Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Նոր խաղացող խաղաղ ատոմի դաշտում»

«Նոր խաղացող խաղաղ ատոմի դաշտում»
19.05.2015 | 10:10

Համաշխարհային էներգետիկայի ասպարեզում լինում են նորություններ, որոնք դառնում են լայնընդգրկուն գործընթացների խթանիչներ և անգամ շղթայական ռեակցիա են առաջացնում շատ երկրների համանման կառուցվածքներում ու կառավարություններում։ Կարծես հենց այդպիսի դեր կարող է խաղալ վերջերս տարածված այն լուրը, թե Լոնդոնը վերջնական սկզբունքային համաձայնություն է տվել Էսսաքսի կոմսության «Brodwell» ԱԷԿ-ի հրապարակում չինական «Հուալուն-1000» ատոմային ռեակտիվներով էներգաբլոկների շինարարությանը։ Այդ մասին հայտարարվել է ատոմային էներգիայի մատակարար չինական ընկերությունների կոնսորցիումի կազմակերպած խորհրդաժողովում։ Միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 21-ին Պեկինում։ Մասնակցում էին չինական 90, ֆրանսիական 14 և բրիտանական 10 ընկերություններ։ «Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն տվեց չինական ընկերությունների մասնակցությանը Մեծ Բրիտանիայում միջուկային էներգետիկ օբյեկտների նախագծման և շինարարության աշխատանքներին»,- ասվում է համաժողովի ամփոփագրում։ Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2015 թ. երկրորդ կեսին՝ վերջնական ներդրումային որոշման ընդունմամբ, իսկ շինարարությունը ծրագրվում է սկսել 2017 թվականին։ «Brodwell» կայանը շահագործման էր հանձնվել 1962 թ., բայց 2002 թ. փակվել է, և հիմա այդ կայանի հրապարակում ենթադրվում է կառուցել փաստորեն նոր ԱԷԿ։ Չինական պետական CGN կորպորացիայի առաջարկած նախագիծը ենթադրում է 3 ԳՎտ հզորությամբ կայանի կառուցում։
Ինչի՞ մասին է խոսում այս լուրը։ Նախ, այդ ԱԷԿ-ի կառուցումը վկայում է, որ «Ֆուկուսիմա» համախտանիշը հաղթահարված է, և որ եվրոպական երկրները վերադառնում են ատոմային էներգետիկային՝ որպես էներգետիկ կայունության ապահովման կարևոր աղբյուրներից մեկի։ Եվ երկրորդ, այն փաստը, որ Լոնդոնը, որը դեռ մնում է որպես «նորաձևության գլոբալ օրենսդիրն» աշխարհում, որոշել է ամուր ու երկարաժամկետ կապեր հաստատել չին ատոմագետների հետ, նշանակում է ատոմային էներգետիկայի զարգացման գործում ՉԺՀ-ի նվաճումների անվերապահ ընդունում։ Ի դեպ, նոր պայմանագիրն առաջինը չէ այս ոլորտում։ Ավելի վաղ Չինաստանի ու Բրիտանիայի կապերի զարգացմանը նվիրված մի հոդվածում մենք պատմել էինք, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները երկրի հարավարևմտյան մասում ԱԷԿ-ի կառուցման 26 մլրդ դոլարի պայմանագիր են կնքել չինական «General Nuclear Corporation», «China National Nuclear Corporation» և ֆրանսիական ընկերությունների հետ։ Դա երկար ընդմիջումից հետո Եվրոպայում ԱԷԿ-ի կառուցման առաջին նախագիծն էր, որին պետական երաշխիք էր տրված։ Ընդ որում, ինչն առանձնապես հատկանշական է, բրիտանական կողմն ընդգծել էր, որ «նոր էլեկտրակայաններում չինական ներդրողների մասնաբաժինը կարող է մեծացվել ընդհուպ մինչև բաժնետոմսերի հսկիչ ծրարը»։
