ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Քո գոյության իմաստը լոկ լինելության մեջ մի տես, այլ սիրո, բարության ու հանդուրժողության ճանապարհ բացելու

Քո գոյության իմաստը լոկ լինելության մեջ մի տես, այլ սիրո, բարության ու հանդուրժողության ճանապարհ բացելու
24.05.2024 | 21:29

Մի օր աշակերտը հարցնում է ուսուցչին.

- Աշխարհը թշնամաբա՞ր է տրամադրված մարդու նկատմամբ, թե՞ բարեկամաբար:

- Մի առակ կպատմեմ ու դու դա կհասկանաս,- պատասխանում է ուսուցիչը:-Շատ հին ժամանակներում ապրում էր մի թագավոր, ով իր պալատում կառուցել էր մեծ սենյակ, որի պատերը, առաստաղն ու դռները հայելուց էին:

Մի օր ծառաները մոռանում են փակել սենյակի դուռը և թագավորի շունը մտնում է ներս։ Նա զարմանքից կանգ է առնում և սկսում պոչը խաղացնել՝ ի պատասխան հայելու միջից իրեն նայող տասնյակ շներ նույնպես սկսում են իրենց պոչերը թափահարել:

Քիչ անց շունը զգուշանում է և ատամ է ցույց տալիս, հայելու շներն էլ նույն են անում, հետո վախից սկսում է գռմռալ, տասնյակ շները ևս գռմռում են:

Այնուհետև վախեցած շունը սկսում է տեղում պտտվել ու հաչալ, շների ոհմակը նրան «պատասխանում է: Սենյակում առկա արձագանքն է՛լ ավելի էր ուժեղացնում հաչոցը:

Առավոտյան շահի ծառաները գտնում են շան անշունչ մարմինը՝ շրջապատված իր «անկենդան» արտացոլանքներով: Խեղճը «զոհվել» էր իր արտացոլանքների հետ կռիվ տալով:

Ամեն ինչ կարող էր լրիվ այլ ավարտ ունենալ, եթե նա հաչելու փոխարեն շարունակեր պոչը խաղացնել:

Հիմա հասկանու՞մ ես: Աշխարհը ո՛չ բարի է և ո՛չ էլ չար: Այն, ինչ մեր շուրջն է, ընդամենը մեր սեփական մտքերի, արարքների արտացոլանքն է: Աշխարհը մի մեծ հայելի է, որը ցույց է տալիս մեր ներաշխարհը և մեզ վերադարձնում է քեզ` քո սեփական վերաբերմունքը:

Ինչ տալիս ես, այն էլ ստանում ես` սեր, բարություն, հանդուրժողականություն, աշխարհն էլ քեզ արձագանքի ուժով նույն է վերադարձնում։

Տալիս ես ատելություն, թշնամանք, նախանձ, դավաճանություն նույնը հետ ես ստանում:

Եթե ուզում ես, որ կյանքդ լավանա, փոխիր վերաբերմունքդ մարդու, աշխարհի հանդեպ, ժպտա նա էլ քեզ ժպիտով կպատասխանի և քո գոյության իմաստը լոկ լինելության մեջ մի տես, այլ սիրո, բարության ու հանդուրժողության ճանապարհ բացելու:

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 4978

Մեկնաբանություններ