Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Տիրոջ վարքագիծ դրսևորենք

Տիրոջ վարքագիծ դրսևորենք
12.05.2009 | 00:00

ՔԱՐՈԶԱՐՇԱՎ
Հանրապետական կուսակցության ղեկավար այրերն արդեն քանի տարի տարբեր առիթներով և հատկապես համապետական կամ ՏԻՄ ընտրություններից առաջ նույն բանն են ասում. «Մեր «ամենամեծ թերությունը» ամբոխահաճո պոպուլիզմի բացակայությունն է, որովհետև մերը դատարկ խոսքը չէ, սին խոստումները չեն, մերը աչքով` տեսանելի, ձեռքով` շոշափելի, մտքով ու հոգով` ընկալելի գործն է»։
Համապետական նշանակություն ձեռք բերած ՏԻՄ հերթական` Երևանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններից առաջ մայրաքաղաքի գործող քաղաքապետ, հանրապետականների համամասնական ցուցակը գլխավորող ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆՆ էլ է նույնը փաստում։ Եվ` ոչ միայն իր նախընտրական ծրագրով, որը, ինչպես հանրապետականներն են սիրում ասել, բավականին հավակնոտ է։ Հավակնոտ` լա՛վ իմաստով, որովհետև անհիմն ու վերամբարձ հավակնոտություն էլ է լինում, ինչն էլ հենց ՀՀԿ-ի «ամենամեծ թերություն» պոպուլիզմի տարատեսակ դրսևորումներից մեկն է։
Եվ ուրեմն, դառնանք մայրաքաղաքի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանի` «Քեզ համար, Երևա՛ն» կարգախոսի տրամաբանությունից բխող նախընտրական հավակնոտ ծրագրին։
«...Մենք դեռ հեռու ենք յուրաքանչյուր երևանցու, նրա ընտանիքի համար առավել բարեկեցիկ պայմաններով քաղաք ունենալուց, ինչը մեր գերագույն նպատակն է։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է հիմնախնդիրների հստակ պատկերացում, սրտացավ ու հոգատար վերաբերմունք։ Քաղաքի զարգացումը պետք է նպատակաուղղված լինի երևանցու և երևանյան ընտանիքի հարմարավետ ու բարեկեցիկ կյանքի ապահովմանը։ Երևանը պետք է դառնա երևանցու համար հաճելի ու հարմարավետ, իսկ հյուրերի համար` գրավիչ ու հյուրընկալ քաղաք։ Հանրապետական կուսակցության հաղթանակն ընտրություններում միջոց է երևանցիների նպատակներն իրականացնելու համար։ Աշխատենք` Երևանի զարգացման համար։ Աշխատենք` երևանցու բարեկեցության համար։ Սրանց են ուղղված լինելու մեր բոլոր ջանքերը, հնարավորություններն ու ուժերը»։
Մեր ընթերցողը, որ վաղվա ընտրողն է նաև, հիմա, երևի, կմտածի. «Է, հա՜, բայց քարոզարշավի այս օրերին ընտրապայքարի մեջ մտած բոլոր քաղաքական ուժերն ու նրանց համամասնական ցուցակը գլխավորող լիդերները նույն բանը չե՞ն ասում։ Քարոզարշավն էլ հենց էն է, որ էսօր քարոզեն, արշավեն բակերն ու հրապարակները, իսկ ընտրությունից հետո, երբ յուրաքանչյուրն իր քարոզածի «գյորա» ստանա իր բաժինը, Երևա՞նն ում շունն է, ուր մնաց` երևանցին»։
Ճի՛շտ է մեր ընթերցողը, որ վաղվա ընտրողն է։ Բան չունենք ասելու, պարապ խոսողների պակաս մեր քաղաքական-պետական էլիտա կոչվածը երբեք չի ունեցել։ Բնականաբար, այսօր էլ չունի։ Խնդիրը նախընտրական պերճախոս ու պերճաշուք այս թոհուբոհի մեջ բազում «ճառ ասողների» միջից մի «կենդանի» «զանգ կախող» ընտրելն է։ Ի՞նչ չափանիշներ են պետք այդ դժվարին ընտրությունը կայացնելու համար, որպեսզի առաջին անգամ սեփական քաղաքապետին սեփական կամքով իր ու իր Երևանի «գլխին բազմեցնելու» հնարավորություն ստացած մայրաքաղաքացին հերթական անգամ ստիպված չլինի կրկնելու հայտնի ճշմարտությունը «տեղային» մակարդակով. «Յուրաքանչյուր երևանցի արժանի է իր ընտրած քաղաքապետին»։ Գլխավոր չափորոշիչը, կարծում ենք, մեկն է. որքանո՞վ է ապագա քաղաքապետը տիրապետում քաղաքային տնտեսության խութերին։ Գիտե՞, ինչ ասել է` քաղաք-պետության կարգավիճակ ունեցող Երևանի կառավարում։
Այդ նույն քաղաք-պետության սիրտը` Կենտրոն համայնքը, տարիներ շարունակ «թաղապետած» Բեգլարյանը կառավարման բավարար փորձ, իհարկե, ունի։ Երիտասարդական էնտուզիազմ էլ ունի, ինչը պակաս կարևոր չէ մենեջերային հմտությունները գործի վերածելու ճանապարհին։ Այս երկու փոխլրացնող «շաղախի» հենքի վրա էլ կառուցված է Երևանի քաղաքապետի հանրապետական թեկնածուի նախընտրական ծրագիրը, որի «դետալներին» մեր ընթերցողն ու վաղվա ընտրողը կարող է անձամբ ծանոթանալ։ Ընդ որում, ո՛չ միայն նախընտրական բուկլետից։ Այն, ինչ խոստանում է անել նա վաղը, այսօր արդեն կամաց-կամաց պոկվում է «թղթից» ու ներկայանում որպես ավարտուն գործ։ Ցուրտ ու մութ տարիներից ի վեր հավկուրի պես խավարի մեջ խարխափող երևանյան բազմաթիվ լուսավորված բակերն ավելի խոսուն են, քան ցանկացած քարոզ։
«2790-ամյա մեր քաղաքի կյանքում սկսվում է զարգացման մի նոր փուլ։ Մեզ` երևանցիներիս, ընձեռվել է բացառիկ հնարավորություն` միասին, ուս ուսի տված կենտրոնացնելու մեր ներուժը, կառուցելու ու շենացնելու մեր սիրելի մայրաքաղաքը»,- ասում է Բեգլարյանը։
Հնարավորությունը, իրոք, բացառիկ է և տրված է մեզ` Երևան քաղաքի տերերիս։ Մնում է` տիրոջ վարքագիծ դրսևորենք։
Եվ` ոչ միայն մայիսի 31-ին։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2530

Մեկնաբանություններ