Այստեղ առաջանում է ևս մեկ օրինաչափ հարց՝ ինչպե՞ս է ստացվել, որ Չինաստանը դարձել է ատոմային էներգիայի զարգացման նոր կողմնորոշիչ, իսկ նրա հետազոտություններն այդ ոլորտում՝ նոր ճեղքում ճյուղում։ Չէ՞ որ երկար ժամանակ աշխարհում ատոմային էներգետիկայի զարգացման հիմնական շարժիչ ուժերը Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ճապոնիան էին, որոշ առումով նաև Ռուսաստանը, բայց ոչ երբեք Չինաստանը։ Իսկ բանն այն է, որ այն պայմաններում, երբ Ֆուկուսիմայի աղետից հետո աշխարհում ատոմային էներգետիկայի զարգացումը խիստ արգելքի տակ էր, Չինաստանի իշխանությունները որոշեցին, որ եթե նոր կոշտացված պահանջներ սահմանվեն ատոմակայանների անվտանգության առնչությամբ, ապա վթարներից կարելի է խուսափել, և ատոմային էներգետիկայից ամենևին էլ պետք չէ հրաժարվել։ ՉԺՀ-ի նախարարների կաբինետը մի շարք օրենքներ ու կանոնադրություններ ընդունեց երկրում ատոմային էներգետիկայի զարգացման վերաբերյալ։ Հենց դրանց բարձր մակարդակը և նոր հետազոտությունները հանգեցրին այն բանին, որ հիմա շատ կանխատեսողներ համարում են, որ անվտանգության նոր ստանդարտների վերաբերյալ չին գիտնականների մշակումները իրենց հետ կբերեն ամբողջ աշխարհի ատոմային էներգետիկայի վերելք, և որ Չինաստանը դառնում է ամբողջ աշխարհում անվտանգ ատոմային էներգետիկայի զարգացման դրոշակակիր։ Այս պահին Չինաստանում 17 ատոմային ռեակտոր է շահագործվում, բայց ծրագրվում է մինչև 2020 թիվը շոշափելիորեն զարգացնել երկրի ատոմային էներգետիկան։
Այժմ երկրում ակտիվորեն կառուցվում է 27 նոր ռեակտոր, ինչը կկազմի աշխարհի բոլոր «ատոմային նորակառույցների» 40 %-ը։ Եվ դա, ամենայն հավանականությամբ, մեծանալու էլի տեղ ունի։ Բացի այդ, վերջին ժամանակներս Պեկինը հատկանշական տեմպերով ներխուժել է նաև ատոմային էներգետիկայի համաշխարհային շուկա։ Այսպես, անցյալ տարի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը և Ֆրանսիայի նախագահ Օլանդը համաձայնագիր ստորագրեցին ատոմային էներգետիկայի ասպարեզում համագործակցելու վերաբերյալ։ Այն վերաբերում է կատարելագործված միջուկային ռեակտորների մշակման նոր ծրագրերին, ինչպես նաև ատոմային էլեկտրակայանների շահագործմանն ու արդիականացմանը (նկատենք, Ֆրանսիան դեռևս ատոմային էներգիայի համաշխարհային հիմնական սպառողներից մեկն է, որտեղ էլեկտրաէներգիայի ավելի քան 75 %-ը արտադրվում է ատոմային էլեկտրակայաններում)։ Ընդ որում, չինացիները հատկապես ընդգծում են, որ Պեկինն ու Փարիզն ատոմային էներգետիկայի ասպարեզում սկսել են համագործակցել դեռ 30 տարի առաջ, երբ Ֆրանսիան միակ երկիրն էր, որ համարձակություն ունեցավ օգնություն ցուցաբերելու Չինաստանին միջուկային էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման գործում։ Հիմա արդեն ֆրանսիացիներն ասում են, որ չինացի ատոմագետների հետ համալիր համագործակցությունը նրանց «գերակա գործընկեր» է դարձնում։ Հարաբերությունները զարգանում են նաև Ռուսաստանի հետ։ Այսպես, բացի երրորդ երկրների տարածքում ատոմային էլեկտրակայանների համատեղ կառուցման հնարավորության քննարկումից, չինական կողմը վերջերս «Ռոսատոմին» առաջարկեց համատեղ արտադրել և շահագործել լողացող ատոմակայանների նավատորմ։ Ռուսական շատ փորձագետներ կարծում են, որ թեև Պեկինը կարող է նորեկ համարվել միջազգային ատոմային մրցավազքում (Չինաստանը մինչև վերջերս ընդամենը մի քանի ռեակտոր էր կառուցել միայն Պակիստանում), բայց «եթե նա լրջորեն «ձեռք զարկի» գործին, ապա կարող է խիստ վտանգավոր մրցակից դառնալ, այդ թվում՝ Ռուսաստանի համար»։ Իսկ այստեղ վրա է հասել նաև ռուսների համար «շատ անհաճո» բրիտանական նախադեպը։ Թեև առայժմ նրանք ավելի հաճախ իրենց հանգստացնում են. «չինացիները կարող են արտասահմանում կառուցել սահմանափակ քանակով ռեակտորներ, ընդ որում՝ հին տեխնոլոգիաներով»։
