Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Գարունն անհրաժեշտ է մեր ժողովրդին

Գարունն անհրաժեշտ է մեր ժողովրդին
27.02.2009 | 00:00

ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՄԱՐՏԻ 1
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿ ՏԱՐԻ ԵՎ ԱՆՀՈՒՍՈՐԵՆ ԴՈՓՈՒՄ Է ՏԵՂՈՒՄ»
ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
(քաղբանտարկյալ)
-Դավիթ, ըստ Ձեզ, մարտի մեկից-մարտի մեկ միջակայքում ի՞նչ տեղի ունեցավ:
-Պարզվեց, որ իշխանական էլիտան բարոյական առաքինություններից զուրկ, հիշաչար մարդկանց մի խառնամբոխ է, որը հիմնովին առաջնորդվում է մականունավոր պատգամավորների չափորոշիչներով, որը պետականության հետ որևէ ընդհանուր եզրագիծ չունի և երկիրը տանում է իսպառ կործանման:
-Եվ, այնուհանդերձ, ինչո՞ւ իշխանությունն իր մեջ քաջություն չի գտնում Ձեզ ազատելու:
-Որովհետև, ինչպես ասացի, առաջնորդվում է բոլորովին այլ չափորոշիչներով ու պատկերացումներով` փողոցային, տղայական, ոչ արժանապատիվ. ըստ իշխանությունների` ով «կզի», կազատեն, ով ոչ, չեն ազատի:
-Իսկ ի՞նչ եք կարծում` այս ընթացքում ի՞նչ կատարվեց իշխանության, ընդդիմության հետ` ուժեղացա՞ն-թուլացա՞ն:
-Իշխանությունը ցույց տվեց, որ վարում է երկդիմի քաղաքականություն: Այսպես ասած` միջազգային բոսերի առաջ նա ցուցադրում է, թե ինքը, իբր, «քաղաքական կամք» ու «դրսևորումներ» ունի, իսկ իրական փաստն այն է, որ Հայաստանը մեկ տարի և անհուսորեն դոփում է տեղում: Ավելին` ռեգրես է արձանագրում, ապացուցելով, որ ժողովրդի, հասարակության, մարդու նկատմամբ որևէ հարգանք չունեն:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այդ առնչությամբ մի շատ կարևոր արձանագրում ունեմ` մեզանում սկսեց ձևավորվել քաղաքացիական հասարակություն, և այդ գործընթացի առաջատարն ինքն է:
-Ի՞նչ սպասումներ ունեք մարտի մեկից այդտեղ` ճաղերի հետևում:
-Խնդիրը միայն մարտի մեկի բարբարոսությունը չէ, որ կատարվեց իշխանությունների կողմից, խնդիրն այն է, որ այս մեկ տարվա ընթացքում ցանկացած դաշտ նույն իշխանություններն օգտագործեցին մարդկանց հպատակեցնելու, վախ ներշնչելու համար: Հիմա մարտի մեկը ցուցիչ է, թե դրա արդյունքում մեր ժողովուրդն ինչ ազդեցությունների ենթարկվեց: Ես էսպես հեռվից շոշափում եմ, որ իշխանության մեկ տարվա գործողությունները հակառակ ազդեցությունն են թողել ժողովրդի վրա, և ուզում եմ ուղղակի դրանում համոզվել:
-Դավիթ, Դուք էդտեղ` «ներսում», կողմնակից եք մարտի մեկի ինչպիսի՞ շարունակականության. պերմանենտ միտինգնե՞ր, նստացո՞ւյց, հարաբերական դադա՞ր` մինչև հարմար պահը գա:
-Ես, գոնե մարտի մեկի հետ կապված, չեմ կարող ինչ-որ բան ասել, որովհետև, ոնց տեսնում եք, կտրված եմ կյանքից, ուզում եմ ասել` ինֆորմացված չեմ: Բազմաթիվ հանգամանքներ կան, որ պետք է հաշվի առնել, բայց, ընդհանուր առմամբ, էս որակի իշխանության դեպքում այլևս կողմ եմ ապստամբության, որովհետև նրանց գործելակերպը հակառակ է սահմանադրության որդեգրած հիմնարար արժեքներին:
-Իսպառ մերժում եք երկխոսության հնարավորությո՞ւնը:
