Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Աշուն

Աշուն
18.09.2009 | 00:00

ՎԵՀ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ
Իվան ԻԼՅԻՆ
«Նա նորից այստեղ է` տարվա դառնաշունչ, անմխիթար ժամանակը։ Նա միշտ գալիս է չափազանց վաղաժամ, որպեսզի կարճատև դարձնի վաղանցիկ ամռան հաճույքը։ Նա գալիս է, որպեսզի զրկի, և այն, ինչը մի անգամ խլում է նա (ինչպես և մահը), երբեք հետ չի տալիս։ Սքանչելի՜ ծաղիկներ։ Ո՞Ւմ են նրանք խանգարում։ Ճռվողո՜ղ, հնչեղաձա՜յն թռչնիկներ։ Ո՞Ւմ սիրտը չի ճողփա այս ամենից։ Իսկ հիմա ամեն ինչ ուրիշ է` կարճատև օրեր, խստաշունչ գիշերներ, դատարկ սրտեր, թանձր մառախուղներ, ամեն տեղ ջրափոսեր, լճակներ։ Մռա՜յլ անհեռանկարայնություն»։
Երեխայի պես տրտնջում է մարդը կյանքի բոլոր խաչմերուկներում, սաստիկ տրտմելով սրընթաց անցածի համար, կարճատեսի ու անսիրտի պես փութալով անցնել ներկա շքեղության կողքով։ Ինչո՞ւ։ Հարկավոր է միայն բացել աչքերը։
Հոյակապ է աշունը, և ամեն Աստծո օրը բերում է մեզ ինչ-որ շքեղաշուք բան։
Նայե՛ք, ի՛նչ փարթամ է անտառն օրեցօր փոփոխվող իր երանգների ճոխությամբ։ Ոչ մի նման բան չէր կարող ցույց տալ ամառը` այս ոսկին, այս ծիրանին, այս կարմիր-դարչնագույնը, այս կանաչաներկը` բրոնզով ծածկված, այս խնդուն վառ դեղնագույնը, արևի շողերի քնքուշ խաղի ու կապույտ ֆոնի վրա լույս արձակող գուներանգների անպատմելի խճճումները և խառնաշփոթությունը։ Անկարելի է նայելուց կշտանալ այս անլռելի հարստությամբ։ Կարծես ուզում է ասել մեզ. «Վայելեք, մարդիկ և սովորեք, անցնում է ամենը, ինչ որ կար, բայց վեհանձնը կարողանում է անցնել վեհ գեղեցկության մեջ, իր խամրելուն տալով շքեղ ծաղկման տեսք, իր անհետանալու մեջ էլ կարողանալով գովերգել Բարձրյալին»։ Այդպես է կատարվում բնության մեջ։ Իսկ մենք, համարելով մեզ շատ խելացի, կարող ենք միայն տրտմել ու տրտնջա՞լ։
Այո, դատարկ են արտերն ու այգիները։ Բայց միայն այն պատճառով, որ նրանք տվել են իրենց հասած պտուղները։ Դա անապատի դատարկություն չէ, ոչ էլ մահվան, այլ հանգստանալու դատարկություն է, երախտապարտ անդորրության, մեղմ խոնջանքի, զոհաբերության, պտուղների անձնազոհ նվիրաբերման դատարկություն։ Ամեն բան խորասուզվում է իր մեջ, որպեսզի ներսից վերածնվի, ամեն ինչ խորասուզվում է իր մեջ, որպեսզի պատրաստի նոր ընծաներ` համեստ արժանապատվությամբ, մեղմ վստահությամբ, ավելի շատ հավատալով սեփական ներքին զորությանը, քան արտաքին դատարկությանը։ Կարծես շարունակ ցանկանում է ասել մեզ. «Դե՛, վայելեք, մարդիկ, այս աներկբայելի վստահությունը, այս վեհ խոնարհությունը։ Ականջ դրեք այս խորհրդավոր, ներքին հյուսվածքին, ծառայելու այս անձնազոհ համեստությանը։ ՈՒ սովորեք անել ավելին, քան գանգատվելն ու փնթփնթալն է»։
Լուսե օրը դառնում է ավելի կարճ, երկնքում ավելի ուշ են հայտնվում հազվադեպ արևի աղքատիկ հետքերը, ավելի վաղ է պատում մեզ մթնշաղը։ Բայց եթե մի անգամ արևը ճեղքում դուրս է գալիս, ի՜նչ քնքուշ են դառնում լույսն ու ստվերները` զովաշունչ և միաժամանակ տաք օդի շնչով, ինչպիսի՜ արծաթով է շողշողում սարդոստայնը, որը ճախրում է օդում, ի՜նչ բուրավետ է խաղում տերևներից հյուսված գորգը գետնի վրա։
«Հիացե՛ք այս տեսարանով, մարդի՛կ, հակառակ դեպքում նա կանհետանա։ Զմայլվե՛ք կորչող գեղեցկությամբ։ Սովորե՛ք ընկալել ակնթարթը, որը բացում է մեզ տիեզերքի գաղտնիքները»։
ՈՒ եթե օրը ձեզ համար կարճ է, եթե դուք արև եք փափագում, վարվեք ծառերի ու ծաղիկների պես` վստահե՛ք ձեզ պատող մթնշաղին, կենտրոնացեք, խորասուզվեք ձեր մտքերի մեջ, քանզի ձեր սեփական հոգու խորքից ճեղքում, դուրս է գալիս, լուսավորում ու թագավորում է ուրիշ` հոգևոր լույսը։ Խորասուզվեք ձեր մտքերի մեջ, որպեսզի վերածնվեք ներքուստ և պատրաստեք նոր ընծաներ։ Մի՛ կառչեք գոյության անցած-գնացած պատկերներից, հանգիստ սպասեք նոր ձայների ու նոր ըմբռնողության` համեստ արժանապատվությամբ, մեղմ համոզվածությամբ, վստահելով ոգու խորհրդավոր զորությանն ավելի շատ, քան կեղծ դատարկությանն ու անզորությանը։
Այսօր թափառում էի իմ աշնանային այգում։ Տտիպ ու սուր էր օդի շունչը։ Անուշաբույր խշխշում էր արևի տակ տերևներից հյուսված գորգը։ Եվ լռությունը շշնջում էր ինձ հավիտենության մասին։
Թարգմանեց և տպագրության
պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2902

Մեկնաբանություններ