Արդյո՞ք այդպես է։ Իրոք, կարո՞ղ են, արդյոք, չինական ատոմային տեխնոլոգիաներն աշխարհում գրավիչ ու գերակա դառնալ։ Սկսած 2000-ական թվականներից, երբ Չինաստանն սկսեց «ատոմային պոկում» նախապատրաստել, ազգային ատոմային քաղաքականությունն ուղղվեց «ցզիչժուհուա» (ինքնավարություն) գաղափարի կողմը, որը ենթադրում է սեփական տեխնոլոգիաների զարգացում և առավելագույնս օգտագործում։ Մինչ այդ Չինաստանի ատոմային էներգետիկայի բազան ֆրանսիական տեխնոլոգիական նվաճումներն էին։ Խիստ հատկանշական է, որ Չինաստանում ատոմակայանները վերագրում են «կանաչ էներգետիկայի» բնագավառին և համարում են, որ դրանց շինարարության մեջ անհնար է յոլա գնալ առանց ֆեն-շույի ավանդույթների՝ «կարևոր է, որ կողքիդ կենդանի ջուր լինի»։ Բայց կան նաև ավելի պակաս տարաշխարհիկ, միաժամանակ «ոչ ստանդարտ» գիտական մշակումներ։ ՈՒղղություններից մեկը թորիումի կիրառությունն է ատոմային էներգետիկայի մեջ և դրա օգտագործումը որպես «նոր խաղացող խաղաղ ատոմի դաշտում»։ Որպես տեղեկանք. թորիումը ծանր ռադիոակտիվ մետաղ է, անվանումն ստացել է ի պատիվ Թորի՝ սկանդինավյան ամպրոպի աստծո։ Օգտագործվում է ատոմային էներգետիկայի ասպարեզում։ Մեկ տոննա արծաթափայլ մաքուր մետաղն արտադրում է նույնքան էներգիա, որքան 200 տոննա ուրանը և երեքուկես միլիոն տոննա ածուխը։ Թորիումի ընդհանուր պաշարները երեք անգամ, գուցե և ավելի, գերազանցում են երկրակեղևում եղած ուրանի պաշարները։ Չինական ազգային գիտությունների ակադեմիայում թորիումային էներգետիկայի ոլորտի հետազոտությունների համար արդեն 350 մլն դոլար է հատկացվել, իսկ 2015 թ. այդ ոլորտում աշխատողների թիվը կհասնի 700-ի։ Համարվում է, որ որպես ատոմակայանների վառելիք թորիումի օգտագործումը շատ ձեռնտու է մի քանի պատճառներով. նախ, այն տարածված է և հեշտ է արդյունահանվում, երկրորդ, ռեակտորների աշխատանքի արդյունքում զինապլուտոնիում չի առանձնանում, երրորդ, չկա անվերահսկելի ռեակցիայի վտանգ։ Թորիումն ինքն իրեն չի կարող քայքայվել. այն պետք է մշտապես «ռմբակոծվի» նեյտրոններով, և եթե կայանքն անջատվում է, ռեակցիան էլ դադարում է։ Այս գործոնը խիստ կարևոր է Ֆուկուսիմայի վթարից հետո, երբ հենց անվտանգությունը դարձավ ատոմային էներգետիկայի «վարկի» անկման պատճառն աշխարհում։ Այնպես որ, նույնիսկ ՄԱԳԱՏԷ-ն է, օրինակ, արդեն ընդունել, որ ապագան թորիումինն է։ Եվ պատահական չէ, որ ձեռներեց չինացիներն ուզում են թորիումը վերածել ատոմային էներգետիկայի փրկչի։ Ավելին, ինչպես երկյուղով նկատում են ռուս փորձագետները, Չինաստանն ուզում է թորիումի տեխնոլոգիաների արտոնագիր ստանալ, իսկ հաշվի առնելով ներդրումների ծավալները, Չինաստանը լիովին կարող է հասնել դրան։
Այնպես որ, Լոնդոնի հետ կնքված վերջին պայմանագրերն էլ են խոսում հօգուտ այն բանի, որ, ամենայն հավանականությամբ, մի 5-10 տարի հետո Կենտրոնական կայսրությունը կթոթափի սպառողի կարգավիճակը և կդառնա միջուկային տեխնոլոգիաների առաջատար մատակարար։ Իսկ որ ՉԺՀ-ն այժմ արդեն դարձել է «ատոմի զարգացման շարժիչ ուժ» և ատոմային էներգետիկայի վերածնության գլխավոր նախաձեռնողներից մեկը, ստիպված են ընդունել անգամ հոռետեսները։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 17347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