-Երկխոսության հնարավորությունը մերժել է Սերժ Սարգսյանը` անցած տարվա ԱԺ գարնանային նստաշրջանից հետո, երբ նրան թվաց, թե դրանով հասնում էր ինչ-որ հաղթանակի և հայտարարեց` «Ի՜նչ երկխոսություն. ես անձերի կամ անհատների հետ չեմ երկխոսում, ես երկխոսում եմ ժողովրդի հետ» և սկսեց դեմոնստրատիվ ինչ-որ կառույց ստեղծել, որն այդպես էլ չկայացավ: Երկխոսության առաջին քայլը պետք է կատարի իշխանությունը կամ նրա տեղն զբաղեցնողը, որն անցնող ողջ տարվա ընթացքում հակառակ գործընթացների մեջ էր:
-Դավիթ, հնարավո՞ր է օրենսդրական վերջին փոփոխությունների արդյունքում Ձեզ ազատեն. տա Աստված` նաև «յոթին»:
-Օրենսդրական այդ փոփոխություններն ինձ մեղսագրված հոդվածի վրա չեն տարածվում, «իմը» ոստիկանին «դիմադրելու» հոդվածն է: Ինչ վերաբերում է 300 և 225 հոդվածներին, ապա ասում են, որ դա ևս հերթական իլյուզիա է: Ըստ էության, 300-ի ձևակերպումը հստակ տրված է սահմանադրությամբ, և բոլոր այն դեպքերում, երբ սահմանադրությամբ նախատեսված շեղումով ձևավորվում է իշխանություն, այդ հոդվածը պետք է կիրառվի: Այսինքն` այդ հոդվածը կիրառելի է Սերժ Սարգսյանի և նրան օժանդակած բոլորի վրա: Ինչ վերաբերում է 225-ին, որից հանում են երրորդ մասը, այսինքն` զոհերի պատասխանատվության մասը, ապա այդ հոդվածում մնում է մասսայական անկարգությունների մասը:
Ի դեպ, ասեմ, որ մասսայական անկարգությունների սահմանը մինչև հիմա պարզված չէ (ես շատ ուշադիր եմ հետևում այս գործընթացներին), ասենք` ո՞ր ժամից են «սկսել մասսայական անկարգությունները. կան մարդիկ, ովքեր այստեղ նստած են, և որոնք առավոտյան ժամը 11-ին ներկա են եղել միտինգին, և մասսայական անկարգության հոդվածով արդեն իսկ դատապարտվել են 3-4 տարի ազատազրկման: Իսկ նույն մասսայական անկարգությունը «յոթի» պարագայում որակվել է մահվան ելքով: Էդ ո՞նց են տարանջատել, էդ ո՞նց «զգացել», որ Շանթ Հարությունյանի ելույթի պարագայում մասսայական անկարգություն է տեղի ունեցել, ու այդ ելույթից «զոհեր» են եղել, իսկ, ասենք` Գևորգ Ղազարյանի «կազմակերպելու» պարագայում զոհեր չեն եղել : Էդպես չի լինում, հասկանո՞ւմ ես, այդ ամենն ահավոր շինծու է:
-Չի՛ լինում, Դավիթ, չի՛ լինում: Իսկ օրն ինչո՞վ եք լցնում:
-Լիքը բաներով, ժամանակը չի հերիքում։
-Ասե՞նք:
-Կարդալով, հնարավորության սահմաններում դրսի պրոցեսներին մասնակցելով. մենք ներսում քաղբանտարկյալների որոշակի համախմբվածություն ունենք, շատ բարդ ճանապարհներով, բայց կապ ենք պահպանում միմյանց հետ:
-Պատն եք թխկթխկացնում:
-Խոսքը չի վերաբերում միայն այս հիմնարկությանը, խոսքը նաև մյուսների մասին է: Թխկթխկացնում էլ ենք, գոռում էլ ենք, ինչ պետք է, անում ենք: Խոհարարությամբ ենք զբաղվում, ճաշեր ենք պատրաստում մեզ համար:
-Դե, ի՞նչ ասեմ. շատ ուզում ու աղոթում եմ, որ գարունը բոլորդ դրսում դիմավորեք, սիրելի Դավիթ:
-Է՜, գարունն անհրաժեշտ է մեր ժողովրդին. յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր հայ մարդու: Եվ ապա, յուրաքանչյուր հայ նախ` պարտավոր է դառնալ քաղաքացի ու իր քաղաքացիական պարտքը կատարել` առաջին հերթին մարտիմեկյան հանրահավաքին իր մասնակցությունը բերելով, սահմանադրական իր իրավունքներին տեր կանգնելով, դրանց համար պայքարելով:
«ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՒՄ Ե՛Վ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼԱՑԱՎ, Ե՛Վ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ»
ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆ
(քաղաքագետ)
-Պարոն Բոզոյան, 2008-ի մարտի մեկն ի՞նչ արձանագրեց:
-Ինչ խոսք, 2008-ի մարտի մեկը համազգային ողբերգություն էր, որից պետք է լուրջ հետևություններ անել, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա Հայաստանում: Կարծում եմ, մենք պետք է քննարկենք կարևոր մի խնդիր` ընտրական ինստիտուտների հարցը, որը երբեք մեզանում չի գործել: Եթե մենք այս առնչությամբ չսկսենք լայն հասարակական դիսկուսիա` ինչպես վերականգնել Հայաստանում ընտրական մեխանիզմը, որը կկարողանա աշխատել ու դառնալ ռեալ խաղի կանոն` քաղաքական ուժերի, կուսակցությունների միջև, ըստ էության, չենք հաղթահարի տարիներ տևող այս վիճակը, և քաղաքական մրցակցությունը միշտ էլ կհանգեցնի մարտի մեկի` մի քիչ ավելի ուժեղ, մի քիչ ավելի թույլ: Մեր երկրի պատմության մեջ նմանատիպ բան (ավելի փոքր մասշտաբներով) 1996-ին և 1998-ին չեղավ զուտ այն պատճառով, որ ընդդիմության լիդերը հրաժարվեց այդ քայլից, 2004-ի ապրիլի 12-ին նույնպես նման բան եղավ` ավելի փոքր մասշտաբներով, իսկ 2008-ին իր մասշտաբներով ամենաուժեղն էր, և, ցավով եմ արձանագրում, որ եթե վերը նշված խնդրին մենք այդպես էլ չանդրադառնանք, երաշխիքներ չենք ունենա, որ հաջորդող ընտրություններում հենց այս վիճակը չի լինի:
-Բոլոր դեպքերում, ինչ-որ բան փոխվե՞ց անցնող մեկ տարվա ընթացքում:
-Ըստ էության, ոչինչ: Կոմպրոմիսի դաշտ ընդդիմության և իշխանության միջև այդպես էլ չձևավորվեց: Ընդդիմության հիմնական պահանջը` արտահերթ ընտրություններ, նույնիսկ միայն խորհրդարանական, տեղի չունեցան: Հասկանալի է, իշխանությունը երբեք այդ քայլին չի գնա, որովհետև հասկանում է, որ դրանով շատ բան կկորցնի:
-Տղաներին ազատ կարձակե՞ն:
-Ազնվորեն ասած` մինչև հիմա ես որևէ կերպ չեմ հասկանում, թե ինչո՞ւ տղաներին ազատ չեն արձակում` ամենայն անկեղծությամբ:
-Բոլորիս համար է անհասկանալի:
-Գիտե՞ք, խաղի կանոն կա, որը որոշակի սահմանում կարող է ընկալվել, դրանից այն կողմ` անհնար է: Երբ ինձ հարցնում էին` ԵԽԽՎ-ն ի՞նչ որոշում կկայացնի, ես պատասխանում էի, որ Եվրախորհուրդն ընդհանրապես նպատակ չունի պատժելու որևէ մեկին, բայց հնարավոր չէ, որ վերջինս անսահման համբերի:
-Մարտի մեկից մարտի մեկ. իշխանությունը թուլացա՞վ-ուժեղացա՞վ, ի՞նչ եղավ:
-Կարծում եմ, այս ընթացքում և՛ իշխանությունը թուլացավ, և՛ ընդդիմությունը: Իշխանությունը թուլացավ, որովհետև մեկ տարի անց իշխանության մեջ դեռևս բավականին լուրջ շերտ կա, որը մեծ դժգոհություններ ունի` տարբեր առումներով ու պատճառներով, չքննարկենք: Պետական բյուրոկրատիան միշտ կայունություն է երազում, իսկ երաշխավորված կայունություն, ըստ էության, չկա:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այնտեղ ևս կա անորոշություն. մի մասը համարում է, որ պետք է վճռական քայլեր անել, մյուսը, որ դա իրատեսական չէ, և պետք է ավելի երկարաժամկետ պայքարի պատրաստվել: Այդ անորոշությունն իր հերթին բերում է նրան, որ ընդդիմությունը ևս թուլանում է: Ի վերջո, իշխանությունն ու ընդդիմությունը սիամական երկվորյակների պես մի բան են, եթե մեկն ուժեղանում է, մյուսն էլ իր հերթին է ուժեղանում, և հակառակը:
-Բոլոր դեպքերում, մարտի մեկից հետո շարունակական պայքար կլինի՞, թե՞ պայքարը կվերջանա:
