պալատը լուծարելու և վերընտրություններ անցկացնելու որոշումը դժգոհություն և քաոս է առաջացրել նրա շրջապատում, մասնավորապես՝ նրա «Վերածնունդ» կուսակցությունում: Ինչպես նշվել է, Մակրոնը որոշել է խորհրդարանական քվեարկություն նախաձեռնել, որպեսզի վերականգնի քաղաքական նախաձեռնությունն այն բանից հետո, երբ իր կուսակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններում լիակատար պարտություն կրեց ծայրահեղ աջ «Ազգային միավորումից»՝ Մարին Լը Պենից:
Հինգերորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրություններն անցկացվում են նման սեղմ ժամկետներում։ Հունիսի
9-ի երեկոյան նախագահ Էմանուել Մակրոնի՝ խորհրդարանը ցրելու մասին հայտարարությունից հետո կուսակցությունները 3 շաբաթից էլ քիչ ժամանակ ունեին իրենց թեկնածուներին առաջադրելու և նախընտրական քարոզչություն իրականացնելու համար:
Ընտրությունների 2- րդ փուլը նախատեսված է հուլիսի 7-ին: Ֆրանսիացիները պետք է ընտրեն 577 պատգամավորի, որոնք իրենց շահերը կներկայացնեն երկրի խորհրդարանում:
Ի՞նչ են ուզում Մարին Լը Պենը, «Ազգային միավորումը» և նրանց ընտրած ու մեծամասնություն կազմող Ֆրանսիայի քաղաքացիները: Օրինակ, նրանք ուզում են վերջ տալ գլոբալիստների ու նրանց ներկայացուցիչ Մակրոնի միգրացիոն սխալ քաղաքականությանը, որի հետևանքով Ֆրանսիան հեղեղվել է Աֆրիկայից, Թուրքիայից, արաբական և այլ պետություններից եկած, երկրում հանցավորության մակարդակը բարձրացրած, Ֆրանսիայի ազգային նկարագրից շատ քիչ բան թողած միգրանտներով: Ճիշտ նույն քաղաքականությունն այժմ իրականացնում և առաջիկայում ավելի մեծ թափով իրականացնելու են Նիկոլ հայադավը և իր ոհմակը, եթե իշխանությունից չհեռացվեն:
Երկրորդ. ուզում են հնարավորինս նվազեցնել Ֆրանսիայի կախումն ԱՄՆ- ից, հնարավորինս անկախ, ինքնուրույն քաղաքականություն վարել:
Երրորդ. ուզում են վերջ տալ կամ առնվազն սահմանափակել Ֆրանսիայի կողմից ՈՒկրաինային ցուցաբերվող միլիարդավոր դոլարների ռազմական օգնությունը, դրա փոխարեն զարգացնել Ֆրանսիայի տնտեսությունը, բարձրացնել ֆրանսիացիների բարեկեցության մակարդակը:
Չորրորդ. ուզում են բարելավել Ֆրանսիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ՈՒկրաինայի պատճառով բանը չհասցնել նրա հետ ռազմական առճակատման և Երրորդ համաշխարհային պատերազմի:
Տեսանյութերում ուշադրություն դարձրեք, որ Ֆրանսիայի պես հարուստ և Հայաստանից բազմապատիկ մեծաթիվ բնակչություն ունեցող երկրում ջարդարարություն ու հրկիզումներ կատարած ցուցարարների դեմ ընդամենը մի քանի տասնյակ ոստիկաններ են դուրս եկել, մինչդեռ Հայաստանում ընդդիմության՝ օրենքի սահմաններում իրականացված բողոքի միջոցառումների ժամանակ ոստիկանների և ենիչերիների մի ամբողջ բանակ հանվեց շարժման դեմ: Եթե այն ամենը, ինչ անցած գիշեր տեղի է ունեցել Ֆրանսիայում, լիներ Հայաստանում, Նիկոլը ՆԳ նախարարին, ոստիկանապետին արդեն հրամայած կլիներ ժողովրդին սպանդի ենթարկել:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 18817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