-Ես չեմ կարծում, որ այդ պայքարը երբևէ կվերջանա: Գիտե՞ք, եթե ընդդիմության ներսում նույնիսկ գերակշռի երկարաժամկետ պայքարի թեզը, դա չի նշանակում, որ շարժումը կվերջանա, որովհետև այն պրոբլեմները, որոնք կան հասարակության մեջ, չեն սկսվել մարտի մեկին և չեն ավարտվելու մարտի մեկով:
-Ի՞նչ կլինի:
-Կարծում եմ, մարտի մեկին շարժումը կվերսկսվի, բայց այն կրկնությունը, որ կար մեկ տարի առաջ, չի լինի: Ըստ էության, կվերականգնվի լարվածության որոշակի դաշտը, և որոշակի պարբերականությամբ կանցկացվեն հանրահավաքներ:
-Այդ հանրահավաքները կվերածվե՞ն սոցիալական բունտի:
-Սոցիալական բունտի անչափ պարարտ հող կա հասարակությունում, բայց ես չեմ կարծում, որ բունտի կատալիզացիա կատարվի այս պահին:
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՁԵՎԱՎՈՐՎԻ, ՔԱՆԻ ԴԵՌ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՉԻ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ»
ԳՆԵԼ ՂԼԵՉՅԱՆ (անկուսակցական, Սամվել Բաբայանի զինակից)
-Պարոն Ղլեչյան, ի՞նչ կատարվեց մարտի մեկից մարտի մեկ ընթացքում:

-Ըստ էության, տեղի ունեցավ որոշակի լարվածության թուլացում, ինչն ամենևին չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվեցին, պարզապես կուտակված կինետիկ էներգիան առաջին լիցքաթափումն ապրեց:
-Ինչի՞ հաշվին:
-Ժամանակի: Նաև` ընդդիմության քայլերի. նկատի ունեմ միտինգների դադարեցումը: Որպես լարվածության «հետևանք», մնացին քաղբանտարկյալները, որոնք սպասում են իրենց վճռին:
-Կազատե՞ն նրանց:
-Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց, կարծում եմ, պետք է ազատեն ու երկխոսություն սկսեն:
-Ի՞նչն է խանգարում դրան:
-Ոչ թե ինչն է խանգարում, այլ քաղաքական մշակույթ Հայաստանում երկար ժամանակ չի ձևավորվի, քանի դեռ վերջնական չի ձևավորվել քաղաքական դաշտը: Քանի դեռ հայաստանյան քաղաքական քարտեզում ունենք մի քանի տասնյակի հասնող կուսակցությունների ցանկ, քանի դեռ այդ կուսակցությունները գաղափարախոսություններով առանձնապես իրարից չեն տարբերվում, քանի դեռ հասարակության համար պարզ չէ` ով ինչ ելք է առաջարկում, միշտ էլ լինելու են պահեր, երբ հասարակության մի թևը թշնամաբար է տրամադրված լինելու մյուսի նկատմամբ, բաժանվելու են, ուստի միակ ելքը տեսնում եմ քաղաքական ուժերի միավորումների մեջ:
-Բա ինչո՞ւ չմիավորվեցիք ՀՌԱԿ-ի հետ:
-Եթե մենք ունենայինք անձնական համակրությունների խնդիր, մեզանից ամեն մեկը կպահեր իր կուսակցությունը:
-Չէ՛, պարոն Ղլեչյան, ասում են` Սերժ Սարգսյանը «թույլ չի տվել», որ, ինչպես խորհրդարանական ընտրություններին, այնպես էլ հիմա, «Դաշինքը», իմա` Սամվել Բաբայանը, ակտիվ-աշխույժ դերակատարություն ունենա հայաստանյան քաղաքական «բեմին» վրա:
-Դրանք ընդամենը խոսակցություններ են:
-Մարտի մեկից Ձեր սպասելիքները:
-Կարծում եմ, տեղի կունենան հերթական հանրահավաքը, երթը, և, ամենայն հավանականությամբ, հարթակային ընդդիմությունը կհայտնվի երկարատև պաուզայի մեջ:
-Իսկ Սամվել Բաբայանը դեռ զբաղվա՞ծ է, ինչո՞վ է նա այդքան զբաղված, եթե գաղտնիք չէ:
-Համենայն դեպս, նա զբաղված չէ այնպիսի գործերով, որոնք հրապարակային քննարկման թեմա դառնան. այն, ինչ հրապարակային է, մենք հրապարակում ենք:
Ճեպազրույցները՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 3196

Մեկնաբանություններ